فارسي

ՆԱԽԱԶԳԱՑՈՒՄ

  |  


Մելանի

Վերջին անգամ այստեղ եղել էր տարիներ առաջ: Եվ այնուհետև երբևե չեր ցանկացել այցելել նույն վայրը: Սիրում էր այն պահպանել իր հուշերում այնպես, ինչպես տեսել էր առաջին անգամ: Դատարկ ու հին, սալահատակ մայթերը, բարձր ծառերը կախված մայթերի վրա և խոր լռությունը, որն իր մեջ կուլ էր տալիս իրենց քայլերի արձագանքը այնպիսի գորովանքով, որ ասես այս փողոցներում երբևե չէր հնչել մարդկային քայլերի արձագանք...
Հենց այս փողոցում էլ իր կյանքը երջանկության գույն էր ստացել և այս մայթերն էին դարձել իրենց առաջին հանդիպման վկաները: Ա՜խ այդ հավերժ լուռ, հին, սալահատակ մայթերը ինչե՜ր, ինչէ՜ր չէին պատմի, եթե միայն խոսել կարողանային...
Յոթ տարիներ էին անցել այն օրվանից: Յոթ երկա՜ր, շա՜տ երկարաձիգ տարիներ և այսօր նորից այստեղ էր, ուր ամեն ինչ թվում էր այլ կերպ...
...Արթնացավ վաղ առավոտյան: Չգիտեր արդյոք աչքը փակե՞լ էր թեկուզ մի պահ: Նույնիսկ չգիտեր, թէ այդ մղձավանջը, որի միջով անցել էր ամբողջ գիշերը՝ երա՞զ էր, թե՞ իր երևակայության արդյունքը... «Պատրաստ եղիր, Աննա՛. այսօր դու միայնակ պիտի գնաս այնտեղ: Այսօր...»: Արցունքները ցած գլորվեցին նրա թախծոտ աչքերից և թույլ չտվեցին ավարտել միտքը: Չեր սիրում արտասվել: Իրեն ոչ ոք չեր տեսել արտասվելիս. իսկ վերջին օրերին սրտանց էլ չեր ժպտացել. ժպտացել էր բռնազբոսիկ՝ թաքցնելու իր հոգու տառապանքն ու իրենից անբաժան ցավը...
Աննան ընդոստ վեր կացավ ու նստեց անկողնու մեջ: Սրբեց այտերի վրայից հոսող արտասուքն ու նայեց շուրջը: Իր սենյակում տարիներ էր, ինչ չէր կատարվել որևե էական փոփոխություն: Իր մահճակալը, գրասեղանը, որ ծածկված էր գրքերի մի մեծ կույտով, և աթոռը, որի վրա հաճախ նստում էր ու ժամերով մտորում, մնացել էին անփոփոխ: Այժմ աթոռին, իր փոխարեն, զգեստներն էին գցված: Սենյակի հատակը ծածկված էր մի հին գորգով, որն, ինչքան հիշում էր, միշտ այստեղ փռված էր եղել: Սենյակի անկյունում, պահարանի կողքին, կար նաև մի փոքրիկ սեղան, որի վրա զետեղված էին մի քանի լուսանկարներ, իր ձայնարկիչը և մի հայելի:
Աննան նայում էր շուրջը: Ասես չէր եղել յոթ տարվա տարածությունը: Այս առարկաները տարիներ շարունակ իր կողքին էին եղել. կիսվել էր դրանց հետ հարազատի կամ մտերիմի նման: Վեր կացավ անկողնուց ու մոտեցավ գրասեղանին: Վերցրեց մի գիրք, թերթեց մի քանի էջ, բայց անմիջապես նորից դրեց ցած: Վերցրեց մեկ ուրիշը: Թերթեց ու սկսեց կարդալ, բայց դարձյալ հազիվ մի երկու տող կարդալուց հետո, վեր բարձրացրեց գլուխն ու նայեց անհայտ ուղղությամբ... Այսօր ինչո՞ւ էր այսպես հուզված... «Աննա, մի՞թե