ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ...

Երանուհի Ղանդիլյան


- Կրա՜կ։ Արագ-արագ։
- Ոչ մի քայլ չնահանջել։
Լսվեց ավտոմատների կրակահերթ, և թշնամու զինվորներից երկուսը անշնչացած ընկան գետնին։ Ամենուր արնաշաղաղ և անդամահատված դիակների կույտեր էին թափված։ Գարշահոտությունը խառնվելով վառոդի և արճիճի հոտին սողոսկել էր ամենուր։
-Օգնեցե՜ք, այստեղ վիրավորներ կան, անհապաղ բերեք պատգարակը,- բղավում էր մի աղջնակ՝ կոպիտ տաբատով և վարդագույն թիթեռնիկով սպիտակ վերնաշապիկով, իսկ փոշուց սևացած դեմքին փայլում էին նրա կապու՜տ և աստվածային աչքերը,- արագացրեք, նա արնաքամ է լինում,- բղավում էր աղջիկը, մի ձեռքով փորձելով իր հագուստից պոկել մի կտոր, վերքը կապելու համար, իսկ մյուս ձեռքով ամուր սեղմել էր վիրավոր զինվորի կոկորդը, որտեղից հոսում էր արյունը։ Լսվեց ուժգին պայթյուն. Մի ական ընկավ ուղիղ աղջկա ոտքերի մոտ, և պայթյունից առաջացած հողի շիթերի հետ մեկտեղ օդ բարձրացավ նաև այդ կապու՜տ և աստվածային աչքերով աղջկա մարմինը, բարձրացավ այնքա՜ն թեթև, այնքան բիրտ և արդեն ինքն էլ արնաշաղաղ ընկավ վիրավոր զինվորի կողքին։ Թշնամու բանակից մի քանի հոգի սողալով մոտենում էին խրամատներին։
-Վարդա՜ն, զգու՜յշ,- բղավեց զինվորներից մեկը և նետվեց սվինամարտի՝ արդեն իսկ խրամատ ներխուժած թշնամու վրա: Երկուսն էլ հոգնած էին, բայց երկուսի աչքերն էլ այրվում էին պայքարելու հաճույքից:
- Այդ ո՞ւմ հետ ես փորձում պայքարել, ախր ես քեզ մի մատով ճիճվի նման կճզմեմ,- բղավելով կռվում էր Դավիթը, տարիքով ամենակրտսերը, բայց և ամենատաքարյունը։
-Հրամանատար, թույլ տվեք զեկուցել,- Վարդանին դիմեց նարնջագույն վերնաշապիկով և կարմիր գլխարկով մի զինվոր,- թշնամին թվով մի քանի անգամ գերազանցում է մեզ, վերջանում է նաև մեր զինամթերքը, այսպես մենք երկար դիմանալ չենք կարող...
Հրամանատարի դեմքը խոժոռվեց, սակայն չկորցրեց իր հավասարակշիռ և ինքնավստահ արտահայտությունը. ուշադիր լինելու դեպքում, այնտեղ կարելի էր տեսնել անսասան զինվորի խրոխտ ոգին։
-Ասում ես շա՞տ են, լավ սպառազինվա՞ծ։ Գիտե՞ս թե ինչու են մարզիկները ավելի լավ հանդես գալիս իրենց հայրենի հողում, որովհետև այն ուժ և ինքնավստահություն է հաղորդում։ Իսկ ինչու՞ պիտի թշնամու գլխաքանակը վախեցնի մեզ, չէ՞ որ մենք մեր տանն ենք, մեր հայրենի հողում,- նա շրջվեց և փորձելով իր մեկ հայացքի մեջ հավաքել բոլոր ողջ մնացած զինվորներին, բարձրաձայն ասաց.
- Արծիվներ, նահանջը վախկոտների մենաշնորն է։ Մենք մեր հողում ենք, մեր հայրենիքում։ ճիշտ է ասված, որ «հողը դեռ հայրենիք չի, եթե այնտեղ գերեզմանոցներ չկան», գերեզմանոցներ, որի քարերը ներծծված են մեր նախնիների արյունով, սա այն հողն է, որտեղ ծնվել են մեր ծնողները, հող, ուր ծնվել ենք մենք, մեր երեխաները։ Հայրենիքը չեն ընտրում ճիշտ է, հայրենիքը պաշտպանում են, սակայն եթե հարկ լիներ ընտրելու, ես կրկին ու կրկին կընտրեի այս քարքարոտ, փոշոտ, մի բուռ հայրենիքը, որ մեծ տերությունների համար գուցե չբավականացնի նույնիսկ ծաղկամանում մի մոլախոտ տնկելու համար, բայց սա իմ հողն է, իմ պատմությունը։
-Առա՜ջ,- բղավեց զինվորներից մեկը, մի ձեռքով պահելով արյունից և փոշուց սևացած դրոշը, մյուսով՝ զենքը, և վազեց առաջ. նրան հետևեցին մյուսները...

