ՄԵՐ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ
Վահան Տերյան
Համադրեց՝ Հասմիկ Սարիբեկյան
Աշնան մեղեդի
Աշուն է, անձրև...
Ստվերներն անձև
Դողում են դանդաղ...
Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...
Անձրև է, աշուն...
Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում --
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս --
Անձրև՜ է, աշո՜ւն...
1906
Աշունանում է տարին ...Ձեռքդ առ Տերյանի երկերի ժողովածուն ,որ կարենաս բացահայտել սրտումդ ծվարած կապույտ թախծության անթարգման գաղտնիքը: Որ լսես աշնան շշուկն ու շրշյունը, որ քո էության ամեն մի հյուլեով ձուլվես ու տարրալուծվես նրա մոգական բույրում: Տերյանը ՝իր ամեն մի երկով քեզ նոր երկինք կբացի, ամեն տաղի հետ կխտացնի հույզերդ, քեզ համար կբացի աշնան գաղտնագիրը ու թույլ կտա հավատալ, որ թախիծը լինում է նաեվ լուսավոր...
Բնության եվ սիրո մեծագույն քնարերգուն՝ Վահան Տերյանը, /1885-1920/ (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ Դեռ վաղ հասակից նրան լսելի էին բնության աներեվույթ կանչերը.նա այլ կերպ էր ընկալում կյանքը. Թվում է ,թե նրա կրծքի տակ թրթռում էր ոչ թե սիրտ՝ այլ հնչում էր մի ներդաշնակ սիմֆոնիա:Նրա երակներում եռում էին հույզի գետերը , նրա սրտում ծփում էր սիրո եվ գեղեցիկի անեզր մի օվկիան եվ ահա թե ինչու է, որ նրա ամեն մի երկը պարզ ու զուլալ ջրի պես զովացնում է մարդու միտքը:Նա իր կյանքի սակավ տարիները անցավ սիրելով եվ մինչ օրս նա սովորեցնում է մեզ իրական սիրո մեծագույն արվեստը
Տերյանը ուսանել է Լազարյան ճեմարանում, շփվել է այնպիսի մարդկանց հետ ինչպիսիք էին՝ Ալեքսանդր Մյասնիկյանը, Պողոս Մակինցյանը, Ցոլակ Խանզադյանը ,որոնք հետագայում մեծ ազդեցություն են ունեցել նրա անհատական որակների, ճաշակի արարման գործում: Ավարտելով Լազարյան ճեմարանը 1906 թ, Տերյանը ընդունվում է Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։
Սեր երգելիս՝մեզանից յուրաքանչյուրի մեջ նա վերածնվում է ,նա վերամարմնավորվում է քո կարդացած ամեն մի երկի հետ, այնպես , որ թոթափիր փոշուց գրապահարանիդ խորքերում թաքնված Տերյանի հատընտիր երկերի փոքրիկ գանձատուփը ու աշունացիր...
Հնչում է անվերջ աշնան թախիծով
Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում.
Հարազատ է ինձ այդ երգը հեծող --
Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։
Աշնան տխրահեծ անձրևի նըման,
Անձրևի նըման լալիս են անվերջ
Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝
Պատի հետևում և իմ հոգու մեջ...
Աշնան գիշեր
Չըգիտեմ՝ որտեղի՛ց է գալիս
Ջութակի հեկեկանքը տրտում
Եվ լալիս է անվերջ ու լալիս
Եվ անվերջ ծավալվում իմ սրտում։
Անհույս է այդ երգը, որպես մութ
Գիշերըս, գիշերըս աշունքվա. --
Կարծես՝ սուգ են անում և անգութ
Եվ դառը լալիս են իմ վրա...
Այնքան վիշտ կա անհույս այդ երգում,
Այնքան դառը տանջանք ու թախիծ,
Եվ անվերջ, հավիտյան է երգում,
Հեկեկում այդ երգը այնտեղից.,.
Եվ ձուլված է արդեն իմ հոգուն,
Իմ բոլոր օրերին է ձուլված.
Տրտմություն է իմ շուրջն ու բեկում,
Իմ հոգում է անվերջ սուգ ու լաց...
Ա՜խ, բոլոր կողմերում է թախիծ,
Ամե՜ն տեղ է փռված տրտմություն.
Եվ արդյոք՝ որտեղի՞ց, որտեղի՞ց
Սպասեմ ավետիք ու խնդում...
Աշնան տրտմություն
II pleure dans mon cœur
Comme il pleut sur la vil e...
Paul Verlaine
Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ...
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,--
Տխուր, հուսահատ...
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Ւմ հոգու մեջ է՛լ...
1907
Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...
Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար...
Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար...
Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...
Անդարձություն
Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին
Աշնան թախծալի երգով օրորված,
Հողմը փռում է տերևներ դեղին,
Որպես հուշերըս -- երա՜զ ու մեռա՜ծ։
Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե,
Ո՞ր կողմերում ես -- ժպիտով անուշ --
Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,
Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ...
Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,
Հիշես խոսքերը վաղուց մոռացված,--
Հըրաշքին պիտի հավատամ և ես
Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած...
Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու
Ցնորքըս մեռած,-- պատկերըդ հեռու
Կարծիքներ
Shnorhakalootioon verstin veraproomi yev ver@btecman ariti hamar
Posted by: Anonymous | November 9, 2008 5:57 PM