Գրիշ Դավթյան
Հայ Ժողովրդի արվեստի և գիտության միջոցով ստեղծած ու պատմականորեն արժեվորած գործերը մեր մշակութային ունեցվածքն է. այդ ունեցվածքը առաջացնողը մեր ազգային կյանքն է. մեր հայրենացված կենսաձևն է, ապրուստն է։ Քաղաքակրթությունը հակադրվում է բարբարոսությանը։ Մշակույթը ազգ է դարձնում ժողովրդային հասարակությանը։
Ժամանակի անիվը դարիվ-դարիվ թավալումով կուտակում է համաշխարհային հասարակայնության կյանքի ու կենցաղի, որոնումների և իրագործումների նվաճումները և... կորուստները, դրանց համախառն գումարը, որ ի հեճուկս հետադիմական բռնատիրությունների, խավարամտության սողոսկումների, ավերումների ու տառապանքների, կարողացել է, որպես նպատակասլաց անխափան հոլովույթ, դրական գերակշռություն ավելացնել, ստեղծագործական բարիքների բերրիությունը բաշխել աշխարհին ու մարդկությանը, հակադրաբար, իր իսկ զարգացումի և երջանկության սիրույն տարված է նաև քանդումների ու կործանումների կենդանական կիրքով և անագորույն մոլուցքով։ Արդարև, բարու գերակշռությամբ, ու չարի ստորակայությամբ։
Անապահով ու խառնակ այս օրերի բավիղում, ահա, այն՝ ինչ դարեր ու դարեր, որպես բարոյական, գերֆիզիկական ու անկապտելի ժառանգություն, հենարան, այլև ներշնչումի ու ոգևորության լուսաղբյուր, հարատևումի կարողությամբ է օժտել մեր ժողովրդին, եղել է հայ մշակույթը։ Համաշխարհային ու ազգային պատմական այս ներկայում հայրենական ու սփյուռյան մեր տարածքներում առ մեկ ազգ մեկ մշակույթ մեր ձգտումը պետք է համազգային հավաքական գիտակից ընտրությամբ լինի նպատակային, միտումնավոր կիրառությամբ բարձրանա տեղայնական մասնավորություններից, գերազանցի դրանց, և հասնի հայրենական, հայրենանմանակ ամբողջականության։ Բոլոր առաջադեմ ազգությունները նման ազգային համալրումով են ամրացրել ու ամրացնում իրենց սեփական առաջամետ ընթացքը։ Մաղթելի է մեզ էլ։ Քսանմեկերորդ այս դարասկզբում, համաշխարհայնացման համակարգչային ու համացանցային այս հորձանուտում, ազգային համույթում տեղայնական մասնավորությունները հարստություն չեն այլևս, ջլատիչ են։ Սփյուռյան մեր զանգվածներում մենք պետք է զարգացնենք հայրենիացումը, որի բնից է, արդարև, աճել մեր տեղայնական ճյուղը։ Հայրենիացումը մեզ ավելի կմոտեցնի մեր բնորդին, և դա ազգային նվաճում ու շահ կլինի հայության համար։ Բարձրախոսել հանուն հայության, տեղայնական մասնահատկություններ առաջ քաշելով, զարտուղիությունների կմատնի մեր բազմահամայնք հավաքականությունների հայկական ազգային մեծուղին, ոլորանների մեջ կմոլորեցնի, կհասցնի կքումի։
Հայ մշակույթի արմատները սկիզբ են առնում անչափելի ժամանակների խորքերից։ Նոր ու գիտական արդի պատմագրությամբ, բնաղբյուրների ճշտգրվող ուսումնասիրությամբ երևան են հանվում հայ էթնոսի պատմական մեծ դերը, որ խաղացել է իր բնօրրանում, հայկական բարձրավանդակում, Փոքր Ասիայի հողատարածքում, որ անցած դարի տարածված կեղծ պատմավերլուծությամբ վերագրվում էր կեղծաստեղծ ցեղերի ու նախաազգերի, որ իրականում պիտի վերագրվեր նույն հայութանը։ Նրա առաջացրած մշակույթի ու քաղաքակրթության նախահիմքերը, պատմական, ազգագրական կուտակումի հոլովույթով հասել են մինչև հինգերորդ դարը, այնտեղ հաստատել են անկյունադարձային միավորված խարիսխ, ապա հառնել են ազգային նկարագրով, լիցքավորված նոր ուժի ու եռանդի մղումով, թև տալով մեզ դեպի գալիքները համամարդկային քաղաքակիրթ կյանքի, ազգային հիմնաքարով։ Մեր պատմական մշակութային անկյունադարձը հինգերորդ դարում հիմնված է Սբ. Մեսրոպ Մաշտոց վսեմական վարդապետի հանճարեղ ստեղծագործության վրա, որի ազգային, հասարակական, քաղաքական և մշակութային անդրադարձումով հայ ժողովուրդը նվաճել է իր Ոսկեդարը։