չեիր խոստացել տիրապետել զգացումներիդ: Պետք չէ այսպես...», - ասաց ինքն իրեն ու ձեռքի գիրքը զայրույթով նետեց գրասեղանին: Հետո մոտեցավ մյուս սեղանին ու սկսեց դիտել լուսանկարներն այն մարդկանց, որոնց սիրում էր: Այստեղից պակասում էր միայն նրա լուսանկարը: Վաղուց դա այնտեղ չեր: Ինքն էր հեռացրել, որովհետև այդ լուսանկարը հիշեցնում էր իր կյանքի ամենաերջանիկ և արդեն հուշ դարձած պահերը, որոնք ներկայիս իրեն միայն ցավ էին պատճառում: Ճիշտ է, չկար նրա նկարը մյուս նկարների կողքին, բայց դա բնավ չէր օգնում մոռանալու նրան... Այստեղ ամեն բան նրան էր հիշեցնում: Ակամայից հայելու մեջ տեսավ իր թախծոտ հայացքը: Սև, երկար մազերը թափվել էին դեմքին ու ուսերին: Ձեռքով մազերը հեռացրեց դեմքից: Հայելուց իրեն էր նայում մի գրավիչ դեմք՝ մոխրագույն, տամուկ աչքերով... Ափով սրբեց աչքերն ու նորից նայեց հայելուն: Ժպտաց: Ժպիտն այնքա՜ն էր հարմարում իր նրբագեղ դեմքին: Ինչո՞ւ էր ժպտում, ինքն էլ չգիտեր, բայց ասես այդ դյութիչ ժպիտը վարակեց նաև իր ողջ էությունը մի արտասովոր ջերմությամբ: Մենության գիրկն ընկնելուց հետո ինքը երբեք չէր զգացել նման բան... Սիրտը միշտ եղել էր դատարկ ու թախծոտ, ի՞նչ էր դա...
Հայացքը հեռացրեց հայելուց, մի պահ նորից նայեց սեղանի վրայի լուսանկարներին ու ետ շրջվեց: Շնչեց խորը և ասես աշխուժացած՝ աթոռի վրայից վերցրեց զգեստներն ու հագնվեց: Ապա միացրեց ձայնարկիչը, որից հնչեց նույնպես անցյալը հիշեցնող մի երգ:
-Որքա՜ն կուզեի ժամանակը կանգ առներ այն պահին, երբ հանդիպեցի քեզ...- ասաց նա լսելի ձայնով:
Խնամքով հավաքեց անկողինը, մոտեցավ գրասեղնին ու սկսեց դասավորել սեղանին թափված գրքերն ու ձայներիզները: Շտապելու բան չուներ: Այդ երգի ամեն մեկ բառը նոր հուշեր էին արթնացնում իր սրտում, հուշեր, որոնք պատկանում էին միմիայն իրեն ու... Մենուային:
Նրա մեկնելուց հետո Աննան իր վիշտը չպատմեց ոչ ոքու: Ինքն էր այդպես ուզում՝ չխոսել, չկիսվել որևե մեկի հետ: Կհասկանայի՞ն իրեն ու իր ապրումները: Նրա գեղեցիկ աչքերը նորից լցվեցին և այս անգամ չկարողացավ տիրապերել իրեն: Գլուխը դրեց սեղանին ու դառն արտասվեց: Ասես երազում լսեց մոր ձայնը, որ կանչում էր տնեցիներին նախաճաշելու: Վեր կացավ տեղից, նորից սրբեց աչքերը և բացեց պատուհանը, որպեսզի թարմ օդը փոխի դեմքի արտահայտությունը: Գարնանային գեղեցիկ առավոտ էր: Թռչունները երգում էին բարձրաձայն ու անհոգ դես ու դեն էին թռչում: Նրանց նայելիս, սիրտը լցվում էր ուրախությամբ: Անջատեց երաժշտությունը, որպեսզի ավելի պարզ լսի նրանց դայլայլը: Մի պահ ցանկացավ, որ ինքն էլ լինի դրանցից մեկը...
