ԴՈԿՏՈՐ ՉՈՒՆ

Խորեն Արամունի


Չին դռան փեղկը կասկածանքով քաշեց, դուռը թեթև ճռռաց ու ճեղք բացվեց, այնքան, որ կարողացավ գլուխը դուրս հանել։ Դռան հետևը միջին հասակի ազգությունը դժվար որոշվեիք, տղամարդ էր։
- Ո՞վ եք, ի՞նչ եք ուզում։
- Հերրին եմ, Ալֆա տպարանից, Միսիս Չիին եմ խնդրում։
- Օ՜, Հերրի, դու՞ ես,- հայտնվեց մի կին։
-Հա, կարո՞ ղ եմ...
- Արի, արի, գիտեմ, գիտեմ, հարյուր վաթսուն դոլար պարտք եմ, գիտեմ, Ներս արի, արի, արի տես ինչ օրի եմ։
Հերրին գիտեր, որ դեղատուն է մտնում, բայց այսպիսին՝ մտքով անգամ չէր անցել։
Դեղատուն էր։ Պատվերները ընդունում էին հեռախոսով, ապա զանգահարում էին հիվանդի բժշկին, ստանում էին թույլտվությունն ու դեղորայքը առաքվում հիվանդի տուն։ Դեռ ոչ մի հիվանդ չգիտեր թե իր դեղը որտեղից, կամ ինչպիսի բիզնեսից են գնում։
Հերրին տարակուսանքով մուտք գործեց մի կիսամութ միջանցք, որը ուղեկցում էր ավելի լուսավոր մի սենյակ ու հետևեց չինական առոգանությամբ անգլերեն խոսող Չիին:
Սենյակը նման էր տարրալուծարանի, գուցե և դեղարանի, ինչ-որ էր, ոչինչ իր տեղում չէր, ամենահեռու անկյունում, սեղանի դեմ, թուխ, փոքրիկ մորուսով, մարդու չիր հիշեցնող մի ծերուկ էր նստած, ծերուկը ևս իր տեղում չէր երևում, թվում էր թե սխալ տեղ է նստել ու դեղահաբ է հաշվում։ Նրա դեմքը կարդալ չէր լինում, ձգված մկաններն ու չոր մաշկը ոսկորները այնպես էին գրկել, կմախքի էր նմանվում։ Գլխի նոսրացած մազերը կարելի էր հաշվել։
Հերրին բարևեց։ Ծերուկը առանց պատասխանի ակնոցների վերին մասից հայացք շպրտեց նրան ու նորից անցավ գործի։
-Հերրին է, Ալֆա տպարանից, փողն է ուզում, չկա, որտեղի՞ց տամ։
Ծերուկը ուշադրություն չդարձնելով շարունակեց հաշվել դեղահաբերն ու մանրիկ աչքերով նորից նայեց Հերրիին ու անհասկանալի մի բան դուրս թռցրեց բերանից։
Չին ձայնը բարձրացրեց, մի քանի թղթածրարներ մի տեղից մի ուրիշ տեղ դնելով՝ մոտեցավ ծերուկին ու ժամը հարյուր մղոն արագությամբ բառեր շարեց նրա ականջին ու միանգամից արգելակեց։ Ետ դարձավ Հերրիին.
-Հավատացեք հնարավորություն չունեմ, ի վիճակի չեմ, վեց ամիս է մեր ամբողջ կյանքը տակն ու վրա է եղել, ոչ մի բանի չենք հասնում, գործերը վատացել են, այսինքը մենք ենք մեղավոր, ամուսինս հիվանդացել է, անկողնային է... մի վարորդ ունենք ժամանակին չի գալիս, նա էլ իր խնդիրներն ունի...
-Հա, բայց...
- Չէ, չէ, դուք մեղավոր չեք, բայց ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք, մեր ամբողջ հույսը ամուսինս է, Աստված մի արասցե, որ նա... Եկեք, եկեք դուք ձեր աչքով տեսեք...
