فارسي

ԱՌԱՆՑ ՔԵԶ

  |  


Լիլիթ Միրիբյան


Կիրակի
Ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ սխալ է։
Վ. Սարոյան

Փաթիլները միմյանց գրկած այնքան մեղմորեն են ցած իջնում, որ թվում է՝ վալս են պարում։ Զարմանալի ոչինչ չկա։ Միշտ էլ մեզ մոտ գարնանը ձմեռ է լինում։ Զարմանալին մեկ այլ բան է. իմ գարունը գալիս է այն ժամանակ, երբ ինձ ձնծաղիկներ են նվիրում, իսկ հիմա ես ունեմ ձնծաղիկների մի քնքշաբույր փնջիկ, բայց... գարուն չունեմ։ Ձմեռ էր, ու իմ գարունն իմ մեջ էր։ Ձմեռը վերջացավ, ու իմ գարունն էլ վերջացավ ձմռան վերջին օրվա հետ։
Ու այսօր հենց սպասումս է պարում՝ փաթիլ դարձած։ Ու այսօր քո բացակայությունն է փաթիլների հետ մեղմասահ նստում հոգուս վրա՝ որպես հսկայական մի կշռաքար, որի դիմաց միայն իմ համբերությունն ունեմ։

Երկուշաբթի

Նորաբաց գարուն է, և... ձյուն. իմ բյուրեղացած արցունքն է երկնքից ձգվում ցած։
Մարգարտե հուլունքաշարի թելը կտրվել է, և սպիտակ հատիկները, քամու երկար թելերի հետևից ընկած, իջնում են քաղաքիս՝ մեղկ քնի մեջ խորասուզվածների երազներին։
Ինչ-որ տեղից ինձ հասնող մեղեդին թակում է հիշողություններիս ձյունածածկ պատուհանը։ Վախով բացում եմ փեղկն ու... գրկախառնվում ձնծաղիկների բույրի հետ. քո աչքերի անապակ հայելին անդրադարձնում է այդ փունջը լուսե, որի ծաղկաբույլի յուրաքանչյուր թերթիկ ցող-արցունքի մարմնացում ասես լինի։ Ու՞ր էիր դու, ու՞ր էր ձեռքերիդ ջերմը մինչ հիմա։ Թվում է՝ բավական է մատներդ հպվեն քաղված ծաղկին, և այն իր նոր շնչով գունազարդ կդարձնի տխրած հոգիները։
Եթե կարողանայի քեզ ընծայել թախիծ կոչվող վանդակում կողպված այդ հոգիները...
Եթե կարողանայիր քո՛ հրաշքով հալեցնել վանդակներն այդ ...
Եթե՜...

Երեքշաբթի

Ձնծաղիկների բույրով մեղեդին միախառնվել է ինչ-որ համի հետ. հավակնում է համբու՜յր դառնալ ... Դու, անտեղյակ միացումին այդ մոտալուտ՝ երազներից ժանյակներ ես այժմ հինում կամ փրփուրում ծխօղակի հոգնությունդ ես լուռ ամոքում։ Դեպ քեզ ձգվող խոկիս հյուսքը զարդարվում է ձյան մաքրությամբ և ձնծաղկով։
... Հեռու ես դու,
հեռու եմ ես,
ու մեր միջև
գարնանային մի լռություն ...

Չորեքշաբթի

Քո լռությունը սառնություն է առաջացնում մեջս, և ես հասկանում եմ, թե ինչ ասել է մրսել մենությունից։
Չեմ ուզում հավատալ, որ խաղում էիր. չնայած կարող եմ և փաստել, որ եթե այդպես էլ է, ապա դա քեզ մոտ հիանալի էր ստացվում։ Իսկ ես՝ դյուրահավատս, ծառից պոկված տերևի պես ծվարեցի քամու թևերին՝ կարծելով, թե կանգառում ինձ ապահովություն է սպասվում, վստահություն և նվիրվածություն։ Դու թարմության քո ջերմ շնչով կարողացար սառցալեռս տեղաշարժել։ Նույնիսկ երբ ուզում էի մտածել «հետո»-ի մասին, վախենում էի ջրհեղեղից. տաքությունդ աստիճանաբար վարակիչ էր դառնում։
Մինչ քեզ հանդիպելը չգիտեի (խոստովանեմ անկեղծ), որ ջերմությունը վարակիչ է։ Հիմա եմ հասկանում, որ դրա հակառակ երևույթն ահավոր ցավալի է. սառնությամբ վարակվելիս հոգուս նուրբ թերթիկները ճաք են տալիս, և նվաղում է ձայնը բողոքիս։ Ես անզոր եմ անգամ բողոքել, քանզի անորոշությամբ գոլորշիապատ է դարձել հոգիս։
Հոգի՜ս... հիմա, երբ մտածում եմ, որ կարող են և սուտ լինել այն բառերը, թե հոգիս սիրեցիր, զգում եմ՝ ինչը կարող է անհավասարակշիռ դարձնել ինձ ու մղել անմտության։

