ՍՏՎԵՐՍ
Խորեն Արամունի
Արևը բոլոր աղոթքներիս խտացած իրեղեն վկան է։ Արևը իմ ծնելության երաշխիքն է, արևի աչքերին նայել չեմ կարող։
Վաղ առավոտյան երբ նրա հերթական վերելքն էի ողջունում, ականջիս ինչ-որ ձայներ հասան։ Շրջվեցի։ Բան չկար։ Ամայության վրա փռված ստվերս հուշեց իմ ծնելությունը։ Մի քանի քայլ աջ, հետո ձախ... ինձ հետ էր։ Նստեցի։ Կարճացավ։ Պառկեցի։ Ամբողջ մարմնով ծածկեցի ստվերս։ Խղճացի, ոտքի ելա։ Նորից երկարվեց, ձգվեց մինչև անվերջություն... Քայլեցի դեպի արևը, հետևեց... Որոշեցի հանգիստ թողնել։ Ո՞ւմ էր խանգարում... Մի քանի ժամ անց նկատեցի, որ կարճացել է, համարյա իմ հասակին։ Լուսանկարեցի։ Իմ թափանցիկությունն էր, հետո փորձեցի ապրել անստվեր, ցանկացա թաղել ու սկսեցի հողը փորել, այն ինձ օգնում էր ու լուռումունջ փռվում էր փոսի մեջ, մնում էր այնքան ժամանակ ինչքան ես այնտեղ էի, հեռանալուն պես ինքը ևս հեռանում էր։ Մոտեցա մի քանի սանտիմետր փորած հողին ու ստվերս ծածկեցի հողով։ Ապարդյուն... բայց այն ինչ ինձ շատ հետաքրքրեց նրա կարճանալն էր, աստիճանաբար կարճանում էր։ Միջօրեին արդեն ոտքերիս տակ էր, կոխորտում էի, թվաց թե հասել եմ նպատակիս, ուղիղ երկու ոտքերիս տակ սեղմված ստվերս ինձ մատնեց մենության, թեթև վախի զգացում ապրեցի, քայլ վերցրի, ոտքիս տակից չփախավ։ Անտանելի շոգը մի կողմից, ամայի տարածությունն ու անել վիճակս մյուս կողմից ինձ տարան կացարան։
Կորցրածի կարոտ ապրեցի։ Սպասումի զգացումով մոտեցա սառնարանին, ըմպեիք վերցրի, զովացուցիչը թեթև հանգստություն բերեց, բայց ուշ ու միտքս կացարանիս մուտքն էր, սպասում էի, թե ու՞մ, չգիտեի։ Ճոճվող նստարանը ինձ քուն բերեց։ Քաղցր քունը երկու-֊երեք ժամ խլեց ինձանից։ Դուրս ելա թարմանալու, ստվերս ողջունեց ինձ, ընկա հետևից, երկար գնացի, ինչքան հետապնդում, այդքան ձգվում էր, դա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև երկուսով՝ ես ու ստվերս անցանք խավարի գիրկը մի նոր լուսաբաց դիմավորելու...