ՏՂԱՆ ԵՎ ՈՍԿԵԶՕԾ ԱՐԿՂԻԿԸ
Վարդգես Օվյան
Տղան սովորում էր չորրորդ կուրսում, աղջիկը՝ երկրորդ, բայց նա աղջկանից մեծ էր վեց տարով: Նա վաղուց ավարտած կլիներ ինստիտուտը, եթե չլիներ պատերազմը, որ նրանից խլել էր հինգ, իսկ իր ասելով, մի հարյուր տարի:
Աղջկան ծանոթացել էր երկրորդ կուրսեցիների կազմակերպած երեկոյի ժամանակ: Նրան պարի է հրավիրել, այնուհետև սկսել են հաճախակի հանդիպել:
Ձմռան մի երեկո, երբ նրանք զբոսնում էին քաղաքի ծայրամասում գտնվող, ասես բոլորից լքված ու մոռացված պուրակում, աղջիկն ասաց.
- Ես ուզում եմ, որ դու պատմես քո մասին:
- Է՜հ, ես շատ եմ պատմել իմ մասին:
- Չէ, դու միշտ ուրիշների մասին ես պատմել: Քո մասին պատմիր:
- Չգիտեմ ինչ պատմեմ:
- Միևնույն է, դու լավ ես պատմում: Ինչ ուզում ես, պատմիր:
- Ես քեզնից վեց տարով մեծ եմ: Երբ ես վեց տարեկան եմ եղել, դու դեռ աշխարհում չկայիր:
- Երբ դու վեց տարեկան ես եղել, ես արդեն ինչ-որ տեղ կայի,- աղջիկը ծիծաղեց:- Ի դեպ, վեցն իմ սիրած թիվն է:
- Ասում են՝ վեցը սատանայական թիվ է: Դու սատանա՞ ես...
- Երևի,- աղջիկը նորից ծիծաղեց,- իսկ դու հավատո՞ւմ ես Աստծո և սատանայի գոյությանը:
- Իմ կարծիքով, Աստված և սատանան մարդու մեջ են լինում: Երկնքում ոչինչ չկա: Մոլորակներ են միայն ու բազմաթիվ աստղեր, որոնց նայում են բանաստեղծներն ու ռոմանտիկները և երազում:
- Դու էլ ես երազո՞ւմ:
- Շատ վաղուց, մի հազար տարի առաջ, հիշում եմ, ես պառկում էի մեր բակում գտնվող խնձորենու տակ, ճյուղերի արանքից նայում կապու՜յտ-կապույտ երկնքին և երազում: Ինձ թվում էր, թե երբ ես մեծանամ, իմ բոլոր երազանքները կսկսեն իրականանալ: Հետո, երբ մեծացա և ավարտեցի դպրոցը, իմ ձեռքին զենք էր... Բայց իմ երազանքներում պատերազմ և զենք չկար: Հետո... Ես չեմ ուզում այդ մասին պատմել...
- Չէ, պատմիր, հետո ի՞նչ էիր անում:
- Հետո կռվում էի... Բայց ավելի լավ է, դու պատմիր քո մասին:
- Է՜հ, հետաքրքիր բան չկա, իսկ ձերոնք ի՞նչ են անում:
- Ես ոչ ոք չունեմ, մայրս է միայն...
- Իսկ ես շատ հարազատներ ունեմ՝ հայր, մայր, երկու եղբայր և երկու քույր, եղբոր և քրոջ որդիներ...
- Դա շատ լավ է,- ասաց տղան:
- Ձանձրալի է: Ամեն օր մեր տանը այնպիսի աղմուկ, վայնասուն է լինում, ասես կենդանաբանական այգի լինի...