-Աննա, սիրելիս, չե՞ս ուզում նախաճաշել, բոլորս քեզ ենք սպասում,- ետևից լսեց մոր ձայնը, որ կանգնած դռան մէջ նայում էր սպասողական:
-Գալիս եմ,- ասաց Աննան թաքցնելով իր հուզմունքը:
Ուզում էր ասել, որ այդ օրը՝ իրենց առաջին հանդիպման օրը, նախաճաշելու ցանկություն չունի: Ուզում է մենակ անցկացնել ամբողջ օրն իր սենյակում, իր հուշերի գրկում: Ուզում է հեռու մնալ մարդկանցից, ամփոփվել ինքն իր մեջ... Բայց մի՞թե դա հնարավոր էր: Բոլորը սպասում էին իրեն: Դեռ ստիպված էր պատասխանել մոր և մյուսների զանազան հարցերին...
Նախաճաշի ընթացքին Աննան լուռ էր: Բայց դա չեր խանգարում մյուսներին: Նրանք բոլորն էր խոսում էին ու զվարճանում: Արաձակուրդի օրեր էին ու ոչ ոք աշխատանքի չեր գնալու: Դրոն՝ եղբայրը, պատմում էր իր ճանապարհորդության մասին. նա երեկ էր վերադարձել Փարիզից, ուր մեկնել էին մի խումբ ընկեր-ուհիներով: Գնալուց առաջ նա երկար խնդրել էր Աննային իրենց միանալ, բայց ինքը չեր համաձայնվել: Պատճառ էր բերել որոշ հետաձգված գործեր, որոնք պիտի ավարտեր ու հանձներ մինչև արձակուրդի վերջը: Նա շատ լավ գիտեր որ այդ գործերը մի քանի ժամ ավել չէին խլի իրենից, բայց անհրաժեշտ էր ինչ- որ պատճառաբանություններ բերել: Երբեք թույլ չեր տվել որևե մեկին զգալ թե ինչ է կատարվում իր հոգում և դա նրան մասամբ հաջողվել էր:
-Աննա, շատ եմ ցավում, որ չկարողացար գալ մեզ հետ,- հանկարծ լսեց Դրոյի ձայնը: Բոլորը քեզ էին հարցնում: Խոստացիր, որ գալ անգամ կգաս:
-Խոստանում եմ,- ժպտաց Աննան, իր ժպիտով ասես կախարդելով բոլորին:
Սենյակում, նա մի պահ կտրվեց անցյալից: Պատուհանը դեռ բաց էր: Ծառերը արդեն ծաղկել էին, ծիլերը դուրս էին եկել հողի գրկից: Երկինքը ծածկված էր մոխրագույն ամպերով: Սիրում էր անձրևը: Միացրեց երաժշտությունը, մի գիրք վերցրեց, պառկեց մահճակալին ու սկսեց կարդալ: Նորից զգաց այդ անսովոր ջերմությունը սրտի խորքում: Վեր կացավ ու նստեց: Նրա գլխում այժմ միայն մի միտք էր պտտվում. գնալ այնտեղ, «իրենց» փողոցը: Չէր հասկանում, թե ինչո՞ւ հենց այսօր այդ միտքը համառորեն հանգիստ չի տալիս իրեն... Գնալ այնտեղ, ուր առաջին անգամ հանդիպել էր Մենուային, տարիներ առաջ: Այդ փողոցում նա եղել էր իր սիրած էակի կողքին: Քայլել էր նրա հետ, խոսել, ծիծաղել, երազել, գրկել, համբուրել... Գնա՞ր: Ի՞նչ կզգար արդյոք, երբ քայլեր մենակ,առանց նրա: «Կգնամ, թող դա լինի վերջին անգամ»,- ասաց նա ինքն իրեն ու վեր կացավ տեղից: Ապա հաստատուն քայլերով մոտեցավ պահարանին, բացեց այն ու վերցրեց այն զգեստը որը հագել էր վերջին անգամ ժամադրության գնալիս: Փոխեց զգեստը: Մոտեցավ հայելուն, սանրեց սև, երկար մազերը: Նայեց հայելու մեջ, նորից ժպտաց ու դարձյալ կրծքի տակ զգաց բերկրանքի անսովոր, հորդուն ալիքը... Հանկարծ մտաբերեց նաև այն օծանելիքը, որի համար Մենուան խենթանում էր.
