ՄԵՐ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ
Համո Սահյան
Համադրեց՝ Հասմիկ Սարիբեկյան
Ե՞վ Ինչ է տվել
Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը-
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը...
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու
Կարողությունը...
Իր սևահողի խոնավությունը,
Մասրենու փշոտ խոնարհությունը...
Ինքնաբաշխումի ուրախությունը,
Ինքնամերժումի խիզախությունը,
Ինքնության պատիվն ու թանկությունը,
Ինքն իր մեծությամբ չպարծենալու
Երջանկությունը...
Համո Սահյանի անկեղծ պոեզիան իրենից ներկայացնում է հոգու եվ էության մի ճշգրիտ հաելի, որի արտացոլանքում մեզանից յուրաքանչյուրը կարող է գտնել սեփական անդրադարձը: Նրա բանաստեղծություններում սերը բարձրախոս է մարդուն հատուկ մնացյալ զգացմունքներից՝ նշանակում է Սահյանի արվեստը,իրավմամբ, աստվածային է: Նրա ստեղծագործությունների շնորհիվ՝ աշխարհը զգում ես ափիդ մեջ, ձուլվում եվ ներդաշնակվում ես բնությանը, ինքդ քեզ թվում ես թափանցիկ և ջրի կաթիլի պես անարատ: Հասարակի մեջ այսչափ հատուկ արտահայտվելու համար՝ նրա մեջ պետք է, որ հույզի բազում անբացահայտ ու աննվաճ տիեզերքներ լինեին, սակայն նա համեստորեն եվ հեզաբար իր երկերում ինքը իրեն կոչում է հողեղեն, հողոտ ,հողածին...
Այս հողեղեն բանաստեղծը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 - 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը: Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ: Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:1972թ. լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:
Սահյանը հույզի ինքնատիպ նկարիչ էր, եվ նրա վրձնին հնազանդ էին բառերը .Նրա յուրաքանչյուր ստեղծագործությունը ինքնատիպ կտավներ են , որոնք փոքրիկ եվ յուրօրինակ հրավիրատոմս են դեպի երազանքների անսահմանություն:Նա մեծ հայասեր էր , իր երկրի ծառան էր , իր հողի գորշությունն աստվածացնողը: Աստված նրա կավը հունցելիս՝ մի պտղունց սեր ավել էր շռայլել...
Հայաստան ասելիս
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե'մ, կմնա'մ այսպես:
«»«»«»
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ`արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած`ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա...
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:
Հայոց լեզու
Քեզանով է պայթել հունդը մեր գոյության,
Քեզանով ենք դարձել տուն ու երկիր,
Շառաչել ես դու հին հողում Արարատյան
Մինչև հնչյունը քո դարձել է գիր։
Դու ոգին ես եղել մեր եղեգան փողի,
Ոգու կանչն ես եղել մեր պայքարող...
Կարող Էինք ապրել անգամ առանց հողի,
Բայց առանց քեզ ապրել չէինք կարող։
Քեզանով են խոսել սեպուհներն ու արքան։
Շինականն է խոսել հոգնած ու հեգ՝
Չեղյալ իր աատծո, իր սրտի և անգամ
Իր տանջանքի լծորդ լծկանի հետ։
Դու մեր անցած բոլոր ուղիներում մթար,
Եվ զրահ ես եղել և զորավիգ,
Մարմնավորել ես դու մեր գաղափարն արդար,
Դարձել Ցասման Մհեր, Թլոր Դավիթ։
Մերթ հնչել ես որպես կռվի կանչող շեփոր,
Մերթ հառաչել որպես սիրտը ցավոտ,
Հեքիաթներ ես հյուսել, առասպել ու էպոս,
Ողբերգության մատյան, ասք ու աղոթք։
Մերթ բուրել ես որպես վարդավառի ծաղիկ,
Ճախարակի թելն ես մերթ ոլորել,
Հայրեններ են դարձել շարական ու տաղիկ,
Անտունիներ անտուն և հորովել...
Մաքրությունն ես առել արեգական շողի,
Լուսավորել ես մեր վերելքն անվերջ,
Արձագանքն ես եղել մեր մարտական փողի
Ավարայրից մինչև Թաման ու Կերչ։
Դու հնչում ես ահա որպես երգ ու երդում
Շրթունքների վրա իմ սերնդի,
Եղբայրական բոլոր լեզուների երթում
Սրտի խոսքն ես խոսում հողագնդի։
Հինավուրց ու նորոգ դու իմ հայոց լեզու,
Դու ավելի փարթամ պիտի ծաղկես,
Երբ մեր երազն անգամ հայերեն է հյուսվում,
էլ կարո՞ղ ենք ապրել մենք առանց քեզ։
Ոչ մի մրրիկ ու հողմ մեզնից քեզ չի պոկի,
Եվ քեզ չի խափանի ոչ մի աղետ,
Մեր գոյության արև, մեր ինքնության ոգի
Հավիտենից ի վեր և առհավետ:
Տար ինձ, ժամանակ
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:
Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:
Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:
Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:
Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:
Կգամ
Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:
Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից...
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:
Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ--
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:
Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:


Կարծիքներ
kgam.
Posted by: Anonymous | July 24, 2008 12:20 PM
Posted by: Anonymous | July 24, 2008 11:33 PM
Posted by: Anonymous | July 29, 2008 10:20 PM