ԱՐՏԱՌՈՑ ՍԵՐ


Սոնա Սերոբյան


- Ես քեզ սիրում եմ, խնդրու՛մ եմ, ես առանց քեզ չե՛մ կարող, սիրո՜ւմ եմ,- անդադար լսվում էր Մարիամի ձայնը մեր ննջասենյակները իրարից բաժանող միջնորմի մյուս կողմից:
Մարիամը քսան տարեկան էր։ Ապրում էր ծնողների հետ, քույր ու եղբայր չուներ։ Սովորում էր մանկավարժական համալսարանում։ Միշտ ժպտերես, սևահեր, կապուտաչյա այդ գեղեցկուհին, թվում էր, ոչ մի խնդիր չունի։ Նա իր գաղտնիքները միայն ինձ էր վստահում, և միայն ես գիտեի, թե ինչ էր այդ պահին անցնում-դառնում նրա հոգում: Լինելով հարևաններ և հասակակիցներ՝ ես և Մարին միասին էինք մեծացել։ Դպրոցում նույն դասարանում էինք սովորում ու այնքան մտերիմ էինք, որ բոլորը մեզ «երկվորյակներ» էին անվանում։ Միասին պարապում էինք, որոշում, թե տվյալ օրը ինչ հագուստով և սանրվածքով ենք դպրոց գնալու, դասերից հետո ինչ ենք անելու։ Մեզ կապում էր նաև նույն երազանքը. երկուսս էլ ընդունվեցինք մանկավարժական համալսարանի միևնույն բաժինը, դարձանք համակուրսեցիներ և միևնույն ժամանակ՝ քույրեր։
-էլի քնիս մեջ խոսում էի, հա՞, - հարցրեց Մարին հաջորդ օրը վախեցած նայելով ինձ:
-Հա՛, խոսում էիր:
-Երևի ծնողներս չեն լսել, թե չէ հիմա հարցերի տարափ կտեղար գլխիս։
-Լսի՛ր, դու պետք է նրան մոռանաս։
-Ես դա բոլորից լավ եմ հասկանում, բայց ի՞նչ կարող եմ անել. սրտին չես թելադրի, չէ՞։
-Ախր, էդ ի՞նչ տեսակ սեր է, չե՛մ հասկանում։
-Ես շա՞տ եմ հասկանում։ Գիտեմ միայն...
Համարյա չէի լսում նրա բազմիցս կրկնված արդարացումները և մտաբերում էի այն օրը, երբ առաջին անգամ նա պատմեց իր արատռոց սիրո մասին...
... Ամառ էր։ Շոգ։ Մեր երկուսի խենթ մտահղացումները մեզ երբեք թույլ չէին տալիս ձանձրանալ, նույնիսկ կեսօրվա տապին։ Հիշում եմ՝ այդ օրը որոշել էինք միասին խմորեղենի նոր տեսակ մոգոնել։ Մեր տանն էինք, իսկ տանը մարդ չկար, բոլորը աշխատանքի էին: Մի հին ճոճաթոռ ունեինք, որը պապիս մորից էր մնացել, և որին նստելու համար բոլորը կռիվ էին անում. ես և Մարին բացառություն չէինք։ բայց միշտ նա էր հաղթում օգտվելով իր հյուրի կագավիճակից։ Բայց այդ օրը նա անտարբեր էր ու չնայած նրան, որ ջանում էր ամեն կերպ թախիծը թաքցնել, սակայն գոնե ինձ խաբել չէր կարող: Ի վերջո, նա խոստովանեց, որ սիրահարվել է: Վաղուց էի նկատել, որ երբ մենակ էինք մնում, նա տարվում էր մտքերով, քարացած նայում մի կետի։ Նրա աչքերի մեջ նայելիս կարելի էր տեսնել այն, ինչ բառերով չես նկարագրի։ Շատ դյուրագրգիռ էր դարձել. ամեն պատրվակով հուզվում էր։ Բայց ամենակարևորը, որ չէի սպասում, փոխվել էր նրա ճաշակը՝ թե հագուստի, թե երաժշտության և, թերևս, ամեն ինչի նկատմամբ։
-Առաջին անգամ,- երբ սրտիս խորքում ի հայտ եկավ սիրո այս տարօրինակ զգացումը,- ասաց նա գլուխը կախ, ասես ամաչելով,- ես փայլում էի երջանկությունից։ Գիշերները երգում էի ու ժամերով հիացած նայում աստղերին: Բայց այդ ամենին աստիճանաբար փոխարինելու եկան թախիծը, հուսահատությունը, և արցունքները...
-Ո՞վ է նա,-անմիջապես հարցրի ես:
-Չգիտեմ,-կարճ դադարից հետո ասա նա:
-Չգիտե՞ս,- շշմեցի ես ու համբերությունից դուրս գալով բղավեցի, - եթե
հենց հիմա չպատմես ամեն բան, ես խոստանում եմ քեզ ծեծել։
Նա կլորացած աչքերով նայեց ինձ ու հանկարծ սկսեց լաց լինել։
- Ի՞նչ եղավ, Մարի՛, Մարի՛, դե լա՜վ, ների՛ր ինձ, ես չէի ուզում։
- Չէ՛, չէ՛, ոչինչ, պարզապես...
- Եթե չես ուզում խոսել...
- Ո՛չ, ես պարզապես չգիտեմ՝ ինչ ասել։
- Ինչո՞ւ:
-Վախենում եմ, շատ եմ վախենում։
- Ինչի՞ց ես վախենում, հիմարի՛կ։
-Խելագարվելուց։ Միգուցե ես արդեն խելագար եմ, հը՞։
-Մա՛ր, խնդրում եմ, այդպես մի՛ ասա։ Քեզ ոչինչ էլ չի պատահի, քեզ ո՞վ է ասել, որ դու խելագար ես։
-Իսկ ինչպե՞ս կբացատրես այն, ինչ կատարվում է ինձ հետ։ Նույնիսկ հեքիաթներում նման բան չեմ կարդացել։ Ինչպե՞ս կարող եմ սիրել մեկին, ում չեմ տեսել, չեմ ճանաչում, նույնիսկ նկարով չեմ տեսել։ Ես կարոտում եմ մեկին, ով չի եղել և չկա։ Ամենուրեք նրա ստվերն եմ տեսնում, նույնիսկ երբ նայում եմ հայելու մեջ։ Փողոցով քայլելիս, կամ դասի ժամանակ նրա ներկայությունն եմ գզում։ Կարծես խելագար լինեմ։ Առանց նրա կյանքս անիմաստ է, չեմ ուզում ապրել, ուզում եմ նրան գրկել, սիրել...
- Հանգի՛ստ, հանգի՛ստ, սիրելի՛ս, ամեն ինչ լավ կլինի։
- Ո՛չ, ոչինչ էլ լավ չի՛ լինի։ Եթե այսպես շարունակվի, շուտով խելառ ընկերուհի կունենաս, կամ էլ ընկերուհի ընդհանրապես չես ունենա...
- Սո՛ւս, չշարունակե՛ս, ես քեզ թույլ չե՛մ տա։ Խելքդ գլուխդ հավաքիր. ես քեզ ուզում եմ օգնել, իսկ դու ստիպում ես, որ ես լաց լինեմ։
Գրկել էինք իրար ու լաց էինք լինում, մինչ Մարին հետ- հետ գնաց և ասաց.
-Այս ի՞նչ հոտ է:
Երկուսով խուճապահար վազեցինք խոհանոց. խմորեղենից ոչինչ չէր մնացել: Ակամայից, սկսեցինք բարձրաձայն քրքրջալ արցունքների միջից:
-Բայց, էդ ի՞նչ սեր է,- ասացի ես մի քիչ հանդարտվելուց հետո,- երբ նույնիսկ չգիտես, թե ում ես սիրում։
- Ինքս էլ չգիտեմ, բայց երբ նայում եմ երկնքին, տեսնում եմ նրա աղոտ պատկերը...
- Իսկ ո՞նց ես պատկերացնում նրա արտաքինը, բոյը, եսիմ՝ հագուկապը...
- Չգիտեմ, բայց եթե հանդիպեմ, կճանաչեմ նրան...
Նրա աչքերին կրկին արցունք նշմարվեց։
-Լա՛վ, լա՛վ, ների՛ր ինձ, չէի ուզում։ Պարզապես ուզում եմ ասել, որ այդպես չեն սիրում. գոնե անունն իմանայիր, կամ էլ նկարով տեսած լինեիր։ Գիտես՝ ինչ, եթե նույնիսկ նա գոյ է, ապա չի էլ կասկածում քո գոյության, զգացմունքների մասին և անհոգ ապրում է իր համար։ Իսկ դու ամբողջ օրը թթված դեմքով կամ էլ մումիայի պես պտտվում ես։ Այդպես չի՛ կարելի, հասկացի՛ր։
- Գիտե՛մ, ճիշտ ես ասում, գիտե՛մ, բայց ինչ անեմ, ձեռքս չի։ Երևի Աստված ինձ պատժում է. գիտես, միշտ արհամարհել եմ, չեմ հավատացել էդ սեր կոչված զգացումին: Եթե դու էլ զգայիր այն, ինչ ես եմ գզում հիմա, այդպես չէիր խոսի։ Սկզբում ամեն ինչ խաղի պես զվարճալի էր, բայց հետո... չգիտեմ՝ ոնց ազատվեմ այս մղձավանջից...
Ի՞նչ ասեի. նայում էի նրա աչքերի մեջ ու տեսնում այն, ինչ բառերով նկարագրել հնարավոր չէր։ Մարին իրեն երջանիկ էր զգում ամեն անգամ աստղերին նայելիս, երաժշտություն լսելիս, բնության գրկում գտնվելիս։ Նա ամենուր «նրան» էր տեսնում ու զգում ամեն թփի, ծաղկի, ծառի, աստղերի ու լուսնի մեջ: «Նա» սկսել էր գոյություն ունենալ նաև ինձ համար... Թեկուզ աներևույթ, բայց այդ զգացումը միաժամանակ որքան ցավ էր պատճառում ընկերուհուս, նույնքան տանջում էր նաև ինձ... Ինձնից շատ երկար ժամանակ պահանջվեց այս առաջին հայացքից բարդ թվացող, բայց այնուամենայնիվ պարզ իրողությունը գլխումս տեղավորելու համար։
Անցան օրեր, շաբաթներ, ամիսներ...
Ես գտա այն միակին, ով ինձ իսկապես երջանկացրեց։ Ծանոթացել էինք մեր ընդհանուր ընկերոջ կազմակերպած խնջույքի ժամանակ։ Մի քանի ամիս հանդիպելուց հետո հասկացանք, որ իսկապես սիրում ենք իրար և որոշեցինք ամուսնանալ։ սակայն Մարին անտարբեր էր, նրան չէր հետաքրքրում իմ հարսանիքի պատրաստության եռուզեռը, նույնիսկ իմ հարսենական հագուստի ձևը : Նա անընդհատ մտքերով ուրիշ տեղ էր։ Մի օր նրան ասացի.
- Գիտես՝ անակնկալ ունեմ։
- Անակնկա՞լ։
-Երեք օրով գնում ենք Ծաղկաձոր. միայն ես և դու։
-Լու՞րջ ես ասում։
-Իսկ դու կասկածու՞մ ես։
-Բայց քո հարսանիքը...
-Իմ հարսանիքը ի՞նչ։ Թո՛ղ իրենք զբաղվեն։ Ինձ այդ խնջույքը բոլորովին չի հետաքրքրում։
-Իսկ Արա՞մը։
-Հանգիստ եղի՛ր։ Արամի հետ խոսել եմ, խոստացել է ամեն ինչի մասին հոգ տանել։ Համ էլ երեք օր է, էլի, կհանգստանանք, ետ կգանք։
-Ոնց կասես։
- Քեզ սիրում եմ, երբ այդպես ես ասում։ Վաղը մեկնում ենք, պետք է պատրաստվել։ Հյուրանոցում համարը պատվիրված է։ Մեզ կտանի Արամը։
-Վա՞ղը, ո՛չ, ես պատրաստ չե՛մ։
-Ի՞նչ ես խառնվել իրար, բա ընկերներն ինչի՞ համար են։ Միասին կորոշենք, թե ինչ ենք անելու՝ ինչպես մի ժամանակ։
-ճի՜շտ է, ինչպես մի ժամանակ...
... Ծաղկաձորում էինք։ Դա առաջին անգամը չէր, սակայն հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու ապրումները, մեզ զգում էինք յոթերորդ երկնքում։ Հիացած նայում էինք բնության գեղեցկություններին։ Պարզ լսում էինք թռչունների դայլայլը, օդը մաքուր էր, արբեցնող:
Արամին ճանապարհելուց հետո որոշեցինք չբարձրանալ սենյակ։ Բնությունն, իրոք, այնքան գայթակղիչ էր, որ իր գիրկն էր կանչում մեզ։
Երեքօրյա հանգիստն անցավ ակնթարթի պես։ Կարծես աշխարհը մերը լիներ՝ ոչ մի խնդիր ու մտածմունք։ Մարիի դեմքին տխրության նշույլ անգամ չկար։ Իսկ ես առավել երջանիկ էի, քանի որ վերջին ժամանակները նրան այդքան ուրախ չէի տեսել։ Ամբողջ օրը հիշում էինք դեպքեր՝ մեկս մյուսին լրացնելով, և ծիծաղում ։ Անմոռանալի օրեր էին: Այդ հանգիստը պետք էր և՛ ինձ, և՛Մարիին։
Չորրորդ օրն առավոտյան, երբ Արամը եկավ, մենք արդեն պատրաստ դրսում սպասում էինք նրան։
-Օ՜, տեսնում եմ՝ լավ ժամանակ եք անցկացրել առանց ինձ, - դեմքներիս ժպիտը տեսնելով՝ ասաց Արամը։
Երբ Մարիին առաջարկեցի միասին գնալ Ծաղկաձոր, համոզված չէի, որ արդյունքն այդքան դրական կլիներ։ Ուրախ էր, աշխույժ, մի խոսքով նախկին խենթուկը վերադարձել էր։ Սակայն միայն հարսանիքից հետո հասկացա, որ նա ամբողջ ժամանակ ձևացրել էր... Ի՜մ խեղճ։ Որքա՜ն էր տանջվել, գիշերը արթուն մնացել, որքա՜ն ճիգ էր պահաջվել նրանից, որ թաքցնի իր զգացմունքները։ Որքա՜ն էր նա ինձ սիրում...
Ավելի քան մեկ ամիս էր անցել հարսանիքից, իսկ այդ ընթացքում նրանից լուր չունեի։ Արդեն վերադարձել էինք մեր հարսանեկան կարճատև ճամփորդությունից: Ոչ զանգում էր, ոչ էլ այցելում։ Իսկ ես շարունակ հյուրեր էի ընդունում և տնից դուրս գալ չէի կարողանում։ Անհանգստությունից մեռնում էի։ Երբ զանգում էի, մայրն ասում էր, որ տանը չէ։ Խնդրում էի, որ տուն հասնելուն պես ինձ զանգի. ոչ մի արձագանք: Չգիտեի նույնիսկ ինչ անել։
Բայց անսպասելիորեն, մի օր ինքն ինձ զանգեց և ասաց, որ պետք է շատ շտապ հանդիպենք։ Ժամադրվեցինք Սարյանի այգում: Կարծես մի ամբողջ հավերժություն իրար չէինք տեսել. գրկել էինք իրար ու լաց էինք լինում։ Երբ հույզերի ալիքն անցավ, առաջինը ես խոսեցի՝ սրբելով Մարիի արցունքները։
-Ո՜նց էի քեզ կարոտել, ու՞ր էիր կորել։
Իսկ նա սրբելով իմ արցունքները՝ ժպտաց և ասաց.
-Ես ամուսնանում եմ։
- Ի՞նչ։ Դու ամուսնանո՞ւմ ես։ Ո՞ւմ հետ։
-Ես գտա՛ «նրան», ավելի ճիշտ «նա՛» գտավ ինձ։
- Ու՞մ:
- Գլխի չե՞ս ընկնում։
- Օ՜, Աստվա՛ծ իմ, միթե՞...
-Հա՛, գտա՛, գտա՛, ես գտա՛ «նրան»։
- Բայց ինչպե՞ս, դա անհնա՛ր է։
- Գիտե՞ս, քեզ այնքան եմ սիրում, որ չէի ուզում իմ թթված դեմքով քո տոնական տրամադրությունը փչացնել, չէի ուզում քո երջանկությունը խանգարել իմ տարօրինակ և տխուր սիրով։ Ուստի որոշեցի չայցելել քեզ, բայց ասես քեզ մտաբերելու համար, գալիս էի ու զբոսնում մեր այս նվիրական անկյունում: Եվ, թերևս գուցե տարօրինակ հնչի, նրան գտա հենց այստեղ, ուր ամենաքիչն էի սպասում։ Այո՛, այստեղ։ Հիշո՞ւմ ես, դու միշտ ասում էիր, որ տխուր մտքերը վանելու լավագույն միջոցը գույների գեղեցիկ համադրությունն է:
Մինչ Մարին խոսում էր ես ապշած ու թերահավատորեն նայում էի նրան: Ինձ միշտ թվացել էր, թե այդ սերը պատրանք է՝ կապված Մարիի մտացածին իդեալի հետ, համարում էի նրա վառ երևակայության արդյունքը, համոզված լինելով՝ որ դա կրում է ժամանակավոր բնույթ։
-Նայում էի ցուցադրված կտավներին ու քայլում էի մենակ, գլխիկոր... դու ինձ լսու՞մ ես։
-Հա՛, հա՛, շարունակի՛ր, լսում եմ։
-Կանգնեցի մի նկարի դիմաց, որի մեջ պատկերված համբուրվող զույգը երկնքում, աստղերի մեջ, ինձ գամեց տեղում: Սիրտս սկսեց անկանոն բաբախել... և հանկարծ զգացի նրա ներկայությունը։ Թվաց՝ ինչ-որ ձայն ինձ հրամայեց շրջվել։ Վախից ոտքերս սկսեցին դողալ, մի պահ այնպիսի զգացում ունեցա, որ հայտնվել եմ նկարի մեջ, որ այդ հաբուրվող աղջիկը ես եմ... Բայց և այնպես կտրվեցի նկարից ու շրջվեցի... Իմ հետևում կանգնած էր նա՝ բարձրահասակ, թիկնեղ, սևահեր, և իր սև խոշոր աչքերով նայում էր ինձ։ Ես կարկամել էի։ Նա ժպտաց և ասաց.
-Գույների հիանալի համադրություն է, այնպես չէ՞։
Շարունակում էի ապշած նայել նրան, բայց, այնուամենայնիվ, կարողացա տիրապետել ինձ ու գլխով դրական շարժում արեցի։
-Ես Աշոտն եմ, իսկ ձեր անունն ի՞նչ է։
Կարծես լեզուս կուլ տված լինեի...
-Անունս...
-Ի՞նչ է, մոռացա՞ք։
Ժպտացի և ասացի անունս
-Գեղեցիկ անուն ունեք, Մարի։ Չե՞ք սրճի ինձ հետ։
Մարին մի պահ լռեց.
-Մա՛ր, Մա՛ր, ես չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչպես զգացիր, որ նա... դե «նա'» է, էլի:
-Չգիտեմ, բայց այդ պահին շատ պարզորոշ կերպով զգացի նրա ներկայությունը։ Հետո էլ, երբ այգու սրճարանում նստած զրուցում էինք, համոզվեցի, որ «նա» է։ Ես նրան շա՜տ եմ սիրում։
Մարիի դեմքին վերականգնվել էր սիրահարվածի նախկին արտահայտությունը, նրա աչքերը փայլում էին գիշերը երկնքում առկայծող աստղերի պես։ Ես չհամարձակվեցի նրա սիրտը պղտորել իմ կասկածներով, հարցերով, որոնց պատասխանները ինքս ոչ մի կերպ չէի կարողանում գտնել: Նա վերացած ու առանց դադարի մանրամասն պատմում էր իրենց բոլոր հանդիպումների, նունիսկ ինտիմ շփումների մասին: Նշույլ անգամ չկար լուռ ու մտքերի աշխարհն ընկած նախկին Մարիից... Երբ նա վերջացրեց, նստեց կողքիս՝ նստարանին, և հարցրեց.
- Հը՞, ոչինչ չունե՞ս ասելու։
- Ես ուզում եմ տեսնել երան, ուզում եմ համոզվել, որ իմ Մարին ապահով ձեռքերում է, որ նա քեզ չի խաբում։ Իսկ ե՞րբ եք ամուսնանում։
-Շուտով։ Դու առաջինն ես, որ իմացար այդ մասին։
- Ծնողներդ համաձա՞յն են։
-Եթե նույնիսկ համաձայն էլ չլինեն, ես կյանքս կապելու եմ նրա հետ: Վաղը երեկոյան գալու են ձեռքս խնդրելու։ Գիտես, թե որքան ինձ համար կարևոր է քո և Արամի ներկայությունը։ Խնդրում եմ դուք էլ եկեք:
Մեր հանդիպումը կայացավ մտերմիկ ու ջերմ շրջանում: Աշոտը հիանալի տպավորություն թողեց իմ ու Արամի վրա. շատ արագ մտերմացանք: Իսկ երբ մի պահ խոհանոցում մենակ մնացի Մարիի հետ, ասացի հուզված.
-Գիտե՞ս, Մա՛ր, սկզբում ես երևի քեզ համարում էի ցնդած, բայց այսօր ինձ ապացուցեցիր, թե որքան մեծ ուժ ունեն և ինչ հրաշքներ կարող են գործել սերն ու հավատը։ Հետո, ամուր գրկեցի նրան ու շշնջացի ականջին.
- Երջանիկ եղի'ր...


 

Կարծիքներ

Պարզապես խոսքեր չունեմ...աննման էր...կարդալու ամբողջ ժամանակահատվածում մարմնովս դող էր անցնում...եթե այն իսկապես իրական պատմություն է, ապա ...հեքիաթ է..ես ել եմ ուզում հավատալ հրաշքներին...

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)