Literary Bridge

www.lit-bridge.com
Տպել

ԵՎ ՄԻ ՇՂԱՐՇԻՐ ԿԵՐՊԱՐԴ ԲՆԱՏՈՒՐ

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ


Պարզ թվացող հարցերի մի շարան հաճախ լռելյայն ուղեկցում է ստեղծագործող անհատին եւ ստիպում նրան խորապես ճանաչել իր բաժին իրականությունը, ճշտել ընթացքի մի շարք կոորդինատներ։ Այսպես. գրողի, արվեստագետի ճանաչումն ու գնահատանքը ուղղակի կախում ունե՞ն նրա քաղաքացիությունից ու բնակության վայրից։ Երկակի ստանդարտները գործո՞ւմ են գեղարվեստի մարզում...
Թվում է անակնկալ բացահայտումների տեղ չկա, բայց փորձեմ պատասխանել այդ եւ հետագա առնչակից հարցերին տրամաբանությունն ու վավերականը համադրելով միմյանց։ Իր համատարած փաստերով գեղարվեստի պատմությունը վկայում է, որ ստեղծագործողի ու իր կերտածի ճանաչման (գնահատանքի) հեռանկարը պարտադիր-որոշիչ կախվածություն չունի նրա քաղաքացիական կացությունից։ Դրա օգտին է խոսում նաեւ ողջամիտ դատողությունը։ Մարդկության բոլոր մեծագույն տաղանդներն իրենց ստեղծագործությամբ ճանաչման ու գնահատանքի են արժանացել հաղթահարելով ծագումնաբանական, քաղաքացիական, ազգային, քաղաքական եւ այլեւայլ գործոններ։ Իրոք արժեքավոր ստեղծագործությունն իր ճանապարհը հարթելու եղանակը գիտե ճանաչելի դարձնելով իրեն ու հեղինակին։ Հայտնի է, օրինակ, որ հին արեւելյան պոեզիայի նշանավոր ներկայացուցիչներից շատերը ապրել են գյուղական վայրերում կամ թափառաշրջիկներ են եղել, իսկ, ասենք, հայ միջնադարյան մանրանկարիչները եւ տաղերգուները (այդ թվում Գր.Նարեկացին), իրենց ողջ կյանքը անց են կացրել առանձին վանքերում մեծավ մասամբ գտնվելով ազգամիջյան եւ հասարակական ակտիվ փոխշփումներից հեռու։ Թվում է բոլոր այդ կարգի հեղինակների եւ նրանց ստեղծագործությունների համար պետք է չափազանց դժվար կամ անհնարին լիներ դառնալու հետագա ժամանակների ու սերունդների անգնահատելի սեփականությունը։ Առանձնապես կարեւոր չէ, թե որտեղ է ստեղծվել այս կամ այն արժեքավոր երկը ինչ-որ կորած գյուղակու՞մ, խոշոր մեգապոլիսու՞մ, աննշան թվացող երկրու՞մ, կամ ի՞նչ ռասայի ներկայացուցիչ է հեղինակը, ինչ դավանանքի կրող...
Բայց այս ոսկե թվացող կանոնը հաճախ խախտվում է առարկայական ու երկրորդական տասնյակ պատճառներով։ Առավել դյուրին է նրանց ստեղծագործական ուղին (համաշխարհի մասշտաբով), ովքեր մեծ ու հզոր մշակույթների ներկայացուցիչներ են. նրանց կերտածն ու համբավը համեմատաբար հեշտ ու արագ են տարածվում մայրցամաքներով։ Այդ հանգամանքը կրկնակի առկա է գրականության ասպարեզում. եթե փոքրաքանակ ազգի գրող ես, ապա քո ստեղծագործության միջազգային հանրաճանաչության համար լրացուցիչ ջանքեր ու ժամանակ է պետք։ Եղանակը միշտ էլ բարենպաստ է «մեծ» ազգի գրողների պարագայում։ «Փոքր» լեզուների գրականությունը դեպի համաշխարհային ասպարեզ տանելը դեռեւս շատ խնդրահարույց է. ստեղծված գործը սովորականից կրկնակի տաղանդավոր պետք է լինի, որ արժանանա քմահաճ ու վերապահական վարքով աչքի ընկնող «մեծերի» բարեհաճ արձագանքին։ Նրանք կարծում են, թե շատ ավելի նվազ է «փոքրերի» ստեղծագործական ներուժը, ուստի սրանցից «մեծ պայթյուններ» չեն սպասում, իսկ եթե լինում են այդպիսիք համարում են պատահականություն եւ կասկածանքով են վերաբերվում դրանց։
