ՆԵՐԻՐ ԻՆՁ՝ ԻՆՁ ՉՄՈՌԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ (FORGIVE ME FOR NOT FORGETTING ME)
Աստղիկ Օհանյանը ծնվել է 1990թ. Վեդի քաղաքում: Ավարտելով Վալերի Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանը, իր բարձրագույն կրթությունը ներկայիս շարունակում է Երևանի Պետական Համալսարանի Միջազգային Հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրայում:
Իր առաջին գրական փորձը` "Ներիր ինձ` ինձ չմոռանալու համար" անգլալեզու վեպը, հանձնել է ընթերցողների դատին սույն թվականի նոյեմբերին: Գրողների միության կողմից հրատարակված գիրքը երիտասարդ և խոստումնալից գրողի առաջին մեծածավալ ստեղծագործությունն է:
Քսանմեկամյա Աստղիկ Օհանյանի գիրքը՝ գրված անգլերենով, ինքնահաստատման և ինքնաարտահայտման մեծ խիզախում է:
Ասում են՝ ժամանակակից կյանքը հակված չէ գրքին ու գրականությանը: Բայց Աստղիկ Օհանյանի «Ներիր ինձ՝ ինձ չմոռանալու համար» գիրքը, որը լույս է տեսել նոյեմբեր ամսին ՀՀ Գրողների Միության հրատարակչության կողմից, ճիշտ հակառակն ապացուցեց:
Թեև սիրավեպի թեման նորություն չէ գրականության մեջ, բայց հաճելի է նորից վերապրել հավերժական սիրո և մշտամորմոք կարոտի զգացումները՝ ի հեճուկս գերզարգացած ու քարացած աշխարհի:
Այսքան երիտասարդ և այսպիսի նուրբ դիտողականություն, հերոսների ներաշխարհի, հոգեվիճակների, նրանց ապրումների այսպիսի ճիշտ և գեղեցիկ բացահայտում: Սա խոսում է Աստղիկի խորաքնին մտքի, նուրբ զգացողության և երևակայության մասին, որ վառ դրսևորվում են գրքի հերոսների՝ երիտասարդ երաժշտագետ Էլիզաբեթի և տաղանդավոր նկարիչ Ալեքսի սիրո պատմության, նրանց հարաբերությունների, երկխոսությունների, խորհրդավոր նամակի և գործողությունների զարգացման ճիշտ լուծումներով:
Երիտասարդ հերոսների համար աշխարհը բացահայտվում է սիրով. նրանք ապրում ու վայելում են սիրառատ կյանքը, ներշնչվում ապագայի պայծառ հույսերով: Բայց, ավաղ, կյանքի մի դաժան հարվածով փլուզվում են երազները: Ծանր հիվանդությունը խլում է Ալեքսի կյանքը և անդառնալի ցավ պատճառում Էլիզաբեթին: Մի քանի տարի Էլիզաբեթը ծանր ապրումներով փորձում է վերագտնել կյանքի գույները՝ անմար պահելով սիրած տղայի հիշատակը: Վիշտը նրան չի չարացնում, այլ վեհացնում է՝ գորշ միջավայրից վեր բարձրացնելով անմահ սիրո իր պատմությամբ:
Ալեքսի՝ ապագային ուղղված նամակի միակ տողը՝«Ներիր ինձ՝ ինձ չմոռանալու համար», անէացնում է իրականության բոլոր ձևերը, ձուլում դրանք տարածությանն ու ժամանակին:
Գայանե Սարգսյան
Դեկտեմբեր, 2011
Կարծիքներ
Գիրքը շատ հետաքրքիր է, կարդացվում է մեկ շնչով, այն կարդալուց հետո արժեվորում ես կյանքը:Հասկանում ես ,որ կյանքի յուրաքանչյուր օր պետք է ապրես այնպես ,ինչպես քո վերջին օրը:
Posted by: Ալվարդ Պապոյան | January 9, 2012 10:30 PM