ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՄԵ՞ԿԸ, ԹԵ՞ ՄՅՈՒՍԸ
Դվին Գալստյան
Հաճախ սիրում ենք ասել, թե էս ի՞նչ զարմանալի ազգ ենք, երկու հանրապետություն ունենք, երկու գրական լեզու, երկու կաթողիկոսություն եւ վերջապես երկու (կամ ավելի ճիշտ երեք) ուղղագրություն։ Այս վերջինը թերևս ավելի վիճահարույց լինելով՝ դարձել է նաև խնդրի քաղաքականացման կիզակետ։ Քաղաքական շրջանակներն ու կուսակցությունները այնպես են կպչել մի կողմից դասական (մեսրոպյան), մյուս կողմից՝ նոր ուղղագրությանը, որ թվում է, թե դա իրենց սկզբունքային դավանանքներից կարևորագույնն է։ Այսպիսով դժվարացել է տվյալ հարցի լուծումը։
Սույն գրությամբ նկատի չունեմ քննարկել մեր լեզվի երկու ուղղագրությունների դրական ու բացասական կողմերը (ինչը հաճախ կատարվում է այսօր ոչ իրավասու անձանց կողմից), քանի որ դա լեզվաբանների մասնագիտական գործն է, և նրանք են առհասարակ որոշում կայացնողները: Այն, ինչ հետաքրքրում է ինձ, դա` իրանահայ համայնքում դեռևս հին ուղղագրության գործառության փաստն է:
Իրանահայ համայնքի կազմավորման օրերից ի վեր, մեր գիր ու գրականության մեջ եղել ու դեռևս շարունակվում է դասական ուղղագրության գործածությունը իր բնականոն ընթացքով. և սա այն դեպքում, երբ տարիներ առաջ, Հայաստանի խորհրդայնացումից հետո, բազմաթիվ քաշքշուկների ենթակա գործընթացի արդյունքում, վերջապես ստեղծվել ու օրինականացվել էր այսպես կոչված նոր ուղղագրությունը: Իրանահայ գաղութի կողմից դրա անտեսումն ու մերժողական քաղաքականության շարժառիթը հասկանալի է. չէ՞ որ Հայաստանում սովետական կարգեր էին, իսկ Իրանի ազգային իշխանությունը հիմնականում գտնվում էր առաջին հանրապետության իշխանությունը սովետներին զիջած և նրանց անօրինական համարող՝ Հ.Հ.Դաշնակցության ձեռքին: Այսպիսով, մեզ մոտ հարցը լեզվաբանական ու գիտական ոլորտից փոխադրվել էր քաղաքական դաշտ, այլ խոսքով՝ ստացել էր քաղաքական կողմնորոշման բնույթ։
Պատմական այս կարճ ակնարկից կարելի է եզրակացնել, որ ժամանակին պարզապես հնարավոր չի եղել քննարկման կամ ուսումնասիրության նյութ դարձնել այն հարցը, թե արդյո՞ք Իրանահայ համայնքում ևս պիտի կիրառվի նոր ուղղագրությունը, թե ոչ։ Թերևս այսօր էլ շատերը դրա արծարծումը անհեթեթություն համարեն, սակայն մի քանի փաստերի առկայությունը մեզ պարտադրում է խորհել և կայացնել այնպիսի որոշում, որն առավել նպատակահարմարը լինի իրանահայ գրական և կրթական կյանքում:
Ստորև ներկայացնում եմ այն պատճառները, որոնք, ըստ իս, մեզ մղում են անմիջապես հնից անցնելու նորին: Անշուշտ, հետաքրքիր է այս հարցի շուրջ լսել թեր և դեմ կարծիքներ: Շփոթ չառաջացնելու համար, մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ հարցը քննարկվում է միայն իրանահայ համայնքի սահմաններում։
1. Արդեն 15 տարիներ են անցել Հայաստանի անկախացումից։ Թեև Հայաստանում ինչ-որ չափով դեռ առկա է սովետական մտածողությունը, բայց նաև կա խոսքի ազատություն եւ յուրաքանչյուր ոք կարող է իր կարծիքն արտահայտել՝ տվյալ դեպքում նաև ուղղագրության մասին: Հետևաբար բացառվում է մեր կողմից՝ դասական ուղղագրության պահպանումով՝ որևէ քաղաքական խմբակցության հետ հակառակվելու փաստը։
2. Այսօր, անընդհատ խոսվում է այն մասին, թե այս կամ այն երկրում փորձում են հասնել դեմոկրատիայի, որպեսզի ժողովուրդներին ընձեռնվի ազատ խոսքի ու մտքի հնարավորություն։ Մենք ևս, որպես ազգ, պիտի փորձենք ի կատար ածել «ազգային միասնություն» հասկացությունը։Պիտի վերջապես հասկանանք և ընդունենք, որ կա' երկիր, կա' պետություն, եւ մեզանից յուրաքանչյուրը իրավասու չէ իր հայեցողությամբ վճիռ կայացնել մեր պետական լեզվի ուղղագրության մասին։ Անշուշտ, հնարավոր է արծարծել գոյություն ունեցող ընդհանուր մոտեցումներ ու տեսակետներ՝ Հայաստանի լեզվի ինստիտուտում, որը պետականորեն պատասխանատու է հայոց լեզվի հետ առնչվող բոլոր հարցերի լուծման խնդրում: Իսկ այն, ինչ այնտեղ է որոշվում և հաստատվում, պիտի միանշանակ ընդունվի որպես կանոն։
