ՔԱՐԱՎԱՆԸ...

Երանուհի Ղանդիլյան


Yeranouhi77.jpeg











Ժամանակի պես անսկիզբ ու անվերջ սորում էր անապատը... Շուրջ բոլորը միայն դեղին ավազ էր։ Քարավանը դանդաղ ու ծանրաքայլ սողում էր առաջ։ Քարավանը հառաչում էր... Մարդկանց քարավանը...
Բագրատ ամին զգաց, որ այլևս առաջ շարժվելու ուժ չի մնացել, ծնկները հոգնածությունից ծալվում էին, մերկ ոտնաթաթերը ավազների տաքությունից կարմրել և մզզում էին, իսկ անտանելի ցավը միալար թմբկահարում էր ուղեղը, և ծերունին պարկի պես ընկավ ճանապարհին, հենց մարդկանց ոտքերի տակ։ Մի պահ, միայն մի ակնթարթ հաճելի թմբիր իջավ վրան, սակայն արևն անխնա այրում էր։
- Ջու՜ր, ջու՜ր,- ոռնում էր ծարավը, սակայն կոկորդը անկարող էր ենթարկվել բնազդին, և նա հազիվ շրթունքներն էր շարժում։
Բագրատ ամին փակեց աչքերն ու շատ պարզորոշ հիշեց, թե ինչպես էին երեխա ժամանակ հոտաղ ընկերներով թողնում նախիրը արոտավայրում և վազում գետը լողանալու. հետո ջրից դուրս էին գալիս, թաց-թաց պառկում կանաչ խոտերի վրա ու փակ աչքերով նայում արեգակին։ Հաճելի էր զգալ, թե ինչպես է արևի շողքը կաթկթում դեմքիդ ու պարանոցդ խուտուտ տալով ծորում ցած։ Աստված իմ, մի՞թե դա իրականություն էր, մի՞թե ինքը մանկություն է ունեցել։ Այն ժամանակ այս արևը չէր... Այն ժամանակ Հայի արև էր...
-Վե՛ր կաց, գյավուր, թե չէ շան պես կսատկացնեմ,- բղավեց մի 18-20 տարեկան թուրք պատանի ձիու վրայից և մտրակով շրըխկացրեց ծերունու դեմքին,- ես քեզ ցույց կտամ հանգստանալ,- ու հաջորդեց երկրորդ հարվածը։
Բագրատ ամին մի կերպ կիսանստեց, հետո օրորվելով ոտքի ելավ։ Քարավանի առջևում իրարանցում սկսվեց, լսվեց մի աղեկտուր ճիչ, և մի կին մազերը պոկելով սկսեց խենթի նման պտտվել ու բղավել. «Մի՞թե էս էրգրում քարի կտոր մը չկա, Աստվա՜ծ, մի քար բաշխիր ինձ, տուր ինձ իմ գերեզմանիս քարը, ես էսոնց սպանե՜մ պիտի»։ Անմիջապես շառաչեց մտրակը կնոջ դեմքին և նա ընկավ, հետո սողալով գնաց, գրկեց մահացած երեխային ու սկսեց լալ. «Բալես, արևս։ էս ի՞նչ ըրիք մինուճարիս հետ, ինչո՞ւ, գազաններ, անծնունդ արնախումներ։ Երեխաս ծարավեն մեռավ։ Ինչի՞ համար»։ Ատրճանակի կրակոցը չուշացավ, և կինը սառեց հենց այդպես՝ երեխային գրկած... Իսկ քարավանը անտարբեր շարունակեց իր դժոխային երթը... Քարավանը այլևս ուժ չուներ խղճալու։
Բագրատ ամին մի կերպ ճոճվելով շարժվում էր առաջ։ Ամեն կողմից լսվում էին լացի ձայներ, վայնասուն, որոնց անմիջապես հետևում էր ատրճանակի կրակոց. բախտավորություն էր համարվում, երբ միայն մտրակի հարվածներով էրն սահմանափակվում։
Ծերունին հիշեց իրենց մեծ գերդաստանը...
Գարուն էր, արագիլները վերադարձել և նորոգում էին իրենց բները։ Գյուղացիները մաճն ու արորը ուսերին գնում էին դաշտերը գարնանացանի և հանդերում թնդում էր հորովելը։ Իսկ հետո, ա՜խ, այդ սև հետոն։ Սրերը ճոճելով գյուղ ներխուժեցին թուրք ձիավորները և սկսվեց սպանդը։ Օ՜, Աստվա՜ծ, այն ինչեր էին անում... Մարդկային ուղեղն այդքան երևակայություն չունի այդչափ չարագործություններ իրագործելու... երանի այդ պահին զրկվեր աչքի լույսից ու չտեսներ այն ինչ տեսավ։ Այդ պահին մարդկային խիղճն էր կուրացել... Այդ ինչ սիրտ պիտի լինի, որ այդպիսի սառնասիրտ դաժանությամբ մարդ մորթի, այդ երեխանե՞ր են, թե ցորենի պարկեր, որ վերցնում ու նետում են ձորը, սպանում են դեռ չծնվածներին մոր արգանդում, ողջ-ողջ այրում են մարդկանց։ Շատերը գնացին... Քչերը մնացին...
