ՁՆՀԱԼԻՑ ԱՌԱՋ
Հեղինե Ա՛ Դանիել
Քո ճամփին փշրված լույս:
Ուշացել էր աշունը այս անգամ էլ, շտապե՛լ էր, անձրևե՛լ, որոտացե՛լ, բայց ուշացել էր...
Աշունը վաղուց էր իմ մեջ, շա՜տ վաղուց, դեռ նախորդ աշնանից թողնված խաշամից մնացած` հույսից կախված, այդպես քառորդ դար է գո՞ւցե իմ ճոճվող հույսը:
Ես էլ էի ուշացել, բայց չէի էլ շտապել, ոչ էլ դանդաղել, պարզապես ես վախենում էի քեզ մտքով անգամ դիպչել, բա՞ որ հոդս ցնդեիր, հյուսվեի՞ր արևին...
Վախը քիչ բան չէ, որ խանգարեր գործել, բայց խոչընդոտ էլ չի կարող լինել, այսպես վախիս ու աշնանս հետ ձեռ-ձեռի տված էլ քայլել եմ, կա՞մ դոփել, կաևոր չէ՛ վաղուց ինձ համար` քայլեմ, վազեմ, թե՞ դոփեմ, մեկ է քեզ չէի հասնի ու չեմ հասնի:
Թերագնահատելուց հեռու եմ, հակառակը՝ Նարցիսի նման ինձ միշտ բարձրացրել եմ, պարզապես վստահ էի, որ քեզ չեմ հասնի, քանի որ դու...
Դու վերևում էիր ի սկզբանե կամ ներքևում, ինչ տարբերություն` վերև թե՞ ներքև, մեկ է` ցավը մեկն է, մենք տարբեր հարթությունների վրա էինք, եթե փորձեի հասնել քեզ, աշունս կվերածվեր հավերժ ձմեռվա կամ հույսս կթաղվեր տեղում:
Դու քեզնից դուրս էիր դու, իմ ներսում էիր դու, իսկ ո՞վ էիր դու արևի կողքին, չէ ՛ ներիր, ի՞նչ էր արևի լույսը քո կողքին:
Ոչի՛նչ կամ ամե՛ն ինչ:
Արևը նեղացել է վաղուց,շա՜տ վաղուց, ոչ ժպտում է ինձ, ոչ էլ բարևս առնում:
Ես էլ նեղացել եմ...
Նեղացել եմ կյանքից, ոչ իր այգաբացն եմ դիմավորում, ոչ էլ բողբոջած ժպիտներից բերք հավաքում:
Չեմ նեղացել, բայց խռովել եմ ինձնից, խորովել եմ ինձ, կիսախաշ արել` ինչո՞ւ չօրհնված ճամփով անցա: Իմ տողերը դահիճն եմ իմ, իսկ խռովքս` քո բարեմաղթանքը:
Ուզում էիր, որ հեռանամ ինքս ինձնից, միայն քոնը լինեմ, կտրվեմ դուրս գամ ներսիցս, կորցնեմ իմ եսը, որ մոտ լինեմ քոնին:
Իսկ դու Ես ունեի՞ր:
Ինչ ունեի տվեցի քեզ, երբ մեկնեցիր, նույնսիկ տվեցի այն, ինչ չէի տվել, երբ կողքիս էիր, այն ժամանակ հաստատ դու երբեք չէիր դողա, ես էլ չէի տալիս, իսկ երբ առանց ինձ ես`
Կդողաս, կլացես, կցավաս, կոռնաս: Ես էլ տվեցի ինչ ունեի`ժպիտս, ծիծաղս, երջանկությունս, տունս, մանկությունս, աչքերս, եթե հնար լիներ արգանդս էլ կտայի, բայց առանց ինձ արգանդս չէր գործի, տվեցի մայրության բեկրանքս, որ դնես քո հանդիպած արգանդում ու որդիանաս:
Որդիդ ինձ նման խենթ է լինելու, որ քեզ էլ քեզնից անջատի:
Գո՞ւցե քո ճամփին հանդիպած սխալ էի, գո՞ւցե ճշմարտություն կամ հավերժություն` սխալի ու ճշտի: Ես քեզ սովորեցրի ամեն ինչ, սկսած ոչնչի մերսող հարցականներից մինչև հավերժի պատասխանող, բայց թափանցիկ վերջակետներից:
Դու ինձ սովորեցրիր... ճանապարհել, ճանապարհ դնել սրան ու նրան, հետո քեզ, նրան, վերջում գո՞ւցե ինձ:
Ճանապարհելիս չեմ արտասվել, արգիլել էիր`ճանապարհ դնելիս աղը ավելորդ է, նման դասընթացներ նույնիսկ մանկությանս հեքիաթներում չէր եղել, դրա համար դրանք սերտում էի անգերազանցիորեն, երբեք հետո չէիր հարցնում սերտած դասս, պարզապես գնալիս լավ քննություն վերցրիր, ես էլ հինգ ստացա, բայց մինուսով, չէի արտասվում ճամփելիս, բայց բաց երակներիցս սիրտս էր ընկել ոտքերիդ տակ,դու էլ մինուսով դաջեցիր գնահատականս:
Լավն էինք, երկուսս էլ խենթ ու խելառ:
Դու քո անկեղծ պատասխանների մեջ.
-Ես գնալու եմ մի օր.
Ես` իմ միամիտ հարցերի մեջ.
-Ես էլ եմ չէ՞ գալու:
Հիմա տարվա Չ երրորդ եղանակն է`անձրև է, թե՞ կարկուտ, արև, թե՞ լուսին, չեմ տեսնում, գնալիս չէ՞ որ աչքերս էլ տարար, որ քո ճամփին փշրված լույսը լուսանես ու երկրորդ անգամ չսխալվես` հանդիպած նոր լույսդ չմորթես:
...Ափսոս ծնվելիս մերժել եմ ոսկե միջինը ու կյանքի դեմ պայքարող շախմատի քարերի մեջ ընկել...
***
Խաղի մեջ խաղացողը չի հաղթում:
Կյանքի անկանոն կանոններից մեկն էր կարծես, որ սկզբից անխոնջ զանգի նման զրգնաց ուղեղումս: Խաղը սկսվել էր, ես սկսել էի խաղալ, խաղալ, բնականաբար, միայն հաղթելու համար, բայց...
Բայց խաղը անկանոն կանոններ չուներ, ուներ մեկ անշունչ պատուհան ու երկու կողմից հեգնածիծաղախառը պատասխաններ: Խաղը մեզ կլանել էր իր ամբողջ ուժով, կուլ տվել վաղուց, բայց մենք շարունակում էինք կառչել պատուհանի սահմանները պահող ձողերից ու ներս մտնել չէինք ուզում:
Ես խաղում էի ամբողջ էությամբ: Նախ խաղում էի, որ կյանքի հերթական անհամեստ ժամանակաշրջանը թերթեմ, հետո սկսեցի խաղալ, որ չպարտվեմ: Պարտվելուց չէի վախենում, բայց նրա հաղթությունից էլ սարսափում էի. անծանոթը չէր կարող իմ խաղի մեջ մտնել, հետո հաղթանակած դուրս գալ: Ինչու՞ իմ խաղը, ոչ թե մեր խաղը, քանի որ խաղը ես էի սկսել, սկսել էի ուղղակի չխաղալու համար, այլ...
