فارسي

ԲԱՆԿՈԼՆԵՐ

  |  


Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ


Նոր ժանրերն ու դրանց տարատեսակները ծնվում և ստեղծվում
են տվյալ ժամանակի ինտելեկտուալ ու գաղափարական մթնոլորտի անմիջական ազդեցությամբ։ Գեղարվեստական յուրաքանչյուր կանոնիկ երևույթ դարաշրջանի հոգեմտավոր նախասիրություն լինելուց զատ՝ նրա ամբողջական դիմանկարի տիպական որևէ գծի արտահայտիչն է։ Թվում է՝ բանաստեղծությունը գեղարվեստական ձևերի մեջ շատ ավելի պահպանողական է իր տեսականիով և այդ շարքի համալրումը բացառիկ իրադարձություն է : Ազգային քիչ գրականություններ կարող են պարծենալ, որ ծնունդ են տվել գրական ինքնուրույն, մասնավորապես բանաստեղծական նոր տեսակների։ Ճշմարիտ է, որ ամեն մի թարմ ձև արդեն խորացող գեղարվեստական միտումների խտացումն ու միջանկյալ ամփոփումն է։ Բայց ինքնաբերաբար ոչինչ ի մի չի բերվում, միշտ հայտնվում են առանձին նախանձախնդիր հեղինակներ, որ հանրագումարում և որոշակիացնում են առկա մտայնությունները, հստակ ու կայուն տեսք տալով խմորացած ձևերին...
Բանաստեղծությունների աստիճանաբար հրամցվող շարքը այս կայքի «Պոեզիա»-ի բաժնում ես անվանել եմ բանկոլներ, դիտելով դրանցից յուրաքանչյուրն իբրև պոետական միևնույն կարգատիպին ենթակա առանձին ստեղծագործություն։
«Բանկոլ» (Poetry collage)՝ նշանակում է բանաստեղծական կոլլաժ, հապավում է ընդգծված բառակապակցությունից ՝ այլևս ինքնուրույն եզր լինելու հավակնությամբ։ Բանկոլը առանձին պատկերի և միավորների համակցություն է, հակված չէ ծավալման, ձգտում է ամփոփվել խոսքի սեղմ տարածքում։ Բանկոլի պատկեր-մանրանկարները, ինչպես կերպարվեստային կոլլաժի նյութեր, համատեղվում են որպես անձնական և ներկա ժամանակի առավել սուր իրադարձությունների ու տագնապների մասին մտավոր ու գեղարվեստորեն հագեցած տողեր՝ իրական փաստերի, հոգևոր-մշակութային ու քաղաքական ելևեջումների անմիջական ու խորհրդանշական անդրադարձներով։ Բանկոլը փիլիսոփայական ու արձանագրային դիպաշարի միտված «տեսարանային» բանաստեղծություն է, գեղանկարչական- կինոնկարային է իր ձևույթով։ Այն մեր ժամանակի՝ բարձր ինտելեկտի ու տեղեկատվությանը հետամուտ տիպական մարդու բանաստեղծությունն է։ Բանկոլը 21-րդ դարի անհատի բանաստեղծական նկարագիրն է։ նրա ակունքներն են՝ մեր ժամանակի ոգին, համաշխարհային արդի պոեզիայի ինտելեկտուալ ալիքը, հայկական հայրենների և ճապոնական թանկաների հեռահար հուշումները, փարաջանովյան արվեստը...
Համարձակվում եմ ասել, որ բանկոլը բանաստեղծության նոր տեսակ է՝ դրա համար անհրաժեշտ որակներով, թեպետ տեսակն այդ վերջնական կարգաբերման կարիք ունի։ Բայց այս համառոտ տեսության և մատուցվող բանաստեղծությունների ինքնօրինակության գնահատականը թողնենք իրավ գրադատներին ու ընթերցողներին:

 

Կարծիքներ

Հրանդ ջան, միշտ ալ հետաքրքրութեամբ կե կարդամ յօդուածներդ, որոնք մեր բանաստեղծութեան փշոտ հարցերը կը դնեն սեղանին:Գաղափարներդ հետաքրքրական են թէեւ, բայց այս «բանկոլ» բառը շատ խորթ կը հնչէ. աւելի լաւ չէ՞ պարզապէս «բանաստեղծական կոլաժ» ըսելը: Եւ կարծեմ, ինչպէս բարեկամ մը յիշեցուց, այս բառակապակցութիւնը նոր չէ:
Լաւագոյն մաղթանքներով
Մարուշ

Սիրելի Մարուշ,
,,բանկոլ,, հապավումը ես եմ դրել շրջանառության մեջ,2000 թվականին, երբ իմ արվեստակից ընկերոջ հետ ստեղծեցինք կերպարվեստային գործի ու բանաստեղծուրան խառնուրդ գործեր, հետո այն փոխադրեցի պոեզիայի ասպարեզ:
Այդ բառը ստեղծել եմ ,,բանաստեղծական կոլաժ,, բառակապակցության առաջին երեք տառերից, պարզ սկզբունքով:
Շատ երախտապարտ կլինեմ, եթե ավելի որոշակի ասեք, թե ով եւ ինչ իմաստով է նման բառ գործածել: Զուգադիպուրյուններ հնարավոր են, բայց այս պարագայում հավանականությունը շատ փոքր եմ համարում:
Ողջ լեր:
Հրանտ

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)