ՊՈԵԶԻԱՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

1. ԲԱՌԻ ԵՒ ՈԳՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

«Ոչ միայն միտքը - բառն է տրոհվում, շունչը անորսալի, հորմոնը փակ»


Գիտակցության (մտածողության) վրա կեցության որոշիչ ազդեցության մասին մարքսյան աքսիոմատիկ սահմանումը շարունակում է կարեւոր տեղ զբաղեցնել փիլիսոփայական մտքի անդաստանում։ Հակառակ ազդեցության մասին վերլուծական միտքը նույն հանրահայտությամբ աչքի չի զարնում։ Մինչդեռ չափազանց դժվարին կլիներ հերքել, որ մարդկային կեցության բազում բաղադրիչներ նրա գիտակցության արգասիք են։ ՈՒսւոի ճշմարտությունից հեռու չէ այն պնդումը, որ գիտակցությունն իր հերթին որոշում է կեցությունը։ Այդ երկու սուբստանցները իրար հետ փոխկապակցված են անխզելիորեն։ Դրանք այնքան հուժկու իրողություններ են, որ մշտական փոխազդեցությամբ վճռում են մարդկային կյանքի բնույթը՝ համարժեք պայմաններով ու հեռանկարով։ Մարդու միտքն ու կենսամիջավայրը միմյանց սնում եւ ձեւակերտում են։
Բայց փիլիսոփայական զննումներից առավել մեզ այժմ հրատապորեն հետաքրքրում է, թե պետական-քաղաքական համակարգը ի՞նչ անմիջական ներգործություն ունի գեղարվեստական-ստեղծագործական գործընթացի եւ նրա արդյունքների վրա։ Եվ քանի որ դա բավական ընդգրկուն հետազոտական հիմնախնդիր է, սահմանափակվենք ավելի որոշակի հարցադրմամբ. ինչպե՞ս է ձեւափոխվում եւ էափոխվում բանաստեղծական տեքստը ժողովրդավարության հորձանքում՝ նրա օրինաչափությունների եւ պահանջների ներքո։
Կարծում եմ՝ միայն իդեալիստական չափումների մեջ է ճշմարիտ այն կանխադրույթը, թե իրավ ստեղծագործական միտքը ազատ ու անկախ է տիրող հասարակարգից ու գաղափարա-քաղաքական իշխող մտայնություններից։ Հզոր տաղանդի արտահայտություն է, իրոք, ամեն մի դեպք, երբ հեղինակը առավելագույնս ձերբազատված է տվյալ ժամանակի հոգեւոր-բարոյական կաշկանդիչ մթնոլորտից եւ հրապարակ է հանում այն, ինչը ինքնուրույն-խորագնա մտքի պտուղ է եւ իր հիմնական բովանդակությամբ նպատակադիր կամ ակամա ընդդիմանում է գեղագիտական ու գաղափարաբանական ընդունված- պարտադրված կարծրատիպերին։ Որքան էլ գայթակղիչ ու ապացուցելի թվա՝ արտաժամանակյա բանաստեղծություն (արվեստ) լինել չի կարող։ Հնարավոր է (ինչը հաճախ է հանդիպում), որ գեղարվեստական նոր նյութը իր արտաքին դրսեւորույթով անցյալի որեւէ ստեղծագործական ավանդույթի ժառանգորդի կամ վերաձեւողի դերում հանդես գա, կամ էլ՝ հագուրդ է տալիս ապագայի տեսլականներին (ավանգարդ- նորարարական արվեստ)։ Սակայն դա չի նշանակում, թե տվյալ ստեղծագործությունը ներկայի հոգեւոր ճշմարիտ պահանջներից դուրս է եւ չի արձագանքում ապրվող ժամանակի ներքին տագնապներին ու բաղձանքներին։ Սոսկ այն փաստը, որ հեղինակը տվյալ ժամանակաշրջանի ծնունդ է, գործնականում անխուսափելի է դարձնում հեղինակային՝ հոգեբանական ու մտավոր մանրամասների չներգրավվածությունը նրա ստեղծագործության մեջ։ Թե ինչ ծավալով ու տեսանելիությամբ՝ դա արդեն գերավերլուծության հարց է։ Յուրաքանչյուր գրող ինքնաբերաբար, սեփական «եսի» բացահայտման հետ վավերագրում է իր ժամանակաշրջանը՝ ունեցած տաղանդի, գեղարվեստական ընկալումների եւ ստեղծագործական գերխնդրի սահմաններում։ Լավ պատմավեպերն ու ֆանտաստիկ ստեղծագործությունները նույնքան արդիապատում են, որքան ներկա պահին հրապարակ հանվող գրական լավագույն գործերը՝ ժամանակակից կյանքի համակողմանի արտացոլումներով։
Ոչ մի պետական-քաղաքական համակարգ ի զորու չէ խլելու որեւէ հեղինակի իսկական ձիրքը, դժգույն հորինվածքի վերածելու նրա ստեղծագործությունը, ոչ էլ կարող է ապաշնորհին դարձնել տաղանդավոր ու մեծ գործերի ունակ։ Հասարակարգերը մասամբ խանգարում կամ նպաստում են ստեղծարտադրությանը, բայց լիովին չեն խափանում կամ ոչնչից արվեստային ծաղկեպսակներ չեն ստեղծում, բոլոր ժամանակներում էլ կա նոր գեղարվեստի պահանջ՝ տարբեր ուժգնության եւ յուրովի պատկերացում-պատվերներով։ Իր ընդհանրականությամբ՝ գեղարվեստական գործունեությունը սպասարկում է տվյալ ժամանակաշրջանը՝ հոգեւոր-գաղափարաբանական օրախնդիր շեշտադրումների շրջանակում։
Արվեստի թիվ մեկ թշնամին արհեստական արգելքներն ու սահմանափակումներն են, ուստի, համեմատության մեջ, ժողովրդավարական հասարակարգը մինչ օրս հայտնի ու կիրառված վարչական ռեժիմներից թերեւս ամենաբարեհաճն ու նախընտրելին է մարդու իրավունքների, ինքնադրսեւորվելու եւ խոսքի ազատության տեսանկյունից։ Գեղարվեստի ասպարեզում հատկապես գրականության համար է կրկնակի ցպահանջ ազատ արտահայտվելու պայմանը, քանի որ նա ազատ խոսքի արվեստ է եւ լիարյուն հնչումի կարիք ունի։ Միշտ չէ, որ այլաբանությունն ու փոխաբերությունը ապահովում են գեղարվեստական տեքստի ցանկալի հնչողություն, ասելիքի խորություն ու հստակություն։ Հաճախ անհրաժեշտ է լինում իրերն ու պատկերները կոչել իրենց անուններով, երեւույթներին տալ անմիջական բնութագրումներ՝ կիրառելով ոչ ավանդական, ուրույն ձեւեր ու արտահայտչամիջոցներ։
ժողովրդավարության (իմա՝ խոսքի ազատության) ընձեռած հնարավորություններից, իրոք, առավելագույնս կարող են օգտվել արձակն ու դրամատուրգիան, բայց եւ պոեզիայի համար պակաս նպաստավոր վիճակ չի ստեղծվում։ Չափածո խոսքը նոր պայմաններում ակնհայտորեն ձեռք է բերում նոր շնչառություն ու երանգավորում՝ ստիպելով վերափոխել պոեզիայի վերաբերյալ հին ու քարացած հայացքները։ Արդի ժամանակաշրջանում բանաստեղծական արվեստի մասին տեսությունը կարելի է համառոտագրել ներքոբերյալ ընդգծումներով, առանց շատ որոշակի օրինակ-մեջբերումների։ Դա վերապահենք այլ գրավերլուծաբանների։


