ԿՅԱՆՔԵՐ
Գնել Խաչատրյան
Կյանքեր
Հաշիշով ողողված ժամանակը հեռացել էր։ Սենյակում տիրող անսովոր լռությունը էլ ավելի էր հավաստում կասկածները։ Աշխարհը դատարկություն չի սիրում և ծովից փչող զեփյուռը փորձում էր լցնել տհաճ բացվածքը։ Ցանկասեր և հեշտալից քնքշանքը՝ շոյող վերածնվող դեմքը, հաճելի թմրությամբ էր լցնում ողջ մարմինը։
Հաջորդ կյանքում մարմինը գտավ բազկաթոռում ընկղմված՝ պարուրված հրաշագեղ զեփյուռների եթերացված համբույրներով։ Անհրաժեշտ էր տրվել. մեկ կյանք ևս, և զեփյուռները նույնպես կլքեն՝ թողնելով հետքը ծովից բխած խոնավ քնկոտության։
Այս կյանքը առավել հաջողվածն էր. թռիչք վաղուց կորցրած հայրենի եզերքով։ Ոչինչ չի շարժվում։ Գեղեցկությունը այնտեղ էր՝ ոտքերի տակ, պարուրված անգույն լուսաշերտով։ Սիրտը պայթում էր հպարտությունից. միակն էր, որ վայելեց այն՝ ծածկելով գլխուղեղի խորին ծալքերից մեկում։ Այլևս ոչ ոք վայելել չէր կարող։ Հոգ չէ, որ գեղեցկությունը ապրել էր ցանկանում, նա խժռեց այն։ Այն ինչ ոտքերի տակ էր, բարձրացավ վերև՝ նեյրոնների մութ լաբիրինթոս։ Ապահովությունը կատարյալ էր։ Հայելիներ այնտեղ չէր գտնի։
Ծովից փչող զեփյուռները կգգվեն մարմնին՝ տանելով ծովի հրաշագեղ ալիքների երանավետ գիրկը, և կփրկեն հաջորդ կյանքը։
Օձը
Ես մի շատ գեղեցիկ օձ եմ՝ թռիչքի անուրջներում։ Չզարմանաք, նույնիսկ ես չեմ զարմանում, որ սավառնում եմ երկնքում՝ շարժելով աղավնիների զայրույթը, չէ որ նրանց է արտոնված երկնքում սավառնելու կարողություն, և ոչխարների նախանձը, չէ որ նրանք առավել արժանի են սավառնելու։
Ավելի գեղեցիկ և հոգեթով զգացում երբևէ չեմ ապրել։ Լազուր երկինք, կանաչ մարգագետիներ, ոսկեզօծ արտեր, փարթամ անտառներ, փոքրիկ կենդանիներ ու մարդիկ, և ես, ուղղաձիգ մարմնով սավառնող այդ ամբողջի վրայով՝ չզգալով մարմնիս ծանրությունը, վայելելով թռիչքի ողջ հրապույրը։ Նույնիսկ օդը այստեղ առանձնահատուկ բուրմունք ունի՝ վեհացնող ողջ շրջակայքը և ինձ ամբողջությամբ։
Առաջին անգամ աչքերումս բարի հիացմունք է լցվել դեպի աշխարհը՝ բուսականությունը, կենդանիները, և նույնիսկ՝ մարդիկ։ Այս զգացումը բոլորովին նման չէ որս ճաշակելուս մարմնիս պատող ջերմությանը և բավարարվածությանը։
Ներքևում անհնար է տեսնել այս գեղեցկությունը, շնչել այս օդը, ապրել այն։ Ներքևում ամեն ինչ այլ է՝ ճնշող երկինք, սև ամպեր, թշնամիներով լցված մարգագետիններ ու դաշտեր, մռայլ անտառներ ու ամենասարսափելին՝ մարդը, բռնկված սպանելու մոլուցքով։
Եվ ես էլ դարձել եմ այդ գաղջության մասնիկը։ Չարություն դեպի բոլոր կենդանիները, և մանավանդ՝ մարդիկ, նույն սպանելու մոլուցքը՝ անհրաժեշտությունից դրդված կամ առանց անհրաժեշտության։
Չհասկացա, ինչպե՞ս սավառնել կարողացա։ Ամեն ինչ այնպես հեշտ ստացվեց, որ կարծես ողջ կյանքում թռչուն էի։ Սկզբում դա ցնորք էր, ապա ցանկություն, հետո՝ համոզմունք, հաստատակամություն, փոքրիկ ցատկ, անկում, և հրաշք՝ թռիչք։ Ծեծված բառերի այս շղթայից ծնված ճառագայթը նոր լույսով լցրեց մշուշվող գոյությունս։ Առաջին անգամ ժպտացի աշխարհին և իմ գոյությանը։
