ԱՄԱՆՈՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ...

Հեղինե Ա.Դանիել


Իջնում են... Այնպես գիրկընդխառն են պարում, ասես Սերն ինքն է նրանց հովանավորում: Փափուկ,արծաթափայլ էակներ, որոնք շտապում են ու չեն ուզում զիջել իրենց տեղը երկրում հարազատ մեկին: Չէ՛, այս ձյան փաթիլները միշտ էլ խենթացրել էին նրան ու այսօր էլ չէին խղճում նորից խաբված մարդկային հոգուն: Եվ ինչպե՞ս է, որ Աստված գեղեցկության ամեն մի հյուլե դրել է բնության բոլոր չարաճճիությունների մեջ: Նայում ես վերև, նրանք իջնում են, իսկ դու մոռանալով քեզ, բարձրանում ես: Բարձրանում ես, գո՞ւցե նրանց պես մի զույգ դառնալու ու նորից իջնելու ակնկալիքով: Չգիտեր ... Թե ինչո՞ւ բարձրանալ ու նորից իջնել, դա էլ չգիտեր: Ձեռքը հանեց դուրս, մի զույգ որսալու նպատակով և հասկացավ... Թիթեռնիկից կարճ կյանք ունեն նրանք (չէ՛, իր և նրա սիրո կյանքը ավելի կարճ էր տևել): Մի զույգ հայտնվեց նրա ափի մեջ և մինչ կհասցնեին մեկ անգամ թարթել իրենց ձյունե աչքերը... մարեցին ... Մի կաթիլ էր արդեն նրա ափում, երբ սթափվեց մոր ձայնից.
‐ Գուցե օգնեիր (մայրն էլ գիտեր, որ ամեն մի հեքիաթ ավարտ ունի):
Դեկտեմբերի 31‐ն էր, Ամանորին մի քանի ժամ էր մնում, իսկ նա չէր ուզում ու չէր հասկանում ամանորյա իրարանցումը: Ինչո՞ւ են մարդիկ ուրախանում, չէ՞ որ թևակոխում են անիմաստ մի տարի ևս...
... Դասարանը լեփ‐լեցուն էր: Երեխաները խառնվել էին. ամանորյա հերթական հանդես էր, շուտով Ձմեռ Պապին պիտի գար:
... Ձմեռ Պապի՞ն (մի՞թե, իրոք, ոչ ոք չէր ճանաչում ընկ. Պողոսյանին): Արդեն հերթական խաղալիքն էր տալիս և հետն էլ` մի հարց , որն արդեն հոգնեցրել է նրան ( անցած տարիներին, ոչ մի Պապ հարց չէր տալիս).
‐ Ի՞նչ ես ուզում դառնալ, Անի՛ ջան :
‐ Ուսուցչուհի,‐ ասաց Անին և վերցնելով իր բաժին նվերը` հեռացավ: Հիմա կարծես թե իր հերթն էր:
Հոնքերը կիտած մոտեցավ, այս անգամ էլ կկարողանա՞ր չպատասխանել...
Ընկ. Պողոսյանը նստեցրեց ծնկերին, շոյեց փարթամ գանգուրները, հանեց նվերը պարկից (գոնե այս անգամ տիկնիկ չլիներ, հոգնել էր անխոս էակներից) և ժպտալով հարցրեց.
‐ Ի՞նչ ես ուզում դառնալ, ... ջան:
Ահա, էլի. գոնե իրեն չտային այս հարցը, չէ՞ որ արդեն բոլորը գիտեին` այդ հարցին չպատասխանելու պատճառով քանի անգամ երկու է ստացել: Մայրը ժպտում էր` հուսալով, որ այս անգամ գոնե մի նոր բան չհորինի (հիմա՞ էլ էր մայրը զարմանում իր աշխարհայացքով):
-Դե, մի բան ասա՛, ի՞նչ ես պապանձվել:
‐Աստված,‐ անկախ իրենից, բայց հարցական հայացքներից կախված` ճչած նա: Եվ հասկացավ... մոր փակ աչքերից` էլի մի բան այն չասաց, ախր արդեն մեծ է` տաս տարեկան ու էլի...