Խաղը սկիզբ էր ունեցել, գիտեի` վերջ էլ է լինելու, բայց գիտակցությունս դա մարսել չէր ուզում, ու շարունակում էի գլորել անիմաստ տառեր, անկայուն մտքեր, անգույն ժպիտներ..., բայց անկեղծությունս իր տարերքի մեջ էր, անկեղծ` մերկության աստիճան, անկեղծ` անոսկոր մարմնի նման, անկեղծ` ամեն օտար մարմնում սնունդ որսացող նորածնի նման:
Խաղը անկեղծ չէր. խաղն էլ մեր գլխին էր խաղ խաղում` մեկնաբանելով, որ կյանքն ինքը խաղ է. մեզ մեզնից կտրել ու իր դերի մեջ էր դրել, մենք էլ խաղում էինք:
Խաղը բավականին երկար տևեց, արդեն վաղուց հնչել էր վերջին ազդակը, բայց մենք խաղում էինք:
Մենք վաղուց հեռացել էինք մեր կանոններից, վաղուց հեռացել կտրվել կյանքի հորձանուտում լող տվող մարդուկներից: Մենք արդեն պարտված հաղթողներ էինք, կյանքի դեմ քմծիծաղող նոր տիկնիկներ, մարդկության օրհներգի մեջ մի նոր բաղաձայն նոտա, երբ խաղը հոգնեց ու...
...Խաղը կանգնեց: Նայեցինք միմյանց աչքերի մեջ և ... տեսանելիից ու անտեսից անդին մերկացանք:
...Չհիասթափվեցինք, ոչ էլ հիացանք: Ուղղակի մենք մեր ունեցած բարձունքից բացի այլ բարձրություններ նկատել չէինք ուզում: Օտար - հարազատ բառերի համատեղումից նեղվեցինք, ձուլվեցինք անեզր իրականությանը, ու հօդս ցնդեցին խաղի բոլոր անհամ արդյունքները: Չբաժանվեցինք, բայց և չսերտաճեցինք...
Կյանքում չգրված օրենքներ կային: Կային օրենքներ, որոնք միայն թղթերի վրա մնալու համար էին: Այս խաղի մեջ էլ օրենքներ կային` գրված մեր կողմից երկուսիս համար:
Խաղից հետո` ամեն գարուն, մենք մեկ անգամ հանդիպում ենք, խաղում սովորական հայկական խաղ. ափերում պահում մեկմեկու համար նախօրոք բերված ինչ-որ նվեր ու ընտրում: Հետո սրճում ենք, զբոսնում ու խոսում դեսից ու դենից, բայց այն մե՛ր խաղից, այն անդե՜ր խաղից երբեք չենք խաղում: Հետո գալիս է պահը հրաժեշտի և մյուս գարնանը հանդիպելու ակնկալիքը: Ժպտում ենք իրար, չգրված մի նոր խաղով գրկում ու... ու նայում մեկմեկու աչքերի մեջ` նոր խաղի օրենքներ գրելով:
Հիմա կյանքի խաղն եմ խաղում. քեզ ինձնից վաղուց վանել ու նոր ընկեր եմ գտել. կյանքի պահանջն եմ կատարում` քշված լինել խաղի քո՛ հաղթանակի հերոսից, կտրված քո անանուն էակից` միակ լավ խաղընկերոջից:
Խաղում պարտվողներ ու հաղթանակողներ չկան, կան կյանքի հրամանը կատարող դողացող սողուններ...
Օտա՛ր, արի՛ խաղանք...