- Ես սիրում եմ փոքրիկ երեխաներին:
- Բայց երբ նրանք աղմկում են, դառնում են անտանելի: Երբեմն ուզում եմ մի լավ ծեծել նրանց:
- Իսկ դու չե՞ս մրսում,- հարցրեց տղան:
- Չէ:
- Ձեռքդ տուր, տեսնեմ,- նա բռնեց աղջկա ձեռքը,- բայց ձեռքդ սառն է, դու մրսում ես:
- Չէ, իսկապես ես չեմ մրսում: Ձեռքերս միշտ սառն են լինում:
- Թող տաքացնեմ,- աղջկա ձեռքը տղան մտցրեց իր բաճկոնի գրպանը և ամուր սեղմեց:
- Այդպես ինձ համար լավ է,- ասաց աղջիկը:
- Ինձ համար էլ,- տղան մտածեց, որ կյանքում առաջին անգամ իր ափի մեջ աղջկա ձեռք կա՝ սառն ու փխրուն, անչափ հաճելի ու հարազատ:
Նրանք շարունակում են քայլել ոտքերի տակ հաճելիորեն ղրթղրթացող փափուկ ձյան վրայով, և չնայած ձմեռ էր, ցուրտ երեկո, աշխարհը թվում էր անսահման գեղեցիկ և կարծես շուրջբոլոր, չգիտես որտեղից, զարմանալիորեն տաք ու պայծառ այնպիսի մի լույս էր փայլատակում, որ աղջիկը մի քանի վայրկյան փակեց աչքերն ու մտածեց, որ երբեք իր մեջ այդքան ջերմություն չի եղել:
- Դու էլ փակիր աչքերդ,- ասաց աղջիկը: Տղան փակեց աչքերը:- Իսկ հիմա կանգնիր, բայց աչքերդ չբացես:
Երկուսով կանգնեցին: Իր դեմքին շատ մոտ տղան զգաց աղջկա շունչը: Հետո շուրթերի վրա զգաց նրա բույրն ու նրան սեղմեց կրծքին:
Աղջկան տուն ուղեկցելուց հետո տղան մտածեց, որ ահա, վերջապես, իր կյանքում կատարվում է կարևոր մի բան, որին ինքը սպասել է մի ամբողջ հինգ, տասը կամ հարյուր տարի:
* * *
- Ես սիրում եմ գարունը,- ասաց տղան,- լսո՞ւմ ես թռչուններն ինչպես են երգում: Աշխարհն ասես արթնացել է ձմռան տևական քնից:
- Այստեղ շատ լավ է: Նայիր,- աղջիկը մատնացույց արեց ոչ հեռվում երևացող քաղաքը,- որքան մոտ է թվում: Բայց մենք մի ժամվա ճանապարհ ենք անցել, չէ՞:
- Ըհը, մոտ մի ժամ կլինի, որ քաղաքից դուրս ենք եկել:
- Դու այստեղ էլի ես եղե՞լ:
- Շա՜տ:
- Ո՞ւմ հետ:
- Գեղեցիկ աղջիկների...
- Գիտեմ, որ ստում ես:
- Մենակ, երբեմն էլ՝ ընկերներով:
- Մենակ ի՞նչ էիր անում:
- Ինձ համար զբոսնում էի, ինչպես պուրակում, երբեմն բարձրանում այն բարձր սարը, իսկ երբ հոգնում էի, մեկնվում էի կանաչ խոտերի մեջ և, երկնքում ճախրող բազեի թռիչքը դիտելով, երազում:
- Ի՞նչ էիր երազում:
- Օ՜, շատ բան էի երազում: Իմ երազներում դու էլ կայիր, չնայած այն ժամանակ ես քեզ դեռևս չէի ճանաչում: Բայց դա շատ առաջ էր, մինչև պատերազմը:
- Համբուրիր ինձ,- կիսադեմով դեպի տղան, կապտականաչ հորիզոնի ուղղությամբ ինչ-որ տեղ նայելով, ասաց աղջիկը:
Տղան սկզբում շոյեց նրա վարսերը, թեթև շառագունած այտերը, դեմքը կամաց շրջեց դեպի իրեն և երկար, շատ երկար համբուրեց աղջկան: Աղջիկը ողջ ուժով սեղմվեց նրան՝ զույգ ձեռքերով ամուր գրկելով տղային:
Կապույտ երկնքում մի բազե էր դանդաղ ճախրում՝ թևերը լայն տարածած: Մի քանի մեծ պտույտներ անելով երկնի լազուրում, թևերը մի քանի անգամ թեթև թափահարեց և անհետացավ մոտակա սարի հետևում: Ներքևի անտառակում թռչուններն ուրախ համերգ են սկսել: Գարնան արեգակը կապտա-կաթնագույն երկնքում ավելի բարձր դիրք է գրավել:
Տղան նստել էր գետնին, աղջիկը պառկել էր՝ գլուխը տղայի ծնկներին:
- Ոնց-որ փոքրիկ երեխա լինես,- ասաց տղան:
- Ինձ համար մի բան պատմիր:
- Իսկ գուցե օրորոցային երգեմ, քնես:
- Չէ,- աղջիկը ծիծաղեց,- մի հեքիաթ պատմիր:
- Շատ վաղուց, մի հազար տարի առաջ, երբ փոքր էի, սիրում էի հեքիաթներ կարդալ:
- Մեկը պատմիր:
- Ի՞նչ պատմեմ,- տղան փորձեց ինչ-որ բան հիշել:- Մի փոքրիկ տղա է լինում...
