فارسي

ՄԻ ԱՌԱՎՈՏ

  |  


Սիրանույշ Օհանյան

Արթնացա սովորականից ավելի առօրեական մի զգացումով: Զարմանալիորեն հանգիստ էի քնել գիշերը, աներազ. մի բան, որ վերջերս ավելի հաճախ էր պատահում: «Հավանաբար, կյանքս հունի մեջ է ընկնում արդեն»,- անտարբերությամբ մտածեցի: Ժամացույցն անտարբեր իր սլաքներն էր առաջ տանում: Վեր կացա, հագնվեցի: Ախորժակով մտածեցի սառնարանում իրենց վախճանին սպասող խաղողի ու երշիկի մասին: Հաճույքով ձգվեցի ողջ մարմնով` տարածելով թևերս և մտածելով ցնցումներից ապահովագրված կյանքի մասին: Քթիս տակ ինչ-որ անորոշ երգ երգելով մտա բաղնիք, ատամներս խոզանակելով վերադարձա ննջասենյակ: Մոտեցա լուսամուտին, մի կողմ քաշեցի վարագույրը և բարևելու հանգույն ժպտալով` նայեցի երկնքին: Պայծառ առավոտ էր` կյանքիս հազարավոր առավոտներից մեկը: Հետո, սովորությանը հնազանդ, նայեցի դիմացս: Մեխանիկորեն շարունակեցի խոզանակել` չզգալով քերծված լնդերս մրմռացնող ցավը: Լեռը չկար: Վախեցա: Վախի, ապշանքի, քնից նոր արթնացածի ճնշող ապրումներից հիմարացած` շարունակում էի խոզանակել ատամներս և լնդերս: Հետո, վերջապես հասկանալով, որ ինչ-որ բան այն չէ, կարմրած խոզանակը դրեցի լուսամուտագոգին` շարունակելով նայել դիմացս: Լեռն իսկապես չկար:
Մտքովս անցավ, որ ամպամած օր է. նայեցի երկնքին և հիշեցի, որ մի քանի վայրկյան առաջ պայծառ առավոտ էր: Եվ իսկապես. պայծառ առավոտ էր: Երազ չէր: Խղճացի ինքս ինձ` կրկին նայելով դիմացս: «Չէի սպասում, որ քեզ հետ էլ այսպիսի բան կպատահեր», - ասացի: Մտածում էի, որ խենթացել եմ: Կեղծ հույսի փրփուրներից կառչած` մտածեցի, որ րոպեական խենթացում է: Ապա հասկացա, որ դա ոչնչով մխիթարական չէ: Նորից նայեցի դիմացս. լեռը դեռ չկար: Ստիպված շարունակեցի նայել լեռան թողած դատարկությանը: «Հիմա ի՞նչ եմ անելու»,- մտածեցի: Մտքովս անցավ հագնվել ու իջնել բակ. գուցե պատահմամբ տեսնեի հարևաններից որևէ մեկին ու առաջարկեի միասին բարձրանալ բնակարանս` անհետացած լեռան կողմը մի հայացք գցելու համար: Փոշմանեցի: Վախս սաստկացավ. պատկերացրեցի, որ հարևաններս ինձ ուղիղ գժանոց կուղեկցեն` չմոռանալով կարեկցորեն օրորել մեծ, բազմազբաղ գլուխները: Հուսահատությունից ցանկացա արտասվել. լացս չէր գալիս: «Ի՞նչ անեմ»,- մտածեցի: Շարունակում էի նայել այնտեղ, ուր վերջին անգամ տեսել էի լեռանը: «Վերադարձի՛ր»,- մտովի գոռացի: Հետո հասկացա, որ իսկապես սկսում եմ խենթանալ` կանչելով անհետացած լեռանը: Նստեցի հատակին: Այլևս չէի կարողանում նայել կորած լեռան կողմը:
Տատս պատմում էր, թե անտանելիորեն անսովոր երևակայություն եմ ունեցել: Չգիտեմ` ինչն էր դրդում նրան այդպես արտահայտվել. մանկությունիցս գրեթե ոչինչ չեմ հիշում: Դրան հակառակ, կարող եմ ասել, որ հիմա էլ երևակայությունս անտանելորեն ինքնագլուխ է. ինձանից անկախ` մշտապես հորինել եմ անհեթեթ կամ ողբերգական իրավիճակներ ու մտածել, թե ինչերի եմ ընդունակ նման պահերին: Հիշեցի, որ կորուստի, ողբերգականություն ներշնչող երևակայական իրավիճակներում սովորաբար ապավինել խմիչքին և թմրանյութերին` իրական կյանքում անտարբեր լինելով դրանց հանդեպ: Տհաճություն զգացի. թվաց, թե աշխարհում ոչինչ չի կարող նպաստել, որ մոռանամ կամ չեղյալ հայտարարեմ կորուսյալ լեռանը: Բավականին անսովոր իրավիճակ էր: Փորձեցի վեր կենալ, նայել լուսամուտից, հետո, ծնկներս դեռ ինչպես հարկն է չծալած` արագորեն նստեցի հատակին: Անընդունելի էր միտքն այն մասին, որ վերստին կտեսնեմ լեռանը` ասես երբեք չի հեռացել այդտեղից: Անընդունելի էր միտքն այն մասին, որ վերստին չեմ տեսնի լեռանը` հանգրվանած իր ողջ շուքով ու անշարժությամբ: Այն մասին, որ կարող էի տեսնել անճանաչելիորեն ձևափոխված լեռանը կամ օտար մի լեռ, չմտածեցի. երևակայությունս չհերիքեց: Էլ չէի վախենում, որ խելագարվել եմ. հանկարծ մտքովս անցավ, որ խելագարվել եմ, թե ոչ` կարևոր չէ: Կարևորն այն էր, որ լեռը չկար, կամ ինձ թվաց, թե չկար. ամեն դեպքում, ես ի զորու էի հանգիստ, անշտապ տրամաբանել ու վերհիշել: Այս մտքով խաբելով ինքս ինձ` սրտի թրթիռով կանգնեցի ծնկներիս, վիզս ձգելով` նայեցի լուսամուտից դուրս. լեռն առաջվա պես չկար: Անուժ` պառկեցի հատակին: «Լավ է, առաստաղն իր տեղում է»,- հայտնեցի ինձ: Ապա հասկացա, որ ոչինչ, ոչինչ չի արդարացնում ու չի մեղմացնում կատարվածը: Հետո ի՞նչ, որ առաստաղն իր տեղում է, որ պատերն իրենց տեղում են: Լե՛ռը չկա:
Քաղց զգացի: Ալարում էի վեր կենալ. բացի այդ, չնայած քաղցիս, զզվանքով մտածեցի ուտելիքի մասին: «Հիմա ի՞նչ եմ անելու»,- կրկին մտածեցի: Ուղեղս էլ չէր աշխատում: Ափսոս, չէի կարող նորից քնել: «Միգուցե իջնեմ խանութ, ոգելից խմիչք առնեմ».- սակայն այս մտքին զուգընթաց` կրկին զզվանք զգացի որևէ ուտելիքի կամ խմելիքի հանդեպ: Կանգնեցի և սրտի դողով նորից նայեցի բացակա լեռանը. ես զգում էի լեռան թողած դատարկության լեռնային ծանրությունը: Հետո, կրկին անիմաստ հույսով տարված, երևակայեցի, որ լեռանը ետ բերելու համար անհրաժեշտ է կանգնել ու ողջ կյանքի ընթացքում նայել նրա լքած վայրին: Նման զոհողության ես ունակ չէի հաստատ. ողջ կյանքս կանգնել ու նայել լուսամուտից դուրս: Ո՛չ, այս տարբերակով չես վերադարձնի նրան:
Գուցե քարերո՞վ փակեմ պարուհանը,- առաջարկեցի: Հնարավոր է, որ լեռը չի երևում միայն այս լուսամուտից, և դժբախտությունը վերացնելու համար հարկավոր է վերացնել լուսամուտը: Այս միքտն ավելի խճճեց ամեն ինչ: Ի՞նչու լեռը չի երևում միայն իմ լուսամուտից: Իսկ գուցե ինձ համար է դադարել այն երևալ: Առանց կողմնակի օգնության չէի կարող պարզել, և ոչ ոքի օգնությանը չէի դիմի պարզելու համար: Լավ, ասենք թե պարզեցի ինչ-որ բան. մի՞թե դա