Դիալոգ երկու ուղղագրութեամբ
Կամ՝
Հին ու նոր ուղղագրութիւնների սրտագին զրոյցը
Կոլիա Տէր Յովհաննիսեան
- Գիտես, շատ ես ծերացել, - ասաց Նոր ուղղագրութիւնը՝ Հնին:
-Իրաւացի ես, վաղուց եմ երազում հանգստի կոչւել, բայց ի՞նչ անեմ՝ ոմանք սիրելով ու հաւատարիմ մնալով, ոմանք էլ ելնելով քաղաքական նկատառումներից՝ ձեռք չեն քաշում ինձանից,- յոգնած ու անտարամադիր ասաց Հին ուղղագրութիւնը:
-Չեմ հասկանում քաղաքականությունը ինչ գործ ունի այստեղ: Նայի'ր, ամեն բան նորանում է աշխարհում: Ամեն ինչ հարատև զարգացման ու փոփոխության մեջ է: Ճիշտն ասած, ես էլ եմ սկսել հնանալ, ութսունհինգ տարին փոքր տարիք չէ:
- Քո բերանից դեռ կաթի հոտ է գալիս,- ասաց Հինը,- ինձ նայիր, որ արդէն քանի դար է լուռ ու մունջ ծառայում եմ: Ճիշտ է, ինձ մօտ էլ որոշ փոփոխութիւններ եղան, բայց իմ դիմագիծը մնաց անփոփոխ: Զարմանալի է, ինքս բեզարել եմ, մարդիկ՝ ոչ: Ախր, ամեն ինչ իր չափ ու սահմանն ունի. չգիտես ինչքան եմ փափագում՝ իմ արժանի տեղը զբաղեցնել դասականների շարքում վերջնականապէս: Երբեմն խղճի խայթ եմ զգում, երբ տեսնում եմ թէ ինչ դժւարութեամբ ու դժկամութեամբ եմ տեղաւորւում Սփիւռքի մատաղ սերնդի ուղեղներում. քչերն են կարողանում ինձ իւրացնել ու անսխալ գրել, նոյնիսկ գիր ու գրականութեամբ զբաղւողները: Ախր, ներկայ ժամանակներում ամեն ինչ պարզացւել է: Նայիր մարդկանց տարազներին, շէնքերին, կահաւորումներին, մեքենաներին: Իսկ ինձանից իսկապէս հնութիւն է բուրում մեր հին մագաղաթների պէս...
- Մեզ մոտ, Հայաստանում դու վաղուց ես անցել դասականների շարքը և գրավել քո պատվավոր տեղը,- Հնին մխիթարեց Նորը,- այստեղ ինձ ընդունեցին նույնիսկ չուզողները. իրականության մեջ, միայն Սփյուռքի որոշ հատվածներում համառորեն չեն ուզում հրաժարվել քեզանից և ընդունել ինձ: Իսկ դա իր պատմական շարժառիթներն ունի, որոնց մէջ չեմ ուզում խորանալ:
-Բայց չէ՞ որ, Հայաստանի անկախացումով այդ պատմական շարժառիթները գրողի ծոցը գնացին,- ընդհատեց Հինը վրդովւած,- հիմա շատ բան է փոխւել:
-Իրավացի ես, մի ժամանակ թշնամիների պես էինք, հիմա նստած հանգիստ զրուցում ենք իրար հետ: Բայց դու էլ այդքան հեշտ տեղի մի տուր:
-Չէ, խնդրում եմ չմտածես, որ զբաղւած եմ ինքնախարազանումով: Բայց, ասենք՝ կա՞յ արդեօք մի հասարակութիւն, որ մեր օրերում միայն դասական երաժշտութիւն ունկնդրի: Չկա'յ: Իհարկէ, նպատակս դասական երաժշտութիւնը թերագնահատելը չէ, քա՜ւ լիցի, ընդհակառակը, այն միշտ էլ մնում է իր կոչման բարձրութեան վրայ: Ուզում եմ ասել, որ հասարակութեան մէջ նախասիրութիւնները ժամանակի ընթացքին փոխւում են: Իսկ Սփիւռքում այս առումով դեռևս կառչած են մնացել ինձանից: Դա ինչ-որ տրամաբանական չէ:
-Ի՜նչ է, ակնկալո՞ւմ ես, որ մեկ ու կես տասնամյակում հրաշքներ տեղի ունենան: Յուրաքանչյուր նոր շարժում կամ երևույթ ձեռք է բերվում մեծ երկունքի ու զոհողությունների գնով: Գիտե՞ս, քա՜նի-քա՜նի լեզվագետներ ու ակադեմիկոսներ են տքնաջան աշխատել ինձ ստեղծելու համար:
- Երբեմն իրօք նեղւում եմ. ախր Սփիւռքում, առանց այն էլ, մեր լեզուն սովորելը հերոսութիւն է պահանջում: Երբ տեսնում եմ մեր փոքրիկներին սիրտս մղկտում է, թւում է՝ ակամայից իմ խրթին բնոյթով պատճառ եմ դարձել, որ նրանք երես թեքեն հայերէնից: Ինձանով լինէր, կուզէի ես լինէի քո տեղը, դու՝ իմ. չէ՞ որ Հայաստանում, ուզեն չուզեն պիտի սովորեն ու իւրացնեն հայերէնը: Իսկ Սփիւռքո՜ւմ...
- Այդքան մի մեղադրիր քեզ, Սփյուռքում հայերենի իմացականության մակարդակը ցածր է ոչ միայն քո պատճառով, պայմաններն են այդպիսին, թեև ընդունում եմ, ավելի նպատակահարմար կլիներ, եթե ինձ էլ ուսումնասիրեին, ծանր ու թեթև անեին ու նոր որոշում կայացնեին: Հենց սկզբից, դիրք բռնեցին իմ դեմ այնպես՝ ինչպես բռնեցին բոլշևիկների դէմ: Բոլշևիկների խնդրում իրավացի էին, բայց հիմա, երբ նրանք չկան, չես հասկանում, ինչու չեն ընդունում ինձ: Մի վիրավորվի'ր, եթե երեխաների կարծիքն հարցնեին՝ նրանք ինձ կգերադասեին քեզանից: Սակայն միշտ էլ մեծերն են որոշում կայացնողները կամ փոփոխություն մտցնողները: Իրենք յուրացրել ու սիրահարվել են քեզ ու չեն ուզում հեշտությամբ բաժանվել քեզանից:
- Բայց, չէ՞ որ ապագան պատկանում է նոր սերնդին: Ի՞նչիս է պէտք մեծերի համակրանքը, երանի մանուկներն ինձ սիրէին: Հին սերունդը աստիճանաբար հալւում է ու նրանցից միայն յուշ կմնայ աշխարհում: Կմնան մեր ազգը պահող ներկայի պատանիները իրենց թերի հայերէնով. վախենում եմ այդ ժամանակ շատ ուշ կը լինի: Չե՞ս կարծում կը գայ մի օր, երբ գալիք սե-րունդները կը դատապարտեն սխալ որոշում կայացնողներին: Ուզում եմ ասել, այնտեղ ուր պէտք է ստեղծւէր հետաքրքրութիւն, շահագրգռւածութիւն ու սէր մեր դարաւոր լեզւի նկատմամբ, մեծերը ելնելով նախկին վարչակարգի դէմ ունեցած իրենց ատելութիւնից, դեռևս հաւատարիմ են մնացել ինձ՝ իմ բարդ ու խրթին բնույթով հանդերձ, մի կողմ դնելով քեզ՝ նորը և դիւրամատչելին: Հաւատա, չեմ չափազանցնում, բայց որոշ դէպքերում յանցաւոր եմ զգում ինձ,- տնքաց Հին ուղղագրութիւնը,- Ախր, վարչակարգը ի՞նչ կապ ունէր գիր ու գրականութեան հետ:
- Համաձայն չեմ քեզ հետ. ո'չ դու ես մեղավոր, ո'չ էլ նրանք. համայնավարությունը իր էությամբ ու իր երկաթե վարագույրով կանգնեց մեր և դուրսը մնացած սփիւռքահայերի միջև՝ առաջ բերելով հակընդդեմ զգացումներ հասարակական ու մշակույթային որոշ արժեքների, դրանց թվում իմ նկատմամբ: Ես էլ որոշ երևույթների նման տուժեցի տիրող կարգերի պատճառով՝ Սփյուռքում շատերը երես թեքեցին ինձանից, քչերը՝ սիրեցին: Հարցն այն է, որ ես ու դու ակամայից դարձանք պայքարի միջոց և դա թույլ չտւեց սփյուռքահայ գրականագետներին մտածել քեզ նորացնելու ու յղկելու մասին, որի արդ-յունքում տուժեցիր նաև դու:
-Բայց չէ՞ որ հիմա ամեն բան հիմնատակ փոխւել է: Մինչև ե՞րբ ես և դու պիտի աւելորդ քաշքշուկների պատճառ դառնանք: Ընդունում եմ՝ մեղմացել է, համարեայ չկայ նախկին թշնամութիւնը, Հայաստանը իր հիւրընկալ դռներն է բացել ողջ հայութեան առջև: Մնացել ենք միայն ես և դու մեր անջատողական դերակատարութեամբ՝ ակամայից խանգարելով մեր ժողովրդի «ներսի ու դրսի» հատւածների աւելի մերձեցմանն ու միաւորմանը: Ինձ չեն կարդում Հայաստանում, քեզ՝ որոշ հայահոծ համայնքներում: Մի կողմից էլ, կրկնում եմ, մեղք են ուծացման սուրը գլխներին կախւած մեր սփիւռքահայ պատանիները. նրանք չգիտեն, որն է ճիշտ, որը՝ սխալ, երբ իրականում ճիշտ ու սխալի հարց էլ չկայ: Պարզապէս դու իմ թարմացւած տարբերակն ես: Գիտես ինչ, ինձանով լինէր, կասէի, սիրելիներս, ձեռք քաշէք ձեր դոգմատիկական հայեացքներից, մտածէք մեր մի բուռ ժողովրդի միասնութեան ու յարատևման մասին, սպիտակ ջարդի մասին: Դեռ չեմ ուզում խօսել մեր արևելա-արևմտա զոյգ հայերէնների մասին...
-Հա', փոքր ժողովուրդ ենք, բայց բոլոր բնագավառներում մի բանի փոխարեն՝ երկուսը կամ ավելին ունենք. հայերենի երկու տարբերակներ, երկու կաթողիկոսություններ, ես և դու, ժարգոններ, հայի բազմաթիւ նմուշներ, տասնյակ կուսակցություններ... Ինչևէ, ուրախ եմ, անչափ ուրախ, որ մեր երկսի մոտեցումները նույնն են, երանի թե, մեր սփյուռքահայ գրականագետներն ու լեզվագետներն էլ մեզ պես մտածեին՝ մի կողմ թողնելով անցյալի տարա-ձայնությունները: Ինչ-ինչ, գոնե նկատի ունենային, որ մեր արդի գրականու-թյան ու մամուլի մեջ իշխող կողմը թե ծավալով և թե քո նշած թարմությամբ՝ այդ ես եմ: Իսկ մեծամասնության կամքը օրենք է...
- Լա՜ւ, դու էլ շատ վեր-վեր մի թռչիր: Նրանք հեշտությամբ ինձանից ձեռք քաշողը չեն...
2007-07-15
Կարծիքներ
Լավ ե գրված: Կարեվոր ե ինչ ենք գրում, ո՛չ թե ինչպես ենք գրում: Մի նայենք Յեղիշե Չարենցի ու Ակսել Բակունցի ձեռագրերին, տեսնենք ինչ ուղղագրությամբ են գրել: Ինչն ե մնում: ինչպեսը անցողիկ ե:
Երբ Ալեքսանդր Թամանյանը գծագրեց մեր մայրաքաղաքը, ներքեվում ավելացրեց՝ «Յերեվանի հատակագիծ»: Այ, հենց այդ գծագրերով կառուցվեց այսօրվա մեր ամենասիրելի քաղաքը:
Posted by: Դւին Գ. | August 2, 2007 11:18 AM