- Փոքրիկ, այսինքն՝ քանի՞ տարեկան,- հարցրեց աղջիկը:
- Երևի մի 9-10 տարեկան:
- Չէ, շատ փոքր է, թող մի քիչ մեծ լինի:
- Լավ, 12 տարեկան:
- Թող ավելի մեծ լինի:
- Փոքրիկ սատանա, եթե խանգարես, չեմ պատմելու:
- Լավ,- աղջիկը ծիծաղեց,- այլևս չեմ ընդհատելու:
- Ուրեմն, փոքրիկ այդ տղան սիրում էր երազել և ամեն օր սպասել մի ինչ-որ լավ, շատ լավ բանի: Նա չգիտեր, թե այդ լավ բանն ինչ է, բայց շարունակ սպասում էր մի լավ բանի:
Մի օր, երբ նա իր հոր հետ խանութ էր գնացել, այնտեղ ոսկեզօծ փոքրիկ մի արկղիկ տեսավ: Նա ապշեց գեղեցիկ այդ արկղիկի փայլից և մտածեց մի օր անպայման գնել այն: Ցուցափեղկի տակ գտնվող բոլոր իրերից ամենաթանկն այդ արկղիկն էր, և տղան սիրտ չարեց հորն ասել իր ցանկության մասին: «Բայց մի օր հորս կասեմ, որ գնի»,- մտքում որոշեց տղան: Սակայն այդ մի օրն այլևս չեկավ. հաջորդ օրը հայրը զոհվեց ավտովթարից... Հոր մահով տղայի երազներից շատ թանկագին մի բան հեռացավ...
Անցավ մի տարի: Մայրը փող էր տալիս տղային՝ դպրոցում կարկանդակ ու թխվածք գնելու համար, բայց ամեն անգամ փողի կեսը նա պահում էր իր մոտ: Տղան երբեմն գնում էր այդ խանութը, ստուգելու՝ ոսկեզօծ արկղիկն այնտե՞ղ է, թե՞ ոչ: Եվ ամեն անգամ նա հրճվանքով տեսնում էր, որ այն դեռևս իր տեղում է:
Նա արդեն այնքան փող ուներ, որ կարող էր գնել ոսկեզօծ արկղիկը: Ողջ գիշեր չքնեց... Էհե՜յ, սատանա, դու արդեն քնե՞լ ես...
- Չէ,- աղջիկը բացեց աչքերը,- լսում եմ, հետաքրքիր է, պատմիր:
- Ուրեմն, հաջորդ օրը դասերից հետո նա վազեց խանութ և գնեց երազած գեղեցիկ արկղիկը: Այդ պահին նա իրեն զգում էր որպես աշխարհի ամենաերջանիկ մարդը... Նայիր, ներքևի կածանով երկու հոգի են գալիս մեր ուղղությամբ...
