ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ
Հեղինե Ա՛Դանիել
«»«»«»
Սիրում է, չի սիրում: Ուզում է, չի ուզում: Կանչում է, չի սպասում: Ծամում է, չի լացում:
Ինչ-որ մեկը վազում է, մեկը արդարություն կորզում, մեկը գոռում, աղերսում.
-Մնա՛:
Ինչ-որ մեկը արև է մորթում, մեկը մարդ կացնահարում, մեկն էլ երկնում.
-Տղա է:
Ինչ-որ մեկը հավ է փետրում, մեկը գերանդին սրում, մեկը անձրևում .
-Ցո՛ւրտ է:
Ինչ-որ մեկը տուն է նկարում, մեկը ծխնելույզ մաքրում, մեկն էլ երազում խոսում.
-Ների՛ր:
Ինչ-որ մեկը մանուկ է բարուրում, մեկը քոչարի պարում, մեկն էլ անձնագիր կեղծում.
-Կարի՛ք ունեմ:
Ինչ-որ մեկը կրոնն է դավում, մեկը երիցուկ նվագում, մեկն էլ Հաբեշին սեր խոստովանում.
-Սերը մաշկի գույն չի՛ հարցնում:
Ինչ-որ մեկը կարոտ է մանում, մեկը պանդուխտ որդուն սպասում, մեկը խրամատ փորում.
-Թռչե՜յի մտքով տուն:
Ինչ-որ մեկը կարուսել է եփում, մեկը բաժակ է նայում, մեկի աչքերն են սառում.
- Էլի հարբած է գալու:
Ինչ-որ մեկը փակ դուռ է ջարդում, մեկը վանդակում պատեպատ զարկվում, մեկն էլ երկինք բարձրանում.
-Էլ չե՛մ կարող:
Ինչ-որ մեկը մեղքերն է հաշվում, մեկը մորը խաբում, մեկն էլ գիշեր է կերտում.
-Ծա՛ռ , բա՛ց կեղևդ, ա՛ռ ինձ քո մեջ:
Ինչ-որ մեկը նամակ է գրում, մեկը անթարթ երազ է տեսնում, մեկն էլ մոմ վառում.
-«Ամեն»ը վերջում:
Ինչ-որ մեկը անտառ է գրում, մեկը ժպիտ է կարդում, մեկն էլ կյանք խմբագրում.
-Էսպես չի լինի:
Ինչ-որ մեկը «Ես» չեմ, մեկը դեպի ինձ է վազում, մեկն էլ թոթովում.
-Մամա:
Ինչ-որ մեկը անվերջ շատախոսում, մեկը բառի կարոտ մնում, մեկն էլ անհեթեթ երգեր վարժեցնում.
-Հերիք է մոգոնեմ:
Ինչ-որ մեկը չթակվող դուռ է բացում, մեկը բարևի կամուրջ նախագծում, մեկն էլ թիթեռ խաղում.
-Խավար է :
Ինչ-որ մեկը գովազդ է նայում, մեկը ափումս վազում, մեկը կարոտս է քերում.
-Ցավո՛ւմ է:
Ինչ-որ մեկը ձմեռ է սիրում, մեկը չեղած զանգի սպասում, մեկն էլ ինձ դատարկ ծրարում.
-Բա՛ց թող:
Ինչ-որ մեկը թեյում է հոգեբուժարանում, մեկը անցյալ հանգցնում, մեկը հեքիաթ օրորում.
-Փուլ ե՛կ, երկնակամար:
Ինչ-որ մեկը (գուցե իմ կամ քո նման) տան լույսն է մարում ու իր երազները վառում, մեկն էլ (արդեն իմ նման) այս ամենից հոգնում, մեկն էլ (գուցե քեզ նման) աղոթք է հյուսում.
-Սպասի՛ր:
Ու արդեն շատերը աշխարհ են գլորում, կյանք համեմում, վաղվա կերպար դիզում, իսկ ոմանք.