-Վարդա՜ն, տուն արի այ տղա, ուշ է արդեն,- ձայն տվեց մի կին կիսով չափ կախվելով պատշգամբից,- Իսկ ինչու՞ են շորերդ փոշոտ, էլի գետինններին թավալ ես եկե՞լ։
-Մամ, լավ էլի, կռվի ամենաթունդ պահն է, հիմա հարձակվում ենք,- սկսեց աղերսել Վարդանը, մի ձեռով պահելով պլաստմասսայե ատրճանակը, իսկ մյուսով փորձելով հնարավորինս մաքրել հագուստը փոշուց։
-Քեզ ասում եմ տուն արի, թե չե հորդ կկանչեմ։
-Մամ ջան, լա՜վ էլի, հինգ րոպե։
-Տիկին Արմինե, հինգ րոպե էլի, խնդրում ենք, էս մեկն էլ գրոհենք ու վերջ։ Վարդանը մեր հրամանատարն է, իսկ առանց հրամանատարի ո՞նց ենք հաղթելու,- թախանձանքներին միացան նաև Վարդանի ընկերները, բոլորն ել փոշոտ ու կեղտոտ հագուստներով, սակայն ոգևորությունից փայլատակող աչուկներով։
-էս մեկն էլ առանց հրամանատարի գրոհեք, աշխարհը շուռ չի գա,- և նորից դիմեց տղային,- Ըհը, էս էլ հերդ, ես արդեն էլ նյարդեր չունեմ, մի քիչ էլ թող ինքը խոսի,- ասաց և ցուցադրաբար թափահարելով ձեռքերը գնաց ներս։
-Վերջ տղեք, ես գնացի, թե չէ որ հերս բարկացավ էլ չի թողնի իջնեմ բակ,- տխուր ասաց ու պլաստմասսայե ավտոմատի թելից բռնած ու ետևից քարշ տալով քայլեց դեպի մուտքի մոտ։
-Վարդան դրոշակդ մոռացար,- ասաց կապու՜տ և աստվածային աչքերով աղջնակը, տղային մեկնելով արյանը փոխարինող կարմիր ջրաներկից և փոշուց սևացած դրոշը։
-Վարդա՞ն, էդ որ մայրդ կանչում է չես լսու՞մ, թե՞ անպայման ես պիտի գոռամ,- հեգնախառն հայրը սկսեց իր խրատական ճառը՝ կարմիր կիսավարտիքով և կանաչ կիսաթև վերնաշապիկով։
-Գալիս եմ արդեն, պա՛պ։
-Իսկ էդ ինչի՞ եք բոլորդ էդպես փոշոտ, էդ ի՞նչ խաղ էիք խաղում,- ասաց նա և ցուցադրաբար ոսկյա հաստ շղթան գցեց վերնաշապիկի վրա։
-Պատերազմ-պատերազմ էինք խաղում Արամ քեռի,- ասաց կապու՜տ և աստվածային աչքերով աղջնակը,- ու արդեն գրոհում էինք,- աղջկան լրացրեց Վարդանը հույսի շողը աչքերում, որ միգուցե հայրը կթույլատրի ավարտին հասցնել «պատերազմը»։
-Պատերազմ-պատերա՞զմ։ Դաժան խաղ եք ընտրել երեխեք,- ասաց,- տե՛ս հա, հինգ րոպեից տունը լինես։
-Ուռաա՜,- երեխաների բացականչությունը լցրեց ողջ թաղամասը։
-Առա՜ջ,- բղավեց Վարդանը և թափահարելով դրոշը վազեց առաջ,- դե, տղե՛ք, գնացե՛ք ձեր տեղերը, շարունակում ենք։ Վիրավորները թող նորից պառկեն իրենց տեղերում։
Երեխաները թափահարելով որը պլաստմասսայե ատրճանակները, որը փայտե սվինները վազեցին առաջ։
-Ի՞նչ է եղել, ինչի՞ եք խելագարների նման գոռում, -սկսեց բղավել առաջին հարկի տարեց, միայնակ հարևանուհին, - ոչ մի րոպե հանգիստ չկա էս երեխեքից։
-Տիկին Աշխեն, երեխա են, թող իրանց համար խաղան էլի։
-Ինչի՞ եք գոռգոռում հարևան ջան, - դեպի ցած կռանալով Արամին հարցը ուղղեց 6-րդ հարկի հարևանը, էլ ավելի հաստ շղթայով և ճկույթին դրված սև քարե մատանիով։ Հետո տեսնելով աղջկան ասաց, - Աղջի Անահի՞տ, տուն արի։ Դասերդ սովորել ես՞, որ իջել ես ու վազում ես,- դիմեց նա կապու՜տ և աստվածային աչքերով աղջկան։
-Գևորգ ջան, երեխեքը խաղում են, տիկին Աշխենն էլ բողոքում է, - փորձեց հնարավորինս տեղեկացնել Վարդանի հայրը՝ Արամը։
-Հա, դե երեխա են էլի, տիկին Աշխեն, թող խաղան էլի, - և դարձավ երեխաներին, - իսկ ի՞նչ խաղ եք խաղում։
-Պատերազմ-պատերազմ Գև ջան,- երեխաների փոխարեն նորից պատասխանեց Արամը։
-Պատերազմ-պատերա՞զմ...
...Իսկ առաջին հարկի բաց պատշգամբից տարածվում էին երեկոյան լուրերը.
«Այսօր պատերազմական նոր գործողություններ են սկսվել Հյուսիսային....
Այսօր առավոտյան, մարդաշատ վայրում, կին մահապարտի վրա դեղադրված ականի պայթյունի հետևանքով, զոհվել է 8 մարդ և վիրավորվել...
Երեկ երեկոյան իր բնակարանի մուտքի առջև սպանվել է հայտնի...»
-Առա՜ջ, ոչ-ոքի չխնայել, իսկ գերիներին հարցաքննել և սպանել,- լսվում էին երեխաների անմեղ բացականչությունները...

 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)