Մի այլ դժվարին ու տեղին հարց.ի՞նչ է նշանակում՝լինել չճանաչված երկրի բանաստեղծ (արվեստագետ)։ Դա իրո՞ք հոգեւոր-ստեղծագործական ուրիշ կացություն է։
...Գրողական իմ ներկա կացությունը բավական մոտ է այն իրավիճակին, երբ, ասես, ինչ-որ ներկայացուցչական մարմնի անդամ ես, բայց ունես միայն խորհրդակցական ձայնի իրավունք։ Խոսքդ կլսեն, սակայն «քվեարկության» պահին քեզ մի կողմ կթողնեն։ Արցախի մտավորականի համար եւս զգալի են ԼՂՀ միջազգային չճանաչվածության հարուցած արգելքները գործուն են նաեւ հոգեւոր-ստեղծագործական ասպարեզում... Եվրոպական գրական մի փառատոնից վերջերս մասնակցության հրավեր էի ստացել, բայց վերջին պահին կազմակերպիչները հրաժարվեցին իրենց առաջարկից պատճառաբանելով, որ իմ մասնակցությունը կարող է դժգոհություն առաջացնել որոշ հրավիրյալների շրջանում եւ տեղիք տալ քաղաքական սկանդալի... Պիտի ասեմ, որ միջազգային մշակութային կազմակերպություններն ավելի կոնսերվատիվ-պահպանողական են, քան տնտեսական ու հասարակական շատ կառույցներ։
Այնուամենայնիվ, ելք գտնվում է նաեւ այսօրինակ իրավիճակից։ Դրսի ճշմարիտ մտավորականների աջակցությամբ արտերկրում իմ բանաստեղծությունները տպագրվում են, եւ թարգմանաբար առանձին լեզուներով, լույս են տեսնում հեղինակած գրքերս։ ճիշտ է, առայժմ այդ ամենը իրականացվում է առավելաբար մեր հայրենակիցների նախանձախնդրությամբ, բայց եւ ուզում եմ հավատալ, որ դա կատարվում է, նախեւառաջ, գրական-գեղարվեստական եւ հոգեւոր շահի համար։ Հուսամ, որ շուտով կգա ժամանակը, երբ աշխարհում ճանաչված օտար հեղինակներն ու թարգմանիչները ուղղակիորեն կփոխգործակցեն հայ ժամանակակից լավագույն արվեստակիցների հետ։
Միջանկյալ ուզում եմ մի պարադոքսալ փաստ նշել, այժմ ավելի դյուրին է գիրք հրատարակել արտասահմանում, քան Երեւանում պետական միջոցներով։ Արդեն 4-5 տարի այդ ճանապարհը արցախցիներիս առջեւ փակվել է մի անլուրջ պատճառաբանությամբ. ԼՂՀ-ում պետությունը նույնպես միջոցներ է հատկացնում գրքերի հրատարակության համար, պետք է օգտվել ձեր խողովակից ասում են։ Բայց ինչպե՞ս գրահրատարակիչ պարոններին ավելի համոզիչ ու հասկանալի բացատրել, որ յուրաքանչյուր քիչ թե շատ կարգին հայ հեղինակի անջնջելի իրավունքն է գիրք լույս ընծայել հայոց քաղաքամայր Երեւանում, նաեւ պետական հովանավորությամբ. չէ՞ որ Երեւանը միաժամանակ հայոց գրահրատարակության ոստանն է, եւ նրա դռները միշտ պետք է բաց լինեն հայ շնորհալի հեղինակների առջեւ։
Խոստովանեմ վերջապես դժվար է լինել չճանաչված երկրի բանաստեղծ. նրա առաջ ավելի հաճախ են ցցվում շինծու-անտրամաբանական արգելքները։ Քեզ պարբերաբար ուզում են օտարել։ Բայց լուրջ հեղինակների հետ առնչվողները վաղ թե ուշ հասկանում են, որ չճանաչված, փոքր երկրում նույնպես մուսաները կարող են բեղուն ու զորեղ լինել, եւ սկսում են կանաչ լույս վառել նրանց առաջ։ Ներկայումս Արցախից ոչ միայն գրական հետաքրքիր ճեղքումներ կան առ մեծ աշխարհ, դրսում ծավալային առումով հաճախակի հաջողություններ է արձանագրում մեր կերպարվեստը։