Ձնհալից առաջ
-Էլի՞ եկար:
-Ահա՛, ու միշտ գալու եմ :
-Ատո՛ւմ եմ քեզ:
-Գիտե՛մ, սիրում եմ, երբ ատում են:
-Քե՞զ ես սիրում:
-Չէ՛, այդ ատելությունը:
-Դու հիվանդ ես:
-Ահա՛, նաև հիվանդներին եմ սիրում, նրանց աշխարհը, աչքերը, արյունը, դրա գույնը:
-Ես այդ աշխարհը երբեք չեմ տեսնի:
-Կտեսնե՛ս, եթե ուզես:
-Հրավիրո՞ւմ ես այնտեղ:
-Այնտեղ առանց հրավերի են գնում, կարող եմ ուղեկցել, ուզո՞ւմ ես:
-Այս անգամ ի՞նչ ես ուզում :
-Վախեցա՞ր:
-Զզվո՛ւմ եմ քեզնից:
-Սիրո՛ւմ եմ :
-Չե՞ս հոգնում անկոչ հյուր լինելուց:
-Ո՛չ, բայց հոգնում եմ քո դատարկ աչքերից, ես մտնում եմ ներս ու մեռնում քո աչքերի ունայնությունից:
-Այդ դեպքում ինչո՞ւ ես գալիս:
-Ուզում եմ լցնել այն:
-Ինչո՞վ, սիրո՞վ:
-Ո՛չ, ի՞նչ սեր, խենթությա՛մբ, արի՛ դուրս գնանք:
-Հիմա՛ր, գիտե՞ս` ժամը քանիսն է:
-Ժամը ինձ համար չէ, գիտե՛ս,որ երբեք նույնիսկ ժամացույց չեմ կրել:
-Դրա համար էլ չգիտես նրա գինը:
-Իսկ նա իմը գիտի՞, վերցնում է ինձանից ժամանակը, երբ քո հետ եմ, հետո տալիս է, երբ դու չես լինում:
-Գնա՛:
-Արդե՞ն հասցրեցի ձանձրացնել:
-Եկած ժամանակից էիր ձանձրացնում:
-Ապա ինչո՞ւ էիր նայում շուրթերիս:
-Արգելվո՞ւմ է:
-Ո՛չ, միայն արգելվում է նայելով սահմանափակվել, չե՞ս հոգնել քեզ բանտարկելուց:
-Իսկ ազատության մեջ նոր բան կա՞:
-Ամե՛ն օր, ամե՛ն ժամ ու ամեն պա՛հ նոր բան է երկնում ազատությունը, դու փորձիր գոնե որոնել դրանք:
-Ես ուզում եմ ծամել ու մարսել:
-Եթե ճիշտ ծամես, գո՞ւցե նաև մարսես:
-Իսկ ես չեմ ուզում վտանգել:
-Ի՞նչը, ի՞նչ ունես ոչ ազատության մեջ :
-Ազատությո՛ւն:
-Ցինի՛կ, ճաղերիդ մեջ ազատությո՞ւն ես տեսնում:
-Հանգիստ թող ինձ ու գնա՛:
-Եթե գրկել ես, ինչպե՞ս գնամ:
-Մի՛ երազի:
-Իսկ դու թևերիդ ազատությո՛ւն տուր:
-Եթե ցանկություն լիներ, կտայի:
-Ցանկությունը կա՛, հպարտությունդ և գոռոզությունդ խեղդում են այն, սակայն:
-Ապո՛ւշ:
-Ցավա՞ց:
-Չէ՛, լա՛վ, արի դուրս գնանք:
-Եթե ամեն ինչ թողնես այս խուլ պատերի մեջ, կգամ:
-Ես գնո՛ւմ եմ, չես ուզում, մի՛ արի:
-Գնա՛:
-Վախենում եմ մթությունից, գիտե՛ս:
-Վախենալու բան չկա: Մթությունն էլ քեզ նման բանտարկված է գիշերվա մեջ ու դողում է, դրա համար լույս չի արձակում, մի՛ վախեցիր:
-Արի՛:
-Վազե՛նք:
-Իսկ հարևանները քնած են, աղմուկ կհանենք:
-Իսկ դու այդ ե՞րբ ես մտահոգվել նրանց մասին, վազեցի՛նք:
-Ինչ լա՜վ է դրսում, ինչո՞ւ չէիր ասում, որ ձյուն է գալիս, սիրում եմ գիշերվա ձյունը:
-Իսկ ցո՞ւրտը :
-Բայց քեզ հետ եմ:
-Բայց ես հեռու եմ:
-Բայց իմ հետ ես, չէ՞:
-Պատրանքներդ գցի՛ր, ես հեռո՛ւ եմ, բայց եթե ուզես...