2. ՊՈԵԶԻԱՅԻ ՏԱՔՈՒԿ ԵՐԱԽԸ

«...վերածնվում է նա բոլոր կառափևարաևևերիև ու բեմերին»


Պոեզիան երբեւէ վախ չի ունեցել իրականության, պատմության, ապագայի որեւէ թնջուկից ու փշոտ երեսից, նա հարաբերվելու իր գրավիչ ձեւն է գտնում կյանքի նրբահամ ու կատաղի բոլոր երեւույթների հետ, դրանց գեղարվեստորեն հնազանդեցնում եւ «ճշմարտախոս» ու «խորին ցուցանող» է դարձնում միայն իրեն հասու զենքով ու հմայքով։ Չկա թեմա ու հարց, որ պոեզիան ի զորու չլինի արծարծել իր անկրկնելի լեզվով ու
տրամաբանությամբ։ Բանաստեղծության համար՝ չիք փակ ու անմատչելի տարածքներ բնական ու հոգեւոր սահմաններում, նա նեյտրոնի պես ներթափանցող է եւ ճարտար արձանագրող ակնառուիի ու անտեսանելիի։ Եվ եթե կորսվող ավանդույթով ոմանք ջանում են պոեզիան ներփակել «քնարական պարտեզում» եւ հեռու պահել «կեղտոտ» ասպարեզներից (օրինակ՝ քաղաքականությունից), մտավախություն ունենալով, որ նա կաղտոտվի ու կայլասերվի, կզրկվի իր չքնաղ կերպից,- այդպես պոեզիային երկչոտության ու փափկասունության վանդակ են մղում, որտեղ նա հաստատ ախտահանվում է՝ դառնալով անունակ նոր ու առողջ հոգեւոր-գեղարվեստական գործառույթի։ Մերթընդմերթ էլ նրա հետ վարվում են հակառակի պես՝ փորձում են վարժեցնել ոչ իր բնույթին հարիր «կենսակերպի». խոսեցնում են պարզունակ կամ դիվահար լեզվով ու մտայնությամբ՝ նետելով հոգեմտավոր ներքնահարկերի ամենաճղճիմ քաոսը, ուր անհատի ներաշխարհային վայրագությունն է շարժիչ ուժը։ Դա բռնություն է պոեզիայի հանդեպ, որի հետեւանքով արնոտվում-կազմալուծվում է նրա ներքին պատկերը, վերածվում գետնաքարշ զավզակաբանի, որին յուրաքանչյուրն իր բաժին ապտակն է կամենում հասցնել։ Բանաստեղծությունը միշտ հաղթանակ է տոնում այնտեղ, ուր նա դրսեւորվում է բացառապես ազատ-բանաստեղծականորեն։
Առանց ոգեկան ազատության բանաստեղծությունը հաշմանդամ-հիվանդ սանիտարի է նման, որն այլեւս անուժ է բուժհաստատություն ու վիրահատարան մաքրել, վիրավոր տեղափոխել ու բժշկին ակամա ընթերակայություն անել, ավելի մարդկայնացնել իր հետ շփվողին։ Պոեզիան իր լեզվի ու հնչումի ողջ զորությանն է կարոտ, նա փայլատակում է այդ կարոտի մեջ անվարան առաջ շարժվելիս՝ իր վազքատարածությունը չիմացող մարաթոնյան վազորդի պես։ Բանաստեղծությունը կարող է ենթարկվել ցանկացած ձեւափոխության, ունենալ արտահայտչամիջոցների արտակարգ զինանոց, չափազանց հեռանալ սովորական կերպից,- բայց նրան թույլատրելի չէ զրկվել երկու առանցքային հատկանիշից՝ ուրույն ռիթմիկայից եւ մատուցվող խոսքի մոգությունից։ Առավելաբար այդ մոգության մեջ է կայանում չափաբերվող տեքստի բանաստեղծականությունը, մնացյալ ամեն ինչ երկրորդ պլանի որակներ են։
Պոեզիան գրական եւ գեղարվեստական մյուս տեսակների պես վավերագրությամբ է տարված, նա բառային պատկերի է վերածում այն ալեբախությունը, փաստերն ու դեպքերը, որ տեղի են ունենում մարդու (հեղինակի) հոգում ու մտքում, իրականության մեջ, անդրադառնում է անցյալի անցքերին ու ապագայի կանխանշաններին։ Ամենից անմիջական ու նրբագծորեն հենց պոեզիան է արտապատկերում ժամանակը եւ հարաբերվում նրա հետ։ Այդ հենքի վրա, միաժամանակ, բանաստեղծությունը ստեղծում է իր իրականությունը եւ իր ժամանակը, որ միայն արտաքին նշաններով կարող են էապես տարբերվել ռեալ իրահամակարգից, մտայնությունից ու հոգեբանությունից։ Դրանք սերում են նույն ոգուց եւ նույն արարողի (հեղինակի) անհատական կնիքն են կրում, արմատական հակասություններ ու տարբերություններ չեն կարող ունենալ համամարդկային կենսափորձի եւ տիեզերական կանոնների ազդեցության պատճառով նաեւ։
Բանաստեղծական արվեստն իր պահանջներն ունի, ինչը որոշ պարտադրանք եւ սահմանափակումներ է կանխադրում, հատկապես՝ տեքստի կառուցվածքում։ Ուստի տեղին չէ բանաստեղծության ազատությունը լրիվ նույնական դիտել գեղարվեստական կամ այլ կարգի խոսքի ազատության հետ։ Պոեզիան համեմատաբար ազատ է ոգու եւ պատկերավորման ոլորտներում։
Զգացական լիցքի խտության, խոսքի շարահյուսության եւ մտքի անսովորության շնորհիվ բանաստեղծությունը խոսքարվեստի առաջատարն է հնուց ի վեր, եւ նա այդպիսին կմնա նաեւ ժողովրդավարության օրոք, որքան էլ վերահաս ձեւափոխությունները նրան շփոթելի դարձնեն գրական մյուս ժանրերի հետ։ Թռուցիկ տեսնենք, թե ինչ փոփոխություններ են արձանագրվել ժամանակակից հայ պոեզիայի վերջին 20 տարիների համապատկերում։


3. ԱՅԼԱԿԵՐՊՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ

«Բառը կերտում է իրեն հուսահատությունից ոււ խանդավառությունից»


Գլխավոր նորությունները բովանդակային են. վերացել են թեմատիկ տաբուները, եւ պոեզիան սկսել է լիաշունչ արծարծել ազգային-քաղաքական-սոցիալական բազում հարցեր, որոնց մեծ մասը նախընթաց տասնամյակներին ընդհանրապես դուրս էր մնացել բանաստեղծական լայն քննությունից, իսկ առանձին այլախոհություններ հատուկենտ հեղինակների մենաշնորհն էին, բայց որը նվաճել էին հեղինակային խիզախությամբ եւ վառ տաղանդով (Հ.Շիրազ, Պ.Սեւակ...)։ Ներկա հայոց եւ համաշխարհային կյանքի սուր հիմնախնդիրները այլեւս կայուն տեղ են գրավել հրապարակվող բանաստեղծական շատ տեքստերում։ ժամանակակից մարդը մի շարք ընդգծված հեղինակների ստեղծագործություններում պատկերանում է բազմագույն նրբագծերով եւ անսեթեւեթ- խորասույզ դատումներով։ Ներկայի ալեբախությունը լայնք ու խորքով են ձգտում բանաստեղծագրել Հ.էդոյանը, Ա. Շեկոյանը, Հ.Գրիգորյանը, Ա.Հարությունյանը, Դ.Հովհաննեսը, էդ.Միլիւոոնյանը, Հ.Թամրազյանը, այլ հետաքրքիր անուններ եւս, որոնց ուժերով հայ ներկա բանաստեղծությունը դարձել է բազմախոս, ճշմարտապատում, առավել կենդանի ու կենսական։ Կյանքն ու ժամանակը համեմատաբար շատ են առկա գեղարվեստորեն արժեքավոր՝ հրապարակվող ստեղծագործություններում։ Նոր մակարդակ է նախանշվում նաեւ բանաստեղծական արվեստի՝ ձեւի, կառուցվածքի, լեզվի ու տոնայնության տիրույթներում։ Գերիշխող է դարձել իսկապես ազատ բանաստեղծությունը։ Ձեւավորվող նոր ավանդույթն է՝ պոետական անկաշկանդ պատումը՝ մտային ու հոգեբանական բազմավեկտոր ծավալումներով։ ժամանակակից բանաստեղծության տիպականացվող կերպարը բավական համահունչ է ներկայի ընդհանուր բնույթին՝ հախուռն է, բազմաշերտ, տարաձեւ, հակասական ու ողբերգական շեշտադրումներով հագեցած։
Թերեւս ամենամեծ նորամուծությունները կայացան բուն լեզվի տիրույթում։ Շատ բանաստեղծությունների բառային ֆակտուրան հակվել է դեպի ժարգոնային-խոսակցական ու փողոցային արտահայտականություն։ Պոետական լեզուն, ազատամտական ձգտումների ներքո, երբեմն հատում է գեղագիտական բոլոր սահմանները եւ խրվում գռեհկաբանության ճահիճը՝ տարակուսանքի մեջ թողնելով անգամ ամենաազատական ընթերցողին։ Այստեղ է, որ բարձր գեղարվեստին հետամուտ գրասերներն ու մասնագետները սկսում են վիճարկել «լեզվական սանձարձակությունների» մեջ խճճված բանաստեղծությունների գեղարվեստականությունը եւ կասկածի մատնում պոեզիայում արձանագրվող նորությունների գերակշիռ մասի արժեքայնությունը։ Նկատենք, որ ինչպես ամենուր, բանաստեղծական աշխարհում եւս ազատությունն իր հետ հսկայական քանակությամբ աղբ ու տիղմ է բերում, ինչը որոշ մռայլ տպավորության տեղիք է տալիս։ Բայց գեղարվեստական այս ոլորտի հետ, նման առիթներով, խորը մտահոգություններ ունենալ առանձնապես պետք չէ, քանզի այդտեղ գործում են գեղագիտական խիստ կանոններ ու պահանջներ, որոնք վաղ թե ուշ (մեծավ մասամբ՝ շուտ) դաշտից դուրս են մղում բոլոր այն խոտելի երեւույթները, որ փորձում են տնօրինող դառնալ։