Հինգշաբթի

Դու ինձ չես լսում, և ես չգիտեմ, թե էլ ինչ անեմ, որ դուրս պրծնեմ «կասկած» կոչվող սարդոստայնից։

Ուրբաթ

Բարի լույս, ինչպե՞ս ես։
Սկսում եմ «Բարի լույս»-ով, քանզի արդեն քանի՜ գիշեր է, ես օրս քո «Բարի լույս»- ով չեմ ավարտում, իսկ դա ինձ համար կարծես թե անհրաժեշտությունից կամաց-կամաց սկսել էր վերածվել սովորության։ Ու հիմա ամեն գիշեր և՛ քո, և՛ իմ փոխարեն շշնջում եմ «Լու՜յս բարի»։ Շշնջում եմ՝ համոզված լինելով, որ շշունջս կարող է հաղթահարել իմ ու քո միջև ձգվող անկամուրջ վիհ-լռությունը։ Շշնջում եմ՝ հավատացնելով ինքս ինձ, որ երբևէ կրկին լսելու եմ քո պատասխան շշունջը ևս, որն այնքա՜ն բաց ու դատարկ է մնացել քո բացակայության պատճառով։

Շաբաթ

Առանց քեզ առավոտ չկա,
Առանց քեզ «Բարի լույս» չկա
Գիշերը փակել է ուղիս։

Առանց քեզ օրերս դար են,
Առանց քեզ բառերս սառն են,
Արևն հեռացել է ինձնից։

Առանց քեզ կրակս ձյուն է,
Առանզ քեզ ամեն ինչ նույնն է,
Երկինքը փլվում է գլխիս։

Առանց քեզ տողերս սուտ են,
Առանց քեզ շողերս մութ են,
Երգերս են նույնիսկ ձյունից...


ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԲՍՏՐԱԿՑԻԱ


Փորձ
Գիշերագույն ծաղիկն ինձ անծանոթ մի բույրով կանչում է դեպի հուշերի այգի՝ երկուսանալու։
Անձրևը գիշերահամ ստիպում է պատսպարվել հենց այդ այգում, տաք ափերիդ կարոտել եմ...
Եվ... գիշերալույսն է առաջնորդս։

Խանդ
Գիշերաթույր ծաղկի թերթիկներին արցունքացող է հանգրվանել. հեռուներից տուն դառնալու փորձեր անող հոգուս մեղմությունն է մաղվում ցած...
Անձրևը գիշերահամ իր կաթկթոցին է ձուլում ցող-արցունքներս. մի՞թե խանդում է...
Գիշերալույսն արտացոլում է երկնի էկրանին խանդագույն բոցեր. ասում են՝ խաղն այդ մարդուն է հասնում սիրո թևերի թևաբախումի զով քամուց անգամ, սերն առանց խանդի, ասում են, սեր չէ։

Սեր
Ես քո ափերի անսահմանության ջերմության ներքո միայն սեր տեսա, խանդը մեզ պետք չէր։
Ես քո աչքերի անվերջանալի մուգ գիշերներում միայն սեր տեսա. քո մուգ աչքերի գիշերի գույնի՜ց այգում արարվեց գիշերագույնը ...
Ես քո կաթիլվող երազի հետքում միայն սեր տեսա. անձրև չկար, ու խանդն առանց ջուր զու՜ր պապակվում էր։
Ես քո շուրթերի գինոտ ժպիտում միայն սեր տեսա. քո սերը լույս էր, և այդ գիշերը իմ լույսն է հիմա։

Երկուսացում

Ափերիդ ջերմը,
Աչքերիդ գույնը,
Երազիդ հետքը
Ու շուրթիդ համը
Այսօր ինձ նորից
Դավադրաբար
Առաջնորդում են
Դեպի հուշերի
Գինեբույր այգի՝
Երկուսանալու...
Եվ ես՝ մենակս,
Ես՝ մենավորս,
Արդեն գալի՜ս եմ...

 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)