-Աննա այս բույրն ինձ խելքահան է անում.
-Դե, զգույշ եղիր չխելագարվես,- ասում էր ինքը ծիծաղելով:
Քայլերը նրան տանում էին դեպի «իրենց» փողոցը, որտեղ նրանք հաճախ էին լինում միասին: Նրա սիրտը տրոփում էր անհամբեր: Ինչ-որ վախ կար սրտում: Ի՞նչ կզգար, եթե ամեն բան փոխված լիներ: Նա ցանկանում էր տեսնել ամեն բան այնպես, ինչպես մնացել էր իր հիշողության մեջ: Վերջին անգամ արտասուքով լցված աչքերով էր հեռացել այնտեղից: Այժմ, տարիներ անց, գնում էր այնտեղ նույնպես արտասվախառն աչքերով: Թեթև անձրև էր մաղում: «Ինչ լավ է, որ անձրևում է,-մտածեց,- մարդիկ չեն տեսնի արցունքներս»... Անցյալում միշտ այնտեղ գնալիս Մենուան իր կողքին էր, բայց այսօր ինքը մենակ է. գնում է նշելու այն օրը, երբ հանդիպեցին առաջին անգամ...
Տարված իր ապրումներով՝ չհասկացավ, թե ինչպես հասավ ծանոթ փողոցին: Ինչքա՜ն էր կարոտել... Ինչո՞ւ երբեք չեր մտածել այստեղ գալու մասին: Սարսափե՞լ էր մենակ գալուց... Իսկ հիմա ի՞նչն իրեն այստեղ բերեց: Հիշեց այն օրերը, երբ անհամբեր սպասում էր Մենուային: Նա երբեք չեր ուշանում. խոստացած պահին երկուսն էլ այնտեղ էին լինում... Հիշեց նրա ժպիտը, նրա գեղեցիկ սև աչքերը, երեսին թափված թուխ մազերն ու սպիտակ դեմքը: Մենուան գեղեցիկ էր, հաղթանդամ, բարձրահասակ: Նրա կողքին Աննան իրեն անսահման երջանիկ էր զգում...
-Մենուա՛, իմ Մենուա՛, ես ո՞նց դիմանամ առանց քեզ: Ա՜խ, եթե իմանայի որտե՞ղ ես... Հիմա ես մենակ եմ այստեղ, ուր միշտ լինում էինք միասին: Գիտե՞ս այն օրվանից ես այլևս ոտք չեմ դրել մեր փողոցը...
Աննան մտաբերեց իրենց առաջին ժամադրությունը: Նրանք սովորում էին նույն դպրոցում: Մենուան երկու տարով մեծ էր իրենից: Նրան առաջին անգամ հանդիպեց ընկերներից մեկի ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպված խնջույքին: Մենուան վերջերս էր փոխադրվել իրենց դպրոցն ու նորեկ էր համարվում: Պարզվեց, որ նա մարդամոտ է, օժտված հումորի զգացումով: Խնջույքի ողջ ընթացքին, նա զբաղեցրեց ներկաներին իր զվարճալի պատմություններով ու կատակներով: Բոլորը սիրեցին նրան և այնուհետև նա դարձավ իրենց ընկերական խնջույքների, արշավների ու հանդիպումների զարդը:
Գարնանային մի օր, երբ բոլորը խաղում ու զվարճանում էին դպրոցի բակում, Աննան պատրաստվում էր հաջորդ դասաժամի համար: Նա այնպես էր կենտրոնացել նյութի վրա որ չանդրադաձավ, թե ինչպես հայտնվեց Մենուան:
-Բարև Աննա:
-Բարև,- պատասխանեց Աննան ժպտերես:
-Էս ի՞նչ կարևոր բան ես կարդում, որ չես միանում մեզ...
Աննան ինչ որ տարօրինակ բան նկատեց Մենուայի դեմքին:
-Մենուա, բան է պատահե՞լ:
-Չէ, ոչ մի բան,- պատասխանեց նա փոքր ինչ շփոթված,- միայն ուզում էի ասել...
-Լսում եմ:
- Չհանդիպե՞նք այսօր երեկոյան:
Աննա լուռ էր ու նայում էր նրան զարմացած հայացքով:
-Կխոսենք մեր մասին...
