ՀՌՉԱԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ ...
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Պոեզիայի ներկան եւ վաղը
Մառախլապատ ժամանակներ են պոեզիայի համար. մոտ անցյալի նրա փառքից
եթե անգամ նշույլներ իսկ մնացել են, ապա, ցավոք, որեւէ իրական-շոշափելի ներգործությունից՝ զուրկ եւ անուժ՝ մարդկային-հասարակական խոր ու հրաշալիտրամադրություններ հարուցելու։ Պոեզիան հոգեւոր-մշակութային առաջամարտիկից վերածվել է «նեղ համքարային» հետաքրքրության օբյեկտի, որի վրա այլոց աչքը սակավադեպ է հառվում, գերազանցապես՝ առիթային ազդակներով՝ հոբելյան, շնորհանդես, տարելից եւ նման կարգի այլ խմորումներ։ Ուժեղ, նորադեմ, խորզգա, մկանուտ ու ընտիր պոեզիայի համար կարծես թե ավելորդ են դարձել բնական ու օրինաչափ դրսեւորման պահանջն ու հրավերները, նրա առջեւ մշտապես բաց չեն հանրային գիտակցությունն ու հրապարակները՝ մամուլը, ակումբ-դահլիճները, ձայնա-տեսագրման տաղավարները, գրադարանները, տարասեռ հավաքները։ Իսկ դեռ երեկ որեւէ հանդիսություն չէր անցկացվում առանց պոետի ու բանաստեղծական ասմունքի։
Բացառություններ, անշուշտ, կան, երբ նույնիսկ ոչ պոետական թվացող միջավայրում ու սրահում հանկարծ հնչում են հուզիչ ու գեղեցիկ բանատողեր՝ հոգեւոր նոր իմաստ հաղորդելով կատարվող իրադարձությանը։ Իսկ առավել հաճախ հիասթափությունն ու հուսախաբությունն են հետեւում չափածո ելույթներին, երբ առաքինի-արվեստալից պոեզիայի փոխարեն մատուցվում են ոտանավոր-խրտվիլակներ՝ բառային մի այնպիսի
անճաշակ-անճարակ ճամարտակություն, որի դեմ կիրթ ականջը ծակող ցավ է զգում։
Այդ որակի բանաստեղծական «ներկայացումները» լրջորեն վնասում են իրավ պոեզիայի վարկը, նրա դեմ առաջ բերում նոր խոչընդոտներ։ Ինչպես ստեղծագործական մյուս մարզերում, պոեզիայում եւս սկսել են տոն տալ ռաբիս՝ ցածրակարգ գործերը, որոնք ունկնդիր-ընթերցող զանգվածի համար ավելի դյուրամարս ու նախընտրելի են, հետեւաբար եւ՝ վերաբերմունքի ու սպառման լայն ծավալի են արժանանում՝ ի հաշիվ Պոեզիայի։ Այս ընթացքը ճշմարիտ բանաստեղծությանը սպառնում է խաղից դուրս վիճակում հայտնվելու ճակատագրով, ինչն ինքնին կնշանակի հոգեւոր մեծ ճգնաժամի սկիզբ։ Իսկ թե այն երբ կավարտվի՝
բնավ կանխատեսելի չէ. Կան հոգեւոր-մշակութային անկումային ժամանակաշրջաններ, որ տեւում են ոչ թե տասնամյակներ, այլ հարյուրամյակներ, անգամ՝ հազարամյակներ։
Բանիմաց, գործուն ու անսեթեւեթ գրաքննադատության առկայության դեպքում, իհարկե, հայ ժամանակակից պոեզիայի անդաստանը այսքան ախտով ու աղբով չէր պատվի։ Բայց, դժբախտաբար, ներկայիս հրամայական խնդիրը ոչ այնքան բանաստեղծության քանակական ու որակական ոչ մխիթարական ցուցիչներն են, որքան պոեզիայի հանդեպ ընդհանրական վերաբերմունքի խորը նահանջը, վերապահական ու արհամարհական հայացքը, բանաստեղծության՝ հասարակական պահանջի խիստ նվազումը։ Գրապատմական