Ինչու՛ հենց այդպես պատասխանեց, չէր հասկանում, միևնույնն էր՝ լռելու դեպքում, էլի պետք է ստանար այն տիկնիկը, որը հետո հայտնվելու էր ընկերուհու խաղալիքների կողքին: Ինչու՞ էր տատիկի պատասխանը այսպես մխրճվել ուղեղի մեջ. «Աստված ամեն ինչ էլ կարող է, բալա ջան»...Եվ որը հիմա պատճառ դարձավ, որ դասարանում մի քանի չռված աչքեր հառվեին իր վրա...
Դռան զանգը գողացավ իրեն, խլեց հիշողության գրկից. հարևանուհին էր, տոլմայի թուփն էր պակասել (դե ինչպես միշտ ), գուցե ավելի լավ էր չհիշել, թե իր որ հարցին տատն այդպես պատասխանեց:
Առաջ այսպիսին չէր, չէր սիրում ընկնել հիշողության գիրկը, իսկ այսօր...
Այս անգամ շատ լավ էր այնտեղ` նրա հյուրընկալ, տաք գրկում: Իրոք, մի պահ ժպտում էր, նա՛, որ միշտ մեղադրում էր հիշողությամբ ապրողներին կամ հիմարաբար երազողներին: Իր համար մեկ ճշմարտություն կար...
Երբ կյանքը քեզ ինչ- որ բան է տալիս , ուրեմն վերցնում է շատ հարազատ մի բան: Գու՞ցե այդ պահին դու չես գիտակցում, որ գտնելով՝ կորցնում ես... Ուրեմն պետք չէ սպասել, թե ճակատագիրը կամ նրա քույր բախտը ե՞րբ կժպտա և կտա այն, ինչ երազում ես... Այլ դու ինքդ հասիր քո նպատակին` անընդհատ գտնելով ու չկորցնելով ոչինչ...
Այս էր եղել պատճառը, որ ընկերուհիները նրա բառերից վիրավորվել էին. «Երազողները կատարյալ հիմար են»:
Իսկ հիմա նա... կարծես փորձում էր երազել կամ ավելի ճիշտ` երազում էր երազել:
Գոնե այս Նոր Տարվան կարողանար երազել... երազանքի պահեր՝ հին ու նոր տարիների խաչմերուկում:
Արդեն բոլորել են սեղանի շուրջ, ժպտում են ու մտածում: Աշխարհի ողջ մարդկությունն այս ժամին (հինգ րոպե էր մնացել) փորձում է դուրս գալ իր անկատարալիությունից, և երազել իր անհնարին, բայց շատ ցանկալի ձգտումների մասին, իսկ ինքը...
Էլի հիշողության տաք, ականջ ծակող ձայնը...
«Ես միշտ քեզ հետ եմ լինելու»,‐ համբույրներով երգում էր նա, հերթական անգամ գիտեր` խաբվում է, բայց ինչո՞ւ գոնե չէր փորձում արգիլել...
Ինչքա՜ն է կարոտել... էլի սկսվեց...
Մատները ձգվեցին, ատամները, կարոտի՞ց ,թե՞ կատաղությունից, սկսեց կրճտացնել , արյունը կրկին սառեց երակներում, սիրտն էլ, հետ չմնալով մնացած սրտերից , ավելի արագ սկսեց բաբախել...
Սրա՞նք էին կարոտի առաջին նշաները, թե՞ ուրախություն էր այդպիսի կարոտ ունենալը: Ուռա՜... ին՞չ, մի՞թե էլի ուշացավ:
Բաց աչքերը բացեց ու... Չէ՛, դրսում հրավառության պատրաստություն էին տեսնում, եղբայրը բարձրաձայն հաշվում էր, հինգ, չորս, երեք, երկու...
‐Երազում եմ...,‐ առաջին անգամ ժպտաց նա և բարձրաձայն, լիաթոք ծիծաղեց ...
(Շարունակությունը բոլորի հոգում է թևածում ):

11 Դեկտեմբեր, 2005


 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)