فارسي

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ

  |  



Նախաբան


Վազգեն Օվյան անունը, մինչև վերջերս, երբ պատահաբար առիթ ընձեռվեց ծանոթանալու այս մեծ գրողի ընդամենը մի քանի հրաշալի ստեղծագործություններին, լրիվ անծանոթ էր ինձ: Իմ պրպտումների արդյունքում պարզվեց, որ Վազգեն Օվյանը խորհրդային տարիներին ապրել ու ստեղծագործել է Ացախում՝ թողնելով գրական մեծ և հարուստ ժառանգություն: Նրա անվան անհայտ մնալու հանգամանքը վերագրեցի «Երկաթե վարագույրին», որը թվում է ավելի թանձր է եղել Արցախի պարագային: Այնուամենայնիվ, որոշեցի կապվել նրա որդու, մեզ հետ աշխատակցող՝ գրող Վարդգես Օվյանի հետ: Նա ինձ ուղարկեց մի շարք հոդվածներ և հետևյալ նամակը, որը որոշեցի լույս ընծայել՝ վերջնական եզրահանգումը թողնելով մեր սիրելի ընթերցողներին:

Կոլյա Տեր Հովհաննիսյան



Նամակ


...Մեզ մոտ բոլորը լավ գիտեն հորս։ Հատկապես այն սերունդը, որ տեսել է նրան, թեկուզ խորհրդային գրաքննության մամլիչի տակից դուրս եկածով պատկերացում ուներ նրա գործունեության ու ստեղծագործության մի մասի վերաբերյալ։ Պատահական չէ, որ 2002-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով հայրս հետմահու պարգեւատրվել է Արցախի բարձրագույն «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Շատ մարդամոտ բնավորություն ուներ հայրս։ Ճիշտ է, նրա լավագույն գործերը, բնական է, որ չէին կարող տպագրվել «այն տարիներին», բայց նա իր ձեռագրերը կարդում էր ընկեր-բարեկամների շրջանում, անգամ անծանոթների մոտ էր կարդում որոշ գործերից։ Կյանքում երբեք չհիվանդացած հայրս 1985-ին անսպասելի հիվանդացավ եւ 2 տարվա անկողնային տանջանքից հետո 1987-ի փետրվարի 23-ին, Արցախյան շարժումից ուղիղ մի տարի առաջ, վախճանվեց։ Հայաստանից հրավիրված պրոֆեսորներից մեկը ինձ ուղղակի ասաց. «Այս հիվանդությունն այսպես չպիտի զարգանար։ Ինչ-որ բան այն չէ...» ։
Մի տարի հետո սկսեց Արցախյան շարժումը, ապա՝ պատերազմ։ Ես շարունակ փորձում էի տպագրել հորս անտիպ գործերը, սակայն Արցախի ԳՄ-ի նախագահ՝ Վարդան Հակոբյանը անընդհատ խանգարում էր։ Անգամ ձախողեց Երեւանում՝ Պետհրատում պլանավորված, տպարան իջած իմ անդրանիկ գրքի տպագրությունը...
Ծանոթ-բարեկամների նյութական օգնությամբ պատերազմի տարիներին մեզ մոտ մի կերպ տպագրվեց հորս առաջին անտիպ ժողովածուն՝ կազմված արձակ եւ չափածո երգիծական գործերից։ Այդ գրքում զետեղել էի նաեւ արդեն հանրահայտ այն պամֆլետը, որ հայրս գրել էր Վարդան Հակոբյանի «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» բանաստեղծության նմանությամբ.

Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում...
Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:
Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:
Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,

Դու Ղարաբաղի մասին երգ չունես:

Եթե մինչ այդ Հակոբյանը հորս եւ իմ թշնամին էր, դրանից հետո դարձավ ոխերիմ թշնամին։ Հատկապես նրան շատ է «մտահոգում» հորս ժողովրդականությունը մեզանում։ Եվ նա, օգտագործելով ԳՄ նախագահի իր դիրքը, ամեն ինչ արեց, որ հորս անունը չհասնի Հայաստան։ Էլ չեմ խոսում Սփյուռքի մասին։ Վերջապես 2003-ին Արցախի մեծ բարեկամ կանադահայ բարերար Մկրտիչ Մկրտչյանի օժանդակությամբ տպագրվեց հորս անտիպ շքեղ ժողովածուն՝ «Լեռների լեգենդը»: Ղարաբաղում պաշտոնական մի միջոցառման ժամանակ, Մկրտչյանը լսել էր «Այս Ղարաբաղն է» բանաստեղծության ասմունքը եւ ցնցվել. «Ես, աթոռիս մեջ մխրճված եւ մարմինս փշաքաղված, ունկնդրում էի այդ սքանչելի գործը: Երբ մեծ ծափահարություններով քերթվածքն ավարտվեց, իմ քով նստած, իմ մոտիկ բարեկամ, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ Բորյա Ալավերդյանին հարցրի, թե ո՞վ է այդ գլուխգործոց բանաստեղծության հեղինակը եւ խնդրեցի այդ քերթվածքից մի օրինակ գտնել ինձ համար»,- գրել է նա:
Երեւանյան գրական շրջանակներում ովքեր կարդում էին հորս գիրքը, հարցնում էին Հակոբյանին, թե ո՞նց է պատահել, որ իրենք անտեղյակ են տաղանդավոր այդ գրողի գրական ժառանգության մասին, պետք է միայն ենթադրել, թե վերջինս ինչպես էր ներկայացնում «այդ գրողին»: Հայտնի կոչված գրականագետներից մեկը՝ Սերգեյ Սարինյանը (նա արդեն դարձել է Վ. Հակոբյանի գրպանի գրականագետը), որ հորս գիրքը կարդալուց հետո ինձ հետ հեռախոսազրույցի ժամանակ շատ մեծ գնահատական էր տվել հորս գրական վաստակին ու ապշել, թե ինչու «Վարդանը ոչինչ չի ասել այդ մարդու մասին», այնուհետեւ կուրորեն ստորագրել է հորս դեմ գրված Վ. Հակոբյանի հերյուրանքը, չիմանալով, որ Հակոբյանն այն արդեն մեզ մոտ տպագրել էր, բայց մեկ ուրիշի ստորագրությամբ...
Ահա այդպիսի գրական բարքեր...
Այս ենք մենք...
Հորս շատերը գիտեն մեզանում, մեր նշանավոր արվեստագետ-գրականագետներից շատերն են կարծիքներ տպագրել հորս հիշածս ժողովածուում։ Բայց այս ամենը մնացել է մեզ մոտ Ղարաբաղում։ Պարզապես մեջբերեմ մեր մտավորականներից մեկի, ում դու ճանաչում ես, Հրանտ Ալեքսանյանի խոսքը (նա ժամանակին աշխատել է հորս հետ)։
«Նրանից վախենում, բայց առավել շատ նրան սիրում ու հավատում էին: Վախենում էին իշխանավորներն ու սրանց թիկունքը պաշտպանող, իսկ ավելի ստույգ՝ այդ թիկունքով ապահովություն ու դիրք թռցնողները՝ պաշտոնյա, թե ստրկամիտ այլ ծառայող, անգամ՝ իրենց մտավորական ներկայացնող «երեւելիք»: Նրան սիրում էին շարքային մարդիկ, ավելի ճշգրիտ՝ խիղճ ու հոգի ունեցող բոլոր նրանք, որոնց համար ազնիվ ու գեղեցիկ խոսքը այն ժամանակ անփոխարինելի փրկօղակի պես էր: Վերջիններս՝ սիրողները, երիցս մեծաքանակ էին առաջինների՝ վախեցողների, ապա եւ՝ ատողների համեմատությամբ: Որտեղ մեծամասնություն, այնտեղ իշխանություն. Վազգեն Օվյանը մարդկանց մտքի վրա իրական իշխող էր՝ իր վարքով ու գրականությամբ:
Նա, իրոք, անվիճելի ժողովրդական գրող էր անցած դարի 70-80-ական թվականներին: Արցախյան իրականության մեջ թերեւս միակ անհատն էր, որ շուրջանակի ճնշող խորհրդային ռեժիմի օրոք գրավեց խոսքի ազատության հնարավոր բոլոր սահմանները եւ, ըստ Էության, միակ գործող ընդդիմադիրն էր: Եղավ այն հազվագյուտ հայ գրողներից, որի դարակներում մնացին բազմաթիվ անտիպ ստեղծագործություններ՝ իրենց գրաքննչական «արատների» եւ երգիծական ուղղվածության պատճառով: Սակայն Վազգեն Օվյանի գրական ներկայությունը ցպահանջ է մնում իրեն վերագտնել ցանկացող այսօրվա հասարակության համար եւս»:

Վարդգես Օվյան
Ստեփանակերտ
11.06.09



Կենսագրական գծեր


Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ Վազգեն ՕՎՅԱՆԸ ծնվել է 1932 թ. հունվարի 6-ին Ստեփանակերտի շրջանի (այժմ՝ Ասկերանի շրջան) Դաշուշեն գյուղում: 1960 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ է: 1961-1985-թթ. աշխատել է ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում՝ որպես գրական-երաժշտական բաժնի ավագ խմբագիր: Երկուսուկես տասնամյակի ընթացքում նրա ջանքերով մարզային ռադիոյում ստեղծվել էր հայկական երաժշտական ու գրական հաղորդումների հարուստ ֆոնդ, որը, ցավոք, հրկիզվել է Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ: Այդ տարիներին տեղական ռադիոն իր հայեցի հաղորդումներով, հայկական երգ-երաժշտության պրոպագանդմամբ անկասկած մեծ դեր է ունեցել ժողովրդի ոգին ամուր պահելու եւ, ընդհանրապես, Արցախը հայեցի պահելու գործում:
Վ. Օվյանի առաջին բանաստեղծությունը տպագրվել է «Սովետական Ղարաբաղ» թերթում՝ 1948 թ.: 1961 թ. լույս է տեսել գրողի անդրանիկ գիրքը: Այնուհետեւ պարբերաբար տպագրվել են «Լեռների լեգենդը», «Շաղասար», «Խանքենդի», «Երգը մնաց լեռներում», «Տոհմածառ», «Մեղրի ժամանակը» գրքերը:
Վազգեն Օվյանի լավագույն ստեղծագործությունները, այդ թվում նրանք, որոնք բացահայտ ուղղված էին խորհրդային մեծ ու փոքր նազարների՝ Բրեժնեւի, Ալիեւի, Կեւորկովի դեմ («Նազարնամե», «Հեքիաթ փառամոլ էշի մասին», «Հեքիաթ Մեծ գայլի, շնագայլի եւ այլոց մասին», «Հայրենադավը», «Հուդային», «Բասարական», «Զեւս, խելոք կաց», «Հիմա է՞լ լռենք», «Դլե յաման», «Ղարաբաղ եմ ասում...», «Դու հպարտ չես, իմ Ղարաբաղ», «Կկորչեն հավետ եւ փառք, եւ անուն», «Իմ Ղարաբաղը տեսե՞լ ես, ասա» եւ այլն), արտացոլում էին կուռքերի, վերջը չերեւացող ժողովների ու ծափերի վրա հիմնված խորհրդային իրականության զավեշտաողբերգական դեմքը («Այս շքերթներից հոգնել եմ արդեն», «Կրկես», «Տրիոլետներ», «Ութնյակներ» եւ այլն), բնականաբար, չէին կարող տպագրվել այն տարիներին եւ մնացել էին անտիպ: Հետմահու լույս են տեսել «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց», «Ղարաբաղի արծիվը», «Այս Ղարաբաղն է», «Լեռների լեգենդը», «Ավելի շատ լույս», «Կապույտ տարիներ» գրքերը, որոնցում հիմնականում տեղ են գտել գրողի անտիպ ստեղծագործությունները:
Վազգեն Օվյանն Արցախի առաջին դրամատուրգն էր: Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը 1969-ին բեմադրել է նրա «Մեծ Լոռեցին» պիեսը, որը Հայաստանում Հովհ. Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի: Այդ ներկայացումն ու 1980-ին բեմադրված «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» քնարական դրաման լայն ընդունելություն են գտել հանդիսատեսների շրջանում, բեմադրվել են 100-ից ավելի անգամ՝ միշտ ուղեկցվելով լեփ-լեցուն դահլիճով:
Վ. Օվյանը վախճանվել է 1987 թ. փետրվարի 23-ին:
Հետմահու պարգեւատրվել է ՀՂՀ բարձրագույն պարգեւով՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)