Literary Bridge

www.lit-bridge.com
Տպել

ՇԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Վարդգես Օվյան


Դրսում մի շուն էր հաչում: Սկզբում ուշադրություն չէի դարձնում, բայց նա ոչ մի կերպ ձայնը չէր կտրում, ու նրա հաչոցները սկսեցին կամաց-կամաց ազդել նյարդերիս վրա:
Նա հաչում էր շատ անճաշակ ու ապաշնորհ ձեւով: Այդ հաչոցում ոչ մի զգացմունք ու վերաբերմունք չկար: Պարզապես հաչում էր այդ շունը, ու ձայնը կտրելու մտադրություն չուներ:
Մի ժամ անցավ, իսկ նա դեռ հաչում էր: Անցավ երկու ժամ, բայց այդ հիմարը ձայնը չէր կտրում: Գրողը տանի, գոնե մարդավարի հաչի, գոնե գնա ամայի մի ջահանդամում կոկորդ պատռի: Թե չէ՝ ցցվել է մեր քաղաքի մարդաշատ այս թաղամասում եւ անտանելի իր հաչոցներով զահլա է տանում:
Այդ ցնդածը չի՞ հասկանում, որ սա հասարակական վայր է, այլ ոչ թե ինչ-որ ջունգլիներ կամ նիստերի դահլիճ, որ ով ինչ ուզենա՝ անի... Գոնե ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա հաչի, գոնե լուսնի կամ, ասենք, աստղերի վրա կաղկանձի, այլ ոչ թե հենց այնպես՝ աննպատակ, անիմաստ ու անսկզբունք: Գրողը տանի, սա շո՞ւն է, թե՞ խոզի պես հարբած անցորդի մեկը:
Այլեւս չկարողացա ինձ զսպել եւ, դուրս գալով պատշգամբ, գոռացի նրա վրա.
- Վերջապես ձայնդ կտրելո՞ւ ես, թե՞ ոչ, ապուշի մեկը...
Նա նույնիսկ չնայեց իմ կողմը: Պոչով արհամարհանքի մի օղակ գծեց օդում ու շարունակեց հաչել:
- Էհե՜յ, ավանա՛կ, ձայնդ կտրի՛ր,- գոչեցի ես:
Նա դարձյալ ուշադրության չարժանացրեց ինձ:
- Միմո՛ս,- համբերությունս կորցրած, բղավեցի ես:
- Ինչո՞ւ եք ինձ վիրավորում,- վերջապես արձագանքեց նա:
- Կորի՛ր այստեղից, ապաշնորհ շան որդի,- ավելի բորբոքվեցի ես,- գոնե մարդավարի հաչել իմանայիր...
- Իսկ ես չեմ հաչում,- հանգիստ ասաց նա,- ես արտասանում եմ...
- Գրողի ծոցը չքվիր քո այդ արտասանությամբ, տխմար անասո՛ւն,- համբերությունս կորցրած, գոչեցի ես:
- Մենք դեռ կհանդիպենք,- արհամարհանքով ասաց շունն ու, գռմռալով, հեռացավ:
Հաջորդ օրը նա այլեւս չերեւաց մեր կողմերում: Անցավ մի օր, երկու օր, եւ նա դարձյալ չերեւաց իր ապուշ հաչոցներով:
Արդեն ես մոռացել էի անիծյալ այդ չորքոտանուն, բայց մի օր, երբ միացրի հեռուստացույցը, զարմանքից քար կտրեցի. էկրանին ինձ ծանոթ շունն էր: Այս անգամ նրա վզին գեղեցիկ մի «թիթեռնիկ» կար: Նա դարձյալ հաչում էր: Իսկ դահլիճում նստածները ծափահարում էին:

* * *
Այս պատմությունը պատմեցի մի քանի ծանոթ-բարեկամների, հետո տպագրեցի այն:
Հաջորդ օրը, գիշերվա կեսին, հեռախոսազանգ հնչեց: Հեռախոսագծի մյուս ծայրից ինչ-որ մեկն ասաց.
- Պատիվ եմ պահանջում,- եւ լսափողը ցած դրեց:
Մի քանի րոպե հետո հեռախոսը նորից զնգաց: Այս անգամ խոսողը մի շուն էր:
- Պատիվ եմ պահանջում,- ասաց նա ու սկսեց կատաղորեն հաչել:
Երբ երրորդ անգամ հեռախոսազանգ հնչեց, ես, կիսաքուն-կիսարթուն, վերցրի հեռախոսն ու պատուհանից դուրս նետեցի: