فارسي

ՆՇԱՆՆԵՐԻ ԵՐԿԻՆՔ

  |  


Վաչե Եփրեմյան

Դեռեւս 1897թ. Հովհ. Թումանյանը նկատում է Հայոց մշակութակերպի բացառիկ լինելության ճանապարհը։
Խոսքը վերաբերում է «Տպավորություններ» բանաստեղծությանը, որի սահմաններում արդեն հստակ տարբերակվում են վերեւն ու ներքեւը, ժամանակն ու տարածությունը, պատմությունն ու լռությունը, ներաշխարհն ու արտաշխարհը։
Ընդ որում, սրանք ընկալվում են ոչ միայն առանձին ու հակադարձ ըմբռնում գաղափարների նշանակությամբ, այլեւ, որ էական է, որպես համատարած զուգահեռ ներվիճակներ, որպես անհամատեղելի գոյակերպեր, անհամատեղելի՝ հավաքականության համար, իսկ անհատը, միակը, միայնակը ի զորու է ներքեւը տարրալուծել վերեւի մեջ՝ հաստատելով ներաշխարհ - ժամանակ - լռության անպարագիծ իրավիճակը։
Սա, անշուշտ, ենթադրելի գործողություն է եւ մշակութաբանական ճակատագրի վերծանման հնարավոր տարբերակ.

Իմ հոգին էլ այն երկնքի նման,
Որ ծավալվում է ձեր գլխի վերեւ,
Ձեզ անհայտ, գաղտնի - տեսնում է շատ բան.
Ե՛վ մոտ, եւ՛ հեռու , ե՛ւ փայլուն, եւ՛ սեւ...
Ես հազար աչքով բաներ եմ տեսնում,
Որ թաքնված են լռության ետեւ,
Հազար ականջով ձայներ եմ լսում,
Որ դեռ սրտերում շշուկ են թեթեւ։
(2, 146-147)

Կարծում եմ՝ այս բանաստեղծությամբ է սկիզբ առնում Հովհ. Թումանյանի լեզվի առանձնահատուկ տեւողությունը, որի սահմաններում այդուհետ բազմիցս փորձառվելու են մշակութաբանական գիտակցության ու վերին նշանակարգի վերծանման - ընթերցման տեւակարգերը։
Հովհ. Թումանյանի գրի տիրույթում հավակնոտ կեցվածքի արձանագրումներն ու անհատական տեսազգացողությանը բացառիկության ենթիմաստ հաղորդելը երբեք տարածություն չեն զբաղեցրել, նշանավորվել է գեղարվեստաիմաստասիրական այլ խնդիր. ընդգծվում, առարկայացվում է իրեն վերապահված-նախասահմանվածի խորհուրդը, որն ամբողջությամբ ընդհանրական-հավաքական հանձնառության ու մշակութաբանական արարքի արժեքայնությամբ է հատկանշվում։
Նկատի ունեմ հայոց առեղծվածի տեսանումի, ընթերցման ու նշանավորման թումանյանական խնդրառությունը։
Հայոց առեղծվածի կամ, որ նույնն է, մշակութակերպի բացահայտման ընթացքում պարտադիր վերաիմաստավորվում են անշրջանցելի արժեքներ ու ըմբռնումներ. հայրենիք, ճանապարհ, տիեզերք, բանաստեղծական անհատակերպ, Արարիչ...
Սրանք ոչ միայն ընդհանրական, ինչ-որ իմաստով չեզոք իրողություններ են, այլեւ, որ կարեւոր է, հայոց տան էատարրերն են, մշակութակերպի բաղադրիչները, միաժամանակ՝ քաղաքակրթության անակնկալների դեմն առնող զրահ-պարիսպ։
Հովհ. Թումանյանի մշակութաբանական արարքի արժեքն ու նշանակությունը լիովին գիտակցելի են այն դեպքերում, երբ խնդրո առարկան պարզաբանվում է ժամանակագրության շրջանակներում։
Այս դեպքում է հստակվում այն համոզումը, թե զուտ գրողական կամ միայն գեղարվեստական խնդիրը հազիվ թե շուրջ քառորդ դար մտահոգեր բանաստեղծին։
Նման տեւականությամբ հատկանշվում է համապարփակ ու ազգակերպին առնչվող հիմնահարցը, որի վերջնական լուծումը որոշակի տեւողություն է ենթադրում։
1904թ. Հովհ. Թումանյանի գրարվեստի մշակութաբանական շերտում առանձնացվում է արդեն «վերին խորհուրդի» նշանը, որի հայտնությամբ բացառվում է տեսանելի իրականությունը, ավելին՝ երկիր-հայրենիքը , ազատագրվելով քաղաքակրթական նշաններից, տեղափոխվում է անսահմանի ոլորտ՝ գիտակցվելով որպես զուտ հոգեւոր, տիեզերական - երկնային աննյութ իրողություն։
Սա փախուստ չէ պատմաիրական ժառանգությունից, «վերին խորհուրդի» ներկայությամբ չի մերժվում երկիր-հայրենիքի վավերափաստը ու չի ժխտվում գաղափարն ինքնին։
Պարզապես Հովհ. Թումանյանը վերծանում եւ արժեւորում է հայոց տեսակին վերապահված էակարգը, երկինք-երկիր դիմադարձումով նկատել տալիս տեսակի անցնելիք հոգեւոր Ճանապարհը.

Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում՝
Ծանր վեհությամբ իջած երկնքից,
Այստեղ սրբազան մի շունչ է բուրում,
Մեզ վեր է տանում աշխարհի կյանքից։
Մի շունչ, մի խորհուրդ , մե՜ծ, հըրաշալի՜,
Խառնված հայոց մեր խորունկ հոգուն...
(2, 177)

1909թ. գրված «Վայրէջքի» մեջ «Մեզ վեր է տանում աշխարհի կյանքից» նշանաշարը փոխարինվում է անհատակերպի կամ միայնակի Ճանապարհը ցուցանող նշանակարգով («գընում եմ ես Վեր - Դեպ Անհայտը սուրբ» (2, 188), բայց «աշխարհքը պայծառ» փոխաբերությամբ միայնակի հոգեւոր հեռացումը գիտակցվում է ազգակերպին առաջադրվող վերելքի նշանակությամբ։
Այնպես որ՝ «Խաղաղությանն եմ հասել ես հոգու» մշակութաբանական արարքը չպիտի հասկանալ իբրեւ չկրկնվող գործողություն, ընդհակառակն, այդ Ելքը ժամանակի մեջ անընդհատական լինելու խորհուրդ է պարունակում, հավաքական կերպավորում պարտադրում։
«Աշխարհքը» բառիմաստը այնուամենայնիվ բազմություն է ենթադրում. անհայտը, պայծառ աշխարհքը, չնայած հակադրվում են «աշխարհի կյանքին», նույնպես բնակելի են ու մարդկային բովանդակություն ունեն նաեւ։
Հոգեւոր հայրենիքի էակարգի տեսանումը, որպես անհատական-հեղինակային գործողություն ու գեղարվեստական վարք, սկիզբ է առնում Հովհ. Թումանյանի գրարվեստում։
Էպոսում անկասկած կա հոգեւոր հայրենիքի ըմբռնումը, Ագռավաքարը դրա մոդելն է, բայց այս պահին բանահյուսական բնագիրը որեւէ հաջորդակարգ չի պարտադրում։
Ուշագրավը բանաստեղծի մշակութաբանական հայտնագործումն է, որը պատահական բնույթ չունի եւ տրամաբանական ավարտն է գրեթե քառորդ դար տեւած հոգեւոր վերելքի։
1920թ. գրած «Տիեզերքի ընթերցումը» բանաստեղծությամբ առկայվում է հոգեւոր հայրենիքը տիեզերքն է հեղինակային ընկալումը.

Կարդում եմ քո վեհ ազդումներն անվերջ...
Ու վերանում է հոգիս զըվարթուն -
Չըկա մոտ ու տար, չըկա վեր ու ցած,
Տիեզերքն ամբողջ հայրենիք ու տուն,
Ու ես մի ազատ՝ անտարբեր աստված։
(2, 250)

Հոգեւոր հայրենիք = տիեզերք ընդարձակ փոխանունությամբ սահմանադրվում է մի գեղարվեստական վայր, որը մշակութաբանական ոլորտ է տեղափոխվում խոսքի տեւողության մեջ վերաիմաստավորված նշանակարգի շնորհիվ։
«Տիեզերքն ամբողջ հայրենիք ու տուն» ընկալումը հանկարծական հաստատում չէ, Հովհ. Թումանյանի Քառյակներում անվերջ հոսում է տիեզերականի տեսազգացողությունը («Հոգիս՝ տանը հաստատվել - Տիեզերքն է ողջ պատել. Տիեզերքի տերն եմ ես, Ո՞վ է արդյոք նըկատել»)։
Ավելին՝ Աստծուն վերապահվող անվանաշարն արդեն ուղղակի բացահայտում է մշակութաբանական միջավայր-ոլորտի գոյակերպը։ Հովհ. Թումանյանը Բարձրյալին «նյութեղինացնում» է Անհայտ Բանաստեղծ, Անհուն - Անանուն - Անես, Շռայլ, Անճառ Մին անուններով, որոնց նյութն ու էությունը Բանն է։
Հակառակ դեպքում բանաստեղծն ինքն իրեն Զարմանալի Ընթերցող չէր անվանի. ընթերցում-վերծանում-գաղտնազերծում են Բանը, հիշյալ մշակութաբանական գործողությունները բնականաբար համարժեք միջավայրում են վավերական («Առանց խոսքի երգ ես թափում», «Տիեզերքի մրմունջը», «Քեզ են երգում Քո ձենով» եւ այլն)։
Արդեն հիշատակված բանաձեւումը այս շրջակարգում ձեռք է բերում իր ամբողջական տեսքը՝ Բան=Տիեզերք=Հոգեւոր Հայրենիք։
Առանց Բանի գիտակցման Տիեզերքի եւ Հոգեւոր Հայրենիքի նույնականությունը լավագույն դեպքում կընկալվեր իբրեւ բանաստեղծական հաջողված պատկեր եւ ոչ երբեք՝ մշակութաբանական նշանակարգ։
Հովհ. Թումանյանը մասնավոր մի ըմբռնում էլ է խնդրառել, որը, սակայն, միայն առաջին պահ կարող է թողնել վայրէջքի տպավորություն։
Նկատի ունեմ «Արեւելքն աստվածային-հայրենիքը իմ հոգու» (2, 270) սահմանումը։ Իրապես «Արեւելքն աստվածային» նշանաշարը նույն Տիեզերք=Մշակութաբանական ոլորտ շրջակայքում է գոյականացված։
Տարօրինակ չթվա, բայց «աստվածային Արեւելք»=Հոգեւոր Հայրենիք մշակութաբանական ըմբռնումը կարելի է մեկնաբանել գեղարվեստական այլ տարածքում՝ առբերելով Ավ. Իսահակյանի գիրը։
«Աբու-Լալա Մահարի» պոեմի հերոսը վերելքի ընթացքում հիմնավորում է մշակութակերպի (հերոսը միայնակ բանաստեղծ է) եւ քաղաքակրթության անհամատեղելիությունը։
Քաղաքակրթություն - աշխարհը բացառվում է (արժեզուրկ են քաղաքը, ամբոխը, իշխանությունը, օրենքը, սերը եւ այլն), եւ քաղաքակրթության նշանակերպերը վերագոյականացվում են վերեւի կամ մշակութաբանական ոլորտում։
«Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով», «հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա», «Լռության երկինք, խոսիր դու ինձ հետ աստղերիդ լեզվով» եւ նմանատիպ նշանաշարերը կերպավորում են «իմ նոր հայրենիքի» տեսանումը։
