ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
Նառա Վարդանյան
Երազանք
Խենթություններս լրիվ հավաքած, կորուստներս առանց հաշվելու ու առանց լռելու՝ սիրահարաված հիմարի պես վազում եմ նրա ետևից... Փնթի սիրահարի նման շաղ եմ տալիս զգացմունքներս... Մեծերին չլսելու պատճառով ոտքս քարին է դիպչում ու քիթմռութի վրա ընկնում եմ... Այդ պահին վիզը ծուռ՝ երազանքս անհետանում է, չքվում, անէանում... պատրաստվում եմ աղ ու հացով դիմավորել ավելի անճաշակ երազանքի... Յոթ օր սև շոր եմ հագնում... Կորցնում եմ խենթություններ անելու շնորհս... Անձրևը մեղավոր հայացքով արցունքներիս է նայում, ճակատիս քրտինքի կաթիլները երազում էին անձրև լինել...
Չէ, այստեղ հաստատ ինչ-որ բան այն չէ... Մեկը հեգնախառը ժպիտով ավելացնում է . «Այս ինչ-որ մեկի միակը էստեղ սեր էր փնտրում»։
Ձևական քիթն ու աչքերն է սրբում, իսկ ես հենց երեսին էլ գոռում եմ. «Ամենևին կարիք չկա ստից լացես դեռ չմեռած զգացմունքներիս վրա... Այդ նույն լացով քամին ամեն օր մազերիս մեջ է, անձրևն է ուսերիս»։
Հևոցի ձայնը հիշողությունս կլանում է ու զգում եմ, որ կորցնում եմ այն... Միակ ապացույցը, որ երբևէ եղել եմ՝ հաղորդագրություններն էին՝ բազմիմաստ... մարդասպան...
Այս խենթ վազքի մեջ հասցրի նկատել ընկերուհիների, որոնք վարդերի գլխիկներով կոշիկների փոշիներն էին մաքրում...
Քրտինքի մեջ կորած՝ ետ եմ նայում ու գոռում. «Ինչպես վերադարձնեմ քեզ», գոռում եմ՝ «Որտեղ թաքցնեմ քեզ»...
Քնած շուրթերս երազ են տեսնում՝ իբր աչքերիդ փարված քնել են, իսկ աչքերդ զվարճանում են քրտինքիս կաթիլներով՝ կարծելով թե արցունքներս են... Գոռոցից արթնացած շուրթերս թարս-թարս ինձ են նայում ու երեսիս շպրտում են՝ «Լավ կլիներ քեզ հետ այդպես վարվեին»։
Ինչ-որ մեկի շուրթերն աչքերս գրկել էին, որ հեկեկոցս չլսվի... Արդեն զզվում էի արցունքներիս համից...
Համառորեն չէի ուզում ուրիշների տողերում քեզ ճանաչել, չէի ուզում, որ քեզ զգուշացնեին, թե ... «զգուշացիր»։ Հետո չէի ուզում շահագործել Աստծու անունը...
Ազատություն
Ես հղի էի, երբ ծնվեցի։ Դեռ մորս արգանդում էի, բռնաբարեցին ինձ ու այդ ճիվաղով հղի լույս աշխարհ եկա լուռ ու մեծ մարդկանց հավասար մեղքերով...Պտղաջրերի փոխարեն կավի մեջ էի խրվել, ականջներս խցանվել էին... Արդեն երազում էի մենակ ապրելու մասին...
Ծնեցի արնաթաթախ ու ցանկասեր մի ստվեր... Նա ցնցվեց, երբ դարձա ժամանակ ու իր իսկ աչքերի առաջ ժպիտով սկսեցի մերկանալ։
Կենդանի-կենդանի ոսկրացած մատներով ճանկռեցի թիկունքն ու հասկացրի, որ ժամանակն է... ԺԱՄԱՆԱԿԻ։ ճիվաղից վրեժ էի լուծում...
Հավերժություն ժամանակի մեջ կորուստների մեղքեր եմ հավաքում ու սպիների վրա աղոթքներ քսում... Ակնթարթ-տարվա մեջ փշրված ապակիների կտորներ ու մահագույն երազներ եմ գտնում, իսկ ճռնչացող լուսամուտի փեղկը վայրկյանի ու պատռված վարագույրի հետ երեկ է դառնում, ու էլի ես եմ մնում ժամանակ...
ճիվաղիս ամուսնացրի ու հարսանեկան պսակ պատվիրեցի։ Շարունակ լիզելով արնաթաթախ շրթունքները՝ տենչում էր բռնաբարել ժամանակի կապտած ստինքները... շրթունքները... Սա էլ իր նախորդի նման խանձարուրը շպրտում է գերեզմանափոսի մեջ...
Արևային ժամացույցը գիշեր է լցնում իմ միակ անկյունը, ուր փորի վրա սողացող կրքերը գաղտնի թաղվում են...
Մթության մեջ ձեռքերն առաջ պարզած՝ ուրվականները բազմանում են։
Կտավի վրա տարիքը 21-ն է...
Թքած... Ամեն ինչ կսկսեմ նորից...
Խնձորենին
Ամեն առավոտ սպանում եմ Ադամի կողոսկրից ստեղծած Եվային ու ամեն առավոտ կացնահարում միջիս խնձորենին... Կացնի հարվածից կտրված ձեռքս անզոր թպրտում է գրասեղանիս՝ բարձիս վրա, իսկ հարսանեկան մատանու քարը վերքոտում է ձեռնափս։ Մյուս ափիս մազոտ ձեռքի հպում է, մատների արանքում՝ ծխախոտ, որի ծուխը ոչ մի խորհրդավորություն էլ չունի, որովհետև կանայք էլ են ծխում, ու մոխրամանն ընդամենը աղբաման է...
Ձեռքս տանում եմ խնձորենու ճյուղին... Դերս եմ փորձում ու էլի սպանում եմ իմ միջի Եվային... Նազանքս ու գեղեցկությունս ջլատված՝ փորձում են հասնել ետևիցս, որովհետև մենք միմյանց խոստացել էինք ժպիտով հիշել անցյալը, իսկ դատարկ պահարանն ապտակում է ի պատասխան սպասումի... Ինձ միշտ թվացել էր՝ անվարագույր պատուհաններից այն կողմ մարդ չի երազում ու այդ դատարկության մեջ կաղկանձը չի արձագանքվում...
Դարձյալ սպանում եմ իմ մեջ ապրող Եվային... ու գնում մի կոճակով վերնաշապիկ, մերկ թափառում իմ սիրած պողոտաներով, ուր ամեն գարնան ծաղկում են խնձորենիները...
Չգիտեմ՝ ում դիմեմ գարուն ունենալու խնդրանքով...
Ծռմռված ժպիտով շարունակում եմ գոյությունս քարշ տալ, որովհետև հասկացա՝ դու սովորական մարդ ես...հյորհրդավոր ժպտում եմ Սատանային, մեղավոր նայում Աստծուն...
Դրախտ-խրճիթի դիմաց նստած՝ Եվան փրկության ճանապարհներ էր մտմտում...
Երանի Եվան ինքնասպան լիներ...
Վթար
Բորբոսնած ժամացույցի սլաքների աղմուկից, շների վնգստոցից, կեսգիշերային լացիցս նյարդայնացած դուրս եմ գալիս փողոց նրան օգնելու, որ փրկի մարմինս։ Մթությունից օգտվելով՝ ըմպում էր առողջ աչքերս, մատները մտցրել էր բիբերիս մեջ ու ուժով սեղմում էր ետ, ավելի խորը՝ գլխիս մեջ... մի աչքս կպավ զավեշտի բջջին. հիշեցի, թե ինչպես իմ ներկայությամբ երկու սիրահարված կին հայհոյում էին իրար իմ համակարգչոտ սիրածիս համար...
Հետապնդումներիցս հասկացավ, որ դատարկության ետևում եմ, ուր ոտնահետքեր չկան, բայց ծաղիկները տրորված են... Մինչև ինքս իմ մեջ մտնելն արդեն կարդացել էի Աստվածաշունչը, իսկ ձիուց ընկա շատ տաք գրկի մեջ...
Հետո փոքրացա, խեղճացա, երբ հասկացա, որ միայն ցանկալի եմ ու կիրքն էլ դիմագծեր ունի... թեև ես էլ եմ երազել մի պահ լինել աղջկա պարանոցին թափված ջրի կաթիլ... Եվ հետո եկեղեցին ինչ մեղք ունի, որ իր պատերի տակ կամազուրկ եմ դառնում, որ թույլ եմ տալիս հենց մարիամևերի ոտքերի տակ քամել շուրթերս... ու մեծամիտ հույսիս գլուխը շոյելով մնում ենք միայնակ... Այս անգամ էլ ստվերիս մեջ ինչ-որ մեկին եմ փնտրում, ով վերադարձի ժամանակ անպայման կմահանա...Ինձ կարեկցող հայացքները հասկացնում էին, որ խելագարվել եմ... իսկ ես ընդամենը փողոցից սատկած շանը գրկել, դրել էի մանկասայլակի մեջ ու վազում էինք մեծ մայրուղով, որտեղ կիսամերկ կանգնած կին-պոռնիկները ոչ մեկին չէին վստահում... Նրանք էլ էին կարծում խելագարվել եմ, բայց ինձ ժպտացին, երբ մանկասայլակի մեջ իրենց ծանոթ դեմք տեսան... էլի գլուխս կախ, առանց բանաստեղծության տուն եմ գնում... հետո զգում եմ, որ կոկորդիցս ներքև շղթաս սեղմում է, որովհետև քայլում եմ տանիքից թափվող սառույցների միջով, որովհետև չեմ անցնում գետնանցումներով, որտեղ սովածներն ուտելիք են խժռում և ձեռնաշարժությամբ են զբաղված... որովհետև փողոցում մահն ավելի մոտ է, որովհետև մանկասայլակի ճռճռոց եմ լսում, որովհետև երբեք չէի տեսել, որ գիշերվա մեջ արևը վախից արթնանա, որովհետև գերեզմանոցներում շիրմաքարերի ողորկ փայլունի վրա ալիքաձև արտացոլքս եմ տեսնում ու... որովհետև ինքս եմ տրորված ծաղիկներ դնում հողաթմբերի վրա... թեև ոտքերիս տակ երերում է աթոռը...
Իրեն մեքենայի տակ գցող աղջկա վրա վարորդը բարկանում է, ազդանշան տալիս, ձայնը սողալով մտնում է համբուրվող շուրթերի արանքն ու գոռում. «...դեմդ նայի»... Նույն աղջիկը ծննդյան օրը բալիկի ծնունդ է տեսնում... Այդ օրն առաջին ձյունն է գալիս, իսկ ինքն իրենց պատշգամբի վրայից պստիկ ափով վաղուց էր ձյան կուսության համն առել...
Մյուս աչքս սեղմվեց ոռնոցի բջջին, երբ տողերիցս ինձ հարազատ շնչառություն զգացի... ամուսնուն երբեք չդավաճանած կույսի ճիչ լսեցի... օդում բռնեցի սաղմի հոտը... քայլերս մարագ տարան...ծննդաբերելու...
Հոմերյան քրքիջ
Փողոցում մահվան թափորն է թափառում՝ մոլորված ու թրջված։ Ամբոխի գլխին մի դագաղ էր պարում՝ ինչպես հարսանիքի ժամանակ սկուտեղներն ու հարսի շորերի զամբյուղը։
Դագաղը դատարկ էր։ Դիմացի շենքի պատուհանների վարագույրներից այն կողմ կիսաթափանց ապակիներին լղոզված էին մարդկային դատարկ ու սովորական աչքեր։ Հայացքս պաղ լռության մեջ էր։ Դագաղի ներսի սպրտակության ու դատարկության նախանձից սուզվեցի փայտե տուփի մեջ ու սաղմի պես տեղավորվեցի... հետո ձեռքերս վեր պարզած առանց նազանքի պարում էի, բարձր ծիծաղում էի, հռհռում։ Թափորից ոմանք քթերն էին մաքրում ու հեծկլտում։ Բոլորը գիտեին, որ մահացել եմ, իսկ իմ մտքով ինչեր ասես, որ չէին անցնում։ Նկատեցին հրաշալի եմ պարում, փայտից բնակարանս իջեցրին գորգապատ սեղանին։ Ակսեցի երգել անզուսպ ու սանձարձակ։
Չէի կարողանում հիշել ինչից էի մահացել։ Գուցե հիվանդ եմ եղել, գուցե մեքենայի տակ եմ ընկե, գուցե ինքնասպա՛ն... Հիշողությանս մեջ փնտրում էի, սպանե՞լ են... Բայց ովքե՞ր, ինչու՞...
Արագ-արագ սկսեցի ոտքերիս վրա փռված ծաղիկները հավաքել և դրանք ինձ նվիրել որպես չբացահայտված պարգևատրություն, և մարդկանց ուսերին օրորվող անտանիք տնակիցս նետվեցի դուրս, որովհետև գլուխս պտտվում էր ու հնարավոր չէր յոթ պտույտին էլ դիմանալը... Իջա հողին ու ու քայլեցի մարդկանց ետևից, սկսեցի հավաքել սպիտակ վարդերի գլխատված կոկոնները։ Այդ վարդերից սև ժապավենով պսակ հյուսեցի, վիզս գցեցի, Թափորը հասավ գերեզմանոց։ Կուրծքս առաջ բերեցի, հպարտ կանգնեցի ամենաբարձր գերեզմանաքարի վրա՝ պատվո հարթակին։ Ես շահել էի մրցանակը. լավ ու հաջող մեռել էի։ Ծաղիկներից երկու պսակ էլ կողքիս կանգնողների համար հյուսեցի... Հնարավոր է ինձ սպանողներն էին...
Պատմվածք
...Ու փողոցում գտա հասցեն կորցրած պատմվածքը։ Զարմանալի մանրիկ տառերով ու խնամված ձեռագրով էր գրված։ Կարծեցի հեղինակը շատ է տխրել, երբ կորցրել կամ դիտմամբ մոռացել է այն։ Գլխատված վերնագրից փշաքաղվեցի ու սեղմեցի կրծքիս, ամուր, քնքշանքով, կարոտած... Ես ու ընկերուհիս էինք... Նրան պատմվածք պետք չէր... Հետս տուն տարա ու թաքցրի բարձիս տակ... Վախենում էի կարդալ, տարօրինակ հուզմունքով սպասում էի... Սովորականից շուտ պառկեցի քնելու ու ձեռքս առա... Չգիտեմ՝ սովորույթ դարձավ, թե անհրաժեշտություն ամեն օր քնելուց առաջ կարդում էի, այնքան, որ էլ հարկ չէր լինում մաշկած թերթերին նայելու... Հետո սկսեցի բարձրաձայն արտասանել տարբեր շեշտերով ու տարբեր ձայներով... Պատմվածք գտնելու մոլուցքից ձեռք բերած անքնությունս բուժվեց...
Հետո պատմվածքը սկսեց գիշերներս վերածել մղձավանջի... Աչքերիս մթի մեջ այն նույն անդունդն է, որի մեջ երազում նետված ճիչը դեռ մանկությունից ականջներիս մեջ է, այդ անդունդի եզրին ես ու պատմվածքի օրինական տերն ենք ...Ես վարանում, եմ. վերադարձնել, թե... Գլուխս կախում՝ ներողություն եմ խնդրում... Ինքն էլ ասում է՝ սահմանախախտությունը օգտակար է ու հետաքրքիր...
Արթնանում եմ սիրտս ճնշող ինչ-որ դատարկության վախից... Ձեռքս բարձիս տակ եմ տանում, խաղաղվում եմ... Ես, որ այդ պատմվածքի հետ կապ չունեմ, ինձ փնտրում եմ լուսանցքում՝ որպես սխալ արարքի հուշում... Պատռելու չափ ջնջում եմ՝ «Չսիրե՞մ, երախտագիտություն հայտնելու ուրիշ ձև չգիտեմ» տողը։ Տողադարձվող բառերն ինձ չեն էլ տեսնում... Հետո ասում եմ, որ կարոտել եմ, հեռու ես ու կարոտել եմ... Եվ հենց սիրո հավերժությունը կայացման մեջ է...