-Բան չհասկացանք էլի :
«»«»«»
...Դու ինձ փրկի՛ր, մա՛յր իմ...փրկի՛ր այս ցավից, կարոտից, գեհենից :
Ա՜խ, երա՜նի թե փարվեի, ու ցավս հօդս ցնդեր, լացեի ու թրջեի միայն քո անուշ գոգնոցը, ոչ թե այս օտար լուսամուտի գոգը: Ա՜խ, իմ ցավը, մա՛յր :
Ցավը, որ մխրճվել է իմ մեջ ու եռում է սիրուս ժայթքման պահից: Իմ ցավը, որ սկսել է Նրա շնչից, բայց սնվում է իմ արցունքներից ու խլանում է իմ մղձավանջից: Իմ օտար ցավը, որ այնքան հարազատ է ու քնքուշ, եկել ու բարևիս մեջ է մտել:
Եվ ինչո՞ւ է այս իմ ցավը այսքան կլոր, մա՜յր,լիներ ծայրերով`սուր , ծակող ու այսպես չտանջեր ինձ...կրծեր ներսից ու ինձ սպառեր: Այսպես կլոր չլիներ , գալարվեր իմ մեջ, այս պատին , այն պատին հագիստ զարկվելով` չպարեր լողալով , այլ ժայթքեր միանգամից ու սպաներ ինձ: Այսքան հարցասեր չլիներ, այսքան բլբլացող ու այսքան հարազատ :
Լիներ գոնե քառակուսի, ունենար միայն չորս անկյուն, չորս սկիզբ ու վերջ, չորս հարց ու չորս պատասխան:
Ասա՛, Մա՛յր իմ, սա էլ նվիրվե՞ց ինձ: Իսկ իրավունք ունեմ իմանալու՝ որ մեղքիս համար: Կյանքի մի նոր քեն:
Եվ ո՞ր անկյունից ու ո՞ր ծայրից եկավ ու աճեց իմ մեջ անհյուրընկալ իմ մեծ ցավը:
Անկախ ինձնից , անկախ ֆիզիկական բոլոր օրենքներից`ձուլվում եմ նրան,ու ՑԱՎ եմ շնչում: Մա՛յր, սա Նրա թողած ձայնից հարություն առած ցավս է, իսկ Կարոտի՞ս ցավը, կամ գուցե Ցավիս կարոտը...
Ցավում է կարոտս մարդկանց , աշխարհի, կյանքի նկատմամբ: Մարդիկ, որ դուրս են եկել իրենց վաղեմի կերպարից, մի նոր անեծք են խաղում: Սպանում, մորթում, խաբում ու հետն էլ ասում.
- Կարոտում եմ ,սիրում եմ, կանչում եմ.- հետն էլ ասում,- մա՛յր իմ, ո՞ւր ես...
Իսկ այս գարշահոտը, որ մարդկանց ծիծաղում եմ տեսնում, խեղդում է ինձ, ու այս ճղճիմ ամբոխը, որ գալարվում է կյանքի խորդուբորդ անիվների տակ, ինձ ծիծաղեցնում են այն սարդի նման, որ իր զոհի անտեղի ճիչն է լսում:
Աշխարհն էլ հանդուրժում է այդ քաոսը և մի նոր ժամանակ է նվիրում: Այ քեզ հեգնանք, ու, մա՛յր իմ, ասում ես` ապրի՛ր: Ու հիմա ոչ թե մարդիկ են կյանք ապրում, այլ կյանքն է մարդ ապրում, հա՛, հա՛, մա՛մ, կյանքը մարդ է խաղացնում, նոր դերեր է տալիս, որից ես միայն զզվանք եմ ապրում, նոր դեր, որով մարդը մի օր իր մահն է խաղալու: Ու այս ամենի մեջ դեռ անմեղ մնալ, դեռ երգել.
- Օգնի՛ր ինձ, Մարիա՛մ, անաղարտ մնամ...
Էխ,հոգնել եմ, մա՛յր, օգնի՛ր, աղերսում եմ ծնկաչոք, օգնի՛ր ապրել... ուղղակի
ուզում եմ ապրել, առանց որևէ երազների, շնչել, արտաշնչել, ապրել թիթեռի նման` երբեք չմտածելով, որ ունեմ ընդամենը մեկ օրվա կյանք: Արևին արև տեսնել եմ ուզում, ոչ թե կյանքի լուսավոր ուղեկից, լուսնին` լուսին, ոչ թե երազների պահապան:
Ժպտալ եմ ուզում կյանքից, խաղացող երեխայից, ծնողի բեկրանքից, ընկերների ջերմությունից, ոչ թե կարապների սիրուց, տերևների պարից, ջրերի երգից, աստղերի համբույրից:
Լացել եմ ուզում ընկերոջս կորստից, հարազատիս ստից, մարդու ցավից, ոչ թե
մարդկային անկարողությունից, անկատար դերից ու սեփական անձի հանդեպ հեգնանքից:
Մնում է միայն իմ աղոթքը, որ դեռ ցավ չի ներծծել, Մա՛յր,աղոթենք իմ ԱՂՈԹՔի համար:
Կարծիքներ
Հզոր էր.........
Posted by: Արման | September 13, 2008 3:28 PM
Ինչ լավ է, որ դու կաս եւ գրռւմ ես...անհամբեր սպասռւմ եմ նոր գործերիդ...
Բռավո!!!!!!!!
Posted by: Nadine | November 25, 2008 8:14 PM