Աղջիկը նստեց և նայեց տղայի մատնացույց արած կողմը:
- Իսկ գուցե մեր դեկանն ու ռեկտորն են,- նա ծիծաղեց,- մեր հետևից են գալիս:
- Չէ, մեկը ռեկտորն է, մյուսը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը,- ասաց տղան, և երկուսով սկսեցին ծիծաղել,- բայց, ափսո՜ս, նրանք ուրիշ ուղղությամբ են գնում: Գյուղացիներ են:
Երկինքն ավելի պարզ ու կապույտ էր: Գարնան արեգակը շուրջբոլոր լցրել էր այդ օրվա համար պահած իր ողջ ջերմությունը: Մոտակա սարի հետևից կրկին երևաց բազեն: Այս անգամ արդեն մենակ չէր. քիչ հետո հայտնվեց երկրորդը: Երկուսով սկսեցին դանդաղորեն սահել երկնքի կապույտ օվկիանում:
Նրանք հայտնվեցին փոքրիկ մի բլրի վրա: Աղջիկը հագել էր տղայի բաճկոնը:
- Այստեղ օդն ավելի սառն ու մաքուր է,- ասաց նա:
- Մրսո՞ւմ ես:
- Չէ, քո բաճկոնով շատ տաք է: Իսկ դու չես մրսո՞ւմ:
- Չէ: Այն բարձր սարը տեսնո՞ւմ ես,- տղան ցույց տվեց երկու բլուրներից և ընդարձակ դաշտից այն կողմ վեհորեն հառնած սարը,- ինձ թվում է, թե հիմա մենք գտնվում ենք այդ սարի՝ Արևասարի գագաթին...
- Դու այնտեղ եղե՞լ ես:
- Մի հինգ-վեց անգամ:
- Այնտեղից ամեն ինչ երևո՞ւմ է,- հետաքրքրությամբ հարցրեց աղջիկը:
- Հա, այնտեղից երևում է նաև այդ սարից այն կողմ գտնվող ամեն ինչ... Եկող շաբաթ կուզե՞ս քեզ տանեմ այնտեղ:
- Վախենում եմ, հոգնեմ:
- Որ հոգնես, քեզ գրկած կտանեմ:
- Ինչպե՞ս:
- Այսպես,- նա գրկեց աղջկան և առավ ձեռքերի վրա:
- Ես ծանր եմ,- աղջիկը ծիծաղեց:
- Չէ՜ մի, հազիվ քսան կիլո լինես: Ուրեմն՝ եկող շաբա՞թ...
- Իսկ դասե՞րը:
- Կփախչենք...
- Դու խելագար ես,- աղջիկը ծիծաղեց,- այս ամիս արդեն երեք անգամ դասերից փախել ենք:
- Չէ, ես խելագար չեմ, ես խենթ եմ...
- Դե, դրանք նույն բանն են,- աղջիկը ծիծաղեց:
- Ոչ, օրիորդ սատանա, դրանք միանգամայն տարբեր բաներ են,- ասաց տղան, և նրանք երկուսով ծիծաղեցին:- Դու ի՞նչ ես մտածում մեր ապագայի մասին:
- Եկ չխոսենք վաղվա, մյուս օրվա մասին,- աղջիկը մատներով քնքշորեն փակեց տղայի բերանը:- Թող ամեն ինչ ինքն իրեն լինի: Միայն այսօրվա մասին խոսենք: Մեր փախուստը չի՞ նկատվի...
- Թքա՛ծ, դա կարևոր չէ: Իսկ այսօր քեզ համար լա՞վ է:
- Եթե վատ լիներ, հիմա ես քեզ հետ չէի լինի:
Այդ օրը տղային ինչ-որ բան դուր չեկավ, բայց նա աշխատեց չմտածել այդ մասին:
* * *
Մայիսյան արևոտ մի օր, երբ մինչև քննություններ մնացել էր մոտ երկու շաբաթ, նրանք երկուսով բարձրացան Արևասարի կատարը:
- Մենք բոլորից բարձր ենք,- աղջիկը երկու ձեռքով օղակ կազմեց բերանի շուրջ և ողջ ձայնով կանչեց.
- Էհե՜յ, լսո՞ւմ եք, մարդիկ, մենք բոլորից բարձր ենք, մենք բոլորից ուժեղ ենք...
