Կ Ա Ր Ո Տ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

-Էլ էստեղ ոտք չեմ դնելու, վերջին անգամն է,- անցնելով անձնագրերի ստուգման կետից, բարձրաձայն ասաց ամուսինը՝ դողալով բարկությունից:
-Լա'վ, կամաց, մի բղավի'ր, ամոթ է,- սաստեց կինը,- բոլորը մեզ են նայում:
-Նայում են, նայեն,- չէր հանգստանում ամուսինը,- հոգիս բերանս եկավ, էսքան ճամբորդել եմ, նման բաներ չեմ տեսել:
Նրանք նստեցին օդանավակայանի սրճարանի պատահած առաջին դատարկ սեղանին: Ամուսինը ներվայնացած՝ անձնագիրն ու ավիատոմսը տեղավո-րեց ձեռքի պայուսակում ու տնտղեց նստեցման կտրոնը.
- Պա՜հ, տեղ են տվել հետևի շարքերում,- ասաց նա ծռմռված ժպիտով ու թևքով մաքրեց ճակատի քրտինքը:
-Ի՞նչ կարևոր է, հո Ամերիկա չենք գնում...
Մոտեցավ մատուցողուհին լուռ ու քնատ աչքերով:
-Լուծվող սուրճ,- ասաց կինը՝ ջանալով ժպտալ:
Ամուսինը լուռ էր:
-Դու ի՞նչ ես ուզում:
-Չոռ ու ցավ եմ ուզում, ոչինչ էլ չեմ ուզում...
Մատուցողուհին հեռացավ անտարբեր:
- Ամոթ է, հանդարտվի'ր, համը հանում ես, մոռանում ես, որ հազիվ հինգ տարի է անցնում էս երկրի անկախացումից...
- Մեզ էշի տեղ են դնում, հասկանո՞ւմ ես:
- Թեկուզ էդպես, ի՞նչ է, փողն ես ափսոսում, քիչ էր մնացել էլի կռիվ սարքեիր մի քանի հազար դրամի համար:
-Չէ, հարցը փողը չի, թքած փողի վրա,- ամուսինը, մատների ջղագրգիռ շարժումով, ետ հրեց ճակատին թափված մազերի խուրձը: -Ասում է՝ ձեռքի պայու-սակը դիր կշեռքին:
- Լավ, դու էլ դնեիր:
- Ախր դա անօրինական է, ամեն ուղևոր իրավունք ունի...
- Վերջը դրեցի՞ր, թե՞ ոչ:
- Իհարկե դրեցի ու ասացի՝ ուզո՞ւմ ես, ես էլ կանգնեմ կշեռքին, ինձ էլ կշռիր... Բան չասաց, բայց եղածից ավել գրեց, վստահ եմ, էն էլ մի թղթի կտորի վրա: Իմ կարծիքով մենք սկի օվըրուեյթ էլ չունեինք: Մոտեցա բանկի խցիկին ու վճարեցի: Ասում եմ, բա ստացական չե՞ք տալիս, ասում է, գնա ասա վճարել եմ... Իրենք են ուտում, եթե երկրի համար լիներ, տասնապատիկ կվճարեի...
Կինը հասկանում էր ամուսնուն: Գիտեր, որ նրան անհանգստացնում է սուտն ու կեղծիքը: Տնից դուրս, առաջին անգամ, թեթև ճաշեցին Էջմիածնի ճանա-պարհին՝ մի խորտկարանում: Դա, իրենց հասնելու, երկրորդ օրն էր: Երբ հաշիվը պահանջեցին, մատուցողն ասաց, որ գումարը եղել է տասնհինգ հազար դրամ:
- Տասնհինգ հազար դրա՞մ,- զարմացավ ամուսինը,- իսկ ի՞նչպես եղավ ճիշտ տասնհինգ հազար դրամ:
- Եղավ, էլի: Կարող էր նույնիսկ ավել լինել,- մարտահրավեր նետելու պես հարեց մատուցողը քմծիծաղով...
Այդ օրվանից զգույշ էին: Հաշիվը պահանջում էին գրավոր, ստուգում էին: Ամենուրեք դա գրվում էր ռուսերեն՝ պատահած թղթի կտորի վրա. իրենք ոչինչ չէին հասկանում: Սևանում մոտ էր գործը լուրջ բնույթ ստանար. եկավ ռեստորանի տնօրենն ու ավելորդ գանձված դրամները ետ վերադարձրեց, ավելի շուտ շպրտեց երեսներին... Ասես, նրան դուր չէր եկել իրենց աչալուրջ լինելը...