տվյալները հուշում են, որ վերջին 100-150 տարվա ընթացքում հայոց համար այսքան անբանաստեղծական ժամանակներ չեն եղել՝ ընթերցողական պահանջարկի ու իրացման առումով։ Առիթ ունեցել եմ այդ երեւույթի իրական պատճառների մասին խոսելու, թռուցիկ անդրադառնամ միայն, որ ներկա ժամանակաշրջանը առաջարկում եւ մատուցում է չափազանց շատ ու բազմատեսակ տեղեկատվական-հանդիսանքային նյութեր, եւ դասական, հոգեւոր- ստեղծագործական երեւույթների՝ այդ թվում պոեզիայի համար անհամեմատ դժվարացել է դրանց հետ մրցակցելն ու առաջնային տեղ զբաղեցնելը։ Մշակութային նոր դարաշրջան է սկսվել եւ ստեղծվող ու սպառվող արժեքները տեսք ու իմաստ են ստանում ժամանակակից մարդու հոգեբանության ու հետաքրքրությունների հանգույն։ Պոեզիան ընթերցողի հետ նորովի ու մասշտաբայնորեն հարաբերվելու կարիքի առջեւ է հայտնվել, եւ այդ հիմնահարցը լուծել կարող են հենց իրենք՝ պոեզիա արարողները եւ իրացնողները՝ մեկտեղ, բանիմաց միջնորդ-կազմակերպիչների հետ։
Բանաստեղծության վերստին մասայականացումը հարկ է կատարել բացառապես որակյալ ստեղծագործությունների միջոցով, թե չէ կառաջանա շատ ավելի վատթար կացություն։ Հոգեւոր-մշակութային շահի տեսանկյունից անթույլատրելի է, որ պոեզիայի անունով հրապարակվեն, սփռվեն ու քարոզվեն նյութեր, որոնք անբանաստեղծական են ու ոչ գեղագիտական, մի խոսքով՝ անարժեք են ու մասայականացման համար անարժան։ Մենք այսօր ունենք բավականաչափ պոետական նյութ՝ լայն հանրությանը ճշմարիտ բանաստեղծությամբ խորը լիցքավորելու համար։ Բնավ էլ այն իրավիճակը չէ, թե արժեքավորը սակավ է, ուստի նրա տեղը գրավում են անպիտան գործերը։ Արդի հայ պոեզիան իր հիմնական դրսեւորումներում նորահունչ ու կենսաշերտ է, առավել պոլիֆոնիկ է, տարաոճ ու բազմանուն, եւ կարող է առաջնակարգ-ցանկալի դերակատարություն ունենալ հոգեւոր-մշակութային ասպարեզում։ Բանաստեղծականորեն հարուստ գրվածքներ շատ կան, գրանցվող ստեղծագործական միտումները լավագույն սպասումների տեղիք են տալիս, եւ այդ ամենը կարող է ու պետք է գերիշխող դիրք գրավի ոչ միայն մանվածապատ ու դժգունացած ընդհանուր պոետական մարզում, այլեւ ծնունդ տա գեղարվեստական նոր շարժման։ Բանաստեղծական լավ նյութը համարժեք մատուցելու դեպքում ինքնաբերաբար հետին պլան կմղվի էժանագին, անճաշակ ու հակագեղագիտական չափածո հեղեղը, որ կա այսօր եւ բանաստեղծական հարուստ մթնոլորտի պատրանք է ստեղծում։ Քանի դեռ չեն կիրառվում լավն ու արժեքավորը գնահատելու, մեծարելու եւ քարոզելու տրամաբանական, ժամանակակից ու առողջ եղանակներ, երկրորդական նշանակության ու ակնհայտ թափոն-հորինվածքներն են տնօրինող ու քարոզվող դառնում, կամ առաջանում է ստեղծագործական դաշտի մի այնպիսի պարապ, որը հիշատակված վարակ-հեղեղից պակաս վտանգավոր ու սպառնալից չէ։