3. Վերոհիշյալ խնդիրն ավելի ընդունելի է դառնում նկատի առնելով այն հանգամանքը, որ մեր համայնքում համարյա չկան հայոց լեզվին տիրապետող այնպիսի գիտնականներ ու լեզվաբաններ, որոնք կարողանան հստակ ու գիտականորեն հիմնավորված կարծիքներ արտահայտել ուղղագրական առումով։ Հետևաբար, որպես սփյուռքի միակ արևելահայ համայնք, լեզվի հարցերի գծով, պիտի մենք էլ հետևենք Հայաստանում կայացած որոշումներին։ Նաև պիտի նկատի ունենանք, որ արևելահայերենի զարգացումը, որպես լեզու կայանում է միայն Հայաստանում։
4. Գալով ավելի կոնկրետ հարցերի, ասենք, որ Հայաստանի հետ մամուլի ու գեղարվեստական գրակականության փոխանակման գործընթացում, տվյալ թնջուկը հառնում է ավելի ցայտուն. Իրանում դասական ուղղագրությամբ հրատարակվող թերթերն ու գրքերը չեն ընթերցվում Հայաստանի հասարակության կողմից, որովհետև նոր ուղղագրությանը վարժված մարդիկ չեն կարողանում սահուն կարդալ դասական ուղղագրությամբ որևէ գրություն: Դեռ ավելին, մենք դժվար թե կարողանանք ստեղծել այնպիսի արժեքավոր գրականություն, ինչը նրանց կպարտադրի ընդունել ու յուրացնել հին ուղղագրությունը։ Հետևանքը՝ մեր մեկուսացումն ու մշակույթային կղզիացումն է, ինչի մեջ ապրում ենք այսքան տարի և անհարմար չենք զգում։
5. Մեր աշակերտներից շատերը, միջնակարգն ավարտելուց հետո, մեկնում են Հայաստան՝ տեղի համալսարաններում ուսանելու նպատակով: Նրանք 12 տարի հայերեն են սովորում դասական ուղղագրությամբ, իսկ Հայաստանում ստիպված են այդ ամենը դնել մի կողմ ու սկսել «նոր տողից»։ Մեր համայնքի մանուկները նույնպես զերծ չեն մնացել այս խնդրից։ Պատկերացրեք, երեխան ամառային հանգստյան օրերին ծնողների հետ գնում է Երևան և այնտեղ, «Նոյան Տապան» գրախանութում, տեսնում է բազմաթիվ գույնզգույն ու գողտրիկ մանկական գրքեր։ Դե, պարզ է, ցանկանում է դրանցից ունենալ։ Որքա՜ն հաճելի երևույթ։ Սակայն խնդիրները ծագում են այն պահից, երբ երեխան բացում է գիրքը և, օրինակ, իր սովորած «իւ» երկհնչյունի փոխարեն հանդիպում է «յու»-ին։ Այս հարցը մեծ շփոթ է առաջացնում դեռ հազիվ գրաճանաչ դարձած երեխայի հոգում: Հարկ չկա նշելու, որ մեզ մոտ, հնարավոր չէ հրատարակել Երևանի ուղղագրությամբ մանկական գրականություն։
Վերջապես, ի՞նչ կարևոր է, թե ո՞ր ուղղագրությամբ ենք գրում։ Կարևորն ու հիմնականն այն է, թե ինչ ենք գրում։ Խոսքս ավելի պարզ դարձնելու համար, նշում եմ մի օրինակ. մեր այնքան սիրելի Չարենցն ու Բակունցը իրենց ստեղծագործությունները գրի են առել 20-ական թվականների ուղղագրությամբ, և դա ոչ մի բան չի փոխել նրանց երկերի որակի մեջ: Դա եղել է ուղղակի ժամանակի պահանջով: Փաստորեն թե' Հայաստանում, թե' սփյուռքում, նրանք կարդացվել են հաճույքով, այնտեղ՝ նոր ուղղագրությամբ, այստեղ՝ դասականով։ Այս բոլորից կարելի է եզրակացնել, որ ուղղագրությունը, ըստ ամենայնի, պայմանական մի երևույթ է։
Այնուամենայնիվ, մենք հապաղում ենք լուծել այս թնջուկը, քանի որ դասական ուղղագրությունը համարում ենք ինչ-որ սրբություն, իսկ դրա մասին խոսելը՝ սրբապղծություն։ Հաճախ մոռանում ենք, որ լեզուն կենդանի երևույթ է, եւ մենք պարտավոր ենք հետևել նրա զարգացման բնականոն ընթացքին:
Կարծիքներ
Սիրելի Դվին ,
Հոդվածը շատ հետաքրքրական է եւ ուշադրության արժանի :
Գիտենք ՝ Թումանյանը ուղղագրությունը համարում էր գիտություն եւ համոզված էր , որ նրա դեմ կարելի է դուրս գալ կամ նրան փոխել միայն ԳԻՏՈՒԹՅՈՒՆՈՎ ...
Տեսնում ես ՝ իր հեքիաթների ու բանաստեղծությունների նման ՝ նրա խոսքերն էլ պարզ էին , հասկանալի , եւ միեւնույն ժամանակ ՝ տրամաբանական .
Սակայն ... ցավոք , մեր համայնքում դեռ ոմանք գիտությունն էլ համարում են քաղաքականություն եւ երեւի համոզված են , որ նրա դեմ կարելի է դուրս գալ կամ նրան փոխել՝ միայն իրենց դասակարգային շահերը պաշտպանող ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՎ ...
Posted by: վահե Արմեն | October 28, 2007 12:45 AM