Հիմնավոր-առարկայական չէ առանձին գրադատների այն դիտարկումը, թե վերջին երկու տասնամյակի հայ պոեզիայում տեղի է ունենում գերազանցապես լեզվական բնույթի տեղաշարժ, այն էլ առավելաբար հետընթաց՝ ոչ գեղագիտական ուղղությամբ։ Հակաբանասւոեղծական առանձին փաստերը խայտաբղետ, անպայման գրավիչ համապատկերը չեն խճողում թանձր-սեւ բծերով եւ խորապես չեն խաթարում բազմաելեւէջ, բայց եւ մի ներքին ներդաշնակությամբ երգչախմբային հնչումի հասած ժամանակակից պոեզիան, որ բարձր լսելի է լավագույն հեղինակների կատարմամբ։
Լեզվական-իմաստային որոշ զեղծումներից ու գռեհկացումներից առավել նկատելի ու գնահատելի է հակառակ երեւույթը, երբ բանաստեղծական լեզուն ու միտքը ի հայտ են գալիս կիրթ-նորովի-հարուստ-արդիականացված՝ թարմ ու հետաքրքիր բառ ու եզրերով, դարձվածաբանմամբ ու նորաբանություններով։ Իմ դիտարկմամբ՝ ժամանակակից հայ պոեզիան աչքի է ընկնում լեզվաոճական մեծ բազմազանությամբ եւ այդ տեսանկյունից համեմատելի չէ նախընթաց շրջաններից որեւէ մեկի հետ։ Մեր լեզուն այժմ արագ է հարստանում, եւ դա իր ուղղակի անդրադարձն է գտնում բանաստեղծական շատ գործերում։ Նաեւ պոեզիայի շնորհիվ՝ ներկայումս զգալիորեն ընդարձակվում են հայոց լեզվի արտահայտչական հնարավորությունները։
Միաժամանակ ականատեսն ենք մի այլ ուշագրավ երեւույթի։ Առանձին հեղինակներ (Հ.Մովսես, Ձ.Բեկյան...) վերակենդանացնում են հայ բանաստեղծական լեզվի հին, մոռացության մատնված պաշարներն ու ավանդույթները, ներհյուսում դրանք արդի գեղարվեստական մտածողության որոշակի դրսեւորույթի հետ եւ արտածում ստեղծագործություններ, որոնք ներկայիս՝ դինամիկ զարգացման միտված պոետական գործերի խորապատկերին մաքուր ու նախաստեղծ նյութի ժառանգորդի են նման, որի համար միշտ կա պատվավոր տեղ եւ որի թաքուն հուշումներով ու օրհնությամբ են նաեւ առաջ գալիս բանաստեղծական նորույթները։
Արդի բանաստեղծական միտքը համեմատական կարգով ավելի հարուստ է, ճկուն, սուր, խորաթափանց՝ բավական մոտ ժամանակակից մարդու մտածելակերպին, որը տեղեկատվական լայն հոսքի եւ քաղաքակրթական անընդհատ առաջադիմության պայմաններում շարունակ ընդլայնվում ու բազմագիծ է դառնում։ Մի շարք ակնառու նշաններ վկայում են, որ վաղվա հայ բանաստեղծությունը մեծապես բավարարելու է ոչ միայն 21-րդ դարի մեր հայրենակցի, այլեւ՝ աշխարհա՜քաղաքացու հոգեմտավոր պահանջների այն մասը, որը վերապահելի է լինելու գեղարվեստական խոսքին, առանձնապես՝ պոեզիային։