չեղյալ է դարձնում կատարվածը: Ակնհայտորեն, խնդիրը վերաբերում էր միայն ու միայն ինձ ու լեռանը: Նույնիսկ եթե այն անհետացել է տիեզերքի ու աշխարհի աչքից ևս. իմ խնդիրը միայն ես պետք է լուծեմ: Ինչպես եթե քաղցած եմ` նշանակություն չունի, որ շատերն են քաղցած կամ շատերն են կուշտ, կամ կարող եմ սնվել շատերի հետ միաժամանակ. քաղցս հագեցնելը իմ առանձնահատուկ խնդիրն է: Կարող են ասել, որ իմ քաղցած լինելը միայն ինձ է վերաբերում և չի կարող համեմատվել լեռան անհետանալու փաստի հետ, ինչն ամենքին է վերաբերում: Չնայած, ինձ չի հետաքրքրում, թե ինչ կարող են ասել, որովհետև հանկարծ հասկացա. լեռը (կամ լեռանը անհետացնողը) փորձում է ինձ: Այս մտքից որոշ թեթևություն զգացի. ուրեմն կարելի էր կատարվածը քննարկել որպես առօրեական խնդիր: Թեթևության զգացումս տհաճություն պատճառեց, որովհետև դրանից խնդիրը չթեթևացավ: Եվ առհասարակ, լեռան անհետացումը սովորական խնդիր չէ՛:
Մի՛ վիճեք, խնդրում եմ: Դա չի՛ փրկի մեզ:
Զարմացած նկատեցի, որ վերսկսել եմ զրուցել ինքս ինձ հետ. վաղուց էի դադարել միայնակիս սովորությունները: «Լավ, ի՞նչ անեմ»,- հարցրեցի ինձ: «Ի՞նչ»,- կրկնեցի, թե՞ պատասխանեցի: Նկատեցի, որ այս ամբողջ ընթացքում հայացքս չէի կտրել լեռան անհետացման վայրից. սկսեցի մտածել, որ լեռը չի անհետացել: Լեռը պարզապես փոխել է իր տեսքը. անտեսանելի է դարձել: Սակայն գիտությունը հաստատում է, որ անտեսանելի ոչինչ չկա. մարդկային աչքն է անընկալ պարզապես: «Ի՞նչով կարելի է վերահայտնաբերել լեռանը»,- հարցրեցի: Հիշեցի, որ առաջներում մարդիկ երրորդ աչք են ունեցել. գուցե ա՞յդ աչքով: Կամ X-ճառագայթներով: Կամ քիմիական միջոցներով: Մի որևէ կերպ: Անհետացած լեռան բացակա հայացքը ճնշում էր ինձ: «Իսկ լեռան հայացքը ի՞նչպես կարելի է հայտնաբերել»: Սակայն, եթե ես զգում եմ այդ հայացքի ազդեցությունը, ուրեմն արդեն այն հայտնաբերված է: Հայացքի ազդեցությունը զգում եմ. հետևաբար զգում եմ լեռան ազդեցությունը նաև. հետևաբար լեռը հայտնաբերված է: Կարծես թե խնդիրը լուծվեց:
Իրականում խնդիրն ավելի խճճված դարձավ: Ի՞նչ է նշանակում. լեռը կա, ես զգում եմ նրա հայացքը, ես զգում եմ նրան, ես տեսնում եմ նրա գտնվելու վայրը, ես չեմ տեսնում նրան: Եվ սա էլ մի կողմ. ի՞նչ է նշանակում. լեռը միշտ կար, բայց հանկարծ չի երևում: Ես լսել եմ իմ տատերից, որ այդ լեռն ու ժամանակը միասին են ստեղծվել, այսինքն` լեռը հին է աշխարհից, հին է տիեզերքի չափ: Ես ամեն գիշեր տեսել եմ, թե ինչպես է լեռանը դանդաղորեն թագադրում Կենդանակերպի իշխող համաստեղությունը. այս լեռը միակն է, ում գագաթից և ստորոտից կլոր տարին կարելի է տեսնել Տասներկուսի ամբողջական շքերթը: Ես հիշում եմ, որ նույնիսկ հեքիաթ եմ կարդացել այն մասին, իբր Արեգակին ճամփա ցույց տվող տասներկու համաստեղությունները ստեղծել