Ազգային, հասարակական և մշակութային տարողությամբ է, ուրեմն, որ տառերի գյուտից հետո, Աստվածաշնչի թարգմանությունը հայերենի ստանում է պատմական արժեք։ Եվ դա ոչ թե թարգմանական մի հրաշալի իրագործումի իմաստով, որպես Մայր Թագուհի Թարգմանությանց, այլ այն, որ այդ նվաճումը հայերեն լեզուն բարձրացնում էր համաշխարհային ճանաչումի մակարդակի, որպես մի լեզվի, որ ի վիճակի էր արդեն արտահայտելու ժամանակի ամենաառաջավոր, այլև հեղափոխական կենսափիլիսոփայության, հասարակական և ընկերային կյանքի իմաստասիրության ամենաբարդ մտածումի և առաջադրությունների գաղափարախոսությունը։ Ժամանակի կազմավորված ֆեոդալական հասարակության ընկերային ու կրոնական կյանքի, ավանդությունների ու բարքերի մեջ քրիստոնեությունը սկսեց ավելի հիմնավոր ու ազդեցիկ ներթափանցել հայերեն, հայերենացված Աստվածաշնչով, որպես հոգեմտավոր համակարգի մի նոր մայրաղբյուր, որ ձևով ազգայնացնում էր քրիստոնեությանը, պահելով ըստ բնույթի նրա համամարդկային տեսլապաշտությունը, տեսլախոսությունը :
Հայոց տառերի հանճարեղ գյուտը, տեղայնական մասնահատկություններից բարձր ու գերադաս կիրառությամբ, հիմնաքարը եղավ մեր մշակութային մշտնջենական անկախության, թեև՝ քաղաքական պատմաշրջանային երբեմնակի ենթակայությունների տրոհումներով։ Պետական անկախության կորուստների ժամանակներում, նույնիսկ, հայ ժողովուրդը իր ազգային գիր ու գականությամբ, կորուստնրով հանդերձ, հարատև է պահել հայ մշակույթային անկախությունը, և դա ոչ թե կղզիացած վիճակում, այլ առաջատար մշակույթների հետ կենդանի հարաբերությամբ, ազդվելով ու ազդելով։ Մեր ժողովուրդը միանշանակ պահել Է հայ մշակութային ինքնիշխանությունը։ Սեփական այբուբենը ազգային ինքնուրույնություն պարգևեց հայ մշակույթին, իսկ Աստվածաշնչի թարգմանությունը քրիստոնեացած հայ մշակույթի անձնականությանը պարգևեց ազգային համընդհանուր ճանաչում, ինքնեկ ազգային ինքնաճանաչողական բնազդով։ Թարգմանիչների նախ պարզունակ ժողովրդական կարիքը հետզհետե դարձավ գաղափարախոսության տարածման կարևոր ու հիմնական պայման, ծավալվեց որպես թարգմանչական հոսանք, որ հասարակական ու ընկերային դերակատարության հետ միաժամանակ մարզեց ու մշակեց դեռ անգիր հայոց լեզուն, որ անմիջապես ոսկեղենիկ դարձավ հայերեն տառերի կիրառումով ու գրությամբ։ Սկիզբ առած թարգմանական և ինքնուրույն աշխատությունների միջոցով ժամանակի առաջատար մտքի մակընթացությունը ողողեց մեր ժողովրդի բավական ընդլայն խավերին, որոնց կազմող մարդիկ գալիս Էին տարբեր դասակարգերից։ Այդ մակընթացությունը ազգային լեզվով ու ազգային գրությամբ ամրացրեց ազգային ինքնագիտակցությունը, զորացրեց ազգային ոգին, և ձևավորեց հայ ժողովրդի քաղաքական, հասարակական, ընկերային հետագա ընթացքը։ Տառերի գյուտից ընդամենը չորս տասնամյակ հետո, 451 թվականին, Վարդանանց Ոգին դրա անմիջական հաստատումն Էր, ոչ թե հանկարծական արևումով, այլ աստիճանական համբառնումով։ Վարդանանքը թեև պատերազմական, ֆիզիկական պարտությամբ չկարողացան պաշտպանել հայ քաղաքական - պետական ինքնիշխանությունը՝ վահանով, բայց բարոյագաղափարական հաղթանակով հաստատեցին հայ ազգի քաղաքական մտածողության ինքնիշխանությունը՝ վահանին։ Դրանով Է իմաստավորվում ժամանակի սրբազան լոզունգը. «Կամ վահանով, կամ վահանին», այսինքն, վահանով կպաշտպանենք մեր իրավունքը և տեղի չենք տա, նույնիսկ եթե զոհվենք, ընկնենք վահանի վրա։ Քաղաքական մտածողության ազգային ինքնապաշտպանության ինքնիշխան այդ կեցվածքը այնպես ամրացավ հայ ազգության մեջ, որ «Կամ վահանով, կամ վահանին» ոգևորությունը արտացոլեց մեր նորագույն պատմության մի շքեղ պատմաշրջանում՝ «Ազատություն կամ մահ» նշանախոսքով, այսինքն՝ մենք ազատության ենք ձգտում, ապրելու ազատ, և տեղի չենք տա, նույնիսկ եթե զոհվենք, մահ գտնենք դրա սիրույն։
Պատմական հեռավորությունների սրբազան խորքերից և նվիրական կապակցություններով է մեզ հրիտակվել հայ մշակույթը, որ ծաղկում ու նրշնչում է մեզ և ի Հայաստան, և յԱմերիկա, և ի սփյուռս աշխարհի։ Թող հայ նոր սերունդը տիրի հայրենական հայ մշակույթին, տանի նրան նորանոր բարձունքների։ Արարատը նվաճելի է։