Այդ պահից, էլ նա ոչինչ չեր լսում: Նրա գլխում միայն այս երկու բառերն էին. «Մեր մասին»: Չգիտեր ինչ պատասխաներ:
Հանդիպեցին այստեղ... ահա փողոցի այն մասը, ուր առաջին անգամ Մենուան վախվխելով բռնեց իր ձեռքը: «Ահա, մեր փողոցը, մեր առաջին ժամադրավայրը, իմ սիրելի Մենուա: Երանի դու էլ կողքիս լինեիր: Գիտե՞ս այս փողոցում ոչինչ չի փոխվել: Ծառերը, սալահատակ մայթը. ամեն ինչ նույնն է մնացել...»:
Աննային մի պահ թվաց, թե Մենուան իր կողքին է: Երկար տարիները չէին կարողացել իր մտքից ջնջել այն բոլոր երջանիկ հուշերը, որոնցով շարունակում էր ապրել: Փողոցի ամեն մի անկյունը արթնացնում էր մի գեղեցիկ հուշ: Այդ պահին պատրաստ էր ամեն ինչ տալ, միայն թե մի անգամ էլ տեսներ Մենուային իր կողքին կանգնած: Սալահատակ մայթը ասես կարոտով էր արձագանքում իր քայլերին: Ասես բողոքում էր տարիների բացակայության համար: Աննայի գլխում անցյալի հուշերը հաջորդում էին իրար տարերային արագությամբ:
Դպրոցից տուն վերադառնալուց հետո բավականին ժամանակ ուներ մտածելու և կշռադատելու իր հետագա քայլը: Չգիտեր ինչ անել, վարանում էր: Դեռ այդպիսի վիճակում չեր հայտնվել: Փակվել էր սենյակում ու անդադար վերլուծում էր՝ գնալու, թե չգնալու տարբերակներն իրենց հետևանքներով: «Կգնամ», ի վերջ կայացրեց իր վճիռը հաստատակամ: Թինայենց տուն գնալն ամենալավ պատրվակը կարող էր լինել: Նա հաճախ էր լինում նրանց տանը: Թինան իր ամենամտերիմ ընկերուհին էր, ու տեղյակ իր բոլոր գաղտնիքներին, բայց այս մասին դեռ չեր հասցրել պատմել նրան: Պետք էր նրան նախազգուշացներ իր որոշման մասին: Ամնիջապես զանգահարեց Թինային, որի գաղտնապահությանը ամենևին չէր կասկածում: Թինան զարմացավ. իրենց միջավայրում՝ այդ տարիքում շատ էլ ընդունված չէին նման հանդիպումները, բայց հավաստիացրեց, որ Աննան կարող է ժամադրության գնալ հանգիստ մտքով:
Հանդիպեցին նշված տեղում: Մենուան ժպտադեմ մոտեցավ իրեն. դեմքը փայլում էր ուրախությունից: Ասես, չէր հավատում իր գալուն: Սկսեց առանց նախաբանի, ոգևորված. ասաց, որ առաջին հայացքից սիրահարվել է Աննային, հետևել նրան ամեն վայրկյան, ուզել է խոստովանել իր սերը, բայց չի համարձակվել և այնպես է երազում միշտ լինել միասին կիսել ու կիսվել նրա հետ... Աննան շշմել էր, բայց զգում էր, թե ինչպես է սիրտը ուռչում փոխադարձ սիրո բերկրանքից... Մենուան, իր ընկերուհիների պաշտամունքի առարկան, նրանց միջից ընտրել ու սիրել էր միայն իրեն...
Առաջին հանդիպմանը հաջորդեցին իրենց հաճախակի հանդիպումները, որոնց մասին միայն Թինան էր տեղյակ և... փողոցի ծայրամասում՝ անցորդների աչքից թաքնված անկյունը:
Ահա և այդ նվիրական անկյունը, ուր կանգնում ու զրուցում էին ժամերով: Հենց այստեղ էլ համբուրվեցին առաջին անգամ... Մենուան այնպես էր Աննային սեղմում իր կրծքին, որ շունչը կտրվում էր, վերանում էր աշխարհից... «Աննա, առանց քեզ մեկ վայրկյան անգամ չեմ դիմանա: Մեզ ոչ ոք չի կարող բաժանել...»,- բերանն մոտեցրած իր նազուկ պարանոցին՝ մրմնջում էր նա արբաց սիրուց և կրքից...
