ԳԻՇԵՐԱՅԻՆ ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրանույշ Օհանյան
Լուսինը պտտվում է։ Երկրագունդը պտտվում է։ Արեգակը պտտվում է։ Ամեն ինչ պտտվում է։ Նույնիսկ Տիեզերքն է պտտվում։ Պտտվում են իմ շուրջը։ Գլուխս նույնպես պտտվում է, երբ փորձում եմ պատկերացնել այդ բոլոր պտույտներն ու հասկանում եմ, որ հնարավոր չէ զգալ և ո՛չ մի պտույտ։ ժամանակն էլ է պտտվում. բոլոր պտույտների նման նա երբեք միևնույն կետում երկու անգամ չի լինում։ Ինձ ամեն ինչ անշարժ է թվում. ես ոչ մի պտույտ չեմ նկատում։ Այսինքն, ոչ, նկատում եմ։ Նկատում եմ, որ ժամանակը շարունակ ետ ու առաջ է անում. գիշերևցերեկ, գիշերևցերեկ, գիշերևցերեկ։ Չնայած հասկանում եմ, որ ժամանակը երբեք ետ ու առաջ չի անում, սակայն հավատում եմ, որ նա շարունակ իր մեկնակետին է վերադառնում։ Մեկնակետը գիշերն է։
Մի քայլ ետ. նորից գիշերը եկավ։ Գրավիչ ու մերժելի գիշերը, որը մոլագարի համառությամբ հետապնդում է ինձ։ Սարսափելին այն է, որ ես երբեք ժամանակ չեմ ունենում նրա գալստյանը նախապատրաստվելու համար։ Նա կարծես իմ գլխին է իջնում երկնքից՝ շրջանցելով արևածագն ու մայրամուտը, ցերեկվա լույսն ու մթնշաղի կախարդական գույները։ Ես սիրում եմ գիշերը ցավագին սիրով, մերժելի սիրով, ծանր սիրով, պարտադրված սիրով։ Չեմ կարող չսիրել, չեմ կարող մոռանալ նրան, չեմ կարող ազատվել նրանից։ Երևի ստրուկներն են այդպես սիրում։ Ստրուկները, որոնք չեն հավատում ազատությանը, որովհետև ստրկություն են դավանում։ Իմ սիրած գիշերը եկավ նորից, և ժամանակը մի քայլ ետ դարձավ։ Ես երբեք չեմ առաջանում ժամանակի մեջ։
Չգիտեմ՝ ինչպես կվարվեի, եթե ժամանակ ունենայի նրա գալուն նախապատրաստվելու համար։ Գուցե կմերժեի նրան՝ հասցնելով համոզել ինձ։ Գուցե ավելի բուռն կտրվեի նրան՝ մորմոքալով մեզ բաժանող ժամանակի առկայությունից։ Չգիտեմ։ Նա միշտ անակնկալ է եկել, նա միշտ հանկարծակի է գալիս։ Չկար, ու կա։ Անհայտ էր, ու հայտնվեց։ Հայտնվեց, և ես կրկին խոնարհ ու հնազանդ դարձա։
Նա հաստատվում է իր սիրած տեղում՝ սրտիս ամենաարյունոտ անկյունում՝ մութ խորության զրկում։ Չնայած դրան՝ երբեք գիշերը կարմիր չեմ տեսել։ Համոզված եմ, որ գիշերը մի որոշակի գույն ունի՝ մուգ-պայծառ, չնաշխարհիկ ու սովորական, բայց չեմ հասցնում նկատել այդ գույնը, երբ արդեն դրա մեջ եմ, դրանում տարալուծված. այնպես որ ես ու գիշերը միևնույն գույնն ունենք՝ երբ միասին ենք։
Նա տիրաբար հաստատվում է իր սիրած անկյունում։ Ես կրկին վերադառնում եմ ժամանակի իմ սկզբնակետին։ Ամեն ինչ սկսվում է նորից, նույնակերպ. ամեն ինչ կատարվում է նույն ընթացակարգով։ Որքա՞ն կարելի է նույնակերպ վերապրել միևնույն զգացումը՝ չգիտեմ։ Եվ լավ է, որ չգիտեմ, որովհետև ամեն երևույթ իր վերջն ունի. նույնիսկ գիշերն իր վերջն ունի, իսկ վերջի մասին լավ է չմտածել։ Գիշերն արդեն այստեղ է։ Ես մարում եմ բոլոր լույսերը, որոնք անօգուտ ու անիմաստ են այլևս։ Գիշերը սկսում է իր երգը երգել։