-Դու հեռու ես, բայց իմ մոտ ես, դա էլ բա՛վ է ինձ:
-Եթե դու դա ես քեզ արժանի համարում, ես հեռու էլ կմնամ:
-Քիչ փիլիսոփայիր, արի՛:
-Էլի՞ կամուրջ:
-Ահա՛, երեկ էլի մեկ աղջիկ էր նետվել:
-Գիտե՛մ, այնտեղ էի:
-Իրո՞ք, իսկ նրա աչքերը ի՞նչ գույն ունեին:
-Կանաչ էին:
-Դրա համար է գցվել, կանաչաչյաները թույլ ու խելառ են միշտ էլ լինում:
-Իսկ դո՞ւ:
-Ես ուզում եմ իմ աչքերը հանել ու ուրիշ գույնով ներկել:
-Բայց, չէ ո՞ր ես հենց քո աչքերի գույնն եմ սիրում:
-Դու հեռու ես, նոր գույնը չես կարող տեսնել:
-Իսկ, եթե քո նման փորձեմ զգալ:
-Հեռվի՞ց:
-Հա՛, քեզ նման, դու բավարարվում ես հեռվից ինձ զգալով. սպանում ես քեզ ու ասում` դա էլ բավ է:
-Իսկ այդ աղջիկը, չիմացար, ինչո՞ւ ներքև նետվեց:
-Իմացա, վերևում նրա համար դժվար էր:
-Հիմա՛ր, ներքևում ավելի դժվար է:
-Իսկ դու եղե՞լ ես այնտեղ, որ այդպես ես խոսում:
-Չէ՛, բայց այնտեղ լույս չկա:
-Ի՞նչ է, դու լույսը սիրո՞ւմ ես:
-Ահա՛ :
-Չգիտեի, ինձ թվում էր` դու մութն ես սիրում:
-Մթության մեջ դու ես, իսկ լույսում մի անհայտ:
-Անհայտություններ սիրո՞ւմ ես:
-Չգիտեմ, դեռ չեմ հանդիպել, ո՞ւր ես գնում:
-Ներքև, քեզ լույսում չեմ կարողանում գտնել, գո՞ւցե իմ համար էլ դու ներքևում լինես. մթության մեջ:
-Ձանձրացրի, երբ սկսում եմ սովորել գոյությանդ, փախչում ես:
-Ես չեմ ուզում սովորես իմ չեղած ներկայությանը, ուզում եմ գաս ինձ մոտ:
-Բայց ես չեմ կարող:
-Հպարտությունդ թույլ չի տալիս, ուրեմն բարով մնա:
-Չէ, սպասի՛ր, ես չեմ կարող գալ քեզ մոտ, ես ուղղակի քո նման գիժ չեմ:
-Իսկ դու փորձի՛ր լինել, ես գնում եմ, բայց էլ չեմ ուզում գալ:
-Ի՞նչ, էլ չե՞ս գալու, ինչպես թե՞:
-Ահա՛, հոգնեցի միշտ գալուց ու մենակ գնալուց:
-Ի՞նչ ես ուզում:
-Ուզո՛ւմ եմ հասկանաս, կյանքը միա՛յն դու ես, իսկ հրաշքները լողում են մարդկանց սրտում, ոչ թե ուղեղում, սերն էլ քո նման է, երբ ուզում գալիս ու առանց հարցնելու գնում է, մահն էլ գալիս է, երբ պատրաստ չես լինում, ես էլ կգամ, երբ դու գաս: Գնացի...
-Ես էլ եմ գալիս:
...........................................................................................................................
Մեկ ամիս անց, գարնանային հալոցքների ժամանակ ,կամրջի տակ գտան կանաչյա աղջկա դի:
Կարծիքներ
xent...
Posted by: Ani | May 16, 2011 8:45 PM