Մելանի
Հազիվ տասներկու տարեկան էի, ուժեղ սիրահարված մեր դպրոցի տղաներից մեկին: Սովորելն ինձ համար դարձել էր անմիտ կամ երկրորդական մի զբաղմունք: Դրա հետևանքով երբեմն խայտառակ նիշեր էի ստանում: Դպրոցից հաճախ զանգահարում էին ծնողներիս ու գանգատվում՝ հարցնելով ցածր նիշերի պատճառը: Պարզ էր, որ մայրիկս անտեղյակ լինելով բուն պատճառից՝ զարմանում ու վշտանում էր:
Դպրոցից տուն գալուց հետո փակվում էի իմ սենյակում և ժամերով աչքերս հառած բաց գրքին՝ մտածում սիրածս տղայի մասին, առանց որևե բան յուրացնելու... Որքա՜ն արագ էին անցնում ժամերը... «Վաղը նրան կհանդիպեմ դպրոց գնալիս, -մտածում էի երանությամբ,- ա՜խ, երանի՜ դեմս դուրս գար, նայեի աչքերի խորքն ու մի քանի բառ փոխանակեի նրա հետ...»: Վաղը, իրոք, հանդիպում էի նրան դպրոցի ճանապարհին, բայց նա երբեմն բարձր ձայնով, երբեմն ոչ լսելի և երբեմն միայն գլխի շարժումով բարևում էր ու անցնում...: Հենց այդքանն էլ բավական էր ինձ, որ հասնեի երջանկության գագաթնակետին, բայց մի՞թե նա չէր ընկալում իմ անսահման սերը, գոնե կանգներ, մի բան ասեր...
Օրերն անցնում էին մեկը մյուսի ետևից: Մայրիկս ամեն կերպ ջանում էր փոփոխություններ մտցնել իմ առօրյայում ու, մերթ քաղցր խոսքերով, մերթ նվերներ խոստանալով, մերթ բարկանալով՝ ստիպում էր ինձ սովորել... Բայց իմ ի՞նչ պետքն էր նվերներ ստանալը: Երբեմն նույնիսկ չէի լսում նրան՝ խոսելու պահին: Իսկ նա գաղափար անգամ չուներ այն ամենի մասին ինչ դարձել էր ինձ համար մի մեծ ցավ...
Երբեմն ինձ մեղադրում էի թուլության մեջ, վազում էի սենյակս ու որոշում սովորել: «Պետք է մոռանամ նրան»,- մտածում էի հուսահատ: Բացում էի դասագիրքը և փորձում կենտրոնանալ, բայց հազիվ մի քանի տող աչքի անցկացնելուց հետո նորից ընկնում էի մտքերիս ու երազներիս աշխարհը... Մայրիկս հանկարծ ներս էր մտնում զանազան պատրվակներով ու տեսնելով ինձ նստած գրասեղանիս մոտ, բաց դասագիրքը առջևս՝ հանգիստ մտքով հեռանում էր: «Գոնե մինչև մեկ ժամ խանգարող չի լինի»,- խորհում էի ուրախ: Եվ այսպես նորից տարվում էի իմ անվերջանալի անրուրջներով: Որքա՜ն էի սիրում մտածել ու երազել նրա մասին, հիշել նրա ժպիտը, երևակայել ինձ նրա կողքին քայլելիս, նրա հետ գրկախառնված՝ համբուրվելիս...
Անցնում էին օրերը մեկը մյուսի ետևից: Գիշերները աչքերս փակում էի՝ առավոտյան նորից նրան տեսնելու և սովորական դարձած «բարև»-ից բացի, նրա հետ խոսելու հույսով: Սակայն ոչ մի առաջընթաց չեր նկատվում մեր հարաբերություններում...