Կարծում եմ՝ ավելորդ կլինի ընդգծել, թե «նոր հայրենիքը» հոգեւոր հայրենիքի բովանդակությունն ունի։ Ինքնին հասկանալի է, որ նյութի աշխարհից հեռացողը նախընտրում է հոգու աշխարհը։
Թումանյանի առաջադրած «աստվածային Արեւելք - իմ հոգու հայրենիք» ըմբռնումը Ավ. Իսահակյանի սահմանադրած մշակութաբանական միջավայրում արտահայտվում է նախ՝ Անապատ, ապա՝ ըստ էության՝ վերջինիս համարժեք Արեւ նշանակերպերով։
Անապատն այս շրջակարգում ոչ այնքան արեւելյան տեղանք է, որքան մշակութաբանական ոլորտ, քանի որ անսահման ազատության վայր= հոգեւոր ոլորտ =տիեզերք=հոգեւոր հայրենիք մշակութաբանական գիտակցությունը ոչ թե գերակշռող, այլ միակ տարերքն է իսահակյանական գրաշխարհում։
Եւ, ընդհանրապես, ապաշխարանքը, որն ըստ էության եւ ըստ դրսեւորման՝ քաղաքակրթության բացառումն է, լիովին իրականացվում է մշակութաբանական միջավայրում։
Ապաշխարանքը, հեռանալը, մենությունը մշակութակերպի կազմատարրեր են եւ միաժամանակ մշակութաբանական արարքներ։
Հավելեմ նաեւ, որ Ամբողջը ընդգրկելի, ընկալելի է մշակութաբանական ոլորտում, վերեւի շրջակարգում, իսկ քաղաքակրթության սահմաններում մասերն են պաշտամունքի առարկա։
Քաղաքակրթությունը Ամբողջի թշնամին է. - այս եզրահանգումն էլ անհիմն չէ։ Միջանկյալ նշեմ, որ մշակութաբանական նման ընթերցման մեջ կարող են վերաիմաստավորվել նաեւ Նարեկացու «Բոլորը ես եմ» վերասլաց պոռթկումը եւ Եղիա Տեմիրճիպաշյանի «Ամեն մեռել զիս իրեն հետ կթաղե» վայրէջքի արարքը։
Գ. Նարեկացու վերելքն ուղղված է համաշխարհային անապատին, այսինքն՝ քաղաքակրթական աղմուկներից ու ձեւախեղումներից զերծ համատարած ազատություն - լռություն - կատարելությանը։
Ի վերջո ապաշխարանքը ոչ այնքան հեռացում է, որքան վերադարձ կատարյալին։
Եղիա Տեմիրճիպաշյանի նշանաշարում քաղաքակրթությունը բացասվում է ավարտաբանական գործողության հաճախանքի շնորհիվ. անընդհատ «թաղվելով» իմաստազրկվում եւ սպառվում է մահը՝ թե՛ որպես գաղափար, թե՛ որպես համավիճակ։ Եթե Նարեկացու ապաշխարանքը վերեւի լռության մեջ է կատարյալ եւ իրականացվում է խոսքի «Սպառման» միջոցով (բոլորի փոխարեն ինքն է խոստովանում-զղջում), ապա Տեմիրճիպաշյանը ապաշխարում է ներքեւի լռության մեջ, որտեղ խոսքն արդեն անելիք չունի, ուստի՝ խոսքի բացակայությունից սպառվելու է քաղաքակրթությունը (խոսքը կրող բանաստեղծն է թաղվում յուրաքանչյուրի հետ)...
Կրկին դառնանք Ավ. Իսահակյանին։ «Աստվածային Արեւելքը» Անապատից հետո հայտնակերպվում է Արեւի նշանով։ Ըստ էության՝ Արեւն ու Անապատը համարժեք ու համանշանակ են, Արեւը երկնային տարածության «Անապատն» է...

(Շարունակելի)

 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)