فارسي

Պ Ա Հ Ա Ն Ջ

  |  


Սիրանույշ Օհանյան

Նվիրյալը գիտեր, որ ինչ-որ տեղ իր համար ինչ-որ բան է պահված, ու ինքը գնում է դրան ընդառաջ: Լիներ քնած թե արթուն, սանդուղքով բարձրանալիս թե անդունդը գլորվելիս, աղբակույտը քչփորելիս թե երկնքին նայելիս` նա գիտեր, համոզված էր, որ ամեն ինչ տանում է դեպի թաքուցյալը: Վիշտն ու բերկրանքը, սովն ու ծարավը, անօթևանություննն ու ապահովվածությունը, բոլոր ապրումներն ու մտքերը իրեն մի բան էին հիշեցնում` ամեն ինչ նույն էության դրսևորումն է, ամեն ինչ տանում է դեպի լուծումը, դեպի մեծ խորհուրդը, որը պահված է իրենից` բացահայտվելու համար իր իսկ կողմից:
Նվիրյալը ծանր, տառապագին կյանքով էր ապրում` երբեմն միայն ժլատորեն լուսավորված համապարփակ ուրախության արևով: Ծանր էր ցանկությունը, որն օրավուր մաշում էր հոգին: Նվիրվելու անմար ցանկությունը, որն ընկալում էր ամռան թեժ կեսօրին բոցկլտացող խարույկի պես, խեղդում էր իրեն: Լցված այդ ցանկությամբ` դարձել էր այդ ցանկությունը: Շտապում էր շուտ ազատվել իրենից, մի կողմ նետել ինքն իրենից` տալով այլոց և դառնալով ոչինչ ինքն իր համար, դառնալով մեկը, որն արդեն տրվել է մինչև վերջին հյուլեն և անէացել:
Երա՞զ էր, թե՞ ծննդյանը նախորդող հուշ` չգիտեր: Սակայն պարբերաբար իրեն էր այցելում դաժան մղձավանջը` ինքը քայլում է անտառներով ու փողոցներով, դաշտերով ու գյուղերով, անապատներով ու կալանավայրերով: Քայլում է, երգում և նվիրվում: Այս անգամ մազերը մի չորացած ուռենու տակ թողեց: Աջ ձեռքի թաթը նվիրեց առվում զվարթ չփչփացնող մանկանը: Մի ոտքը տվեց տափաստանային հայր գայլին, մյուսը թողեց քաղաքներից մեկում` ձմռան սովաբեր գիշերներին վխտացող շների համար: Աչքերի լույսը բաժին հասավ տասնամյա մի մեռելի, աչքերը շպրտեց սատկած աղվեսաճտին հոշոտող ցիներին: Ներքին օրգանները և ուղեղը մաս-մաս բաժանեց անծանոթ վաճառականներին: Գլուխը հանձնեց հեռավոր կղզիներից մեկում ծիսակատարությունն իրագործող քրմին և մտածեց` վերջ: Թեթևացած շունչ քաշեց, հաջորդ պահին ծառս եղավ ողջ էությամբ: Երազը դեռ չէր ավարտվել, իսկ իրենից մնացել էր ինչ-որ բան` առաջվա պես կենսունակ ու մտածող: Այլապես ինքը չէր զգա իրեն: Վհատությունից ոռնաց այն գայլի սոված ձագի պես, սակայն չհասկացավ պատճառը: Մարմնից ոչինչ չէր մնացել, բայց ապրում էր և զգում` ինչպես նախկինում: Առաջվանից էլ ավելի մորմոքվում էր տրվելու պահանջից` չունենալով արդեն ոչինչ, սակայն դեռ լինելով: Ինչպե՞ս կարող է պատահել` գոռաց: Ո՞վ կա իմ մեջ, ինձանից դուրս, որը ես է: Ինչպե՞ս կարող եմ ես ավելին լինել ինձանից: Ի՞նչ է կատարվում: Եվ հանկարծ անհետացան ամենքն ու ամեն ինչ, իսկ նվիրյալը հայտնվեց իր նախկին մարմնում` ասես կաղապարված ու անհուսորեն բանտարկված դրանում: Փորձեց ազատել ինքն իրեն, դուրս պրծնել բանտից, սակայն չկարողացավ: Ինչ-որ մեկն ասաց, որ այդպես լինելու է միշտ, և վախից ու ջղաձգություններից քրտնաթաթախ նվիրյալն արթնացավ սեփական անկողնում: Լուսացել էր, իսկ արևն արդեն տաքացրել էր տերևների կույտը, որոնց մեջ պառկել էր նախորդ գիշեր:
Ցավալի է,- մտածեց` զգալով ցավը: Դեռ ուշքի չեկած` վախեցավ հաջորդ կրկնվելիք երազից: Գիտեր, որ մարդն աշխարհ է գալիս իր խաչի հետ: Երբեմն այդ խաչը կախված է լինում վզից, երբեմն պահվում է հոգու մոռացված անկյուններից մեկում` անտեսանելի գոյության պես: Երբեմն էլ հաստատվում է տիրոջ ուսերին, և երիցս վա՜յ նրան, ով նկատում է թիկունքի ծանրությունը: Դժբախտը լոկ մի երազանք է ունենում` ազատվել իր խաչից: Նվիրյալը լավ գիտեր այդ: Իր խաչն ինքն էր, ավելի ճիշտ` նվիրվելու իր ձգտումը` գիտակցված ու անտանելի: «Երազում ես ի°նձ չեմ պատկանում»,- մտածեց: Ներսում լսեց առարկության ձայնը. «Մի՞թե հիմա դու պատկանում ես քեզ»: «Ես կարող եմ կտրել իմ ձեռքն ու նետել գետը»,- պատասխանեց: «Քո ձեռքը դու չես»,- հեգնեց ձայնը: Նվիրյալը ցնցվեց: Որտե՞ղ է ինքը: Որտե՞ղ է իր մարմինը: Ինչպե՞ս են կապված ինքն ու իր մարմինը: Ո՞վ է իշխում իրեն և իր մարմնին: Մտածեց, որ ինքն իր ողջ էությամբ հանդերձ անհայտ մեկի մարմինն է` ինչպիսին իր մարմինն է իր համար: Քիչ սփոփանք կար դրանում և շատ անհուսություն: Գործիք էր` անտեղյակ ու ինքնիշխան: Երազեց անդորրաբեր մեծ վերջի մասին, որը հեռու էր: Փնտրե՜լ, փնտրե՜լ: «Ասես քիչ եմ փնտրել»,- բողոքեց ինքն իրեն ու ոտքի ելավ: Ակամա ընտրեց առջևը փռված տարաբնույթ ճամփաներից մեկն ու դիմեց առաջ: Իր կարիքն ունեցող արարած էր փնտրում: Երազում չէր և գիտեր, որ անօգուտ զոհողությունն անիմաստ է: Ուզում էր օգտակար լինել:
Մտքերով տարված` չզգաց երեկոյի գալը: Կիսավեր մի քաղաքի էր հասել. սակավաթիվ գաղթականների հանդիպեց: Հարցուփորձ անել չէր սիրում, սակայն մարդկանց արտառոց վախն ու լքվածության զգացումը, որ տեսնում էր նյութական առարկաների պես, զարմանք պատճառեցին իրենց ուժգնությամբ: Պատասխանեցին, որ բազմագլուխ վիշապը սպանել է բնակիչների մեծ մասին, մյուսներին գերեվարել: Հատուկենտ փախչողների է խնայել` հրամայելով աշխարհին հայտնել իր պահանջը: Պահանջն այսպիսին է` որևէ մեկն իրեն պետք է ցած նետի ամենաբարձր աշտարակից: Փոխարենը չի խոստանում ոչինչ, ո՛չ գեթ մի հոգու ազատությունը, ո՛չ թեթև մահ գերիներին, ո՛չ իսկ բացատրություն` իր արարքներին: Գերիները բանտարկված են քաղաքի ամենամեծ դահլիճում, վիշապը կերակրում է նրանց ու հսկում: Սակայն ուրիշ ոչինչ, ոչինչ չի ասում, և ոչինչ չի կատարվում: Մի քանի երկարուձիգ օրեր են անցել. գերեվարված բնակիչները նույնիսկ չեն կարողանում միմյանց օգնել կամ վնասել, ինչը միանգամայն բնական է թվում նրանց անմարդկային պայմաններում: Վիշապի գլուխներն աչալուրջ են: Զգուշորեն արված իր ակնարկին ի պատասխան` փախչողներից մեկն ասաց, որ ոչ ոք իրեն չի նետի հանուն պիղծ արարածի զվարճության, գիտենալով, որ ինքնասպանությունը չի օգնելու մերձավորներին: ՙ«Գուցե զոհողությո՞ւնը»,- մտածեց նվիրյալը: Նրա մտքերն ասես գրվեցին օդում. փախստականները պատասխանեցին, որ անիմաստ զոհողությունն առավել քան ինքնասպանություն է: «Ի՞նչ եք մտադիր անել»,- հարցրեց նվիրյալը: «Մոռանալ»,- պատասխանեցին նրան: «Մոռանալ որքան հնարավոր է հեռվում»:
Նվիրյալը շարունակեց ճանապարհը: Մտավ քաղաք: Տատանվում էր: Գնա՞ վիշապի մոտ, թե՞ անաղմուկ հեռանա: Իսկ եթե նրանք ճի՞շտ են: Գուցե այս ամենն իրեն փորձելու համար է` որքանով ինքը կդիմանա գայթակղությանը: Կկարողանա՞ հաղթահարել աճող ցանկությունը` ենթարկվել վիշապին ու բավարարել նրա պահանջը: «Հանուն ինչի՞՚»,- հարցրեց ձայնը: «Հանուն դժբախտների ազատագրման»,- պատասխանեց իրեն: «Հանուն քո իսկ անհեթեթ պահանջի՝ նվիրվել և սպառվել»,- հեգնեց ձայնը և նվիրյալը սրտնեղությունից կանգ առավ: Նույնիսկ երազներում կանգնած չէր եղել այսպիսի անել երկընտրանքի առջև: «Դու կոչում ունես, դու նպատակ ունես»,- ասաց առարկության ձայնը,- «Դու իրավունք չունես թեթևամիտ որոշում ընդունել ու դրանով իսկ կործանել քեզ: Քո կյանքը պետք է ծառայի իր արդարացմանը»: «Ես գիտեմ»,- հառաչեց նվիրյալը,- հենց այդ պատճառով էլ ես ցանկանում եմ նվիրվել: Նվիրվել և արդարանալ»: «Լա՜վ մտածիր»,- սպառնաց ձայնը:
Քաղաքում փռված էր աղտի ու նեխած մարմինների ողբերգական հոտը: «Է՜յ»,- գոռաց նվիրյալը,- «Ես եկել եմ: Արի՛»: Լքված ու անզոր զգաց իրեն: Նույնիսկ իր ձայնի արձագանքը չլսեց, ասես բառերը հնչել էին դատարկության մեջ: Վճիռ ընդունեց: Անհամբերությունից այրվելով` վազեց ամենաբարձր աշտարակի կողմը: Թեթևացած նկատեց, որ երկաթաշեն սանդուղքը ձգվում է մինչև տանիք: Փութկոտ, մատնիչ շտապողականությամբ մագլցեց, ձգվեց-կանգնեց նեղլիկ հարթակին: Նայեց շուրջբոլորը, վերև, ապա` ներքև: Չվախեցավ: Քաղաքն, ասես, հսկայական մեռել լիներ` գլխավերևում տնկված աշտարակ-դրոշակաձողով: «Ես չեմ կարող այս քաղաքի դրոշը լինել»,- մտածեց,- «Նրանց ուրի՛շ գույներ են հարկավոր»: Նույնիսկ նեխահամ օդը չէր շարժվում: «Էհե՜յ»,- բղավեց զգուշավոր, վատ թաքցրած խորամանկություն արտահայտող ձայնով,-«Ես եկե՜լ եմ: Արի՜: Տե՜ս»:
Երկար սպասեց: Ամոթահար ու հուսաբեկ` մտածեց հրեշի մասին, որը խաղ է անում մարդկանց հոգիների ու կյանքերի հետ: Կրկին ներքև նայեց, ապա, զայրույթից արտասվելով, դանդաղ, դողացող մարմնով ցած իջավ: Առանց ետ նայելու քայլեց` չհավատալով թիկունքից հնչած խռպոտ քրթմնջոցին: Շրջվեց և ցնցվեց. դեպի աշտարակի ներսը տանող գլխավոր դռնից իրեն էր նայում հսկայական Աչքը: «Անհավատալի է: Ինչպե՞ս կարող է նա տեղավորվել այդպիսի պստլիկ տարածությունում` ունենալով նման ահռելի աչք: Թե՞ միայն աչքն է ներսում: Իսկ ո՞ւր է ինքը»՚: Աչքը ծաղրանքով իրեն էր զննում: «Քե՛զ տեսնենք»,- ասում էր նրա հայացքը: «Ի՞նչ ես ուզում»,- կոպտաբար հարցրեց նվիրյալը: «Ոչի՛նչ»,- շպրտեց Աչքը: «Ի՞նչ ես խոստանում փոխարենը»,- հակադարձեց նվիրյալը: «Դու չկարողացար»,- քրքջաց Աչքը: Նվաստացուցիչ ամոթով բռնկված` նվիրյալը նետվեց դեպի սանդուղքը: Է՛լ ավելի արագ բարձրացավ ու առանց շունչ առնելու նետվեց` ընկնելուց պահ առաջ մտածելով, որ հրեշը դավադրաբար չպատասխանեց իր երկրորդ հարցին` փոխարենը գրգռելով ու կուրացնելով իրեն: «Իզո՜ւր»,- հասցրեց գոռալ:

Բանտարկյալներին արձակող Աչքը սաստիկ գոհ էր: «Դուք իրականացրեցիք ձեր առաքելությունը՝ չգիտակցելով այն»,- կուշտ կատվի պես մռռաց նա,- «Ձեր բախտը բերել է: Մինչդեռ կան դժբախտներ, որոնք կործանվում են իրենց առաքելությանը ամբողջ հոգով նվիրված լինելու պատճառով` ոչինչ չիմանալով կործանման իմաստի ու հետևանքների մասին»:

 

Կարծիքներ

Գործի իմաստը համամարդկային բնույթ ունի` սեփական եսը և աշխարհում իր տեղը չգտնող անձանց նկարագրությունը: Կյանքի իմաստը չգտնող մարդկանց մասին, սակայն ամեն ոք ինքն է իմաստ ներդնում իր կյանքի մեջ և ոչ այլ մեկը: Գործի իմաստի հին լինելու հետ մեկտեղ, պատմվածքի ոճը և ձևը նոր էին և յուրօրինակ: Իմ դուրը եկավ: Կարելի էր մենակ վերջը փոփոխել մի քիչ, որ տենց ուղիղ չլիներ:

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)