Տղան կողքից նայում էր աղջկան ու նրա ուրախությանը և մեղմ ժպտում:
- Դու էլ բարձր կանչիր,- ասաց աղջիկը:
- Չեմ կարող, ես բաղաձայն եմ, դու լավ ես կանչում...
- Բայց նայիր, այն սարն ավելի բարձր է ու ավելի գեղեցիկ,- ասաց աղջիկը:
- Դա միայն թվում է,- ասաց տղան,- հեռվից ամեն ինչ գեղեցիկ է երևում: Նրա կատարն էլ եմ բարձրացել: Ամենևին գեղեցիկ չէ և Արևասարից բարձր չէ:
- Իսկապե՞ս... Արևասար... Շատ լավ անուն է... Ես գայլի պես սոված եմ:
- Ցելոֆանե տոպրակում ուտելիք կա,- տղան ժպտաց,- սեղանը դու ես պատրաստելու:
- Չէ, եկ միասին պատրաստենք:
- Դու անուղղելի ծույլ ես:
- Ե՞ս եմ ծույլը... Եվ ես՝ ծույլս, ոտքով բարձրացել եմ Արևասարի գագաթը...
- Ի՞նչ մեծ բան է,- տղան ծիծաղեց: Նրան դուր էր գալիս աղջկան չարացնելը:- Կանայք հիմա տիեզերք են թռչում:
- Թռչո՛ւմ, բայց ո՛չ ոտքով,- աղջիկը հաղթական նայեց տղային:- Միևնույն է, սեղանը միասին ենք սարքելու... Ի՞նչ լավ է, տապակած հավի միս էլ կա:
- Իսկ գուցե նապաստակի միս է, լավ նայիր...
- Ուրեմն, քո նապաստակը թևեր էլ ունե՞ր...
- Գիտության և տեխնիկայի մեր դարում ի՞նչ մի զարմանալու բան է թևերով նապաստակը:
- Սա էլ երևի առյուծի պանիր է,- աղջիկը չարաճճի ժպտաց:
- Չէ, օրիորդ, մի քիչ սխալվեցիր, դա չինական վագրի պանիր է:
- Օհո՜, մենք մոզամբիկյան աղ դրած վարունգ էլ ունենք...
- Ի՜նչ... մոզամբիկյան աղ դրած վարո՞ւնգ,- տղան մեկնվեց խոտերի մեջ և սկսեց քրքջալ,- սատանա, դու հաղթեցիր:
- Մենք այդպես ենք,- հպարտ ասաց աղջիկը,- միշտ հաղթում ենք,- վերջակետեց նա և երկուսով սկսեցին ծիծաղել:
Օրն ավելի տաքացավ: Արեգակն ասես գեղեցիկ ու վեհ հսկա ջահի պես կախված լիներ Արևասարի գլխին: Թեթև զեփյուռից մեղմորեն խշշում են գաճաճ ծառերի տերևները:
- Իսկ գիտե՞ս, առաջ ես քեզ չէի նկատում: Երևի շատ անգամ մենք անցել ենք իրար մոտով, բայց ես քեզ չեմ նկատել: Մինչև այն երեկոն:
- Բայց ես քեզ գիտեի,- աղջիկը ծիծաղեց,- գիտեի, որ դու՝ դու ես: Հիմա ես քեզ դո՞ւր եմ գալիս:
- Հիմա դու աշխարհում ամենաթանկն ես ինձ համար:
- Ես կարողանում եմ այնպես անել, որ տղամարդկանց դուր գամ,- աղջիկը խորամանկ ժպտաց:
- Չէ՜ մի, փչում ես, փոքրիկ սատանա, քեզ մի՛ երևակայիր:
- Այն երեկոյին ես ուզում էի, որ դու ինձ նկատես, և դու ինձ նկատեցիր: Ես ցանկացել եմ, որ այսպես մենք միասին լինենք...