Դիմացից աղավնիների երամ հայտնվեց՝ ծածկելով տեսադաշտս։ Գեղեցիկ տեսարանը մշուշվեց։ Աչքերս սկսեցին կուրանալ, և ողջ գեղեցիկ տեսարանը մռայլվեց։ Փորձերս՝ վերադարձնելու հրաշք զգացումներս, անարդյունք էր։ Որսի մերձեցման ծանոթ բնազդը կայծակահարեց մարմինս։ Փորձեցի վանել և շարունակել մահացող թռիչքս։ Ջանքերս զուր անցան. տեսողությունս խիստ թուլացել էր։ Որսից տարածվող արյան հոտը արդեն գրավել էր ինձ, և դժկամորեն հասկացա, որ քնած էի։
Շուրջս լցված էին ընկեր օձերի կծիկներ՝ ջերմացող կեսօրվա արևից։ Ինչո՞ւ եմ շարունակում ապրել։ Հրաշք վայելք ունեցա, և այն էլ պարզվեց ընդամենը երազ էր։
Նույն պահին նկատեցի ինձ երազից զրկած որսին՝ աղավնուն՝ թառած մերձակա ճյուղին։ Ցանկացա ինձ հատուկ ձևով՝ գաղտնիորեն մոտենալով և թունավորելով, պատասխանել երազիցս կտրելու համար, սակայն հասկացա, որ երազս, թեկուզ և պատրանք, իմ մեջ ինչ որ բան փոխել էր։
Առաջին անգամ տեսա աղավնու գեղեցկությունը. այն այժմ մսագունդ չէր, այլ հիասքանչ արարած։ Ամենահրաշալին նրա ջինջ ու մաքուր աչքերն էին։ Իսկ ինչպիսին են իմ աչքերը, արդյո՞ք այսպես գեղեցիկ։ Երբևէ չէի մտածել: Նայեցի շրջապատող ցեղակիցներիս։ Մի՞թե ինքս էլ այդպիսի աչքեր ունեմ։ Դա մեր ապրելակերպի պատճառո՞վ է՝ գենետիկորեն դարերի ընթացքում դառնալով բնույթ ու կերպար, թե՞ ի վերուստ այդպես է որոշված՝ դառնալով ցեղիս բաժին հասած ճակատագիր և մենք ոչնինչ փոխել ի վիճակի չենք։ Հրաշալի կերպար պարգևված աղավնիներին պարտադրվել է դառնալ որս՝ այլանդակ աչքերով իմ ցեղակիցների համար, և ես ոչինչ փոխել չեմ կարող։
Այդ պահին նկատեցի ծառով գաղտնագողի դեպի ոչինչ չկասկածող աղավնին սողացող օձին։ Ակնհայտ էր, որ ցեղակիցս, մեկ ավելորդ անգամ ևս, փորձելու էր իրագործել բնության պարտադրած աշխատանքը։ Արևից այրվող ուղեղումս խլրտոց զգացի, որից մարմինս փշաքաղվեց ու մղվեց առաջ։ Քանզի ցեղակիցս գաղտնիությունից ելնելով դանդաղ էր շարժվում, հաջողացրի աղավնուց մեկ մետր հեռավորության վրա հասնել նրան։ Վերջինս զայրույթից մոռացավ զգուշությունը և հարվածեց մարմնիս, ՝ կարծելով, որ ցանկանում եմ որսը խլել իրենից։ Աղավնին հարվածի ձայնից նկատեց մեզ և թռավ։ Ցեղակիցներս շարունակեցինք պայքարել։
Պայքարելը անիմաստ էր. մարմնիս ողջ ուժերը վատնել էի ցեղակցիս հասնելու շտապողականության մեջ։ Նայեցի ներքև. անկումը ճյուղից հինգ-վեց մետր ներքև գտնվող քարին միայն մեկ ելք ուներ։ Զգացի ուժգին հարված ևս, որից մարմինս մեկեն թուլացավ՝ ապրելով անկման սարսափ։ Մի ակնթարթ սարսուռով լցվեցի, մտածեցի մահվան սպասվելիք դաժանության մասին, ափսոսացի, որ այլևս չեմ ջերմանա արեգակի ճառագայթներից՝ ձգվելով աշխարհի ամենագեղեցիկ քարին, հիշեցի աղավնուն, հանուն որի զոհաբերեցի կյանքս և որին այլևս չեմ տեսնի։
Հետո մոռացա այդ ամենը. անցյալը և մանավանդ ապագան արդեն գոյություն չունեին։ Կար միայն ներկան. թռիչքի պարգևած զմայլանքը. երազը վերագտնված էր։ Մնացյալ ամբողջ ժամանակ, աչքերս փակ վայելեցի հրաշք թռիչքը. այն իրականացել էր։
Գլխիս լույս զարկեց...