են լեռան ստորոտում ապրած առաջին մարդիկ: Կարճ ասած` լեռն առանձնահատուկ է իր բնույթով ու գտնվելու (ավելի ճիշտ` անհետանալու) վայրով, բայց դա հո՞ չի նշանակում, որ մի սովորական օր այն պետք է անհետանա: Ես լսել եմ նույնիսկ, որ այդ լեռը եղել է աշխարհի մայրը. համենայն դեպս, այդպես կոչել են նրան, և որ աստվածներն արգելել են խաթարել նրա գագաթի նախաստեղծ մաքրությունը: Աստվածներին արգելքին, իհարկե, ոչ ոք չի հնազանդվում մեր օրերում. ես ինքս էլ հնարավորության դեպքում կփորձեի մագլցել լեռը` առանց սրբապղծությունից վախենալու. ո՞վ կարող է հավատալ հեքիաթներին մեր ժամանակներում: Բայց այս բոլորը չեն արդարացնում անհետացած լեռանը կամ լեռան անհետանալը: Այս ամենը դուրս է սովորականից և դատապարտելի է: Ես չեմ հասկանում լեռանը:
Հասկացա, որ սկսել եմ լեռան մասին մտածել` ինչպես կենդանի էակի. այս միտքն անախորժություն պատճառեց ինձ: «Գուցե ողջ խնդիրն ինձանում է»,- մտածեցի: «Գուցե իսկապես խելագարվել եմ, և լեռանն էլ ոչինչ չի պատահել. ես եմ ինձանից հորինում»: Հանկարծ մեկ ուրիշ, ավելի շշմեցուցիչ միտք հարվածեց ինձ. իսկ գուցե ոչ մի լեռ էլ չկա՞ իրականում: Հնարավո՞ր է, որ ես վաղուց եմ խելագարվել, և ամեն ինչ իմ հիվանդ ուղեղի զառացանքն է. տատերիս հեքիաթները, լեռան առասպելական շնորհները, տասներկու համաստեղությունների և Արեգակի կանոնակարգված ընթացքը, լեռան երևումն ու անհետացումը: Ո՞վ կասի: Ի՞նչպես ճշտել` լեռը գոյություն ունի՞, թե՞... Սակայն ի՞նչ է նշանակում, թե լեռը գոյություն ունի: Եթե ինձանից բացի մեկ ուրիշն էլ է տեսել նրան, դա չի կարող նշանակել, որ լեռը գոյություն ունի: Եթե նույնիսկ ողջ մարդկությունն է տեսել նրան, ոչինչ չի նշանակում: Եվ եթե ես հիմա չեմ տեսնում լեռանը, մի՞թե դա նշանոկում է, որ այն անհետացել է կամ որ եղել է:
Ոչ, այսպես չի լինի: Զգում եմ, որ խախտվում է մտքերիս տրամաբանական ընթացքը: Լե՛ռն է պատճառը. համոզված եմ: Լեռան գոյությունը կամ չգոյությունը. կարևոր չէ: Իմ մեջ ապրող լեռան տեսիլն է պատճառը, իսկ լեռը կա, թե՞ ոչ` երկրորդական հարց է:
Ուրեմն, նոր մի խնդիր է առաջանում. ի՞նչու հատկապես ես ու լեռը: Ինչու լեռը (կամ լեռանը անհետացնողը) ինձ ընտրեց: Ես չե՛մ ցանկանում ընտրյալ լինել, ես չե՛մ ցանկանում տարբերվել: Ինձ պե՛տք չէ: Բայց այս ո՞ւմ եմ դիմում: Ի՞նչ անեմ:
Հանգիստ: Հանգի՛ստ: Առանց խուճապի: Կարևորը սառնասրտությունը պահպանելն է: Նորից նայեցի այն վայրին, որտեղ վերջին անգամ տեսել էի անհետացած լեռանը: Դատարկ էր: Հանկարծ մտածեցի. ի՞նչ կլիներ, եթե աշխարհը գլխիվայր շուռ գար: Պետք է որ լեռն էլ գլխիվայր շուռ գար` անցներ գետնի տակ: Լեռը կա, սակայն գետնի տակ է և գլխիվայր է:
Բայց ո՛չ: Եթե ողջ աշխարհը գլխիվայր շուռ գար, ես ոչինչ չպետք է զգայի, չնայած ինքս էլ կդառնայի գլխիվայր շուռ տված: Իսկ եթե միայն լեռն է գլխիվայր շուռ եկել, կրկին նույն հարցն է առաջանում. ի՞նչու հատկապես ես, ի՞նչու հատկապես այս լեռը: Զգում եմ, որ դոփում եմ տեղում` ավելի ու ավելի կորցնելով մտածողությանս հստակությունը: Ինքս ինձ առաջարկեցի մի բան ուտել կամ խմել, չնայած չէի կարողանում երևակայել, որ այսուհետ կկարողանամ որևէ բան ուտել: Մի անգամ էլ նայեցի լուսամուտից և քայլեցի դռան կողմը: Հանկարծ աչքս ընկավ լուսամուտին հանդիպակաց պատի խոռոչին` փորված մահճակալիս գլխավերևում: Մի ժամանակ, լսել եմ, տատս այդ խոռոչում է պահել իր տատերի սրբությունները: Մեռնելիս պատվիրել է, որ հենց իմ մահճակալը դնեն այդ պատի տակ. այն ժամանակ, ասում են, ես դեռ օրորոցում էի քնում, չնայած վաղուց էի դուրս եկել այդ տարիքից: Բավականին տարօրինակ երեխա եմ եղել: Տատս, իբր, ասել է, որ այդտեղ պահված է իր վերջին մեկնությունը. նա գուշակի պես մի բանի համբավ է ունեցել: Նա խստորեն պատվիրել է, որ ոչ ոք չհամարձակվի ժամանակից շուտ բացել այն, իսկ ժամանակը երբ գա` արդեն պետք չի լինի. իբր այսպիսի բաներ է ասել: Խոռոչը երբեք էլ փակ չի եղել, սակայն շատ խորն էր. նոր միայն զարմացա` մտածելով պատի անսովոր հաստության մասին: Երբեք չէի անդրադարձել մահճակալիս գտնվելու վայրին կամ մարգարեական տեսիլքներով ինքն իրեն ոգևորող տատիս տարօրինակություններին. պարզապես ինձ արտակարգ լավ էի զգացել լուսամուտին հանդիպակաց այդ պատի տակ քնելով:
Ցատկեցի թափթփված, արդեն պաղած անկողնուս վրա, ծնկեցի պատի դիմաց: Առանց երկմտելու` ձեռքս մեկնեցի խոռոչի մթությանն ընդառաջ: Այն ժամանակ չհասկացա, ինձ հաշիվ չտվեցի, թե ինչու այդպես վարվեցի: Հիմա գիտեմ, որ տատս հուշեց:
Մարմինս սարսռացնելով` մի պստիկ սարդ վազեց բազուկիս վրայով: Փչեցի, թռցրեցի` ձեռքս միաժամանակ ինչ-որ տաքության հանդիպեց: Շոշափելով ճանկեցի և դուրս քաշեցի: Ու՜ուֆ: Լա՛վ պրծանք: Շրջվեցի` հայացքս չկտրելով գտածոյից: Գիրք էր` անճանաչելիորեն փոշեծածկ: Թեթևացած և տարակուսած` բարձրացրեցի հայացքս` մոռացած կատարվածը, և սովորության բերումով լուսամուտից դուրս նայեցի: Այն, ինչ տեսա, միանգամից չհասավ գիտակցությանս, սակայն ակնթարթի անսահման փոքր ժամանակահատված անց շամփրեց ողջ էությունս: Լեռը վերադարձել էր:
Չնկատելով, որ ձեռքումս ամուր բռնել եմ մարդկային մարմնի պես հաճելի ջերմություն ունեցող փոշեթաթախ գիրքը, նետվեցի լուսամուտի մոտ: Լայն բացեցի փեղկերն ու քիչ մնաց դեպի լեռը նետվեի: Լեռը վերադարձել էր: Ասես չէր էլ հեռացել:
Բայց ի՞նչպես: Ի՞նչպես եղավ, որ մի կարճ պահ շեղվեց միտքս, ու նա եկավ: Հիշեցի, որ ուտելու ինքնահարկադրանքով շրջվել էի դռան կողմը, սակայն աչքի պոչով նկատել պատի հնամենի խոռոչն ու գիրք հայտնաբերել այնտեղից: Զարմանքով նկատեցի, որ ամուր բռնել եմ գիրքը, և որ գիրքը սիրած մարդու ձեռքի ջերմությամբ է փոխադարձում ինձ: Բարձրացա, նստեցի լուսամուտագոգին` ոտքերս կախելով ներքև, առանց մտածելու, որ հարևաններս կտեսնեն: Անհանգստանալով, թե չլինի հանկարծ կորցնեմ լեռան հայացքը, բացեցի գիրքը: Մեռած հիշողությունս սառը ջրի պես ողողեց ողջ էությունս: Հիշեցի: Ամեն ինչ հիշեցի: Սա տատերիս և վերջին տատիս սուրբ գիրքն է. վերջին տատս նրան բերել էր գետի այն ափից: Մանկությանս մոռացված իրադարձությունները անձրևի պես տեղացին գլխիս: Տատս ինձ համար կարդում էր այս գիրքը, կարդում էր գլխավերևումս նստած: Հիշեցի, որ ես մի տեսակ քաշվում էի այս հի՜ն, տարօրինակ գրքից, նույնիսկ նրա խոսուն պատկերներից էի երկյուղում: Աննպատակ ու կարծես պատահմամբ բացեցի գրքի վերջին էջերից մեկը: Հուզմունքով ճանաչեցի տատիս տգեղ ու արտակարգ հրապուրիչ, ասես քարի վրա ասեղով ճանկռտած գրությունները: Հեշտությամբ կարդացի իմ անունը. անվանս դիմաց գրված էր.
ձագո՛ւկս, երբ կգտնես այն, ինչ կկորցնես, կհիշե՛ս, որ կյանքը չեն կորցնում, կորցնում են կյանքում, և կհիշե՛ս, որ կյանքում չեն գտնում. կյանքում տրվում է: Կհիշե՛ս. այն, ինչ աչքերիդ առաջ է հիմա, տեսնում են լոկ մի անգամ, սակայն աչքերում մնում է ընդմիշտ: Երբ կկորցնես և կգտնես, կհիշե՛ս, որ քեզ տրվել է տեսնել երկրորդ անգամ, կհիշե՛ս, որ քեզ տրվել է գնահատել առօրյայում չգնահատվածը: Եվ կհիշե՛ս, որ այն, ինչ կկորցնես և կգտնես, առավել է այս կյանքից, հին է այս կյանքից, կարևոր է այս կյանքից
Փակեցի տատերիս ձեռքերի ջերմությունը պահպանած գիրքը: Նայեցի լեռանը: Հասկացա ամեն ինչ: Հասկացա, որ եթե չենք ընկալում այն, ինչ ունենք, կորցնում ենք: Եթե արժանի ենք նրան, ինչը ունեցել ենք և կորցրել, տրվում է վերստին և մեկընդմիշտ: Եթե արժանի չենք նրան, ինչը կորցրել ենք, չենք նկատում կորուստը: Ես ունեցել եմ լեռան հայացքը` առանց հասկանալու, որ ունեմ: Ես կորցրել եմ լեռանը և գտել վերստին: Այսուհետ ես անբաժան եմ լինելու նրանից: Ես պետք է այսուհետ արժանի լինեմ նրան, ինչ տրվել է ինձ: Հիմա հասկացա, թե ինչու պետք է միայնակ լուծեի իմ խնդիրը: Հարևաններս էլ մարդ են ինձ պես, սակայն արդյո՞ք ունեն լեռանը: Ես դա չգիտեմ, սակայն գիտեմ, որ նրանց հետ էլ երբևէ պատահելու է ա՛յն, ինչ ինձ հետ պատահեց այս առավոտ:

 

Կարծիքներ

Հեշտ կարդացվող և ասելիք ունեցող գործ է: Պատմվածքի առաջին հատվածը հիշեցրեց, երևի յուրաքանչյուր մարդու պատանեկության տարիները, երբ հայտնվում ես իրականը երևակայականից առանձնացնելու, և սեփական աշխարհայացքը կառուցելու բարդ գործընթացի առջև: Տեղին են այդ հատվածում խելագարության մասին մտորումները, քանզի իրականի փնտրտուքներում հայտնվածին ծանոթ կլինի այդ երևույթը: Իսկ վերջին հատվածի մարգարեական ոճը` հիանալի ավարտ է:

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)