Փակում եմ ականջներս, սակայն ապարդյուն։ Նրա երգն արդեն ներծծվել է իմ էության մեջ, հաստատվել ամենուր՝ գիշերվա պես սարսափելի և գրավիչ։ Չեմ կարող չլսել այդ երգը, չեմ կարող չապրել դրանով, չեմ կարող տանել այն։ Միալար երգը, որը մեն-մի բառից է հյուսված, ծանրության պես ներքև է գլորում ինձ։ Ասես հանկարծ հսկայական քարակտոր է հայտնվել սրտումս, որը ես չեմ կարողանում բարձրացնել-դեն նետել՝ այդքան ծանր է։ Եվ գլորվում եմ ներքև՝ գիշերվա անհատակ անդունդներին կեր դառնալու։ Գիշերն անշտապ լափում է ինձ, խժռում ոսկորներս, ծամում-կուլ տալիս մազերս, հոգիս։ Ես զգում եմ դատապարտված ուտելիքի ողջ ցավն ու վհատությունը, մարսվելիք ուտելիքի ողջ անհուսությունը։ Գիշերվա երգը դեռ հնչում է անհատակ գիշերում որպես ծիսական մեղեդի, որպես սրբացված պարեղանակ։ Գիշերն սկսում է ծանրորեն դոփդոփել տեղում՝ նման կուշտ կերած կենդանու։ Ես դեռ լսում եմ այդ երգը, որը մարսողահյութի պես թափվում է վրաս, քայքայում ողջ էությունս, լուծում հսկայական գիշերվա ստամոքսում։ Մարմնիս, հոգուս բեկորներն ու փշուրները անձև, անկամ հեղուկի վերածված՝ դանդաղորեն սողում են գիշերվա ծույլ երակներով, սնում նրա խավար էությունը։ Հլու-հնազանդ, մասնատված ու անդառնալիորեն տարրալուծված՝ ես ճամվտրդում եմ գիշերվա մութ, անվերջանալիորեն երկար ու խճճված բավիղներում, հուսակտոր ու անտարբեր, անկոտրելի գիտակցությամբ, որ սա է վերջը։ Սակայն սա՛ չէ վերջը։
Գիշերվա երգը դեռ ծփում է գիշերում։ Ակամա տեղի եմ տալիս մտքին, որը չէի ցանկանում ընդունել. գիշերն ինքը իր երգն է։ Անհեթեթություն է. ճշմարտություն։ Գիշերն ինքն է իր երգը և իր գույնը։ Գիշերն ավելի հզոր է ու համընդգրկուն, քան ես կարող եմ զգալ ու պատկերացնել։ Գիշերն անհաղորդ է իմ դառնափորձ ապրումներին։ Նա շարունակ դոփում է ու երգում, դոփում է ու պարում, նա միաժամանակ և՛ երգ է, և՛ դոփյուն, և՛ պար։ Ես շարունակում եմ լուծվել գիշերվա անթիվ երակներում։ Գիշերն անտարբեր է իմ առկայությանը։ Ես՝ ոչ։
Ես արդեն մասնատվել ու տարալուծվել եմ այնպես, որ ավելին մասնատվելն անհնար է։ Էությունս՝ բզիկ-բզիկ եղած, ձևից ու տեսքից զրկված, համն ու գույնը կորցրած՝ լողում է գիշերվա էության մեջ լուծված։ Տարօրինակ է ու ցավալի, ցավալի անչափ. ես ապրում եմ իմ մասնատվածությունը, իմ բեկորների մորմոքն ու միավորման թախիծը, իմ մասնիկների բաժանման վիշտն ու կորուստի դառնությունը։ Ես կորցրել եմ ինքս ինձ, ես փշուր-փշուր եմ եղել ինքս ինձանում, բայց ես չեմ կորցրել անկոտրում գիտակցությունս։ Հավաքական գիտակցությունս, որը իմ ամեն մի մասնիկում է, ամեն մի բեկորում, ամեն մի հյուլեում։ Դժբախտ գիտակցությունս, որը զգում է իր ամբողջականությունն ու իմ մասնատվածությունը։