4. Ի ԽՈՒՅՁ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ ԿԵՐՊԱՐԻ

«Նա վերջին ճարպիկ մոհիկաններից է կարծրացող քաոսի մեջ»


Բանաստեղծության առաքելությունը, իր բուն նշանակությամբ, բոլոր ժամանակներում
անփոփոխ է, պարզապես հետագայի ճամփին այն առավել բարդանում եւ դժվար
կատարելի է դառնում։ Պոեզիային հետզհետե շատ ավելի ծանր մրցակցություն է
սպասվում, նա ոչ միայն իր առաջնակարգ տեղը պետք է կարողանա պահպանել գրական
մյուս սեռերի ու ժանրերի շարքում, այլեւ՝ տեսանելի ու պահանջված լինի արվեստի այլ
տեսակների եւ տեղեկատվական միջոցների, հատկապես համացանցի շրջածիրում։ Իմ
խորին համոզմամբ՝ վաղվա մեր պոեզիային, իր առանցքային դրսեւորումներում,
գեղարվեստական բարձր, շեշտված որակներից բացի, առաջնահերթորեն անհրաժեշտ
կլինի ունենալ փաստական-տեղեկատվական նշանակալից տվյալներ ու մեկնություններ,
որոնց կարիքը հրատապորեն զգում եւ զգալու է 21-րդ դարի մարդը։ Այսուհետ
բանաստեղծությունը ստիպված է համալրվել բովանդակային այնպիսի տարրերով, որոնք
նրան տեղ կապահովեն ինտելեկտուալացվող ընթերցողի համար՝վավերագեղարվեստական պահանջվող նյութերի ցանկում։ Անշուշտ, սա չի նշանակում, թե ամբողջ պոետական դաշտը գլխավորապես նման դրոշմով է հատկանշվելու, բայց որ ինտելեկտուալ ու փաստալից բանաստեղծությունը գերակա դիրք է գրավելու այնտեղ՝ արդեն կանխատեսվում է։
Իր կենտրոնական միտումներով հայ բանաստեղծությունը հետայսու ,,դատապարտված,, է ինտեգրվելու համաշխարհային առաջնակարգ պոետական հոսանքներին, դառնալու միջազգային բանաստեղծական համույթի յուրատիպ կատարողներից մեկը։ Ազգային-ավանդական առանձին որակներով հայոց բանաստեղծական խոսքը լավ ներուժ ունի՝ այլ պոեզիաների փոխանցելու որոշ յուրասւոեղծումներ, եւ առավել ընկալունակ լինելու դրսի բանաստեղծության անուրանալի նրբաձայների հանդեպ։ Միեւնույն ժամանակ, նախկինի պես իր կարեւոր ու անկրկնելի դերն է խաղալու դասական, արդեն սովորական դարձած բանաստեղծական տեսականին, բայց, կարծում եմ՝ պոեզիայի վաղվա դեմքը որոշող ,,հարվածայինների,, մեջ չի գտնվի։ Հավանաբար կլինեն նաեւ անակնկալ հայտնություններ՝ չափածո բանարվեստը նոր հորիզոնների կոչող։
