«VIVA ARMENIA…»
Կոլիա Տէր Յովհաննիսեան
Իտալիայի հիւսիսում գտնւող Գարդա լճի ափամերձ աւաններից մէկի հիւրանոցի տնօրէնը քարտի վրայ մեր անձնական տւեալները նշելուց յետոյ, վերադարձնելով անձնագրերն ասաց.
- Իրանից էք, բայց ռուսական անուն ունէք, ի՞նչ ազգից էք: Ասացի, հայ քրիստոնեայ ենք, Armenian:
- Armenian, Armenian,- մի քանի անգամ կրկնեց նա ասես մի բան մտաբերելու ճիգով ու հարցական արտայայտութեամբ նայեց դէմքիս: Թւում էր այնքան էլ ծանօթ չէր հայութեան հետ: Պատմեցի, որ Հայաստանը բաժանւել է Խ. Միութիւնից, հիմա անկախ պետութիւն է, որ հայերը շատ են ցրւել աշխարհում, մենք էլ որպէս փոքրամասնութիւն աւելի քան չորս դար է ապրում ենք Իրանում:
- Իսկ ինչո՞ւ էք ընտրել ռուսական անուն:
- Այդ մասին հարցրէք իմ ծնողներից,-ժպտացի ես, իսկ կինս նշեց, որ իր պապերը գաղթել են Իրան Ռուսաստանից, բոլշևիկեան յեղափոխութիւնից յե-տոյ:
- Armenian, Armenian,- կրկնեց նա դարձեալ, ակամայից, մի բան մտա-բերելու պէս:
Հիւրանոցի պատուհանից բացւում էր մի հիասքանչ տեսարան. առջևում կապուտակ լիճն էր շրջապատւած լեռներով, որոնց ստորորտին ձգւում էր իրար յաջորդող աւանների շղթան առանձնատների կարմրագոյն կղմինդրէ կտուրներով, շքեղ ռեստորաններով, հաճոյքի կենտրոններով գոյնզգոյն ծաղիկներով ու հարուստ բուսականութեամբ: Լճի հայելանման մակերեսին լողում էին փոքրիկ նաւակներից սկսած մինչև մարդատար կամ ինքնաշարժեր կրող նաւեր: «Մեր Սևանը աւելի գեղեցիկ է,-անցաւ մտքովս,- միայն այսքան բնակեցւած չէ»:
Երկարատև շրջագայութիւնից յետոյ, յոգնած բայց լաւ տպաւորութիւններով վերադարձանք հիւրանոց: Նախասրահում եռ ու զեռ էր. Տուրիստների մի ստւար խումբ էր ժամանել ու զբաղւած էին նրանց տեղաւորմամբ: Այնուամենայնիւ, նկատելով մեզ հիւրանոցի տնօրէնը ձեռները թափահարելով ու ժպտալով մօտեցավ ու գիւտ արածի ոգևորութեամբ բացականչեց.
- Սինյո՛ր, սինյորա՛, վերջապէս յիշեցի,- ասաց ու ձեռքս բռնելով մոտեցաւ անկիւնում յատուկ ինտերնետային կապի համար տեղադրւած հա-մակարգչին ու արագօրէն բացեց այն կայքէջը, որի մէջ կար Թուրինի Շախմա-տի 37-րդ Օլիմփիադի արդիւնքները 11-րդ փուլի աւարտին: Հայաստանը՝ Armenia-ն իր վաստակած բարձր միավորներով զբաղեցնում էր առաջին հորիզոնականը...
- Սա ձե՞ր Արմենիան է, չէ՞, որի մասին խօսում էինք, ձե՞րն է, միթէ չէ,- հարցրեց նա,- գիտէք, արդէն, քանի օր է յետևում եմ խաղերին,- հիանալի են խաղում Արմենիայի տղամարդիկ, յետ են թողել ուժեղ ռուսներին, կանայք էլ վատ չեն,- առանց դադարի արագ արագ բլբլացնում էր նա,- դո՞ւք էլ էք խա-ղում...Պարզւեց, որ շախմատի սիրահար է, պատրաստ է ուժերը չափել ինձ հետ, և որ պատիւ է իր համար խաղալ մի Armenian-ի հետ և այլն, և այլն…
«Մե՞ր Արմենիան...», մեկ վայրկյան, միայն մեկ վայրկյան կարկամեցի ես... Իսկ մեր անձնագրե՞րը, ի՞նչ ասեմ սրան…
- Ի հարկէ, մե՛ր Արմենիան է,- պատասխանեցի անհողդողդ ու հպարտութեամբ...,-Մենք այնտեղ տուն ունենք,- չգիտեմ ինչու անտեղի աւելացրի ես... Ունենք Գարդայից ավելի սիրուն լիճ լեռների գագաթին, որն ամենա-բարձրն է աշխարհում...
Երկու օր անց, երեկոյեան, մեր հերթական պտոյտից յետոյ երբ հիւրանոց էինք վերադառնում, զգացի հիւրանոցի տնօրէնը վաղուց սպասում էր մեզ: Նա իտալացու իր յախուռն բնավորութեամբ, օտարազգի տուրիստների զարմացական հայեացքի տակ պարզապէս յարձակվեց մեզ վրայ սեղմեց ձեռքս ցաւեց-նելու աստիճան ու թափահարելով այն համարեայ գոռաց.
- Շնորհաւորում եմ, շնորհավորում եմ, յաղթեց Արմենիան, դարձաւ աշխարհի չեմպիոն... Viva Armenia, viva Armenia!!
Ո՛չ, չէի սպասում, երբևէ մտքովս անգամ չէր կարող անցնել, որ հեռաւոր Իտալիայի մի փոքրիկ աւանի, փոքրիկ հիւրանոցի իտալացի տնօրէնը ինձ մի օր կշնորհաւորի Հայաստանի յաղթութեան համար...Սիրտս թրթռում էր բերկրանքից: Մի կողմից Հայաստանի չեմպիոն դառնալու ցնծալի փաստն էր, միւս կողմից ազգային հպարտութիւն հրահրող շնորհավորական այս անսպասելի ցոյցը, որը համոզւած եմ չէր բխում հիւրանոցի տնօրէնի հիւրերին սիրաշա-հելու շուկայական ընդունւած յատկանիշներից... Մեզ նման ժուժկալ այցելուների համար, ուղղակի դրա կարիքը չունէր... Սա արդէն ուրիշ հարց էր...
...Իսկապէս, Viva, Armenia...
Կեցցէ,՛ Հայաստանը...