فارسي

ՑՆՈՐՎԵ՞Լ, ՍՊԱՆԵ՞Լ, ՉԱՊՐԵ՞Լ... ՉԳԻՏԵ՛Մ...

  |  


Հեղինե Ա՛ Դանիել

Ծնո՛ւնդ, Դո՛ւ, խա՛ղ, սե՛ր, ցա՛վ, երա՛զ, գերեզմա՛ն, հրաժե՛շտ, փախո՛ւստ, ես ու...
Մա՛հ, Ե՛ս, զզվա՛նք, հաճո՛ւյք, կյա՛նք, օրորո՛ց, բա՛րև, գրկո՛ւմ, դու ու...

...
-Բա՛րև (բառերիս շարանը քեզ նվեր), գո՞ւցե համբուրես...
-Ինչպե՞ս ես:
-Հետաքրքի՞ր է, գրկի՛ր, փորձիր հասկանալ...
-Վերջացրու, խնդրու՜մ եմ...
-Ցավո՞ւմ է, ես էլ եմ ցավում, որ ...
-Մոռացի՛ր ինչ եղել է:
-Ի՞նչ, մոռանա՞լ, ինչո՞ւ, միևնույն է, հիշողը դու չես, դե լավ, մե՛կ համբույր էլի...
-Ի՞նչ ես անում, մարդիկ նայում են, կանացի արժանապատվությունդ ո՞ւր է:
-Մոռացե՞լ ես, դու ինքդ ես այն կործանել, երբ ես մոռացա, թե ով եմ ու սիրեցի...
-Լավ, ինչո՞ւ ես կախվում անցյալից, փորձիր ապագադ կառուցել:
-Եթե ներկաս գունավորես, գուցե մտածեմ ապագայիս մասին նաև... Փոխե՞լ ես իմ այնքան սիրելի օծանելիքդ:
-Ահա՛:
-Նա՞ է խնդրել, սա՞ է դուր գալիս նրան, այ քեզ անճաշակություն...
-Խնդրում եմ, միայն թե նրան մի փորձի՛ր վիրավորել: Նա մեղավոր չէ, որ կորցրել ենք իրար:
-Մեղավոր չէ՞, ուրեմն իզուր պատժվեց առավոտյան:
-Ի՞նչ ես խոսում:
-Ոչի՛նչ, արդեն ուշ է:
-Ի՞նչ:
-Ասում եմ համբուրի՛ր, այսպես :
-Վերջացրո՛ւ, ի՞նչ ես անում:
-Ոչինչ, այն ինչ սիրում էիր, այն շրթներկն է, որ նվիրել ես, համը ծանո՞թ չէ:
-Լա՜վ:
-Համենայն դեպս դուր եկավ:
-Ես գործեր ունեմ:
-Ես էլ, դեռ մեխակներ պիտի գնեմ, երեկոյան պիտի հոգեհանգստի գնամ:
-Ո՞ւմ, ե՞րբ, հարազա՞տ է:
-Չգիտեմ դեռ... Մեկը թշնամիս է, մյուսը դեռ չգիտեմ...
-Գժվե՞լ ես:
-Բայց դու սիրում էիր գժություններս:
-Ներիր, հեռախոսս է...

...
-Դուք հղի եք:
-Գիտե՛մ, առանց դրա նրան բաց չէի թողնի:
-Ի՞նչ:
-Ոչինչ, բժիշկ:
-Բայց զգույշ եղեք, պտուղը շատ նվազ է:
-Ոչինչ, պարզապես նրա աչքի առաջ հենց նոր կին զոհվեց ավտովթարից:
-Դուք լա՞վ եք զգում տիկի՛ն:
-Այո, այո՜ ես գնամ, ամուսնուս պետք է տեսնեմ, շնորհակալությո՛ւն:
-Խնդրեմ, ցտեսություն, ամպայման երկու օրից եկե՛ք:
-Հաջողություն:

...
-Ալո՛, ալո՛ ,ի՞նչ... որտե՞ղ է, ո՞ր հիվանդանոցում, ի՞նչ, փախե՞լ է:
-Համբուրի՛ր:
-Կենդանի չէ, օ՜հ Աստվա՛ծ իմ:
-Համբուրի՛ր...
-Ի՞նչ ես անում, ատում եմ քեզ, հանգստացի՛ր, Աստված իմ, Նա հիվանդանոցում է, բաց թող, ի՞նչ ես անում:
-Համբուրի՛ր, Նա այնտեղ է, որտեղ պիտի լիներ...
-Բաց թող հոգեկան հիվանդ, թո՜ղ, չե՞ս հասկանում` իմ հարսնացուն ավտովթարի է ենթարկվել... Ո՞ր մեղքիս համար, Աստվա՜ծ...
-Համբուրի՛ր, ասում եմ, նրան հանգիստ թող, գիտե՞ս, ի՛մ ամուսին, մենք երեխա ենք ունենալու:
-Հիվա՞նդ ես:
-Գիտեի, որ շա՜տ կուրախանաս, համբուրի՛ր, դե՛ :
-Դու խելքդ թռցրե՞լ ես, սպասի՛ր, դու կապ ունե՞ս վթարի հետ:
-Այսպես, երբ բարկանում ես, խենթանում եմ, դե՛, մե՛կ էլ համբուրիր. չե՞ս ուզում զգալ որդուդ սրտի աշխատանքը, ահա՛, այստեղ...
-Ստո՜ր... Դու ես...
-Ո՞ւր ես գնում, համբուրիր գոնե վերջին անգամ, մի՛ գնա...

...
Մի՛ գնա,կանգնի՛ր... մի՛ գնա, աղերսում եմ ծնկաչոք, մի՛ գնա նրա մոտ, թախանձո՜ւմ եմ, մի՛ սպանիր ինձ...

...
Կրակո՛ց, արյո՛ւն, մա՛հ, հեռացո՛ղ աչքեր, զզվե՛լի դեմքեր, տառապա՛նք, բա՛նտ, հրաժե՛շտ, վե՛րջ...

...
Մանկան ծիծա՜ղ ,հարությո՜ւն, հոր աչքե՛ր, սիրելիի նկա՛ր, երջանկությո՛ւն, նորից սկի՜զբ...
-Մի՛ լացիր, ճուտիկս, ա՜խ, այս երեխան որքա՜ն բկլիկ է...


 

Կարծիքներ

Հիանալ էր...
Բայց և դաժան...
Կյանքը շարունակվում է

Խոսքերն ավելորդ են...Հիացած եմ...

Ինչու եք հանել մեր կոմենտարիան...թե՞ միայն ձեռնտու կարծիքներն եք պահւոմ...

Հարգելի Նվազ Պտուղ,

Գրական Կամուրջ-ում պահպանվում են այն կարծիքները, որոնք վերաբերվում են թեմային, լինեն դրանք «թեր» թե «դեմ», գովեստ թե քննադատություն:
Ջնջվում են հեղինակներին հասցեագրված հեգնալից արտահայտությունները:
Հարգանքներով՝
Գրական կամուրջի խմբագրություն:

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)