ՍԽԱԼՄՈՒՆՔ
Սիրանույշ Օհանյան
Ամենուր անթափանց խավար էր: Հնարավոր չէր հասկանալ` վանդակում է, թե անսահմանորեն արձակ տարածությունում: Վախ ազդելու չափ տարօրինակ զգացողություն` միագույն խավարի մեջ զանազանում էր խավարագույն, անհասկանալի, սակայն որոշակի ձև ունեցող արձանացած կերպարներ: Խավարը շարունակ փոփոխում էր գույները. սկզբում ամեն ինչ մոխրագույն էր, ապա, ասես թանձրանալով` սևացավ, հետո մեկեն դարձավ շլացուցիչ սպիտակ ու սկսեց բոցկլտալ ծիածանի բոլոր գույներով: Թվում էր, թե խավար-տարածությունը վառվում է` լափելով ինքն իրեն: Խավարում արձանացած կերպարները, իրենց գույնով խավարից չզատվելով, սպառնալիորեն նայում էին` դանդաղորեն այրվելով: Նրանց մոխիրն էլ խավարի գույն ուներ: Խավար-խարույկը այրում էր ինքն իրեն, տարածությանը և արձանացած կուռքերին: Կուռքեր որոնողը սարսափահար գոռաց ու բացեց աչքերը: Մղձավանջ էր:
Կեսգիշեր էր: Շուրջը մութ էր ու անթափանց` երազի խավարի պես: Կուռքեր որոնողը դեռ անշարժ պառկած էր. նրա ծանր շնչառության ձայնը վախեցնում էր իրեն, ասես դա ինքը չէր, այլ` դաժան երազում գտնվող ինչ-որ մեկը: Սենյակի պատերը լուծվել էին ձմռան աներկինք գիշերվա խավարում, ու կուռքեր որոնողին թվում էր, թե պառկած է անկշռելիության մեջ, վիթխարի ու սև տիեզերքի չնչին մի հատվածում, փոշեհատիկից էլ փոքր ու արհամարհելի: Կուռքեր որոնողը կծկվեց հուսահատության ճնշող զգացումից: Հիշեց նախորդ կեսօրվա անսովոր ապրումը. քայլում էր մարդաշատ փողոցով` նայելով մայթեզրերով ձգվող հարյուրամյա հսկա, սլացիկ ծառերին, ու հանկարծ պատկերացրեց, որ դիտում է աշխարհը վերևից, անսահմանորեն բարձր տիեզերքից. պտտվող հսկայական գնդի վրա վխտացող բազմաթիվ մանրիկ, մշտապես շտապող դանդաղաշարժ արարածներ, որոնք երևակայում են, թե կարող են դատողություններ անել իրենցից վեր բաների մասին: Ինքն էլ մեկն է այդ փոքրիկ, անինքնաճանաչ արարածներից. նրանց պես անհասկացող ու ինքնահավան, նրանց պես տկար ու մեծամիտ: Կուռքեր որոնողը զայրացավ իր էության մեջ ապրող վհատ մտքերի չճանաչված հեղինակի վրա: Դժվար, դժվար է ապրել`խորագիտակ հոգում կրելով մեկից ավելի իրարամերժ արարածներ, որոնք շարունակ ինչ-որ բան են քննարկում` վիճելով ու ուշադրություն չդարձնելով իր` կուռքեր որոնողի հուսահատ ջանքերի վրա` խաղաղություն հաստատել այնտեղ, որտեղ անդադար պայքարն է կյանքի գոյության շարժառիթը:
Լուսանում էր: Խավարն աստիճանաբար տեղի էր տալիս. մեծ աշխարհի բազմաթիվ իրերն ու երևույթները վերստանում էին իրենց գույները, որոնց տիրում են ցերեկվա լույսով: Կուռքեր որոնողը ծուլանում էր: Անհրաժեշտ էր վերագտնել ոգու աշխույժն ու բռնել հերթական որոնումի ճամփան: Գիշերվա անհեթեթ թվացող երազը գուցե ճշմարտության նշույլն է կրում իր մեջ, գուցե դա զգուշացում է, որը չի կարելի անտեսել: Կուռքեր որոնողը դողաց վերահաս կորուստների մասին