Կինը զգում էր, որ ժամ առ ժամ խամրում են ամուսնու առաջին օրերի ոգևորությունն ու հայրենասիրական զեղումները: Իրենց վարձած բնակարանում, ջուրը դեռ ոչինչ, մի քանի անգամ երկար ժամանակով անջատվեց հոսանքը, երկու օր հեռախոս չունեին: Դիմեցին պատասխանատուին, ասաց՝ «Ցավդ տանեմ, ամեն տեղ էսպես ա»... «Ասում էի, չէ՞, հյուրանոց գնանք», անվերջ փնթփնթում էր ամուսինը ու գնալով ավելի մռայլվում, թեև աշխատում էր շինծու ուրախությամբ քողարկել աճող վրդովմունքը: Բնակարանի հաշվի մեջ էլ փոքրիկ անճշտություն կար: Այդպես էլ վճարեցին, հոգնել էին գլուխ-գլխի դնելուց: Անխոս վճարեցին նաև նրանց օդանավակայան բերող՝ գորգապատ աթոռներով, հին, խարխուլ տաքսու վարորդի պահանջած՝ բազմապատկված սակը: Սակայն թվում էր՝ օդանավակայանում լցվեց ամուսնու համբերության բաժակը...
- Էլ էս երկիրը, ոտք չեմ դնելու,- նորից ասաց ամուսինը:
Կինը լուռ խմում էր սուրճը ու նայում մի կողմ:
Նրանց դիմավորելու էին եկել զավակները: Ողջագուրվեցին ջերմությամբ:
- Հը՞, ինչպե՞ս անցավ, սիրեցի՞ք Հայաստանը,- հարցրեց աղջիկը:
Ամուսինը բան չասաց ու գլուխն անորոշ շարժեց:
- Շա՜տ,- ասաց կինը,- ես շատ սիրեցի, երկիրը նոր է թոթափում անցյալի բեռը, դեռ երկար ճանապարհ ունի գնալիք, բայց զարգանում է օր-օրի:
Ամուսինը անտրամադիր նայում էր մեքենայի պատուհանից դուրս: Նորից օտար բառեր խանութների ցուցանակների վրա՝ հայերենի փոխարեն: Նորից օտար դեմքեր՝ հարազատ դեմքերի փոխարեն: Նորից խորթության դարավոր զգացումը...իր իսկ ծծնդավայրում: Նորից մնալու, թե գնալու կեղեքիչ մտորումները...
Նա շրջվեց ու աչքի պոչով նայեց ղեկի առջև նստած տղային ու հետևի աթոռին նստած աղջկան: Ո՞րտեղ էր կերտվելու նրանց ապագան՝ այստե՞ղ, Հա-յաստանո՞ւմ, թե՞ այլուր... Չէր կարողանում նայել կնոջ աչքերին: Իրեն մեղավոր էր զգում: «Ոնց էի գոռգոռում, ի՞նչի համար, նրա տրամադրությունն էլ փչացրի, լավ չեղավ»... Զգում էր, թե ինչպես մեկը մյուսի ետևից իր մտապատկերից ջնջվում են այնտեղ տեղի ունեցած տխուր միջադեպերը, որոնց փոխարեն հառնում էին իրենց հաճելի շրջագայությունները Երևանի աղմկոտ փողոցներում, անծանոթ անցորդների հարազատ դեմքերը, մեծ բավականություն պարգևող՝ թատրոններն ու համերգները, հինավուրց քարաշեն վանքերը, քարքարոտ լեռները, տաքսու վարրոր-դի չսափրված՝ տառապանք արտահայտող դեմքը...
- Մտքիս դրել եմ, առաջիկա արձակուրդներին նորից գնալ Հայաստան,- ուղիղ առաջ նայելով՝ հանկարծ ասաց նա: - Դեռ տեղ չհասած՝ արդեն սկսում եմ կարոտել...


30.03.2008
Թեհրան



 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)