ԱՄԵՆԱԳԱՐՆԱՆԱՅԻՆԸ
Լիլիթ Միրիբյան
Ամենագարնանայինը
Տերևը կանաչ էր գարնան պես ու մտածում էր, որ գարնան նման մագնիսային ձգողականություն ունի։ Պարզապես մի դժվար խնդրի առաջ էր կանգնած, ինչպե՞ս առանձնանալ մյուս գարնանագույներից, ինչպե՞ս ցույց տալ, որ ինքն ամենագարնանայինն է։ Ու ելքը գտավ, եթե հիմա մի հրաշքով այս գարնանը հանկարծ ինքն ընդունի արևի գույնը, բոլորը կհասկանան, որ ինքն էլ ջերմության աղբյուր է՝ ինչպես գարունն ու արևը։ Շատ ցանկացավ և... իրո՛ք, արևաներկ դարձավ։ Դեռ չէր հասցրել իր ոսկեզօծումով հիանալ և սթափվել, երբ զգաց, որ աստիճանաբար նվազում է, դալկանում։ Մի վերջին անգամ հավաքելով ուժերը՝ որոշեց ամենագարնանայինը երևալու համար հավատալ քամուն, որն անընդհատ ականջին հեքիաթային խոսքեր էր մրմնջում սիրո, հավատարմության, սլացքի և հավիտենության մասին։ Նա չտեսավ քմծիծաղը հաղթանակած քամու, որովհետև զմայլվում էր իր գարնանագույն ընկերների զարմանքով, որոնք հետևում էին իր և քամու անզուգական տանգոյին։ Նա չզգաց, որ քիչ-քիչ մոտենում է վերևից այնքա՜ն տհաճ թվացող գորշ հողին։ Ու չհասկացավ, թե ինչու՞ ավարտվեց դեռ նոր սկսված սիրո և սլացքի հեքիաթը, ինչու՞ քամու հաճելի զովությունը այդպես արագ փոխարինվեց հողաբույր տաքությամբ...
... Ներքևից ամեն ինչ այլ կերպ էր երևում, և տերևն այլևս իրեն տերև չէր զգում։ Նա կորցրել էր իր «ես»-ը և գրեթե դարձել էր հողի մի մասնիկը. հողի նման էր բուրում, հողի նման էր նայում վերևում մնացածներին, անգամ հողի գու՜յնն էր երակներով սկսում հոսել։ Ու նա, ի պատասխան իր ձգտումների, աստիճանաբար հասկանում էր, որ պարտությունը գորշ գույն ունի, և հաղթելու համար սիրել է պետք։ Իսկ երբ սիրելով ես հաղթում, դու միշտ էլ ամենագարնանայինն ես։
Արթնացում
... Վայրի աղջիկը, այն առաջին բոցե կինը նորից արթնացել է մեջս։ Սիրտս, կրակի օվկիան դարձած, հրդեհում է ինձ, էությունս։ Տունը վանդակ է թվում, ոսկե՛ վանդակ, որի մեջ, սակայն, չի հնչում երգս, որի մեջ, սակայն, խունանում են իմ երփնավառ ներկապնակի յոթնագույները։ Արև եմ ուզում, որ ինձ հրդեհի, որ ես հրդեհվեմ, որ ողջակիզվեմ... Ուզում եմ նորից ադամներ գտնել։ Չէ՛, չխաբելու, այլ ջերմությունս նրանց հողեղեն կերտվածքին փոխանցելու համար, իմ ծիրանաբույրը նրանց կավահոտին խառնելու համար։ Ի՞նչ, չե՞ս հավատում... Դե՛, մի՛ հավատա։ Ես համոզված եմ՝ կլինի մեկը, հավատ կընծայի։ Անհավատներն էլ կքաշվեն մի կողմ ու... բամբասանքը թև՜ կտա, ալի՜ք... Բամբասանքների պղտոր ջրերը երբ վարարում են, իրենց հորձանքում հաճախ են խառնում չորը թացի հետ։ Միշտ էլ արդյունքում կեղտաբծերով հետքեր են մնում մերկ հոգուդ վրա ու քեզ լլկելով՝ տանջամահ անում...
... Երազամույն վայրի աղջիկս իր Ադամին է ամռան վարսերում անվերջ որոնում ...


Կարծիքներ
Lilit jan, ete qez chchanachei el, kardalov arcak u chapaco gorcerd`kzgayi banastexcakan eutyund.Qo grvacqnerum arka sern u jermutyuny du poxancum es yntercoxin.Grvacqnerd li en zgayakanutyamb, huzakanutyamb,grvac en maqur, gexecik hayerenov.Ojtvac linelov bnutyan hatuk zgacoxutyamb` karoxanum es gexarvestakanutyun u shunch haxordel bnutyan amen mi masniki.
Posted by: Armine | February 6, 2010 1:09 PM