Թատրոն
Մուրացկանները սավառնում էին թատրոնի գմբեթի ներքո՝ հնարավորություն ստեղծելով ճաշարանի անդամության խոստումներ ստացած սովյալ իմաստուններին արվեստահաճո արարք իրականացնել՝ էլ ավելի ծանրակշիռ դարձնելու համար արժանիությունը։ Տարբեր տարիքի, բնավորության, հաշմանդամության «արժանիքներով» օժտված այդ թռչող զանգվածը օրհնություն էր թափում դերասաների և հանդիսատեսների ուսերին։
Մի՞թե կարելի է սավառնել առանց խմբավարի կողմից տրված արտոնագրի և զվարճանալ՝ օրհնություն թափելով։ Հանդիսատեսին դա չէր հետաքրքրում։ Նրանք կլանված էին խաղով, որը գրվել էր հայտնի ձանձրացողի կողմից՝ պատմության մսաղացում փոշի թողնելու ակնկալիքով։ Եվ դա նրան հաջողվել էր հավատքի շնորհիվ։
Խաղը իրապես հրապուրիչ էր, չնայած կրկնվում էր բազում անգամներ։ Հանդիսատեսը վարժվել էր այդ խաղին և դժվար կլիներ նորին ընտելացնելը։ Եվ եթե նույնիսկ որոշ խենթեր գրում էին, միևնույն է, դերասանները ցանկություն չէին ունենում նոր պիեսը բեմականացնել և մատուցել։
Իսկ մարդիկ շարունակում էին թատրոն այցելել, և այն միշտ լեփ լեցուն էր։ Ի՞նչն էր գրավում նրանց՝ սե՞րը, հիացմո՞ւնքը, ճշմարտություն գտնելու կի՞րքը, ձանձրո՞ւյթը, հիմար լինելու փա՞ստը, ճաշարանի անդամության տո՞մսը...
Թատրոնը վկայակոչում էր այս և նմանատիպ գաղափարներ կամ արժեքներ։ Նպատակը մեկն էր՝ գովազդը. որքան հնարավոր է շատ հանդիսատես հրապուրել թատրոնով։ Թատրոնը կատարում էր տրված խոստումները. բոլորը գոհ էին մնում իրենց ստացածով, դերասանները՝ ծափահարություններ և փող, այցելուները՝ խոստացված արժեքներ, մուրացկանները՝ խղճահարություն և ողորմություն։
Մի՞թե կարելի է երջանկանալ մուրացկանության փոշով և առողջանալ թատերախաղով։ Հանդիսատեսին դա չէր հետաքրքրում։
Օտարացում
Քո բարակ և անկյանք շուրթերը իրենց կանաչ օրերն էին խոստանում և գովերգում խաղաղությամբ լեցուն դիակին, որի կարմրող աչքերը վաղուց մոռացել են արևի լույսը։ Ո՛չ, որքան էլ թուլակամորեն վազեմ դիակ դառնալու երջանկավետ թագավորություն, միևնույն է, երբեք չեմ դադարի այն ատելուց։ Ատում եմ դիակներին, կամ ավելի ճիշտ, ինձ նրանց եղբայր չեմ համարում, և ոչ էլ ցեղակից։ Ես ուրիշ տեսակի դիակ եմ։
Իմ աչքերը վաղուց կապույտ չեն, այլ դառնում են ավելի ու ավելի կարմիր, փորձելով այրել ողջ շրջապատը։ Այդ հիմար զույգին թվում է, թե իրենք կարող են արև դառնալ, երբ ձեռք բերեն արևին համարժեք կարմիր գույն։ Բայց միևնույն է, ես խրախուսում եմ ձեր հիմար երազները։
Որդեր, դուք իզուր եք արհամարաբար ժպտում։ Դուք կարող եք ուտել դիակ դարձած ուղեղս և սիրտս, բայց ոչ երբեք կարմրող աչքերս։ Նրանք ձեր համար չեն։ Ես դուրս կնետեմ նրանց, մինչև դիակ դառնալս։
Հեռու տար քո բարակ շուրթերը։ Միևնույն է, թեկուզ և համբուրելով, ես ատում եմ այդ քաղցր համբույրները։


Կարծիքներ
Odz@ shad nman e im yerazneri trichknerin; Erani yes karoxani ardahaydel ayn.
Posted by: shakeh | January 9, 2009 2:08 AM