Տղան համբուրեց նրա շուրթերը, վիզը: Աղջիկն աչքերը փակեց, գլուխը ետ գցեց, ավելի բացելով վիզն ու կուրծքը: Հետո նրա զգեստը թեթև սահեց ավելի ու ավելի ցած և ընկավ կանաչ խոտերի վրա:
- Դու խենթ ես,- ասաց աղջիկը:
- Չէ, դա առաջ էր, այժմ ես թագավոր եմ:
- Իսկ ես՝ թագուհի՞...
- Չէ, դու իմ թագավորությունն ես:
- Ինչ լավ է,- աղջիկը ծիծաղեց,- բայց դու խենթ թագավոր ես և ուժեղ: Ես սիրում եմ խենթ և ուժեղ տղամարդկանց...
Բազեի թռիչքի բարձրությունից ներքևում՝ Արևասարի կատարին, խոտերի մեջ երկու հոգի փոքրիկ երեխաների պես թավալվում էին և ուրախ կչկչում:
- Ես ուզում եմ շատ փող ունենալ,- ասաց աղջիկը:
- Հետո՞:
- Ես ուզում եմ հարուստ լինել, ամեն ինչ ունենալ և ոչ մի գործ չանել...
- Բայց դու կարգին ծույլ ես, փոքրիկ թռչնակ:
- Իսկ դու, ի դեպ, փոքրիկ տղայի հեքիաթը կիսատ ես թողել:
- Ի՞նչ փոքրիկ տղա:
- Այն փոքրիկ տղան, որ երազում էր ոսկեզօծ արկղիկ գնել...
- Հա՜... Որտե՞ղ եմ մնացել:
- Տղան արդեն բավականին փող էր կուտակել...
- Հա, վերջապես նա գնաց խանութ և գնեց ոսկեզօծ արկղիկը: Նա հրճվանքով նայում էր արկղիկին, մատներով քնքշորեն շոյում և դեռևս չէր համարձակվում այն բացել: Հասավ տուն, բայց դեռ արկղիկը չէր բացել: Նա մտքում ենթադրություններ էր անում, թե ինչ կլինի արկղիկի մեջ: Մերթ նրան թվում էր, թե այնտեղից կախարդական ջին է դուրս գալու՝ պատրաստ կատարելու իր բոլոր ցանկությունները, մերթ մտածում էր, որ այնտեղ կախարդական փայտիկ կա... Գիտե՞ս, հետաքրքիր բան մտածեցի,- տղան ցատկեց նստած տեղից,- փոքրիկս, վեր կաց, աչքերդ փակիր և ինձ հետ եկ:
Աղջիկն աչքերը փակեց և, տղայի ձեռքը բռնելով, հետևեց նրան:
- Բայց ո՞ւր ենք գնում,- հարցրեց նա:
- Գրողի ծոցը,- տղան ծիծաղեց,- աչքերդ դեռ չբացես, ես կասեմ երբ բացես, լա՞վ...
- Լավ:
Երբ նրանք հայտնվեցին տափակ մի քարաժայռի վրա, տղան ասաց.
- Հիմա բացիր աչքերդ:
Աղջիկն աչքերը բացեց, նայեց ներքև և ճչաց:
- Վախեցա՞ր, փոքրիկս,- տղան ծիծաղեց,- բայց ես պինդ բռնած եմ քո ձեռքից:
- Եկ մի քար գլորենք այստեղից,- ասաց աղջիկը:- Բայց եթե ես սայթաքեմ և ցած գլորվեմ, իմ հետևից կգա՞ս...
- Չգիտեմ, երևի այլևս չէի ցանկանա ապրել:
- Մի ուրիշին կգտնես,- աղջիկը չարաճճի ժպտաց:
- Ուրիշ ոչ ոք ինձ պետք չէ:
- Գիտես ի՞նչ եմ մտածում:
- Ի՞նչ:
- Ինձ թվում է, թե մի օր ես այնպիսի մի վատ բան եմ անելու քո հանդեպ, որ դու ինձ ատելու ես:
- Հիմարիկ, դա հնարավոր չէ: Ինչպե՞ս կարող եմ քեզ ատել...
