فارسي

ՓՈՔՐԻԿ ՍԻՐՏՍ Ո՞ՒՄ ՆՎԻՐԵՄ

  |  


Նաիրա Համբարձումյան

Բ.Գ.Թ. - դոցենտ


Հին ժամանակներում, երբ մարդիկ գրել - կարդալ չգիտեին, ժողովրդական բանահյուսության տարբեր ժանրերի ստեղծագործություններ պատմում էին բերանացի՝ մեկը մյուսին փոխանցելով, մեկը մյուսին սովորեցնելով։
Հեքիաթի տարատեսակները՝ (հրաշապատում, իրապատում, կենդանական) դեռ չկային և ամենատարբեր զրույցներ էին պատմվում դիցաբանական ու առասպելական հերոսների, դյուցազունների, բնության երևույթների, նրանց ղեկավարող ուժերի, աստվածների ու կիսաստվածների մասին։
Եվ միայն հետագայում՝ հրաշապատում հեքիաթներում սկսեցին երևան գալ արքայազներ ու արքայադուստրեր, հրեղեն ձիեր, դևեր, տրոլներ, վիշապներ, փերիներ և այլն։
Իրապատում հեքիաթներում արտացոլվեցին ժողովրդի կյանքի և կենցաղի տարբեր կողմեր և սոցիալական հարաբերություններ։
Ընթերցելով «Փոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ» (Էդուարդ Հախվերդյանի թարգմանությամբ - 2000 թ.) հեքիաթների գողտրիկ ժողովածուն՝ հաճելիորեն զարմացա, մի պահ տեղափոխվեցի իմ մանկություն, հասկացա, որ այս հեքիաթները տարբերվում են իմ կարդացած հայկական, ռուսական, չեխական, գերմանական, դանիական և այլ հեքիաթներից։
Գրքում տեղ գտած տասը հեքիաթներից («Սև ձկնիկը», «Տնից հեռու», «Պաղ ջրի հեքիաթը», «Փոքրիկ աստղը», «Աշխարհի ամենամեծ խնձորենու հեքիաթը», «Ես, ոզնիս ու տատիկս» և այլն) յուրաքանչյուրն առանձին հոգեբանական և ուսուցողական խորք ունի;
«Սև ձկնիկը» հեքիաթը, օրինակ, սովորեցնում է գնալ նպատակին ընդառաջ, գնալ մինչև վերջ...
Եթե ճանապարհդ լի է խոչընդոտներով, բայց նպատակիդ հասնելու համար պետք է որոշակի արգելքներ հաղթահարես, ապա պետք է անես ամեն ինչ՝ հաղթելու համար։
Այնպես, ինչպես վարվում է «Սև ձկնիկը» հեքիաթի հերոսը, ըստ իս՝ կվարվի յուրաքանչյուրը՝ նույնիսկ այն դեպքում, երբ այդ ճանապարհը լի է խոչընդոտներով։
Նա շատ արգելքներ է հաղթահարում, ոչ ոք և ոչինչ նրան ետ չի պահում իր նպատակից, որը պետք է իրագործվի. նույնիսկ՝ ձկնկուլի կերը դառնալու վտանգը։ Շատ փորձություններից հետո փոքրիկ ձկնիկը հասունանում է, իմաստնանում։ Եվ կուտակած փորձի իմաստնությունից էլ ծնվում է փիլիսոփայությունը. «Մահը շատ հեշտ ու հանկարծակի կարող է վրա հասնել, բայց քանի դեռ ապրում եմ, պետք է պայքարել կարողանամ։ Իհարկե, եթե մի օր ստիպված լինեմ մահվան հետ գոյամարտելու, փույթ չէ, գլխավորն այն է, թե իմ կյանքը կամ մահը ինչպիսի ազդեցություն է թողնելու ապրողների կյանքում...» (17)։
Այս փիլիսոփայությունից է ծնվում հոգատարությունը, պատասխանատվությունը հարազատների, մտերիմների, շրջապատի, նրանց կյանքի հանդեպ, այս փիլիսոփայությունից է ծնվում գորովանքն ու ապրելու տենչը և ձգտումը՝ դեպի նպատակ։
Սիրո, բարության և նվիրումի տոնահանդես է կարծես «Փոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ» ժողովածուի նույնանուն խորագրով հեքիաթը, որի գաղափարը շատ կարևոր է՝ բացահայտման և կյանքում կիրառելու առումով։
Մարդկային սիրտը ընդունակ է սիրել ու նվիրվել շատերին։ Եվ եթե նա դատարկ մնա, ուրեմն կնմանվի դատարկ ծաղկամանի և մարդուն ցավ կպատճառի։ Սիրտը հյուրանոց էլ չէ, որ երբ ցանկանան մարդիկ գան և գնան։
Հեքիաթի փոքրիկ հերոսը հստակ գիտի, որ մարդկային սիրտը, չնայած այդքան փոքր չափերին, շատ «տարողունակ» է, այնտեղ սերը շատ է՝ ամեն ինչի և ամենքի համար։ Նա որոշում է սիրտը նվիրել «լավ ու բարի» մարդկանց՝ «Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞»։
Թերևս, եթե աշխարհում այդպես մտածողներն ավելի շատ լինեն, բարությամբ և լույսով գուցե կփրկվի աշխարհը։ Եվ եթե հայտնի ասույթը հորդորում է, թե՝ «Գեղեցիկը կփրկի աշխարհը», ապա կարելր է հավելել նաև՝ «բարությունը կփրկի աշխարհը»։
Երբեք ուշ չէ բնավորության վատ գծերից դեպի լավը փոխվելու և բարին ընդօրինակելու համար։ Չի կարելի մարդկանց նայել վերից, նեղացնել ու վիրավորել։ Այդ է սովորեցնում մեզ «Տնից հեռու» հեքիաթը, որի փոքրիկ հերոսուհին երազի միջոցով վերափոխվում է և ապացուցում՝ վատից լավը անցումը մեկ քայլ է, ուղղակի՝ կամք է հարկավոր։
Երեխաների պաշտպանության, խնամքի և ճիշտ դաստիարակության խնդիրն է արծարծվում «Պաղ ջրի հեքիաթ»-ում։ ճիշտ դաստիարակության և ուսուցման միջոցով կարելի է հասնել այն արդյունքին, որը անհրաժեշտ է ապագայի հիմքերը առավել ամուր խարսխելու և ամուր ոտքերի վրա կանգնած սերունդ ունենալու համար՝ պատասխանատու՝ ազգի, հայրենիքի, մոր և մյուս սրբությունների համար։
Ժողովածուն կարևորվում է երեխայի գեղագիտական և մարդկային այլ արժեքների ու հայացքների դաստիարակության ձևավորման առումով։
Հեքիաթները ունեն նաև գեղագիտական - գաղափարական հղումներ, ընթերցվում են մեկ շնչով։
«Փոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ» ժողովածուն Իրանի ժամանակակից գրականության ձեռքբերումներից է։

 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)