Անազատ հասարակարգում, որքան էլ դա պարադոքսալ թվա, պոեզիայի դերն ու նշանակությունը անհամեմատ մեծ են. եզակի արտահայտչաեղանակ լինելով՝ բանաստեղծությունն ի զորու է իր փոխաբերական, այլաբանական ու խորհրդանշային լեզվով մարդկանց փոխանցել այն նվիրական գաղափարները, մտքերն ու զգացմունքները, որ անջատ-անջատ եւ մասամբ կարելի է անել գրական մյուս ժանրերով կամ գեղարվեստի այլ միջոցներով։ Հաճախ մեկ-երկու բանաստեղծությունն ավելին է անում հոգեւոր- ազգային-հասարակական առաջադիմության համար, քան տվյալ ժամանակաշրջանում նման ծառայություն մատուցում են հայրենական զարգացման եւ գաղափարախոսական նպատակների կոչված բազում ուժեր ու ատյաններ։ Ոչ միայն առողջ ներաշխարհով անհատականություն է ձեւավորում, պոեզիան միաժամանակ հասարակական մթնոլորտ է բարեփոխում, երբեմն նույնիսկ՝ ընկերային-քաղաքական հեղաշրջումների մղում։ Բանաստեղծությունը մարդուն եւ ազգին օգնում է վերգտնելու սեփական ինքնությունը, շարժվելու հոգեւոր-ստեղծագործական, ընդհանրապես՝ արարչական ճանապարհով։ Մի «Մատյան ողբերգության», մի «Արաքսի արտասուքը», մի «Ես իմ անուշ Հայաստանի», մի «Անլռելի զանգակատուն», մի «Լճակ» եւ բազմաթիվ այլ «միեր» արմատապես բարեշրջել են հայ մարդու հոգին ու միտքը, նրան դարձրել իր ժողովրդի ու մարդկության շահագրգիռ ներկայացուցիչը։ Քաղաքակիրթ տասնյակ հանրությունների պես հայ ազգի պատմությունը հենց իր պոեզիայի պատմությունն է՝ լի ստեղծագործական ձեռքբերումներով ու ձախողումներով։ ժողովրդավարական հասարակարգում գործի ու խոսքի համեմատական մեծ ազատությունն այլեւս պոեզիայի համար շահեկան վիճակ չի ապահովում, եկել է բանաստեղծական արվեստը նոր իրողությունների հետ այլորեն համադրելու ժամանակը։
Սակայն ժողովդրավարության օրոք պոեզիայի համար ամենամեծ հոգսը ոչ այնքան նոր ու ժամանակահունչ դիմագիծ ունենալն է (այդ պահանջը վերահաս է յուրաքանչյուր նոր դարաշրջանում), որքան իր բացառիկ նշանակությունը պահպանելն ու հասարակության մեջ ցանկալի չափաբաժիններով իրացում գտնելը։ Արդեն իսկ ակներեւ է, որ մեր օրերում բանաստեղծությունը չունի այն պահանջարկն ու մասայականությունը, որ առկա էին մինչժողովրդավարական ժամանակներում։ Ինչպե՞ս պոեզիան պահել հասարակական հոգեւոր հետաքրքրությունների առաջին շարքում,- թերեւս սա է ներկայի գլխավոր մտահոգությունը, որ վերաբերում է պոեզիային ու նրա հետագա ճակատագրին։ Եվ քանի որ դա բազմաշեշտ հարց է, այն թողնենք որպես առանձին վերլուծության նյութ։


Սեպտեմբեր, 2008 թ.

 

Կարծիքներ

Hetakrkir, shahekan, sparich. Tvoom e te amen inch shad parz e, bayc djishd cevakepoomner yev stap verloocootioon ognoom e dasht aveli lav desnel.
Hrand. yeridasardneri mej shad hedakrkir poetner kan. kareli e verloocel nranc texter.
shnorhakalootioon

Stacank grootioond. shnorhakalootioon.

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)