մտքից: Ո՛չ, ո՛չ: Առանց այդ էլ չափազանց դաժան է վարվում ապագան իր հետ` շարունակ բերելով նորանոր կործանումներ: Ընդամենը մի քանի օր առաջ ինքը կորցրել էր իր գտած վերջին կուռքին, որն անհաղթելի էր թվում: Կուռքեր որոնողը փշաքաղվեց սարսափից: Աչքերի առջև կրկին պատկերվեց անմարդկային տեսարանը: Ձեռքերով ծածկեց վախեցած հայացքը, բայց ապարդյուն. երևակայությանը չես կարող արգելք հանդիսանալ: Մինչդեռ վերջին կուռքի կործանման տեսարանը շարունակում էր համառորեն իրեն նայել: Կուռքեր որոնողը դադարեցրեց անօգուտ պայքարն ու ակամա սկսեց դիտել քմահաճ հիշողության սարսափելի շարժանկարը. կանգնած է ինքը` կուռքեր որոնողը, իր հզոր ու անպարտելի վերջին կուռքի առաջ, հմայված նրա զորությամբ ու իմաստնությամբ, ձեռքերը պարզած դեպի նա: Ցանկանում էր, որ Մեծ կուռքը թևեր տա իրեն: Արդեն վստահ էր, որ մոտ է նվիրական երազանքի իրագործմանը. ակնթարթ էր անհրաժեշտ, որ Մեծ կուռքը նոր ոգով օծեր իրեն: Եվ Մեծ կուռքը ցնցվեց, ապա օրորվեց տեղում. նրա սրբատաշ իրանը նմանվեց կայծակների հետագծերով նախշված երկնքի: Կուռքեր որոնողը, անմիտ երջանկության ժպիտը դեմքին, չհասցրեց նույնիսկ ըմբռնել պահը, երբ վերջին կուռքը ճարճատյունով փուլ եկավ` բեկորների տակ թաղելով իր նվիրյալ երկրպագուին:
Կուռքեր որոնողը փշաքաղվեց, սակայն շարունակեց քայլել հիշողության հետքերով: Ինքը օրեր թաղված մնաց վերջին կուռքի բեկորների ու փոշու հաստ շերտի տակ: Հավատացրեց ինքն իրեն, թե սա է վերջը, սա է անդրշիրիմյան կյանքը, և ավելի հաճելի էր սեփական սուտին հավատալ, քան գիտակցել, որ ամեն ինչ կրկնվում է, ամեն ինչ կրկնվեց նորից. հազիվ վերստին ձեռք բերած, հազիվ մոտ երազելի նպատակին` տապալվեց հերթական վերջին կուռքն ու թաղեց իրեն իր փլատակների տակ: Կուռքեր որոնողը չէր ցանկանում վերադառնալ խաբուսիկ կյանքին:
Ժամանակն անտարբեր շարունակում էր իր ընթացքը: Մարմինն ապրել էր ուզում, և կուռքեր որոնողի դատարկված հոգին չկարողացավ երկար պայքարել թևերի կարևորությունը չգիտակցող մարմնի դեմ: Մոխրից սևացած մարմնով ու հոգով դուրս սողաց վերջին կուռքի փլատակների տակից, թոթափեց երբեմնի սրբազան աճյունի մնացորդներն իր վրայից և սկսեց նոր կուռքի ջանադիր որոնումները:
Կուռքեր որոնողը փորձեց կտրել հիշողության թելը: Հասկանում էր` ինքը ոչնչով մեղավոր չէ, որ չի կարողանում ապրել դատարկ հոգով: Որքան էր կշտամբել ու անիծել ինքն իրեն մյուսներից տարբեր լինելու համար: Միևնույնն է` շարունակում էր համառ, հաճախ ապարդյուն որոնումները, որոնք մշտապես ավարտվում էին դառը ողբերգությամբ, իսկ իրեն մնում էր ողբալ ավերակ կռատներում: Վաղուց էր հասկացել, որ սեփական էության դեմ պայքարը միշտ իր պարտությամբ է ավարտվելու, վաղուց էր հասկացել, որ չի կարող ապրել առանց այդ պայքարի: Հաճախ մտածում էր, որ եթե չլինեին կուռքեր, ինքը կստեղծեր դրանց` իր իսկ պահանջը բավարարելու համար: Բայց կուռքերը կային, ու իր համար ավելի հեշտ էր դրանց հայտնաբերելը: Եվ հետո, որքան էլ դաժան լիներ հերթական կուռքի կորուստի ցավը, իր իսկ ստեղծածի կործանումն ավելի դառը կլիներ: Մահացու կլիներ:
Կուռքեր որոնողը ցնցվեց, թափահարեց գլուխը` ասես կամենալով թոթափել ծանր, անտանելի մտքերը, ապա վեր կացավ անկողնուց: Արևը ծագում էր. նրա առաջին շողերը ջերմորեն շոյեցին կուռքեր որոնողի տխրամած դեմքը: Կուռքեր որոնողը պայծառություն զգաց, թեթևացած հոգին ժպիտով արձագանքեց արեգակի սիրառատ գգվանքներին: Արևը խրախուսանքով հիշեցրեց նոր օրվա խնդիրը` մոռանալ անհեթեթ երազն ու բռնել նոր կուռքի որոնման տանջալից ճամփան: Կուռքեր որոնողը վերցրեց ճամփորդական պայուսակն ու գավազանը և ճամփա ընկավ:
Կուռքեր որոնողը հայտնաբերում էր նոր կուռքեր, կառուցում նոր կռատներ, ականատես լինում հերթական կուռքի անդառնալի կործանմանը: Մշտապես դատարկ հոգին, որը կարճ ժամանակով լցվում էր նոր հույսերով, ապա կրկին զրկվում հերթական փխրուն բնակչից, տոչորվում էր կուռք ունենալու այրող ծարավից: Կուռքեր որոնողի տիրակարոտ հոգին սպասում էր նրան, ով կգար ու կտիրեր իրեն, կհատատվեր որպես անխորտակելի սրբություն, որպես կյանքի իմաստ ու նպատակ: Գալիս էր նոր կուռքը, թվում էր հզոր ու անհաղթելի, հաստատվում էր կուռքեր որոնողի երջանկացած հոգում, խոստանում հավիտենություն և թռիչք: Կուռքեր որոնողի հոգին լցվում էր հույսով ու երջանկությամբ, համակվում նոր տենչերով ու երազներով, տարածում ձեռքերը դեպի նոր կուռքի ահեղ, զանգվածեղ արձանը` ծանրությամբ բազմած այնտեղ, ուր սրբարանն է հիմնադրվում: Կուռքի անխոս արձանը անքթիթ նայում էր կուռքեր որոնողին, թվում ամենակարող ու անպարտելի, ապա անհասկանալիորեն փշուր-փշուր լինում մի ակնթարթում` թաղելով կուռքեր որոնողին իր ծանր, կործանարար բեկորների տակ: Կուռքեր որոնողը հանձնվում էր մշտանորոգ վհատությանը, ցավով ապրում փոշու ու փլատակների անկյանք կույտի տակ. օրեր անց դուրս էր սողում ու վերսկսում որոնումները` հետապնդվելով խավարագույն երազի հոգեմաշ մղձավանջից: Ամեն ինչ կրկնվում էր նորից: Կուռքեր որոնողը չէր հասկանում, թե ինչն է իր ձախորդության բուն պատճառը, թե ինչու են կործանվում իր հոգու տիրակալները: Ժամանակի հետ հաճախակի սկսեց կռվել նորահայտ մտքի հետ. կգա վերջին և ամենաանարժան կուռքը, ու ինքը կմնա նրա փլատակների տակ: Կուռքեր որոնողը սկսեց վախենալ գալիք ժամանակներից: Երազը շարունակում էր սպառնալ խարույկի դատաստանով: Կուռքեր որոնողը չէր հասկանում, թե որն է իր սխալը:
Երբ վերջին կուռքի փլատակներում կործանված կուռքեր որոնողի մաշված հոգին թափանցեց այնտեղ, ուր այդպես էլ չկարողացավ հասնել կենդանության օրոք, կրկին տեսավ միևնույն երազն ու ապրեց իր գտած բոլոր կուռքերի կործանումը: Եվ կուռքեր որոնողը հասկացավ, որ ինքը կո՛ւռք չէ, որ պետք է որոներ:

