ՉՈՐՈՐԴ ՕՐԸ
Խորեն Արամունի
Պատմվածքս սկսվում էր այսպես.
«Քնել եմ ուզում..»։
«Քնե՞լ ես ուզում, գնա քնիր»,- զայրացավ ընթերցողս ու գիրքը մի կողմ շպրտեց։
Ես չնեղացա, որովհետև պատմվածքս ոչինչով չտուժեց, համոզված էի, որ այն ընթերցող կգտնի։ Ուշադիր ընթերցողն առաջին իսկ նախադասությունը կարդալիս, կհասկանա, որ քնել է ուզում ոչ թե պատմվածքի հեղինակը, այլ՝ հերոսը, և համոզված եմ, որ կշարունակի. «... քնել եմ ուզում, բայց աչքերս չեն փակվում..»։
Այդպես էլ եղավ, մի քանի ժամ հետո, նույն ընթերցողը ձանձրույթը փարատելու համար, բազմոցի կողքին ընկած գիրքս վերցրեց ու շարունակեց.
«... քնել եմ ուզում, բայց աչքերս չեն փակվում։ Ինձ թվում է, թե աշխարհում որքան օդ կա, խտացվել է գանգիս մեջ, պայթելու աստիճանի ուռած գլուխս ինձ զգետնում է, բայց քնել չեմ կարողանում..»։
Ընթերցողս գլուխը պայթելու վախից, առավ ափերի մեջ ու քթի տակ մրթմռթաց.
- «Fuck yօս, ոնց որ իմ մասին է գրել...»։
Ընթերցողս հազիվ երեսունը բոլորած լիներ, բայց շարժումները դանդաղ էին։ Երբեմն-երբեմն ծուլորեն խոհանոց էր մտնում, աննպատակ, կամ անելիքը չիմանալու պատճառով, մի պահ կանգնում ու դատարկաձեռն վերադառնում, փռվում էր բազմոցին, անշարժանում, երբեմն էլ գլուխը ձեռքերի մեջ առնելով ճաքեցնելու աստիճան սեղմում էր։
Նորից գիրքը ձեռքն առավ ու աչքի ծայրով անցավ տողերի վրայից, վախի զգացում էր նկատվում նրա մոտ։
Հերոսի ամբողջ տառապանքը քնելն էր։ Ես փորձել էի նրա կերպարը այնպես կերտել, որ ընթերցողս ոչ թե կարեկցի, այլ եթե ինքն էլ նման հարցով տառապում է, ինչ-որ դրական արդյունքի հասնի։ Երևի հենց դա էր պատճառը, որ աչքի ծայրով տողերի վրայից անցնող ընթերցողիս դեմքի վախեցած արտահայտությունը փոխվեց՝թեթև գոհունակություն նշմարվեց սեղմված շուրթերի արանքում ու ճակատին կնճիռներ առաջացան...
Գրքի երրորդ էջն ավարտեց, թերթիկը շրջեց ու գիրքը ձեռքը նորից մտավ խոհանոց, այս անգամ մի գավաթ սուրճի հետ վերադարձավ իր տեղը։
«Այսօր, ռադիոն ուղիղ եթերով իր ունկնդիրների հետ զրուցում էր։ Հոգեբան մի բժիշկ, համ¬բերատարությամբ պատասխանում էր նրանց հուզող, անձնական ու ընտանեական, հարցերին։ Ես ևս փորձեցի հաղորդակցվել նրա հետ, չնայած ցավից գլուխս պայթում էր, բայց համառորեն այնքան կրկնեցի համարը մինչև հաջողեցի ու միանգամից, առանց նախաբանի հայտնեցի տասներկու օր է չեմ քնել։ Ես, միայն բժիշկի ձայնն էի լսում, բայց նրա պատասխանից զգացի, որ ինձ չի հավատում, իսկ երբ ես պնդեցի, նա տեղեկացրեց, թե մարդը կարող է ընդամենն երեք օր արթուն մնալ, չորրորդ օրը մահ է, իսկ եթե դուք համոզված եք, որ տասներկու օր է ինչ չեք քնել, հայտնեք Գինեսի գրքի պատասխանատուներին և պարտադիր դիմեք լուրջ բժիշկների,- ասաց նա ու ավելացրեց,- այնուամենայնիվ ես չեմ հավատում։
«Անքուն մնացած մարդու չորրորդ օրը մահ է»,. ընթերցողս կրկնեց պատմվածքում հիշատակված բժիշկի խոսքն ու փորձեց հիշել, թե ինքը քանի օր է, որ տառապում է անքնությամբ։ «Չորս, թե՞ երեք, հիշողությունս էլ է ինձ դավաճանում։ Եթե չորս, ուրեմն այսօր իմ մահվան օրն է, երեքի պարագայում՝ դեռ մեկ օր կյանք է մնացել։ Պետք է վայելել, բայց ինչպե՞ս, գլուխս պայթում է, ականջներիս մեջ ձայն է ընկել, ասես ծակվել ու այնտեղից օդ է ֆսսում, ահավոր բան է»։
Որքան ձգձգվում էր գրքիս ընթերցումն այդքան վատ էի զգում, համոզված էի, որ հերոսիս ճակատագրին արժանացած ու նույն ցավով տառապող ընթերցողս անել վիճակից դուրս գալու ելք կգտնի, եթե շարունակի կարդալ գիրքս։
Ես անհամբեր էի, ավելին քան պատմվածքիս հերոսն ու ընթերցողս, որն ալարկոտ շարժվեց դեպի խոհանոց, դուրս քաշված դարակից վերցրեց մի դեղատուփ, մի քանի դեղահատ միանգամից լցրեց բերանն ու ծորակի գոլ ջրի օգնությամբ կուլ տվեց։ Դեպի բազմոց վերադարձի կարճ ճանապարհին երկու անգամ կանգնեց, թեթև օրորվեց, ցուցամատերը կոխեց ականջները, սեղմեց ու շարունակեց ճանապարհը. «Ականջներս փակում եմ ձայնը կտրվում է, գուցե իսկապես ծակ է, գլխիցս ինչ-որ գազեր են դուրս գափս, ե՞