Գիշերը դեռ երգում է իր ծիսական երգը։ Իմ մարմևի մասնիկները արդեն խառնվում են նրա ավիշին ու արյանը, արդեն սնում են նրա անկուշտ էությունը։ Ես զգում եմ իմ անէանալը դանդաղ ու տանջալի. տարածության ու ժամանակի մեջ բաժանված բազմաթրվ մասնիկներիս մեռնելն ու գիտակցությանս անմարմին, ուրվականային ապրումները։ Գիտակցություն, որի կրողը լուծվում է մի այլ մարմնում, գիտակցություն, որը չի լուծվում մի այլ մարմևում։ Երանի լուծվեր իմ գիտակցությունը գիշերվա խավար գիտակցությունում։ Երևի վերջը դա է։ Սակայն ինձ վիճակված չէ վերջը տեսնելը։ Անմարմին գիտակցությունս սկսում է իր անհավասար պայքարը։ Գիշերը զգում է իր էության խորքերում բռնկված ըմբոստացումն ու անզիջում վճռականությունը։ Գիտակցությանս շատ քիչ բան է անհրաժեշտ. մի բեկոր, մի փշուր, մի հյուլե։ Եվ գիշերը սկսում է խեղդվել. կոկորդին կանգնած սրտիս բեկորը համառորեն կառչած լպրծուն շնչափողին՝ սպառնում է գիտակցությանս համառ ձայնով։ Գիշերը սարսափած է, դուրս պրծած աչքերով, ես չեմ ճանաչում նրա գույնը, որը միակն է, բայց տեսնում եմ աչքերի պղտոր կարմիրն ու դեմքի կեղտոտ կապույտը։ Գիտակցությանս տիրական ձայնը սրտիս բեկորին հավատ է ներշնչում, գիշերը խեղդվում է անակնկալ բռնկված հույսի շողերից։ Գիշեր-երգը ործկում է և զգում դառնության լեղու համը. ի՛ր դառնության լեղու։ Կոկորդին կանգնած ոսկորի պես դուրս պրծած սրտիս բեկորը շնչահեղձ է լինում ազատությունից ու շնչելու ուրախությունից։ Գիտակցությունս սկսում է կառուցել նոր մարմին ու հոգի։
Ես հոգնել եմ, ես զզվել եմ, ես սպառվել եմ հավերժական պայքարներից ու անվախճան գիտակցությանս ապրումներից՝ միևնույն, միևնույն, միևնույն ապրումներից, միևնույն ցավից ու միևնույն գիշերից, միևնույն երգից ու միևնույն բեկորներից, միևնույն հոգուց ու միևնույն ժամանակից։ Ես գլխապատառ փախչումեմ գիշեր-ցերեկի, գիշեր-ցերեկի, գիշեր-ցերեկի՝ միապաղաղ գիշեր-ցերեկների զարհուրելի հերթագայությունից, անտարբեր, անփոփոխ ժամանակից, որը շարունակ ետ ու առաջ է անում՝ մի քայլ առաջ, մի քայլ ետ, մի քայլ առաջ, մի քայլ ետ. ժամանակից, որը չի շարժվում առաջ, որը դոփում է տեղում՝ նման գիշերային երգի։ Ես փախչում եմ ու բռնվում կրկին ու կրկին, որովհետև գիշերը վրա է հասնում հանկարծակի, հարձակվում վրաս անխուսափելի պատահարի ողջ ուժով ու անպարտելիությամբ, հաստատվում իր սիրած խավար խորքերում և սկսումնորից նույնը, նորից նույնը։ Ես էլ սկսում եմնորից նույնը, նորից նույնը։ Բայց ես սիրում եմ գիշերը, որովհետև չեմ կարող մոռանալ նրան, չեմ կարող ազատվել նրանից, սիրում եմ գիշերը, որովհետև չունեմ ցերեկներ. ցերեկները իմը չեն, այլ՝ գիշերվա մունետիկները։ Ես սիրում եմ գիշերը պարտադրված ու դաժան սիրով, երևի այդպես ստրուկներն են սիրում։ Ուրի՞շ էլ ինչ է ինձ մնում՝ այդ սիրուց բացի։ Ամեն ինչ պտտվում է, և միայն իմ անազատ էության անկամ սերն է անշարժորեն փարված իր գրավիչ գիշերին։ Ուրիշ էլ ի՞նչ է մնում ինձ՝ այդ սիրուց բացի։
Գլուխս պտտվում է։ Լուսինը պտտվում է։ Երկրագունդը պտտվում է։ Գիշերը պտտվում է։ Գիշերը պտտվում է իմ շուրջը։