Կանխելով իմ հավանական ընդդիմախոսին՝ նշեմ, որ պոեզիայի մասայականացում գաղափարի տակ բնավ նկատի չունեմ նաեւ մասայական պոեզիայի արժեւորում եւ նրա ծավալման պաշտպանություն։ Միաժամանակ հատուկ մերժողական կեցվածք չունեմ մասայական համարվող բանաստեղծության հանդեպ. այն գեղարվեստական մյուս դրսեւորույթների նմանօրինակ ճյուղավորումների պես ներկա ժամանակի ծնունդ է՝ իր օրինաչափություններով ու գեղագիտական սկզբունքներով։ Գեղարվեստական ընթացիկ զարգացումներին բնորոշ երեւույթներից մեկն այն է, որ, այո, տեղի է ունենում բարձրակարգ-էլիտար եւ մասայական արվեստների մերձեցում եւ առավել է դժվարանում նրանց միջեւ սահմաններ գծելը։ Չխորանալով տվյալ խնդրի մեջ (այլ ուսումնասիրության նյութ է), նկատեմ միայն, որ վերոնշյալ երեւույթը ժամանակակից մարդու տիպական հետաքրքրություններին հագուրդ տալու հանգամանքի արգասիք չէ լոկ, այլեւ հետեւանք է գեղարվեստական չափանիշների որոշակի անկման եւ բարձրակարգ-էլիտար (գրեթե համազոր նոր դասականություն եզրին) ստեղծագործությունը թեկուզեւ մասամբ պաշտպանել- փրկելու փորձերի։ Եթե ռուսական, եվրոպա-ամերիկյան եւ չին-ճապոնական արվեստային դաշտերում հիշատակված զարգացումներն այլեւս սովորական վավերություններ են, ապա հայ իրականության ծիրում նման խմորումները, կարելի է ասել, սաղմնային փուլում են, եւ անկասկած է, որ սպասվում են նույնօրինակ զարգացումներ։ Մասնավորապես հայ արդի պոեզիայում դեռ շեշտված չի առանձնանում մասայական բանաստեղծությունը։ Դրան, որոշ վերապահումներով, կարող է հավակնել հազիվ մեկ-երկու հեղինակի (Ա. Սահակյան...) չափածո ստեղծագործությունը։
Հայ մերօրյա պոեզիայում ընդգծվում եւ տրոփուն է երկու բեւեռ՝ նորաշունչ-լավ բանաստեղծությունը եւ միջակ-գորշ-ստորագիր չափածոն։ Երկու բեւեռներից եւ ոչ մեկը ժողովրդականություն չի վայելում, զերծ են մասայական կոչվելու հատկանիշներից։ Իրավ պոեզիայի հանդեպ համարժեք վերաբերմունք չդրսեւորելու ժամանակ շոշափելի վտանգ կա, որ, նախ, գորշությունը տիրապետի, ապա եւ՝ խորապես ընկնի բնեղ պոեզիայի վարկը եւ մարդու կողմից արարված գեղարվեստական այդ հրաշքը վերջնականորեն դուրս մղվի նոր սերունդների հոգեւոր- մշակութային կարիքների ու հետաքրքրությունների շրջանակից։ Ուստի եւ դառնանք սույն վերլուծության կենտրոնական հարցադրմանը՝ ի՞նչ պետք է ձեռնարկել ներկայիս ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար՝ ի փառս շնորհափայլ բանաստեղծության...
Ես մտադիր չեմ պոեզիայի վերածնության կամ փրկության ծրագիր ներկայացնել, սակայն կառաջարկեմ միջոցառումների մի շարք, որոնց իրականացմամբ, կարծում եմ՝ մեծապես կընդլայնվեն բանաստեղծական խոսքի իրացման սահմանները եւ առավել մշակութային կդառնա մեր հասարակական մթնոլորտը։
Ընդհանրական ձեւակերպմամբ՝ հաճախակի կազմակերպել պոեզիայի տարակերպ հանդեսներ՝ բանավոր-ասմունքային, տպագիր, թե ձայնա-տեսագրական եղանակներով։ Իսկ ավելի որոշակի նկատի ունեմ հետեւյալ ձեռնարկումները.
