ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ
Գրիշ Դավթյան
Իսպանահունչ այն հռչակուած բանաստեղծուհին է, որ գրաւած լինելով իսպանախօս ժողովուրդների սիրտը, և արժանացած լինելով բազմաթիւ մրցանակների ու մեծարանքների, նախ թարգմանաբար, բայց արդէն հեղինակաբար հնչում է հայաղօողանջ։ Իր բանաստեղծութիւնները իսպաներէն կամ անգլերէն, նա նաև գրում է հայերէն. դա մեծ տեղաշարժ է հեղինակի ու հայ ընթերցողի փոխյարաբերութեան մէջ, ըստ որում դա տեղի է ունենում թարգմանչի չմիջնորդուած, հեղինակային հայերէնով, որպէս ստեղծագործութիւն։ Թէ տուեալ ստեղծագործութիւնը իր նախնական մտապատկերային և բառամտածողութեան վիճակում ի՞նչ լեզուով է իր սաղմնային գոյառոյթը ստացել, հետաքրքրական չէ, գուցէ հեղինակը երբեմն բացայայտի որպէս փսփսուքային մանրուք։ Բուն խնդիրը ստեղծագործութիւնն է։ Նա իր հեղինակային անհատականութեամբ պատկանում է արգենտինեան, հայկական և ամերիկեան եռամշակոյթներին։
Եօթանասունական թուականներից արդէն համաշխարհային ճանաչում նուաճած նա ներխուժեց հայոց բանաստեղծութեան գեղաշխարհը, Հայաստանից սփիւռք, հայաստանցի չլինելով հանդերձ։ Մի շարք ակնառու տուեալներով ընթացիկ հայ գրականութեան մէջ նա վաստակել է իր արժանաւոր ու անզիջելի բարձը։
Նա իր բանաստեղծական խոհաշխարհով ըմբռնում է կեանքը տիեզերական զանգուածեղութեամբ, ուր խորանում է իր մարդկային սահմանափակ փորձառութիւնների պարոյկով, հարցախուզութեամբ, բողոքներով, խոստովանութիւններով. աղօթքների ու աղերսանքների մրմունջներով, վախերի ու ցաւերի կտտանքնեով. երազների, վերլուծութիւնների ու մաղթանքների մարգարտաշարով։ Բանաստեղծական մենախօսութեան մի խոհամարտ, կեանքի ընդմիջով մինչև աստուածային ամենաբովանդակութիւնը... նուաճելու ընթերցողին որպէս հեղինակայն հուսկնպատակ։ Նա իր բանաստեղծական մտածումով աւելի արագ է սուրում քան ժամանակը, որ քարշ է գալիս, կառչած նրա ոտքերից։ Նրա բանաստեղծական մտածողութիւնը թևեր ունի, թռչում է։ Նա գերտարածական բանաստեղծութեան է հասել բազմագոյ էութիւնների ներսեփականումով։ Նախ զգում, մտապատկերում է, ապա բառապատկերում է, որպէս ստեղծագործութիւն, որպէս երկ ու բանաստեղծութիւն, որպէս կեանքի ալիսիական արտացոլում մանրահամատիեզերական երկարութեամբ, լայնութեամբ ու խորութեամբ բովանդակութեամբ... Նա բազմաէակ անհատականութիւն ունի, իր ներհայեցողութեամբ արդէն դառնում է երկու էակ. մէկը որ նայում է, զննում է իր ներաշխարհը որպէս մի գոյ էակ. միւսը, որ ներաշխարհն է, որպէս մի առանձին գոյ էակ։ Այդ երկու էակների մասին մտորելը, զգալը նա կատարում է տակաւին մի երրորդ անկախ էակի միջոցով, որի հետ հարցազրոյցի կամ քննախուզութեան է մտնում ևս մի այլ գոյ էութեան միջոցով։ Այդպիսով է նա մէկ կեանքին պարգևում բազմակի գոյութիւն։ Այդ բազմակի գոյութիւնների փոխյարաբերութիւններով նա հասնում է գերտարածականութեան։ Այդպիսով է ծնւում նրա գերտարածական բանաստեղծութիւնը, ինքնալրումի փուլեր բոլորելով։ Նրա ստեղծագործութիւնների գեղարուեստական մտապատկերային համակարգը նմանը չունի մեր ընթացիկ գրականութեան մէջ։ Գերտարածական համեմատութիւններով կարելի է նրան հոգեհարազատ համարել Նարեկացու հետ, ընթացիկ արդիականութեամբ։ Որպէս ստեղծագործող նախ ընկալում է իր տեսած աշխարհը, կուտակում իր մէջ, ապա ներհայեցողութեամբ արտացոլում է բանաստեղծութեամբ, որ նա հաւատացած է կեանքն է ինքնին... Այլև խորութեամբ ու իմաստային գերտարածութեամբ է րնկալում բառը, դրա կարևորութիւնը, հաղորդակցուելու րնդկեանքի, կեանքի ու գերկեանքի հետ։ Նրա մայրերգութիւնր պարզ ձօն չէ մայրութեան, այլ ձօներգ է մօր իսկ կողմից վասն զաւակի մայրաստեղծութեան... Երևոյթի ընկալման գիւտուած նորութեամբ։ Իւրովսանն սփիւռահայի անհատականութեամբ է վերաբերւում մեր ազգային ու հայրենական սրբութիւններին, որոնց հետ հարազատ է ու մերձաւոր դարերի վաղեմիութեամբ, և օրհներգում է արդի ու րնթացիկ վերահանդիպումր նախկին վաղնջական հարազատի ջերմութեամբ։ Իւրաքանչիւր խորագրի տակ նրա բանաստեղծութիւններր յաճախ չեն հասնում մի գերագոյն աւարտի, այլ մի տեսակ մէրւում են անվերջանալիութեան, անսահմանութեան հետ, աստղունքով րնդմիջուած մասերով, որ երգուած նիւթի գերտարածումն են բնորոշում։ Նրա բանաստեղծութիւնր յագեցուած է մի խորհրդաւոր ներշնչումով, և դիպչում է ընթերցողի այնպիսի զգացումներին, որ համարւում են սրտի գաղտնարանում պահուած ներանձնական մարզ։

