ՄԵՐ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ


Համադրեց՝ Հասմիկ Սարիբեկյանը


Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ-1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:

Գրական գործունեությանը զուգնթաց, վաղ երիտասարդական տարիներից, զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:

Բանտից դուր գալուց հետո տպագրել է "Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող "Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:

Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արեւմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայսերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:

XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,-- սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:

1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու եւ մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ եւ ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։

Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946-57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։

Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում։

«»«»«»

Թաթիկներըդ լուսեղեն --
Լույս-թըռչնիկներ դրախտի.
Ճաճաչներով ոսկեղեն
Բույն կհյուսեն նոր բախտի։

Զմրուխտ թասով գինի ես,
Բույրըդ աշխարք է առել.

Շուրթըս դիպավ շրթունքիդ
Աշխարքիս տերն եմ դառել։

Մազերըդ մեղմ փայելով՝
Ինքս ինձեն հեռացա,
Աչերիդ մէջ նայելով՝
Ողջ տիեզերք մոռացա...


* * *
Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:

Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:

Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
իտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ ևսեր:

Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա...


ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան...


* * *
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, --
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս...


ՄՈՐ ՍԻՐՏԸ
(հայկական ավանդավեպ)

Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:

Աղջիկն ասավ. «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:

Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:

Երբ նա տեսավ, զայրացավ.
-- Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:

Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:

Երբ նա տեսավ, զայրացավ.
-- Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:

Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:

Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
-- Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...


* * *

Քու՛յր իմ նազելի, նայիր քո դիմաց՝
Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել.
Ա՜խ, նըվիրական ինձ քո գիրկը բաց
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...

Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր,
Մի՛ թող ինձ լալու -- ես շա՜տ եմ լացել,
Ճակատիս մռայլ՝ մշուշը ցըրիր,
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...

Շա՛տ եմ տանջվել այս աշխարհում,
Շա՛տ եմ լացել այս աշխարհում.
Այն աչքերը, որ չեն լացել,
Բան չեն տեսել այս աշխարհում:


* * *
Սիրեցի, յարս տարան.
Յարա տըվին ու տարան
-- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտըս պոկեցին, տարան:

Ցավըս խորն է, ճար չըկա,
Ճար չըկա, ճար անող չըկա,
-- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա:

Լա՛վ օրերս գնացի՛ն,
Ափսո՛ս ասին, գնացի՛ն.
-- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին...


* * *
Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեց անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:

Հավքերի պես երգերս թռան,
Հովերի հետ գնացին,
Արցունքներըս ցողեր դառան,
Վարդի ծոցում շողացին:

Անցան օրեր -- եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա:

Հովերն եկան, շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին, --
Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսաց երգերս երգեցին...

Ալեքսանդրապոլ, 1891


ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԱՍԵԼ ԵՆ

***
Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում:
Վ. ՏԵՐՅԱՆ
***
Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե' իբրև արտաքին ձև, և թե' իբրև, մանավանդ, բովանդակություն:
Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ
***
Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ:
Ե. ՉԱՐԵՆՑ
***
Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս հիմա չկա այդպիսի առաջնակարգ ու պայծառ տաղանդ ամբողջ Եվրոպայում:
ԱԼ. ԲԼՈԿ
***
Իսահակյանի պոեզիան մինչև հիմա անհայտ էր ինձ համար և մեծ հայտնություն եղավ ինձ համար: Նա մեկն է այժմ աշխարհում կենդանի մեծագույն բանաստեղծներից, և ինձ վրա մեծ տպավորություն գործեցին նրա տաղանդի խորությունն ու ուժը:
Ս. ԲԱՐՈՒԱ
***
Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ պատիվ ունեմ թարգմանելու Ավետիք Իսահակյանի երկերը չինարեն: Մենք շատ սիրեցինք նրա` մեզ հարազատ պոեզիան և այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չին ընթերցողների համար:
ԳԵ- ԲԱՈ- ՑՅՈՒԱՆ

***
Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու Լալա Մահարին» անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու և պայծառ լույսի ու ջերմության փարոս է: Կյանքիս ամենաերջանիկ պահը պիտի համարեի, եթե հնարավորություն ընծայվեր ինձ այցելելու մեծ գրողին:
Խ. ԷԼ ԱՍԱԴԻ
***
Բանաստեղծը ընդհանրապես միշտ գերում է, սակայն Իսահակյանի մտքերի նրբությունն ու խորությունը ցնցում է մարդու:
Խ. ԴՈ ՍՈՍԱ
***
Վիթխարի է Իսահակյանը, դժվար է ընդգրկել նրա մեծությունը, նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականության Արարատը:
Ա. ԴԻՄՇԻՑ
***
Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների դասին, որոնք հազվադեպ են ծնվում: Համոզված եմ, որ նա կապրի դարեր ու դարեր:
Ի. ԷՐԵՆԲՈՒՐԳ
***
... Համաշխարհային պոեզիան անիմաստ կլիներ առանց Ավետիք Իսահակյանի:
Ա. ԴԵՅՉԻ
***
Իսահակյանի ֆիզիկական մահով Հայաստանը կորցրեց հայրենիքի հորը, համաշխարհային պոեզիան` շողշողուն բանաստեղծին:
ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱ

 

Կարծիքներ

do you have an english translation or a french translation??

do you have an english translation or a french translation??

Dear Daniel, unfortunately we don't have an English or a French translation.

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)