- հիմնել «Պոեզիա» հանդես իր տպագիր եւ համացանցային տարբերակներով,
- ունենալ համացանցային հատուկ կայքէջ, ուր անընդմեջ թարմացվող ռեժիմով
կհրապարակվեն նորագույն պոեզիայի լավագույն նմուշները՝ ինտերնետ- ֆորումներով, գնահատականներով ու վարկանիշերով,
- կազմակերպել հայ պոեզիայի ամենամյա փառատոն,
- պարբերաբար կազմակերպել պոեզիայի միջազգային փառատոներ,
- հիմնել հայ բանաստեղծների միջազգային ընկերակցություն,
- ստեղծել «Հայ պոեզիա» հիմնադրամ,
- մեծացնել աջակցությունը դասական ու տաղանդավոր ստեղծագործությունների
հրատարակմանը, քարոզմանն ու սփռմանը,
- նվազեցնել պետական միջոցներով բանաստեղծական միջակ գրքերի եւ
բացառել թույլերի հրատարակումը,
- մշակել ու կիրառել պետական-հասարակական խրախուսանքի նոր ձեւեր՝ ուղղված լավագույն հեղինակներին,
- ՁԼՄ-ներումնվաճել պոեզիայի հրապարակման կայուն տարածքներ,
- ձեւավորել պոեզիայի տեսությամբ ու քննադատությամբ զբաղվող գրադատների դպրոց,
- հիմնել պոեզիայի տուն, թանգարան, թատրոն եւ այլն։
Նշված ու կանխանշելի միջոցառումները մի դարձվածքով կարելի է կոչել բանաստեղծական արշավ, որը չպետք է անհարկի կանգառներ ունենա։ Սակայն չարժե միամտություն տածել, թե գոնե ներկա պահին այդօրինակ մասշտաբային ձեռնարկումներ հնարավոր են, բայց որ դրանց մի մասը շուտափույթ ու պատշաճորեն իրագործելի է՝ չեմ կասկածում։
...Կան երկրներ, որտեղ այս կամ այն թռչունը կամ կենդանին ազգային արժեք է հայտարարված, ինչպես ճապոնիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ավստրալիայում եւ այլուր։ Հայոց պարագայում ուրիշ մոտեցման անհրաժեշտությունը կա՝ հարիր մեր յուրատիպությանը եւ ներքին կողմնորոշումներին։ Կարծում եմ՝ տեղին ու շատ գրավիչ կլիներ, եթե Հայաստանում պոեզիան հռչակվեր ազգային արժեք՝ նրա պաշտպանության իրատեսական համալիր ծրագրով։ Հայերիս ինքնատեսակին պոեզիան, իրոք, շատ ավելի է բնորոշ, քան նյութական եւ հոգեւոր-մշակութային որեւէ այլ արժեք։ Սակայն նրա գերակայությունը չպետք է ընդունվի ու իրագործվի ի հաշիվ գեղարվեստի մյուս տեսակների, հակառակը, որ այն լինի լավագույն օրինակ գրական մյուս սեռերի ու արվեստի ճյուղերի զարգացման ու մասայականացման համար։ Թող նա առաջնորդի հավասարների մեջ։
Անձամբ ինձ համար պոեզիայի, հետեւապես եւ՝ գեղարվեստի ներկա կացությունն ու վաղվա ճակատագիրը առավել մտահոգիչ ու կարեւոր է, քան քաղաքականությունն ու տնտեսությունը եւ հասարակական գործունեության մյուս ասպարեզները։ Դրանցով զբաղվողներ այնքա՜ն շատ կան։ Ազգային, պետական-քաղաքական, ընկերային- տնտեսական եւ այլ կարգի ճգնաժամերն ու աղետները սկսվում են հոգեւոր, նախեւառաջ՝ պոեզիայի անկումային իրավիճակներից։ Գուցե ոմանց չափազանցություն է թվում դա, կասեմ, որ այլ բնույթի պատճառական բացատրություններն ու պարզաբանումներն առավել անհամոզիչ են երեւում։
Մեր ազգային առաջադիմությունը խորապես պայմանավորված է նաեւ պոեզիայով: Նա հղկում է ժամանակի լեզուն, ազնվացնում մարդու հոգին, կանխում նրա աղետաբեր վարքը: Պոեզիայի թեւերի տակ ապրող երկրռւմ ծաղկունքն ավելի բուրյան է, համերաշխությունը՝ անսակարկելի, քաղաքակրթական առաջադիմությունը՝ հաստատուն ու գոտեպնդող։
Հայերիս համար պոեզիան ազգային արժեք է։
հոկտեմբեր, 2008թ.

