ԱՄԱՆՈՐԻ ՆՎԵՐՆԵՐ
Նվարդ Օհանջանյան
Ճանապարհը երկար է ու հոգնեցուցիչ:
Մարդը կանգ առավ տեղում, պարկը դրեց ճամփամիջին և շտկելով մեջքը՝ հայացքն ուղղեց հեռուները: Հավանաբար, մի 10-15 րոպեից տեղ կհասնի: Հիմա երևի տոնածառի շուրջը բոլորած՝ հանդիսությունների սրահում երեխաներն անհամբեր իրեն են սպասում: Ի՜նչ լավ է, որ մարդիկ ուշադրություն չեն դարձնում իր վրա, այլ անցնում են անտարբեր՝ ամեն ոք իր գործին ու իր հոգսին:
Մարդը ճանապարհի մի հատվածում հարմար անկյուն փնտրեց, հապշտապ հագավ Ձմեռ պապի հանդերձանքն ու վերցնելով նվերներով ծանրաբեռնված պարկը, շարունակեց ճամփան: Անցած տարի կարգին գումար էին խոստացել Ձմեռ պապ «աշխատելու» համար, սակայն՝ չնչին գումար վճարել: Հիմնարկի ղեկավարի հավաստմամբ՝ այս Ամանորին բոլոր Ձմեռ պապիկներին հաճելի անակնկալ է մատուցվելու. դե, հո կատակ բան չէ՝ հինգերորդ տարին է՝ ինչ մարդկությունը ոտք է դրել նոր հազարամյակ: «Ձմեռ պապի ոտքը խերով լինի»,- ճամփու դնելիս մրմնջաց կինն ու հիշեցրեց, որ տունդարձին հիվանդ Արտակի համար մի փոքրիկ նվեր բերի: Տեսնես երեխայի ջերմությունն անցե՞լ է. արդեն քանի օր է՝ գամված է անկողնուն: Բժիշկներն էլ ոնց են մտապահում այդքան անթիվ-անհամար դժվարամատչ դեղերի անունները: Պատկառելի գումարով երեխայի համար ձեռք է բերել, բժշկի խոսքերով ասած, դեղերի ընտրանին: Է՛հ, փողն ի՞նչ է, կգնա բանվորություն կանի. բայց որտե՞ղ՝ մտածեց մարդը և տրամադրությունը չփչացնելու համար շարունակեց կիսատ միտքը. կարևորը երեխայի առողջությունն է:
Մտքերի մեջ խորասուզված՝ մարդը չնկատեց, թե ինչպես կարճվեց ճամփան, և երբ բացվեց հանդիսությունների սրահի դուռը, երեխաները թռչունների նման ուրախ ճռվողյունով շրջապատեցին նրան և կարծես թե մրցույթի էին դուրս ելել նրանք. այնքան ոգևորությամբ էին երգում, պարում և արտասանում...
Կիսով չափ դատարկելով խաղալիքներով լի պարկը՝ Ձմեռ պապը հրաժեշտ տվեց մանչուկներին և քայլերն ուղղեց դեպի դիմացի բնակելի շենքը, որտեղ պիտի այցելեր մի քանի ընտանիքների փոքրիկներին ու նոր միայն տուն դառնար:
Շքեղ կահավորանքով բնակարանում, որտեղ կային անթիվ թանկարժեք մանկական խաղալիքներ և որը մանկական խաղալիքների խանութի տպավորություն էր թողնում, Ձմեռ պապը քիչ-ինչ նեղսրտվեց «Պահո՜, այս ընտանիքի մինուճար մանչին դժվար թե գայթակղի իմ համեստ նվերը»: Եվ նվերը հանձնելով փոքրիկին ու արագ հեռանալով բնակարանից՝ հանգիստ շունչ քաշեց:
Շուտով Ձմեռ պապը սեղմեց նույն շենքի առաջին մուտքի հինգերորդ հարկի բնակարանի դռան զանգը: Դուռը բացվելուն պես նրա դեմքին փչեց խմիչքի և սխտորի տհաճ հոտը: Նրա դիմաց կանգնած էր ուռած ու կարմրած կոպերով, ճաղատ գլխով մի թիկնեղ, հարբած տղամարդ.