Չին բռնեց Հերրիի ձեռքից ու ուղեկցեց ծերուկի կողքի փոքրիկ սենյակը։ Ծերուկը մանր աչքերը սահեցնելով Հերրիի վրա՝ աթոռը թեթև առաջ քաշեց։ Հերրիի սիրտը վատ բան գուշակեց, նա եկել էր չվճարված հարյուր վաթսուն դոլարը ստանալու,իսկ ինչու՞ էին սենյակից սենյակ տանում։
- Ամուսինս է, Դոկտոր Չուն, հիվանդ է...
- Դոկտոր Չու:
-Հա, ինչու՞
- Դոկտոր Չու, ինչպե՞ս եք,-ակամայից հարցրեց Հերրին։
-Ըըը,-լսվեց ինչ-որ նվոց...
- Ուզում է ասել՝ լավ եմ, բայց տեսնում ես էլի...
Դոկտոր Չուն պառկած էր շատ սովորական մահճակալի վրա, գլուխը թեքված էր դեպի դուռը, բերանի ջուրը հոսում, տարածվում էր կիսաթրաշ դեմքի վրա։ Քթին թթվածին կար, ճպռոտած աչքերը դեպի վեր շրջված առաստաղից ինչ-որ բան որսալու ցանկությամբ այս ու այն կողմ էին ընկնում։ Կողքից մի խողավակ էր դուրս եկել, ծայրը միացրած էր մի քսակի, որի մեջ դեղնավուն հեղուկ էր հավաքվում։ Ոսկրացած ձեռքերը երբեմն փորից պոկվում, զայրութ էին արտահայտում։
-Տեսնու՞մ ես,- հարցրեց Չին։
-Հա, բայց ինչու...
-Գիտեմ, գիտեմ, ինչու հիվանդանոց չենք տեղափոխում, հա՞։ Ո՞նց տանեմ, դեղարանը իր անունով է, առանց նրա բժշկական արտոնագրի բիզնեսը կփակվի, այս վիճակում անգամ Նա մեր եկամուտի աղբյուրն է։ Քսան օր հիվանդանոցում եղավ, հազիվ կարողացանք դուրս գրել, հաշմանդամ էին հանում, իբր թե գիտակցությունը տեղը չէ, եթե դա հաստատեին, մենք կորած էինք, գոնե այսպիսով կարողանում ենք նրա արտոնագրով պահել բիզնեսը, բայց թե ինչքան կտևի, հարց է, Աստված մեծ է...
. Չէի կարող պատկերացնել, որ դոկտոր Չուն... ախր, տարիներ է ինձ բիզնես է տալիս...
- Ոչինչ, ոչինչ, նորից ձեզ հետ ենք աշխատելու, միայն թե այնքան ենք խառնվել, ոչինչ իր տեղում չէ... Կարո՞ղ ես մի շաբաթ ևս համբերել, կաշխատեմ եկող շաբաթ դրամդ ուղարկել։
-Իսկ եթե կարողանաս այսօր դրամիս կեսը վճարել, դրանով կբավարարվեմ...
- Օ՜, շնորհակալ եմ, կվճարեմ, իհարկե, հոգաչափ շնորհակալ եմ, այսինքը ութսուն դոլար, հա՞
- Այո, այո, միայն ես գնամ, խնդրում եմ։
- Մոտս հիսուն դոլար կանխիկ կա, գուցե բավարարվեք, թե ոչ պիտի չեկ տամ...
- Ինչպես կցանկանաք, միայն ես շտապում եմ...
-Վերցրեք, հոգաչափ շնորհակալ եմ, պարոն Հերրի, դուք շատ բարի եք,, ասաց Չին ու հիսուն դոլար վճարելով բարձր տրամադրությամբ Հերրին ուղեկցեց դեպի ելքի դուռը։
Ծերուկ դեղագործը, ոտքի ելավ, մանրիկ քայլերով գնաց դեպի մոտեցող Չին ու նրան հասկանալի լեզվով մրթմրթաց, «էդ բոզի լակոտին ինչու՞կանխիկ տվիր»։

 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)