ՄԵՐ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ

Դանիել Վարուժան

Համադրեց՝ Հասմիկ Սաիբեկյան


ՀԱՅՐ, ՕՐՀՆԵ՛


Հայր իմ., օրհնե՛. ժամը հասավ, պիտ՚ երթամ.
Նոր կյա՛նք մ՚ ինծի կը սպասե։
Պատանությունն ես թողուցի, նոր արյուն
Երակիս մեջ կը վազե։

Հառա՜ջ, հառա՜ջ, գըլուխս ետ չե՛մ դարձըներ.
Երկընքես վա՛ր թող իյնան
Անվիշտ կյանքիս ամեն աստղեր, հոգըս չէ'.
Անցյալս իջնա թող դամբան։

Օհ, ինծի՛ ի՞նչ թե կը փետեմ վարդին թերթ,
Եվ փուշին կյանք կու տամ միշտ,
Թե գըրկաբաց հորձանքին մե՛ջ կը նետվեմ.
Խինդս է՝ ձանձրույթ, սերս է՝ վիշտ։

Ամեն խայտանք ջախջախեցի սըրտիս մեջ.
Չեմ վախնար սև ծըծելե.
Վանք մըտնող կույս մ՚եմ՝ որ խըզված իր վարսեր
Անխիղճ, անհոգ, կը դիտե՜...

Հա՛յր, ես կ՚էրթամ այն ճամբայեն՝ որ ճերմակ
Մազերուդ զիս կը տանի,
Վաստակաբեկ ոսկըրներուդ, ծեր սըրտիդ
Եվ սերերուդ կենդանի...

Բավական է. - աշխատեցար, կըրեցիր,
Ամեն նետի, հարվածի
Վահան եղար ինծի համար. հոգիդ է՝
Որ հոգվույս մեջ կը հածի։

Իմ արյունս է գոյացած քու քըրտինքեդ.
Հոգնությանդ ծիլն եմ տըխուր։
Հոգիդ, կաղնի՜, երբ կուրծք կու տար մըրըրկին՝
Ես շուքին տակ, հանգիստ, լուռ...

Կը մեծնայի։ -- Հարկ է հիմա ա՛լ հանգչես
Եվ ես քեզի հաջորդեմ...
Խոնջե՜նք, խոնջե՜նք, կ՚ուզեմ կըռվիլ, աշխատիլ,
Ելլել կյանքին, կյանքին դեմ...

Հայր իմ, օրհնե'. դողդոջ ձեռքերդ գըլխուս դիր.
Թող մատերեդ կաթի վար
Աղոթքդ՝ եկած հոգվույդ պայծառ խորանեն։
Վերջին ժամն է. օրհնե՛, հայր։

Արվեմտահայ պոեզիան 20-րդ դարում ոսկե բարր տվեց՝ ի դեմս բանաստեղծներ Մեծարենցի, Սիամանթոյի եվ Դանիել Վարուժանի: Մեծարենցը սիրո եվ գեղեցիկի քնարերգուն էր, Սիամանթոն` հայոց ցավի բարձրախոսը ,իսկ Դանիել Վարուժանը` ուժը, աշխատանքը եվ գեղեցկությունը մեծարողը: Նրանց երեքի կյանքերն էլ ընդհատվեցին հանկարծահաս, սակայն նրանք իրենց անունները ոսկե տառերեվ գրեցին hայկական մշակութի մագաղաթներում:
«Ես իմ վրձինը թաթախել եմ հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ...»: Ու հենց դրա համար էլ Վարուժանի բանաստեղծությունները այսչափ ազդեցիկ են, հուզիչ եվ անզուգական:

ՁՈՆ

Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.
-- Քեզի ընծա՜, իմ հայրենիք --
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր,
-- Քեզի ընծա՜, հին հայրենիք --
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր,
Ընդ եղեգան փող լո'ւյս ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
-- Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ --
Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ...
-- Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ --
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո'ղբ ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն,
-- Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր --
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն...
-- Ձեզի ընծա՜, կրակի զոհեր --
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
-- Քեզի ընծա՜ , հայր ալեհեր --
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի...
-- Քեզի ընծա՜, մայր կարևեր --
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի,
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
-- Ձեզի ընծա~, հայ մարտիկներ --
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
-- Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ --
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։



Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա, որը բխում էր նրա՝մանկության հրաշալի բնապատկերներով ու զգացողություններով, կարոտի եվ պանդխտության կանչերով լի երեվակայությունից: Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Գրաճանաչ է դարձել գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակել է Պոլսում՝ սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։1902 թվականին Վարուժանը տեղափոխվել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը, որտեղ նրան գերել են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները՝ իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցել է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվել է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրել է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրել է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։1905 թվականին բանաստեղծը մեկնել է Բելգիա և ընդունվել Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղացել. նա սովորել է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրել գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Վարուժանի գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստել է նաև ֆլամանդացիների (բելգիացիների) բարձր կուլտուրան. նա խորազնին ուսումնասիրել է 17--18-րդ դարերի ռեալիստական նկարչությունը և տարվել 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։ Ստանալով բարձրագույն կրթություն, բանաստեղծը 1909-ին վերադառձել է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է արել Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911-ին տեղափոխվել է Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912-ին Վարուժանը հրավիրվել է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։Այդ տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրել է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրել է նաև նոթեր, հոդվածներ, կատարել է թարգմանություններ։1915 թվականն էր։ Վարուժանը լրացնում էր գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը,սակայն...
«Արտերը ներկվեցին արյունով, կյանքը մորթվեց արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ»
1915 թվականի ջարդերի զոհերից մեկը եղավ նաև Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին:


ՄՈԽԻՐՆԵՐՈԻՆ ԱՌԶԵՎ

Հյուղն այրեցավ։ Թըխաթույր ծո՛ւխը նյութին
Կապույտ զենիթը սևցուց.
Ան, դեպ երկինք, խեղճ մարդերու հույսերուն
Ոչընչացումն էր գըծուծ։

Հովն՝ որ առաջ կը հեծկըլտար ցըրտագին
Գույքերուն մեջ դիմակաց,
Հիմակ անոնց թույլ մոխրին հետ կը խաղա՝
Հեգնող շըշուկ մը ձըգած...

Կը մորմոքի ընտանիքն իր ջանքերուն
Սին փոշիին հանդիման.
Կու լա՜. անգո՛ւթ այդ հըրդեհումն արցունքո՛վ
Պիտ ջանար մարել ան...

Մայրն ըստինքին վըրա սեղմած մերկ որդին՝
Ավերին մեջ կը շըրջի.
Մանկան համար ողջ շապիկ մ՚ան կ՚որոնե՝
Եվ կամ կըտոր մը քուրջի։

Տարաբա՜խտ մայր, կաթին գունատ փըթթումին
Պատըսպարան չը մընաց.
Հանկարծ ոտքին կը զարնըվի սարսուռով՝
Օրոցքեն փայտ մը, խանձա՜ծ։

Ո'հ, դաժա՜ն բոց, ատիկա բույն մ՚էր սիրո՝
Որ քանդեցիր ղայրույթով.
Հոն, տըժգունած զույգ մը շըրթունք վրայե վրա
Կը ծըծեին սեր, գորով։

Արդ, մոխրին տակ խեղճերուն կյա՛նքն է թաղված
Ա'լ դամբան մ՚է հյուղն իրենց.
Բախտն, որուն աչքն արդեն կապած է Աստված.
Փոշի, կըմախք հոն ձըգեց։

Ըսե, ո'վ Տեր, հիմա դեպ ո՞ւր պիտ՚ երթան
Այդ թըշվառնե'րը լալկան.
Դու որ անոնց տընակն առիր, հույսն առիր,
Օ~ն, ըսե, ո՛ւր պիտ՚ երթան...

Գեթ անձնըվեր գութ չը տրվիր մարդերուն՝
Որ անոնք հոն կըծկըվին,
Որ մարդկային սըրտերու մեջ՝ գեթ անոնք
Խորշ մը գըտնան ջերմագին։

Ո՞ւր պիտ՚ երթան։ էրիկն արդեն հիվանդոտ,
Սիրտ մ՚ուրկե ողբ լոկ կ՚ելլե.
Կինը, վատուժ, պինդ շըղթայված իր վըզեն
Նիհար, փոքրիկ թևերե։

Ո՞ւր պիտ՚ երթան. Գահավեժի մը վերև
Իր կյա՞նքը մին կախելու,
Թե, հուսահատ, մյուսն անպատիվ տան մը մեջ
Մաքուր սերն իր ծախելու։

Ո՞ւր պիտ՝ երթան սև նոճի այդ ծաղիկներ
Ճակատագրեն հողմավար,
Ծուխեն, բոցեն այդ քըշվածները շըլմոր,
Վերքի շիթերն այղ թըշվառ։

...Ե՞րբ, պիտի գա, ո՛վ Տեր, այն օրը վըսեմ.
Եղբայրությունն Մարդկության
Ե՞րբ իր շըղթան պիտի ձըգե, սըրտե սիրտ՝
Մեծ համբույրովն՝ հաղթակա՜ն։

Ե՞րբ հըրկիզյա'լը չըքավոր, հուսաթափ,
Մոխրին վըրա ինչքերուն,
Ցուրտ, վիթխարի Լըքումին տեղ պիտ՚ գըտնա
Տիեզերական Օգնությո՜ւն։


 

Կարծիքներ

Հայերը միշտ եղել են կան և կլինեն...

chat lav banastexcuteunner kan uxaki hianali

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)