Մի օր սովորականի պես մտորում էի՝ նստած բաց դասագրքիս առջև, երբ հանկարծ մտքովս անցավ գրել նրան: Վերցրի գրիչն ու սկսեցի գրել եռանդով: Գրիչս սահում էր թղթի վրա արագ ու անխափան. ո՞ւր էր, թե կարողանայի այսպես սահուն գրել դասերս... Գրում էի այն մասին, որ սիրում եմ իրեն աշխարհի չափ, պատմում էի սիրտս այրող սիրո կրակի մասին... Գանգատվում էի իր անտարբերությունից ու սառնությունից... Հետո վերցրի մի ուրիշ թուղթ ու այս անգամ ապավինեցի Աստծուն. «Տեր Աստվա՛ծ, միայն դու գիտես, թե որքան եմ սիրում նրան: Միթե նրա սիրտը քարի՞ց է: Մի՞թե նա չի զգում, թե ինչ է նշանակում սիրուց տառապել: Աղաչում եմ, ջարդիր նրա սրտի սառույցը, այնպես արա, որ նա էլ այրվի ի՛մ սիրուց, որ նա էլ տանջվի ինձ պես...»:
Հետո երկու նամակները խնամքով ծալեցի ու թաքցրի գրքերիցս մեկի էջերի արանքում: Այդ օրվանից, ամեն առիթով բացում էի ու նորից կարդում, կարդում: Ասես, այդ նամակներով վերագտնում ու վերապրում էի զգացումներս: Կարդալուց հետո միտքս խաղաղվում էր, ինչ-որ թեթևություն էի զգում:
Ոչ միայն հառաջադիմություն չեր նկատվում դասերիս մեջ, այլև օրեցօր հետ էի գնում և ամեն անգամ վատ նիշեր ստանալիս՝ ստիպված էի լսել քարոզների մի ամբողջ շարք...
Հիշում եմ մի օր մեր դասղեկն ինձ մի կողմ տանելով՝ ակաջիս ֆշշացրեց.
-Քեզ ծեծելու եմ, շա՜տ վատ եմ ծեծելու...
Մի պահ աշխարհը պտտվեց գլխիս շուրջ: Հաստատ որոշեցի խելքս գլուխս հավաքել ու սովորել: Բայց, իզո՜ւր... բավական էր մենակ մնայի և նորից ինձ պարուրված զգայի անկատար երազներով ու անրջանքներով... Մենությանս հուսահատ պահերին, իմ միակ մխիթարությունը՝ երբևէ չուղարկված այդ երկու նամակներն էին: Խնամքով հանում էի դրանք գրքի արանքից, բացում էի երկյուղածությամբ ու կարդում կլանված ու երբեմն Աստծուն հասցեագրված նամակին հասնելուց՝ արցունքներս հոսում էին առատորեն... Հետո նորից խնամքով ծալում էի ու ամեն անգամ թաքցնում մի այլ գրքի արանքում կամ պայուսակիս գրպանում:
Տանը ինձ այնպես էի պահում, որ համոզված էի մայրիկս անտեղյակ էր իմ տվայտանքների մասին: Երևի նա պատկերացում անգամ չուներ ինձ խելագարության դուռը հասցնող հուսահատ սիրուս մասին: Չգիտեմ, ի՞նչ կպատահեր ինձ հետ, եթե չլինեին երկու նամակները: Սովորություն էի դարձրել դպրոցից տուն վերադարնալուն պես անցնել սենյակս ու նախքան մտքերիս ծովում դեգերելը՝ կարդալ ու կարդալ դրանք...
Մի օր հոգնած ու անտրամադիր տուն վերադարձա դպրոցից: Այդ օրը չեի հանդիպել նրան դպրոց գնալիս: Դասաժամը ինձ համար չարչարանք էր դարձել, իսկ դասամիջոցին աչքերով փնտրում էի նրան դպրոցի բակում: Նա չկար: Երևի հիվանդ էր կամ մի բան էր պատահել, կամ... հազար ու մի բան էր անցնում մտքովս... Փակվելով սենեակում՝ ձեռքս ակամայից գնաց պայուսակիս, որի գրպանում վերջին անգամ թաքցրել էի զույգ նամակները: Որոշակիորեն դրանց կարիքն էի զգում... Ուզում էի անտրամադրությունս վանել դրանց շնորհիվ ու թեթևանալ ինչպես միշտ... Սակայն նամակները այնտեղ չեին: Թեև համոզված էի, որ վերջին անգամ նամակները դրել էի պայուսակիս գրպանը, այդուհանդերձ, խուճապահար տակնուվրա արեցի գրասեղանս, նայեցի գրքերի արանքը, երևի հազար անգամ: Նույնիսկ խենթի նման սկսեցի փնտրել զգեստներիս գրպաններում և այնպիսի տեղերում, ուր երբևիցե դրանք այնտեղ չէի դրել... Նամակները չկային ու չկային... Ո՞ւմ ձեռքն էին ընկել այդ թղթի կտորները: Ումի՞ց հարցնեի: Ասեի՝ ին՞չ: Ասելու կարիք էլ չկար. նամակները ինքնին կմատնեին իմ սրտի նվիրական գաղտնիքը և կբացահայտվեր վատ նիշերիս բուն պատճառը... Որքա՜ն հիմար էի ես: Որքա՜ն անզգույշ քայլ էի արել՝ գրի առնելով այն ամենը, ինչ կար սրտիս մեջ... Անդադար նախատում էի ինձ, բայց հնարավոր հետևանքից ու սպասվող փոթորիկից վախ զգալու փոխարեն, զգում էի վրդովմունք, ափսոսանք, կորստի անսահման ցավ: Ճիշտ է՛ այնքան էի կարդացել այդ նամակները, որ համարյա անգիր գիտեի յուրաքանչյուր բառը, բայց մնչև օրս չեմ կարողանում հասկանալ, թե ինչ զորություն կար հենց այդ ծալծլված ու արդեն մաշված նամակների մեջ...
Սթափվեցի մայրիկիս ձայնից, որ կանչում էր ինձ ճաշելու: Վախվխելով անցա ճաշասենյակ: Աշխատում էի քողարկել շփոթմունքս ու անտարբեր ձևանալ: Ուտում էի զոռով ու միաժամանակ աչքի տակով խեթում էի մայրիկիս ամենափոքր շարժումը կամ դեմքի արտահայտությունը՝ մի բան հասկանալու հույսով: Բայց, թե՛ մայրիկիս և թե՛ մյուս տնեցիների խոսակցությունն ու վարքագիծը միանգամայն սովորական էր ու ոչ մի տարօրինակ բան չէր զգացվում... Երևի սխալվում էի՝ բարդացնելով իրավիճակը: Նորից վերադարձա իմ սենյակն ու այս անգամ ավելի հանգամանորեն փնտրեցի սենյակի բոլոր անկյունները: Հետք անգամ չկար կորած նամակներից...
Անցավ որոշ ժամանակ: Հիմա ինձ ավելի շատ մտահոգում էր այն հարցը, թե ո՞վ է գտել ու վերցրել նամակները: Համոզված էի, որ դրանք տանը պահված են ինչ-որ տեղ:
Գարնանային մի գեղեցիկ երեկո էր: Կանգնած սենյակիս բաց պատուհանի առջև՝ զվարճանում էի բնության գեղեցկություններով, երբ հանկարծ կողքի սեյսկիս լսեցի մայրիկիս ձայնը, որ խոսում էր քրոջս հետ.
-Ո՞վ է էդ Շանթ կոչեցյալը, ճանաչո՞ւմ ես իրեն...
-Հա, մեր դպրոցի միջնակարգի տղաներից է,- պատասխանեց քույրս:
Աշխարհը փուլ եկավ գլխիս: Ուրեմն մայրիկս տեղյակ էր այդ մասին: Ուրեմն նա էր գտել ու կարդացել չարաբաստիկ նամակները: Ուրեմն այդքան ժամանակ իմանալով հանդերձ՝ նա լռել էր: Բայց ինչո՞ւ... Ցնցվել էի թե նրա անունը լսելով և թե մայրիկիս տարօրինակ վերաբերմունքից: Ի՞նչ պիտի պատասխանեի, եթե այդ պահին մայրիկս ներս մտներ ու հարցուփորձ աներ: Արդյոք նա կհասկանա՞ր ինձ, իմ անսահման ու խորունկ սէ՞րը, թե՞ կհանդիմաներ ինձ... Բայց ոչինչ չպատահեց, և այդ հանգամանքը ավելի սաստկացրեց երկմտությունս:
Այդ դեպքից հետո, ակամայից սկսեցի ավելի լավ սովորել ու բարձր թվանշաններ ստանալ: Մտածում էի՝ այսպիսով քավել «հանցանքս» ու գոհացնել մայրիկիս՝ մոռացության տալու նրան նամակների պատճառած վրդովմունքը...
Այդ օրվանից, տան մեջ մենակ մնալիս, ձեռքից բաց չէի թողնում նամակները որոնելու և գտնելու առիթը: Ի վերջո, երկար փնտրուքներից հետո դրանք գտա մայրիկիս թղթերի մեջ... Ուրախությանս չափ չկար: Շնչասպառ դասավորեցի թղթերը, դրեցի պահարանի մեջ ու վազելով սենյակս՝ կարոտով բացեցի խունացած զույգ նամակներն ու սկսեցի կարդալ վերացած: Կարդացի ծանոթ տողերը նորից ու նորից, բայց ինչ-որ բան այն չէր... Չէի հավատում, որ այդ տողերի հեղինակը ես էի... «Ոչ, այլևս թույլ չեմ տա, որ մեկը գտնի սրանք ու հասու լինի սրտիս նվիրական գաղտնիքներին», - այս միտքը շամփրեց գիտակցությունս ու նայեցի շուրջս...
Քիչ անց ծնկներս գրկած, նստած հատակին՝ աչքերս հառել էի գետնին թափված իմ բազմաչարչար նամակների՞, թե՞ սրտիս մանր բեկորներին...
Հունվար, 2009