Աննան գլուխն առավ ափերի մեջ ու անշարժ մնաց: Ավա՜ղ, իրենց բուռն սերը երկար չտեևեց ու եկավ չսպասված բաժանումի դառը պահը... Արդեն ավարտել էին դպրոցը, բայց շարունակում էին հանդիպել: Աշնանային մի օր, Աննան արթնացավ վատ կանխազգացումով: Հասնելով ժամադրավայր, անմիջապես նկատեց Մենուայի անսովոր մռայլ դեմքը և սրտում ինչ-որ բան փշրվեց:
Մենուան լուռ էր. հետո արցունքներ հայտնվեցին նրա աչքերում: Այդ առաջին և վերջին անգամն էր, որ տեսնում էր նրան այդքան հուզված դրությամբ: Աննան չգիտեր՝ ինչ է պատահել: Աղաչում էր նրան հանգստանալ ու պատմել ամեն բան: Հանկարծ նա գրկեց Աննային ու ամուր սեղմեց կրծքին:
-Աննա,- ասաց նա հազիվ լսելի ու կերկեր ձայնով,- դու պիտի մոռանաս ինձ... մենք... մենք չենք կարող... միասին լինել... Ես մեկնում եմ...
Աննային թվում էր, թե դա մի սարսափելի մղձավանջ է. կորցրել էր խոսելու ունակությունը և շշմած նայում էր Մենուայի հուզված դեմքին: Թաքուն փայփայում էր այն հույսը, թե գուցե այդ բոլորը մի հիմար կատակ է...
-Հայրիկս... Հայրիկիս պիտի արտասհման տանենք... Աննա, հասկացիր,
ես չեմ կարող մայրիկին մենակ թողնել: Գուցե հայրիկս այնտեղ ապաքինվի...
Աննան տեղյակ էր Մենուայի հոր հիվանդության մասին, բայց երբևէ մտքովն անգամ չէր անցել, որ խնդիրն այսպիսի լուծում կստանա:
Այդ օրվանից տարիներ էին անցել: Աննան շատ էր ձգտել մոռանալ իր սերը, բայց իզուր: Մենուան անդարձ խլել էր նրա սիրտն ու հոգին... Ոչ, անհնարին էր մոռանալ նրան:
Չգիտեր ինչքան էր կանգնած մնացել փողոցի այդ հատվածում: Հատուկենտ անցորդները զարմացած նայում էին դանդաղ քայլող ու լուռ արտասվող աղջկան: Կարծես դա երեկ էր, որ ինքն ընդմիշտ բաժանվեց Մենուայից, բայց այս անգամ, ասես, վերջնականապես հավատաց նրան կորցնելու տխուր փաստին:
Հանկարծ մեկը թեթև դիպչեց իր ուսին: Աննան նորից զգաց այն անսովոր ջերմությունը, որը մի քանի անգամ պարուրել էր իր էությունն օրվա ընթացքին: Արագ շրջվեց ու չհավատաց աչքերին:Երևի խելագարվում էր ու աչքերին տեսիլքներ էին հայտվել... Իր առջև կանգնած էր Մենուան՝ ուրախությունից փայլող աչքերով...
-Աննա, սիրելիս...
-Մենուա՞...
Ա՜խ, Աստված, իսկ գուցե սա էլ երա՞զ է, թե՞ երևակայության արդյունք...
-Աննա, իմ աննման Աննա, մենք պետք է խոսենք:
-Խոսե՞նք, իսկ ինչի մասի՞ն:
-Մեր մասին: Մեր երջանկության մասին...


 

Կարծիքներ

wow ! congratulationsss. I'm really glad to have a fiend like you and thankyou for bieng a special part of my life. the end of the story is great , but.... you know....

I know dear! And this is the difference between real life and stories...

I love your writings

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)