ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Սիրանույշ Օհանյան


SO44.jpg

Դովորդը հանգիստ քնած էր` գլուխը ոտքերով ծածկած, աչքերը բաց և ուշադիր` ինչպես միշտ: Հարկավոր էր զգոն լինել. ամեն պահ կարող էր պետք գալ իր օգնությունը: Շոշափուկներ հիշեցնող բազմաթիվ ոտքերը հանգիստ փարվել էին պստլիկ գլխին, և իրանը մեղմիկ օրորվում էր. Դովորդն արդեն զգում էր, որ այսօր իր օրն է: Մինչդեռ բույնը հանգիստ էր, ընդարձակ: Ոչինչ այնտեղ չէր հիշեցնում անցած անգամվա բուռն, հաճելի ցնցումների մասին, երբ ինքը` Դովորդը, լիուլի հատուցում ստացավ իր երկարատև անշարժության դիմաց: Ի՜նչ լավ էր: Քնած Դովորդի բազմաթիվ տոտիկները սկսեցին ցնցվել երջանիկ հուշերից: Բույնն աղոտ զգաց, որ թաքնված սպառնալիքն ասես աշխուժանում է: Սակայն բույնը չափից դուրս երջանիկ էր այսօր, չափից դուրս լայնարձակ ու ազատ: Նա նույնիսկ մտաբերել չէր ուզում ինչ-որ տեղ խորքում քուն մտած Դովորդի մասին, որն անցած անգամ առանձնապես անտանելի ու կպչուն գտնվեց: Դովորդն այսօր իսկապես այնքա՜ն փոքրամարմին էր երևում անսահման բնում, այնքա՜ն աննշան ու մանրիկ, որ կարելի էր մոռանալ նրա գոյության մասին ու հանգիստ լինել: Բույնն անխելք էր, չխրատվող. Դովորդը քաջ գիտեր դա: Նա արդեն չէր զարմանում այն հանգամանքից, որ բույնը ոչինչ չգիտի ինքն իր մասին, իր հրաշալի, կյանք պարգևող հատկությունների մասին. բույնը հաճելիորեն փոքրանում էր այն ժամանակ, երբ արթնանում էր ինքը` փոքրիկ, աննշան Դովորդը: Գալիս էր իր լիակատար իշխանության ժամը, երբ հնարավոր էր անշտապ, հանգիստ սողալ զարմանալիորեն կծկված ու հարմարավետ դարձած բնում` նրա` որտեղից-որտեղ հայտնված մութ պատերը խճճելով դովորդային հետագծի պայծառ ցանցում: Դովորդը սիրում էր զբոսնել: Եվ ի՞նչու ոչ: Նա մեծանում էր, հզորանում, միանգամից լցնում դատարկ, անպիտան ու սարսափելիորեն լայնատարած բույնն իրենով: Իր աճի հետ մեկտեղ փոքրանում էր բույնը, կծկվում, կուչ գալիս, և նրա պայծառ-լուսավոր, Դովորդի` մշտապես բաց աչքերը ցավեցնող կարծր պատերը մթնում էին, դառնում հաճելիորեն սև ու փխրուն: Դովորդը գիտեր, որ իր հզորանալու առեղծվածը խորհրդավոր ձևով կապված է բնի փոքրանալու կենսատու ունակության հետ: Ափսոս, որ չէր կարողանում կառավարելի դարձնել այն պահերը, երբ բույնն անհանգիստ ցնցվում էր ու արթնացնում իրեն` բաց, հիվանդոտ աչքերով քնած թույլ բնակչին: Դովորդը դառնում էր կախարդական բնի միակ տերը. նրան թվում էր, որ բույնը չունի որևէ այլ բնակիչ. թե ունենար` ինքը վաղուց կտեսներ դրանց: Թե ունենար` գուցե տրորեին-ճզմեին իրեն. ամեն դեպքում կկորցներ իր հուսալի մենիշխանությունը: Լավ է դովորդների համար. նրանց մշտատև բաց աչքերն ունակ չեն տեսնելու աշխարհը լցնող սքանչելիքները:
Բույնը երջանիկ էր, արբած: Նա ոչինչ չէր ցանկանում տեսնել, ոչինչ չէր ցանկանում լսել. նա փակել էր անտեսանելի աչքերն ու տրվել անապակ երջանկության մոլեգին հորձանքին: Պատերը, որ սովորաբար գոյություն ունեին որպես հարկադրած անհրաժեշտություն, որպես իր իսկ էությամբ պարտադրված հասանելի սահմաններ, հանկարծ անհետացել էին, ու բնի ողջ ներաշխարհը լցվել էր կապանքներից ազատվելու անկրկնելի բերկրանքով: Այս անգամ կար պատճառ, չնայած երբեմն հնարավոր էր լինում ազատության շունչն զգալ հենց այնպես, անառիթ, ինչպես տոթ կեսօրին չգիտես որտեղից բարձրացած զովն է զգացվում: Սակայն բույնն իրեն հաշիվ չէր տալիս ոչնչի համար: Նա պարզապես երջանիկ էր, որ ապրում է, շնչում, որ կա երջանիկ լինելու դիպված` որքան էլ անհեթեթ ու աննշան լինի այն: Դա կարող էր լինել վաղուց մոռացված ինչ-որ ծաղկի բույր, կարող էր լինել հանկարծ հայտնված գանգրասպիտակ ամպի մի փշուր կամ հարազատ ու ապրեցնող երաժշտության բռնկում. կարևոր չէ: Կարևորն այն է, որ բույնը կարողանում էր զգալ այդ ամենն ու անսահման երջանիկ ու ազատ լինել դրանով. մնացածը դատարկ բաներ են: Նրա գեղեցիկ, լուսավոր կենսատարածքը ծփում էր բազմագույն ծիածանի վառվռուն երանգներով, և լույսի մեջ անհետացած պատերը զգացնել չէին տալիս իրենց խոժոռ ծանրությունը: Այս ամենն արդեն անհանգստացնող էր. Դովոդը գալարվելով շուռումուռ եկավ: Նա, իհարկե, ոչ մի դեպքում չէր կարող արթնանալ, քանի դեռ մեծ, աննպաստ բույնը զզվելիորեն պայծառ էր, լուսավառ, ու ինքը դատապարտված էր պահպանել ոտքերով ծածկված զգույշ գլուխը: Պետք չէր հուսահատվել: Անէության պես անգործունյա քնի խորքում նա աղոտ, անգիտակցորեն զգում էր, որ այսօր հիշարժան օր է լինելու: Բայց դեռ չէր գիտակցում, դեռ չէր ազատվել, դեռ չուներ սողալու և գործելու ազատություն:
Բույնն անկաշկանդ երգում էր, և նրա երգի տակ էլ ավելի անթափանց ու խորն էր դառնում Դովորդի քունը: Կարելի էր կարծել, որ սքանչելի երգը մի սպասված օր ընդմիշտ է քնեցնելու կրծողի անհագ ատամներով զինված, հազարոտնուկի պես վանելի Դովորդին, սակայն հազվագյուտ անկեղծ մտածողության պահերին երկուսն էլ հստակ հասկանում էին, որ չեն կարող ապրել իրարից անջատ:
Դովորդը ցնցվեց ու արթնացավ խորը, հարկադրված ու անհրաժեշտ քնից: Բույնը ցնցվեց ու զգաց, թե ինչպես հանկարծակի հայտնված ծանր պատերը խեղդեցին արձակ տարածության ազատությունը: Բույնը, ինչպես միշտ, չհասկացավ կտրուկ փոփոխության պատճառը, Դովորդն, ինչպես միշտ չհասկացավ իր արթնացումի հրաշալի շարժառիթը: Երկուսն էլ համոզված էին, որ մեղավորը մյուսն է, երկուսն էլ չէին ցանկանում նայել ավելի խորն ու քննել հավանական, անտեսանելի ու դժվար որսալի պատճառները: Պատճառներն ունեին իրենց արմատները. արմատները ձգվում էին հեռու, հեռու. դուրս բնի մաշված սահմաններից ու Դովորդի տեսահորիզոնից. Դովորդը միայն գիտեր, որ իր գոյությամբ պարտական է այդ առեղծվածային արմատներին, իսկ բույնն ընդամենը հասկանում էր, որ արմատները, թերևս, հնարավոր չէ վերացնել, որովհետև դրանք ունեն ժամանակի մեջ թաղված իրենց սկզբնաղբյուրը: Ինչ որ է:
Բույնը մթնեց: Խավարը սկսեց երգել իր երգերը: Պատերը հաստացան, սևացան. նրանք դանդաղորեն, սպանիչ անտարբերությամբ սեղմում էին բնի երբեմնի ընդարձակ տարածությունում բանտված օդը: Դովորդն արթնացավ ծանր, ժամանակավոր քնից, ձգեց, ապա թափահարեց կպչուն, թունավոր շոշոփուկները, ուրախ շուրջը նայեց. բույնը դանդաղորեն նեղանում էր: Մինչ շնչասպառ լինող օդը կխեղդվեր անազատության անզորությունից, Դովորդն անշտապ թափահարեց հետզհետե մեծացող իրանը, կայծակի պես թռավ-փակչեց մոտակա պատին, գրկեց նրան իր կպչուն շոշափուկներով ու սկսեց հանդարտ սողալ. միևնույն ժամանակ զգում էր, թե ինչպես է վհատորեն կուչուձիգ գալիս վերջապես հարազատ դարձած բույնը, ինչպես է մեծանում իր` Դովորդի նուրբ, սննդի կարոտ բազմահոգ մարմինը: Դովորդը սկսեց կրծել այժմ արդեն ողջ բույնը կազմող փխրուն, համեղ պատերը. պատերն անզորությունից լալիս էին, իսկ սովահար ճիճուն սուր ատամներով հոշոտում էր մթամած հոգու նրբահյուս լարերը:

 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)