Թող տեղին հնչի հաջորդ հարցը՝Արցախում գրողի քաղաքացիական նկարագիրը սովորականից ավելի կարեւոր ու հրատա՞պ է դիտվում.
Ասեմ շիփ-շիտակ։ Ազգային-քաղաքական այսպիսի իրավիճակում հասարակությունը սովորականից ավելի է կարեւորում, թե մարդկային-քաղաքացիական ինչ նկարագրի տեր է իր մտավորականը, հատկապես գրողը։ Հայ հանրությունը իր գրագետից միշտ ավելին է սպասում։ Ի դեմս գրողի մեր ժողովուրդը, անփոփոխ մտածելակերպով ուզում է տեսնել խելացի, իմաստուն, ազգային հոգեկերտվածքով լիարյուն օժտված անհատի, այլեւ որ լինի վստահելի ու առաքինի, ազնվության տիպար հանդիսանա, մի խոսքով լինի բարձր բարոյականության կրող։ Մեր հանրությունը իր գրողին նախեւառաջ չափում է ոչ թե ըստ նրա տաղանդի ու ստեղծագործության, այլեւ ազգային-բարոյական դիմապատկերով։ Գրողի կոչմամբ շառլատաններ կան ամենուր, բայց նրանց ավերածությունները երեւի ամենից ծանրորեն ու ողբերգաբար արձագանքվում են հայկական միջավայրում։ Տարածված խայտառակ երեւույթը, երբ գեղարվեստի մարդու քղամիդով հանդես եկող ճարպիկ գործունյան նյութական, հասարակական ու ստեղծագործական զգալի մասնաբաժիններ է ձեռք բերում մեծապես աղտոտելով ու ձեւախեղելով հոգեւոր դաշտը։ Հայ իրավ գրողի համար երանելի է գալիք այն ժամանակաշրջանը, երբ նա կգործի ու կարժեւորվի բացառապես իր ստեղծագործական կարողությունների սանդղակով զերծ հասարակական պարտադրանքից, անկախ իր գրաված սոցիալական դիրքից եւ մարդկային անմեղ քմահաճույքներից։
Իսկ գրականությունը կարո՞ղ է ներազդել քաղաքական ու հասարակական խնդիրների հանգուցալուծման վրա. ահա հաջորդ կարեւոր հարցադրումը, որ շրջանցել չարժե։
Գրականությունը զորավոր ուժ է, եւ նա միշտ, հաճախ աննկատ, ներազդում է ազգային ու հասարակական մտքի վրա։ Բայց դա արագընթաց պրոցես չէ, այն հիմնականում «դանդաղ գործողության ռումբ» է։ Քաղաքականության ու հասարակական կյանքի հետ անուղղակիորեն ամենից սերտ հարաբերություններ ունի գրականությունը. նրանք գտնվում են փոխազդեցության միեւնույն դաշտում։ Շատ խորքային առնչությունների մասին է խոսքը։ Քաղաքական ու հասարակական կյանքի բազում փաստեր ու իրադարձություններ դառնում են գրականության նյութ, գրական տասնյակ հղացքներ ու գաղափարներ քաղաքական շատ գործիչների համար կողմնորոշիչ դեր են խաղում։ Գրականության մեջ խաղաղարարական զորություն կա, ինչպես ցանկացած ճշմարիտ գեղարվեստական երեւույթում։ Գեղեցիկ, իմաստուն ու շիտակ խոսքը օգնում է, որ մարդկային, ներհասարակական, ազգամիջյան, միջպետական, ռասայական եւ այլ կարգի խնդիրները հանգուցալուծվեն առավել արդար եւ արարչական հունով, եւ դա կատարվի արագ։
Գրողը քաղաքականության մեջ. այդ իրողության օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը։ Ընդհանրապես ցանկալի՞ է ունենալ քաղաքականացված արվեստագետներ,- հարցնում է իմ աներեւույթ զրուցակիցը։
Գրողը, արվեստագետը իր ստեղծագործությամբ մեծագույն քաղաքականությունն է անում. նա իրոք ներազդում է մարդկանց վրա, ուստի այլեւս կարիք չկա, որ ներքաշվի նաեւ քաղաքական ակտիվ գործունեության մեջ, հատկապես, եթե այն կուսակցականացված է եւ հանրության մի խմբի գաղափարների պաշտպանությամբ է հանդես գալիս։ Ներկայումս շահեկան կլիներ ստեղծագործող անհատի ներկայությունը պետական համակարգում, նա պետական քաղաքականությունը կարող է ավելի ընդունելի դարձնել եւ հասարակության հարգանքը շարժել առ պետություն։ Նրա քաղաքական կերպարը այդ որակի մեջ հասկանալի է դիտվում։ Մեզ համար մեծ շռայլություն է, երբ մեր տաղանդավոր գրողներն ու արվեստագետները միանում են քաղաքական առանձին միավորումների ու հոսանքների՝ լքելով ի վերուստ իրենց վերապահված շատ ավելի կարեւոր դիրքը լինել մի ամբողջ հանրության, ազգի անկողմնակալ ներկայացուցիչը, արարել ու գործել մշտապես հետամտելով ընդհանուրի ու համայնի լիակատար շահը։
Իմ խորին համոզմամբ գրողը, արվեստագետը պետք է կենտրոնաձիգ անձ լինի, նրա աստվածատուր պարտքն է ի մի բերել ազգային-հասարակական իրարից հեռացող փեշերը, մշտապես գտնվել հաշտարարի եւ հոգին չծռող տանտիրոջ դերում։ Գրողը (արվեստագետը) շատ բան է կորցնում, երբ պարզունակորեն քաղաքականացվում է, դառնում միայն մի ուժի ներկայացուցիչն ու գաղափարախոսը։ Հասարակության մյուս շերտերը սկսում են խիստ վերապահումով վերաբերվել նման անհատներին. նրանց այլեւս իրենցը չեն համարում, կասկածի ու մերժման տակ են առնում նաեւ նրանց ստեղծագործությունը, երբ իրականում այն արժեքավոր է։ Խիստ ցանկալի է, որ գրողը (արվեստագետը) իր ստեղծագործական ու քաղաքացիական միտումները ասպարեզ հանի դրական չեզոքության դիրքից, լինի բոլորի յուրայինն ու փոխգործակցության օբյեկտը։ Չափազանց մեծատաղանդ ու առաքինի պետք է լինել, որ անդամակցես որեւէ քաղաքական ուժի եւ միաժամանակ մնաս գրեթե ողջ սիրելին ու վստահելին։ Ներկայումս հայ հանրությունը, կարծում եմ, կարող է մատնանշել նման միայն մեկ օրինակ Սոս Սարգսյանին։ ՀՅԴ անդամ անվանի դերասանը, երեւի չեմ սխալվում, ողջ հայության ինտելեկտուալ ու հասարակական սեփականությունն է։ Բայց նա բացառություն է։

Մյուս կուսակցականացված գրողների ու արվեստագետների առնչությամբ կարելի է ասել, որ նրանք համընդհանուր գնահատանք ու վստահություն չեն վայելում։ Մտավորականի միակ ու մշտական տեղը ազգի ու պետության կողքին է։ Տարբերել մշտապես իշխանության կողքին գտնվողներին. նրանք միանգամայն այլ տեսակ-խմբից են, մերժելի տեսակից։
...Դեռ անբավականության խորը զգացում ունեմ. ցանկանում եմ, որ վերջապես ունենանք այն գիտակից ու որակյալ հանրությունը, որ երբ քեզ հարցնեն, թե ո՞վ ես դու, արժանապատվորեն եւ առանց չհասկացվածության վախի պատասխանես. «Բանաստեղծ եմ, եղբայր, իսկ դու՞...»։
Գրողի (արվեստագետի) համար պատվիրանի պես է հնչում վերահաս հորդորը մի շղարշիր քո ստեղծագործ կերպարը, աստվածատուր այդ առաքելությամբ ես զորավոր, կենսապահանջ ու սիրելի։


Ստեփանակերտ
հուլիս, 2008թ.

.
hrant25.jpg