Literary Bridge

www.lit-bridge.com
Տպել

ՉԱՐԵՆՑԻ ՁԵՌՔԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան


Գրիգոր Լուսավորիչ պողոտայի համար 15-ը սխալմամբ փնտռում էի հանդիպակաց մայթում՝ Մաշտոցի խաչմերուկից վեր:
-Չէի՞ք ասի, ո՞ւր է «Աղբյուր»-ի խմբագրատունը,- դիմեցի երիտասարդ մի վաճառորդուհու, որը խոժոռ նայեց ինձ ու առանց մի բառ ասելու, ուսերը արհամարհական վեր քաշեց: Դուրս եկա խանութից ու մոտեցա պատի տակ կանգնած՝ ծխախոտը ձեռքին մի երիտասարդի:
-Համար 15-ը էս կողմը չի,- ասաց անտարբեր, իսկ «Աղբիւրի» մասին չէր էլ լսել:
Երեկ, ինքնաշարժիս վնասված անվադողը նորոգելու համար դիմածս հենց առաջին պատանի անցորդը, մի քանի նորոգման կենտրոնների հասցեներ տվեց հոժարությամբ: Ի՞նչ է պատահել մարդկանց հետ այսօր. «խմբագրատուն» բառը լսելիս բոլորն էլ անխտիր սմքած տեսք են ստանում...
Վերջապես, մոտիկից անցնող համակրելի տարեց մի անձնավորություն ինձ հանեց թյուրիմացութիւնից ժպտալով. նա գիտեր ոչ միայն «Աղբյուր»-ի տեղը, այլև նրա ներկա խմբագրին.
- Գիտե՞ք, այդ ամսագիրը հիմնադրել է Եղիշե Չարենցը քսաներեք թվին,- իմիջիայլոց նշեց նա:
-Չարե՞նցը,- զարմացա ես:
Ամեն անգամ, որևէ խմբագրատուն մտնելիս, սիրտս խփում է արագ: Այստեղ էլ նույնն է. թերևս դրան նպաստում է նաև լայն, լուսավոր աստիճաններով երեք թե չորս հարկ վեր բարձրանալը: Գրիգոր Լուսավորիչ պողոտայի համար 15-ը հնում կառուցված հոյակապ քարե ամրակուռ շենք է, բարձր լուսամուտներով, սակայն կարոտ՝ վերանորոգման: Մեկ առ մեկ աչքի եմ անցկացնում յուրաքանչյուր հարկի մուտքերին փակցված՝ գիր ու գրականությամբ զբաղվող հաստատությունների ցուցատախտակներն ու ավելի եմ հուզվում: Հանդիպում են մորուքավոր տղամարդիկ, գրքեր կամ թղթերի տրցակներ ձեռքներին՝ հաճելի արտաքինով ուսանող-ուհիներ:
Ահա և՝ «Աղբյուր»-ի ցուցատախտակը «Գարուն» ամսագրի հարևանությամբ: Բացի ամսագիր լինելուց, «Աղբյուր»-ը նաև հրատարակչական կենտրոն է:
Թակում եմ դուռը և ներս մտնելով՝ ներկայանում եմ վեհերոտ: Ինձ ջերմորեն դիմավորում է գլխավոր խմբագիր՝ Թադևոս Տոնոյանն ու ցույց տալով գրասեղանների արանքում մի կերպ տեղադրված աթոռներից մեկը, առաջարկում է նստել: Ներկա են խմբագրական կազմի մյուս անդամները: Նայում եմ շուրջս. այստեղ ամեն բան հնաբույր է, նույնիսկ համակարգիչը,- որը մի քանի տարի առաջ խմբագրատանն է նվիրել ֆրանսահայ մի բարերար,- հարակից սարքավորումները, գրապահարանը, գրասեղանները: Սիրտս մի պահ կուչ է գալիս: Ակամայից մտաբերում եմ Երևանի առևտրական արդիական տարածքների ու վաճառատների աչք ծակող շքեղութիւնը: Ո՞րն է ավելի էականը երկրի գալիքի համար՝ մշակութայի՞ն, թե՞ երևութապես՝ տնտեսական առաջընթացը...
Գլխիցս դուրս չի գալիս բարի անցորդի ասածը: Նա չէր ստել. մանկա-պատանեկան այս ամսագիրը հրատարակվում է 1923 թվից, այդպես էլ գրված է ամսագրի հիմնական էջում, իսկ դրա նախաձեռնողներից մեկը եղել է Եղիշե Չարենցը: Չգիտէի, որ «Դանթեական առասպելի», «Երկիր Նաիրիի», «Ամբոխները խելագարվածի» և ապագա Հայաստանի պատրանքն արտայայտող «Օ՜, հեռավոր, կապուտաչյա սիրուհիս...» տողերի հեղինակը ձեռնամուխ է եղել նաև հրատարակչական և մայրենի լեզվի դպրոցական դասագրքերի ստեղծման գործին: Միայն չորս տասնամյակ ապրած այդ հրաշք մարդը, որի կյանքի վերջին տարիներն անցել են բանտում, ո՞նց է հասցրել անել այդքան բան և թողնել գրական այսպիսի հարուստ ժառանգություն... Չի անտեսել նույնիսկ մանուկներին ու պատանիներին՝ երկրի ապագան կերտողներին:
-«Խորհրդային Հայաստան» թերթի 1923 թւի տարեսկզբի համարներից մեկում,-պատմում է Թադևոս Տոնոյանը՝ բավարարելով իմ հետաքրքրասիրությունը,- հրապարակված էր մի ընդարձակ հաղորդագրություն այն մասին, որ այդ տարվա մարտ ամսից լույս է տեսնելու մանկապատանեկան գրական-գեղարվեստական պատկերազարդ ամսագիր՝ «Պատկոմ» անունով: Սովետական Հայաստանն էլ ինքը, այդ օրերին, դեռ մի մանուկ էր՝ երեք տարին չբոլորած, արյունլվիկ, անօթևան գաղթականներով ու անապաստան որբերով լի: Պատկերացրե'ք, մի այդպիսի իրավիճակ, և մարդիկ մտածում են ստեղծել մանկապատանեկան գրական-գեղարվեստական պատկերազարդ ամսագիր... Եւ թե որքան էին նրանք կարևորություն տվել դրան, վկայում է նաև խմբագրական կազմը՝ Եղիշե Չարենց, Ստեփան Զորյան, Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից՝ Աբեղյանի ու Մանանդյանի սերնդակից՝ պրոֆեսոր Ավետիք Տեր Պողոսյան...
Մտքով սլանում եմ ետ ու խորհում այն մասին, թե՝ ի՞նչն է այդ օրերին համարվել առաջնայինը, ինչը՝ այսօր...
-Հայաստանի մանուկներն ու պատանիները 1923-ի մայիսին ձեռքներն առան իրենց գրական-գեղարվեստական պատկերազարդ ամսագրի առաջին համարը,- լսում եմ Տոնոյանի ձայնը,- «Պատկոմ»-ը, որը հետագայում վերանվանվեց «Հոկտեմբերիկ», իսկ ետպատերազմյան տարիներից՝ «Պիոներ», իր էջերում ինքնադրսևորման լայն ասպարեզ տվեց պատանի հայ ընթերցողներին, որոնցից կազմվեց մեր ներկա գրողների փաղանգը: Իսկ 1991 թվից «Պիոները» լույս է տեսնում «Աղբյուր» անունով:
Նայում եմ «Աղբյուր»-ի թարմ համարը դեպի ինձ մեկնած գլխավոր խմբագրի ձեռքին. մի պահ վերանում է ավելի քան ութսուն տարիների անջրպետը... ինձ թվում է, թե առջևս կանգնած մարդը... Չարենցն է, պարզված ձեռքը՝ Չարենցի ձեռքը...

Նոյեմբեր, 2007, Թեհրան