- Ես... Ես Ձմեռ պապն եմ,- ասաց մարդը:
- Տեսնում եմ, որ Ձմեռ պապն ես, հետո՞... Ի՞նչ ես բերել ինձ համար,- հարցրեց հարբածը:
Ձմեռ պապը չհասցրեց պատասխանել. ուժեղ հարվածից երերաց տեղում: Երբ փոքրիշատե սթափվելուց հետո փորձեց ետ դառնալ, հարբածը խաղալիքներով պարկը խլեց նրանից և քամահրանքով նետեց. «Դե, հիմա գնա՛, Ձմեռ պա՜պ»:
Աստիճաններով իջնելիս Ձմեռ պապն անվերջ մտածում էր, թե հարբածի ինչին է պետք պարկը կամ էլ՝ ո՞վ գիտե, գուցե կարծում էր, թե այնտեղ ոգելից խմի՞չք կգտնի: Երկրորդ հարկի միջանցքում երկու կին էին զրուցում: Տեսնելով անհանգիստ դեմքով, այլայլված Ձմեռ պապին՝ դժվարությամբ ճամփա տվեցին նրան:
- Որտեղի՞ց հայտնվեց այս հարբեցողը, իբր թե Ձմեռ պապ է: Ես սրա նմաններին լավ եմ ճանաչում,- կանանցից մեկի խոսքերը կարծես շատ հեռվից հասան Ձմեռ պապին:
- Ի՞նչ հարբեցող, չե՞ս տեսնում՝ փորձված գող է, չնկատեցի՞ր, ոնց էր աչք գցել քո ադամանդե ականջօղերին: Շտապիր տուն և դուռն ամուր կողպիր,- խորհուրդ տվեց զրուցակիցը:
Բակում երեխաները ձնեմարդ էին պատրաստում: Նկատելով բակի մեջտեղում կանգնած Ձմեռ պապիկին՝ հևավազ հասան նրան:
- Ա՜յ քեզ բան, իսկական Ձմեռ պապ է՝ միայն թե առանց պարկի,- ասաց երեխաներից ամենաավագն ու շարունակեց.- Իսկ ո՞ւր է քո խաղալիքներով պարկը, Ձմեռ պապ: Չէ՞, դու Ձմեռ պապիկ չես, մեզ փորձում ես խաբել:
Այս խոսքերն այնքան ոգևորեցին բակի մնացյալ երեխաներին, որ ոմանք սկսեցին ձյունով խփել նրան, շատերն էլ՝ քաշքշել շորերից, մի քանիսն էլ Ձմեռ պապի գրպաններում փորձում էին նվերներ գտնել:
Մի կերպ ազատվելով երեխաների քաշքշուկից՝ մարդը քայլերն ուղղեց դեպի մոտակա զբոսայգին: Այստեղ հաստատ իրեն ոչ ոք չի խանգարի: Տեղավորվելով ձյունածածկ նստարանին՝ հանկարծ նրա մեջ մի անզուսպ ցանկություն առաջացավ. նա կամեցավ մի կուշտ լաց լինել: Եվ փակելով հոգնած աչքերը՝ լռելյայն սկսեց արտասվել...
Ձմեռ պապն արտասվում էր իր կոխկրտված մարդկային արժանապատվության համար, իր հիվանդ որդու համար, որ անհամբեր սպասում է հոր գալստյանն ու նրա նվերին: Նա արտասվում էր, որ չկարողացավ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների համար գործընկերոջից պարտքով փող վերցնել: Նա արտասվում էր մարդկանց անտարբերության ու հոգսաշատ, անհրապույր կյանքի համար...
- Մայրիկ, նայիր՝ Ձմեռ պապն արտասվում է, խնդրում եմ, ասա՝ թող չարտասվի: Ես լացող Ձմեռ պապ չեմ ուզում,- հանկարծ շատ մոտից լսեց անծանոթ մանչուկի ձայնը:
Եվ երբ բացեց աչքերը, դիմացը կանգնած էր մի երիտասարդ կին՝ երեխայի ձեռքից բռնած:
- Ձմեռ պապիկ, դե ասա՝ ինչո՞ւ ես լալիս,- դիմեց փոքրիկը վերջինիս:
- Է՛հ, մանչուկս, ինձ չես հասկանա: Ձմեռ պապը աշխարհի ամենադժբախտ մարդն է,- պատասխանեց նա ու քայլեց դեպի անորոշ հեռուն...


Կարծիքներ
SHNORHAVOROOM EM BOLORID NOR DARIN YEV HISOOS KRISTOSI DZNOOND. MAXTOOM EM ARoXJOOTIOON YEV GRAKAN HAJOXOOTIOON. BOLOR LIT.BRIDGE-AKANNERIN.
SHAKEH
Posted by: shakeh | December 24, 2008 7:10 PM
Գեղեցիկ և շատ տխուր պատմվածք է: Կարդացի գրողի կենսագրությունը եւ... Խորապես ցավում եմ, որ հեղինակն այսօր մեզ հետ չէ:
Մեծագույն հարգանք հիշատակիդ, սիրելի Նվարդ Օհանջանյան:
Posted by: Անահիտ | December 26, 2008 10:28 AM