- Համբուրիր ինձ,- աղջիկն աչքերը փակեց և ձգվեց դեպի տղան:
Տղան համբուրեց նրան, առավ իր ձեռքերի վրա և ասաց.
- Բայց, ավելի լավ է, հեռանանք այս գրողի տարած անդունդից, թե չէ ուրախությունից կարող եմ քեզ նետել ներքև...
- Իսկ ես, այ այսպես, ամուր կգրկեմ քեզ, և մենք երկուսով կթռչենք ձորը...
- Բայց դա հետո, երբ ապրելուց ձանձրանանք:
- Ճիշտ է,- ասաց աղջիկը և ծիծաղեց:
* * *
Նրանք հանդիպեցին ինստիտուտի բակում, ցայտաղբյուրի մոտ:
- Երեկ ես քեզ շատ սպասեցի, բայց դու չեկար,- ասաց տղան:- Ինչո՞ւ չեկար:
Աղջիկը լուռ էր:
- Ինչ-որ բան է պատահե՞լ:
- Չգիտեմ ինչպես ասեմ... Բայց, խնդրում եմ, չբարկանաս ինձ վրա:
- Ասա՛:
- Մի քանի օր առաջ ես հանդիպեցի նրան...
- Ո՞ւմ:
- Իմ մասին ինչ ուզում ես, մտածիր...
- Ո՞ւմ ես հանդիպել...
- Նրան... Երեկ նրա հետ էի... Նա ավտոմեքենայով եկավ իմ հետևից...
Տղան զգաց, որ իր մեջ շատ մեծ մի բան փշրվեց: Մի ակնթարթ նրան թվաց, թե աղջիկը կատակում է, բայց հետո հասկացավ, որ նա չի խաբում: Նա մտածեց, որ ինքը խաբվել է շատ ավելի առաջ, և որ՝ երբ իր վրա կրակել են, ինքն այնպես վատ չի զգացել, ինչպես այդ պահին: Բայց ոչինչ ցույց չտվեց և հարցրեց.
- Հետո՞...
- Ես գիտեմ, որ հիմա դու ինձ ատում ես,- ասաց աղջիկը:
- Ես քեզ չեմ ատում:
- Մենք կմնանք լավ բարեկամնե՞ր...
- Չգիտեմ:
- Դու ինքնասպան չես լինի, չէ՞:
- Չէ,- նա փորձեց կատակել,- ինքնասպանությունը հիմա մոդա չէ: Սպանության ամենատարածված ձևը հիմա ուրիշին սպանելն է,- հետո մտածեց, որ հիմարություններ դուրս տվեց և, ընդհանրապես, ինքը միանգամայն այլ բան էր ուզում ասել:
- Գիտեմ, որ ես մեղավոր եմ,- ասաց աղջիկը:
- Չգիտեմ: Իմ կարծիքով, դա այլևս նշանակություն չունի:
- Ես մեղավոր եմ:
- Ես երբեք արդարներ և մեղավորներ չեմ փնտրել: Ես ավելի մեծ բան եմ փնտրել...
- Ինձ վրա չես չարանում, չէ՞,- հարցրեց աղջիկը:
- Չէ... Բայց ես ծարավ եմ, ուզում եմ ջուր խմել:
Երբ տղան մոտենում էր ցայտաղբյուրին, աղջիկն ասաց.
- Այն փոքրիկ տղան, ի վերջո, բացո՞ւմ է արկղիկը:
- Հա:
- Եվ ի՞նչ:
- Ոչինչ: Արկղիկը դատարկ էր:
Տղան կռացավ ցայտաղբյուրի վրա: Նրան թվում էր, թե աշխարհի ողջ ջուրն իրեն չի հերիքելու ծարավը հագեցնել: Նա ուզում էր, որ մինչև իր ջուր խմելը, աղջիկը հեռանա, և ինքն այլևս երբեք չտեսնի նրան:


Կարծիքներ
Ես հավատում եմ, որ Արկղը սխալմամբ հակառակ երեսից է բացվել ...
Այն երեսից բացելը ավելի գեղեցիկ կլիներ:
Posted by: Հեղինե | February 5, 2009 4:49 PM