Դիմացից քայլում էր մի դեռատի հարս, բայց աչքերը հոգնած էին ու ծերացած։ Նա գրկել էր ծծկեր մանկիկին ու արտասվում էր։ Երեխան բղավում էր, սոված էր։ Մի երեխա էլ ինքն էր, բայց նրա մայրական բնազդը պատասխանատվություն էր կրում երեխայի համար։ Հանկարծ նա վճռական շարժումով գոտու տակից հանեց դանակը և կտրեց մատը, կտրեց առանց վայրկյան իսկ տատանվելու։ Արյունը լճացավ, կաթկթեց դեղին ավազին, որը անկուշտ հրեշի նման անմիջապես կլանեց ալ կարմիրը։ Կինը արյունոտ մատը դրեց մանկիկի բերանը և գոհ իր մանկամիտ լուծումից ժպտաց. Իսկ միգուցե թվա՞ց թե ժպտաց...
Հայը մոռացել է ժպտալ...
Հայի ժպիտը մահապատժի է ենթարկվել և դաժանաբար սպանված է...
Բագրատ ամու ականջին հասան երգի հնչյուններ, մի պառավ մեղմ ձայնով երդում էր «Առավոտ լուսոյ, արեգակն արդար...»։ Արդա՞ր, արդարությունը այլևս հորինվածք է, առասպելական գլուխգործոց, անիրական հեքիաթ...
Ծերունին հիշեց իրենց գյուղը և ժայռի պռունկին ծվարած եկեղեցին։ Ամեն առավոտ հնչում էին եկեղեցու գանգերը ու ծորում էր շարականը, որ ծխացող խնկաբույրի հետ դուրս էր գալիս եկեղեցու պատերից ու շաղվում գյուղի վրա, տարածելով մի մե՜ղմ անդորր, և երկինք էր ձգվում մարդկանց աղոթքը...
-է՜յ, դուք, ի՜նչ եք ուզում մեզնից, մի՞թե ձեզ մայր չի ծնել...,- շարքից բղավեց մի պատանի, ով գիտե՝ ինչ հրաշքով կենդանի մնացած, սակայն խոսքը բերանում կիսատ մնաց, շառաչեց մտրակը, և դեմքի վրա, բերանի մի անկյունից մյուսը ձգվեց կարմիր հետք, որից կաթկթում էր արյունը։
-Ի՜նչ էս տղամարդ ձևանում ստոր կենդանի, իջիր ձիուց և խոսիր տղամարդու պես-, մտրակի հարվածից ավելի գազազած բղավեց նա։
Թուրքը պատյանից հանեց ատրճանակը և հայհոյանքների հետ միասին ուղղեց տղայի վրա։
-Մի կրակիր,- հրամայեց թուրք սպան, ես նրա համար ավելի լավ պատիժ ունեմ, թե տղամարդ է, կդիմանա։ Հետո շրջվեց դեպի ետ ու ինչ-որ բան բղավեց թուրքերեն։ Ջուրը անփութորեն գլխին լցնելով մոտեցավ մի գեր մարդ, մարդկային ցեղի հետ ոչ մի կապ չունեցող լկտի ժպիտով։ Նրանք սպայի հետ մի երկու խոսք փոխանակեցին ու ծիծաղեցին...
Նրանք պայտեցին այդ պատանուն...
Նրանք պայտեցին կենդանի մարդու...
Բագրատ ամին գլուխը շրջեց ու սրբեց աչքերը։ Աակայն աչքերում արցունք չկար, նա մաքրում էր տեսածը, ախ եթե ինչ-որ հրաշքով ուղեղից էլ հնարավոր լիներ մաքրել այդ պատկերը։ Ծերունին հիշեց, թե ինչպես էին ինքն ու հայրը ձիերին տանում դարբնի մոտ պայտելու, ու հետո ինքը սլանում էր այդ ձիու վրա նստած։ Իր Սևուկի: Ստամոքսում սուր ծակոցներ զգաց։ Քաղցից էր։
... Վառվող թոնրի ծուխը քուլա-քուլա գալարվելով երկինք էր բարձրանում ու համբուրում նոր ծագող արեգակի փեշերը։ Գյուղում ամեն առավոտ հաց էին թխում։ Երեխաներով, դեռ քնաթաթախ, կիսահագնվել շարվում էին թոնրատան մրոտ պատերի տակ ու սպասում, սպասում առաջին հացին։ Կրակի ջերմությունից կարմրած մայրը հանում էր վարդագույն լավաշները , տալիս ու ասում. -Կերեք ձեզ մատաղ, ու այդ պահին աշխարհում ավելի համեղ բան չկար, քան այդ փրփուր լավաշը, որն անմիջապես հալչում էր բերանում, ավելի գրգռելով ախորժակը...
Արդեն մի քանի օր է ինչ Բագրատ ամին ոչինչ չէր կերել։ Ապրիլի 29-ն էր։ Այսօր նրա ծննդյան օրն է։ Նա ուժասպառ ընկավ, փորձեց չորեքթաթ սողալ, բայց չկարողացավ։ Ընկավ ավազների վրա, փակեց աչքերն ու սպասեց մտրակի հարվածներին։
-Վեր կաց, կկրակեմ, - բղվեց թուրքը։
-Գնդակդ մի փչացրու, նա արդեն սատկել է, - ասաց մյուս ձիավորը։
... Մի որոշ ժամանակ ծերունին անզգա ընկած էր, հետո մի կերպ բարձրացրեց հայացքն ու տեսավ, որ քարավանը բավականին հեռացել է։
Քարավանն արդեն հորիզոնի մյուս կողմն էր անցել։
Մարդկանց քարավանը...
Իսկ անապատի քամին մաքրում էր հետքերը, թաքցնելով դրանք պատմության էջերից...

 

Կարծիքներ

Այդ հետքերը, թեկուզ և թաքուն, կնիք են դարձել հայի սրտին ու ոչ մի քամի չի կարող ջնջել այն...

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)