ՄԵՐ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Համադրեց՝ Հասմիկ Սարիբեկյան
Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիերն ի՞նչ պտուղ տվին,
Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,_
Դժվար է ասել:
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն,
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...
Նա հետո պիտի դառնա պատանի,
Եվ երիտասարդ, և այր իմաստուն,
Անբախտ Մարոյին լացով սպանի,
Մեր հառաչանքը հասցնի Աստծուն,
Մրմուռից դաղված նրա բերանով
Սարոյի նանը պիտի ողբ ասի,
Մսրա զորքի հետ Դավիթը խոսի,
Գիքորը կանչի, «Էստի՜ համեցեք... »:
Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել
Իր մոխրակալած-հրակեզ հոգին.
Եվ՝ որքան տրտում-նույնքան կենսագին՝
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր...
Պ.Սեվակ
«Ամենայն հայոց բանաստեղծ»՝ Հովհաննես Թադեվոսի Թումանյանը, ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեվորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեվ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով, 1887 թվին. Ստիպված է եղել թողնել դպրոցը եւ աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։ Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից՝ համագործակցելով հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ և լայն ճաանչում է ձեռք է բերում ՝ "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Նրա արվեստը աչքի պես պարզ եվ միեվնույն ժամանակ աչքի պես բարդ է. նրա յուրաքանչյուր արար նման է զուլալ ջրերում թաքնված մարգարիտների, որոնք դիտողին շատ մոտ են թվում, թեև իրականում շատ ավելի խորը և անհասանելի են:Ամեն մի տաղում ժողովրդի խոսքն է, ժողովրդի շշուկն ու հառաչը, աղոթքը և կանչը առ աստված: Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը - XX դարի սկիզբը: Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892 թ.), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890 թ.), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905 թ.) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:
1912-1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն էր։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։
ՄԵՐ ՈՒԽՏԸ
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
1903
ԻՄ ՍԵՐԸ
Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։
Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։
Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։
1892
ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ
Սիրում էի երբեմըն քեզ...
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին։
Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ և հուր՝
Տաք արյունս բորբոքում։
Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ...
Քո անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,
Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում։
Բայց զարմանքով երբեմնապես,
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա...
1892
ԳԱՐՆԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին,
Երբ գնացինք դիմավորել
Նոր գարունքին ու նոր կյանքին։
Այն լավ օրից տարիք անցած,
Ես այն ճամփով անցնում էի,
Եվ ականջիս դիպավ հանկարծ
Մեր աղմուկը ուրախալի...
Պարզ ու որոշ ես լըսեցի
Այն կենդանի ձայներն, ընկեր.
Շըրըխկոցը բաժակների,
Աշխույժ ծիծաղ, ճառ ու երգեր...
Ու սրտաթունդ վեր նայեցի.
Բայց կարոտած աչքիս առաջ
Դաշտում դալար ու ամայի
Մեր հին ծանոթ ծառն էր կանաչ։
Լուռ ու դատարկ մարգի վրա
Մենակ կանգնած մընում էր նա,
Նա էլ, կարծես, բան էր հիշում
Եվ տխրալի ձայնով շըրշում...
Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին...
Բայց, ո՞վ գիտի, ո՞ւր ես ընկել,
Եվ կըտեսնե՞նք միմյանց կըրկին։
1898
* * *
Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր. այդ ի՞նչ ես երգում.
Ինչո՞ւ ես խաղաղ հոգիս փոթորկում
Ուրախ օրերի սիրելի երգով
Եվ սիրտս վառում անցյալի կրակով...
Քո ձայների հետ վաղուց հեռացած
Մի ուրիշ պատկեր մտքումս երևաց.
Ահա, կենդանի կանգնեց առաջիս,
Եվ, ահա, դարձյալ կարոտ ականջիս
Հնչում է նորա ձայնը սրտալի,
Որպես երբեմն, երբ սիրված էի։
Եվ մտքումս ահա լուսավորվեցան
Հին ցնորքներս, անցքեր զանազան,
Գծերը հոգուս ծանոթ դեմքերի,
Տեսարանները հայրենի երկրի,
Այն օրհնյալ երկրի, ուր մի ժամանակ
Վայելում էի լիուլի հրճվանք...
Բայց զրկված եմ ես այժմ բոլորից.
Դու հիշեցնում ես կորուստս նորից՝
Երջանկությունս մռայլ վիճակում
Եվ այդպես անգութ սիրտս կտրատում...
Ո՛հ, ներում եմ քեզ, չեմ հանդիմանում.
Չըգիտես, հոգիս, թե ի՛նչ ես անում.
Սակայն մի՛ երգիր այդ երգը ինձ մոտ,
Թո՛ղ, երգիր ուրիշ մի երգ անծանոթ։
1892
ՏՐՏՈՒՆՋ
Օրերս անպըտուղ, տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեզմանների շարքերի միջով։
Թաղել եմ նըրանց։ Տխուր է ճամփան։
Եվ իմ հայրենի աշխարհում օտար,
Օտար ու մենակ անցվորի նըման,
Որ չունի ընկեր, ոչ տեղ ու դադար։
Օտար են շուրջըդ ու չեն հասկանում
Ոմանք քո վիշտը, ոմանք քո լեզուն,
Անտարբեր գալիք երջանիկ օրին,
Չըգիտեն նըրա կարոտը անքուն...
Չընչի՜ն մարդուկներ, լըրբորեն հանգիստ
Անսիրտ, փոքրոգի, գըծուծ ու կոպիտ.
Մեռնում են, մարում նըրանց հայացքից
Ե՛վ հոգու ձըգտում, և՛ սըրտի ժըպիտ։
Էլ ո՞ւմ առաջին սիրտըդ բաց անես,
Ո՞ւմ համար երգես սըրտալի երգեր,
Ո՞ր չըքին սիրես, կյանքըդ նվիրես,
էլ ի՞նչպես ապրես անսեր, անընկեր...
Եվ օրերս այսպես տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեգմանների շարքերի միջով։
1902
ԱԽԹԱՄԱՐ
Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա:
Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի:
Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան:
Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ` մոտիկ դարանում:
Ծըփում է ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռվում է կատաղի:
Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լըսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ:
Լըռեց: Ծովի խավար ափին
Կանգնեց սեւ-սեւ մի ըստվեր...
Ահա եւ նա... իրար գըտան...
Կասկածավո՜ր լուռ գիշեր...
Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են ափերին,
Հըրհըրելով հեռանում են
Շըշունջներով անմեկին:
Նըրանք ասես փըսփըսում են...
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից...
Բամբասում են կուսի սըրտում...
Ժամ է արդեն... ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին...
«Ո՞վ է ջահել էն խիզախը,
Որ հենց հարբած իր սիրով,
Սըրտից հանած ահն ու վախը
Ծովն անցնում է գիշերով։
Ծովն անցնում է մյուս ափերից
Մեր Թամարին համբուրում...
Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց...
Ի՞նչի տեղ է մեզ դընում...»։
Էսպես ասին վիրավորված
Կըղզու միջի ջահելներ
Ու Թամարի ձեռքով վառած
Լույսը հանգցրին մի գիշեր:
Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...»։
Մոտ է ձայնը. խոլ խավարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած,
Ու մերթ լըսվում ուժասպառ.
«Ա՜խ, Թամա՜ր...»։
Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր...»։
Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար։
1891
ՀՐԱԺԵՇՏ
Այստեղ ահա կըբաժանվենք.
Մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ...
Թող պահպանե քեզ աստված։
Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա։
Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել.
Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել։
1891