فارسي

ԿԱՆԱՉԱՉՅԱ ԼՈՒՍԵ ԱՂՋԻԿ

  |  


Հեղինե Ա'Դանիել

Այնտեղ Ես եմ

Այնտեղ, ուր Բարև-ը ձուլվում է կարոտին, Ես կծկվում եմ, դառնում մի բուռ փոշի, վազում քո ոտքերի տակ, ձուլվում քեզ ու բարձրանում վեր:
Այնտեղ, ուր ցավը քո աչքերի գույնն է դառնում, Ես ընդլայնվում եմ՝ ֆիզիակական գործող ու չգործող օրենքներով, տձևանում ու հողին հավասարվում, որդ եմ խաղում:
Այնտեղ, ուր Սպասումը արյուն է դաղում` չհարցնելով ոչ մաշկի, ոչ արյան գույն, Ես խելագարվում եմ, դողում, զայրույթ դառնում անհուն երկնքում: Սպասումը, որտեղ ինչ-որ բան է ուզում ասել ու հասկացնել, այնտեղ Ես ջնջում եմ բոլոր անբասիր աղոթքները ու ապացուցում, որ ամեն դժբախտություն գալիս է լոկ Սպասում անհամ մրգից:
Այնտեղ, որտեղ ցավը նույնիսկ անխուսափելի է, Ես խաչում եմ Հիսուսի խաչը, մերկացնում ցավը, քերում նրանից բխող արյունը:
Այնտեղ, ուր մեղքը պարտադիր պայման է, Ես ճանկռոտում եմ բոլոր ուրախ գույները, անիծում մարդու ճակատագիրը, Ես անջատվում եմ ինքս ինձնից:
Այնտեղ, ուր երազը անհամ է դառնում, Ես ըմբոստանում եմ, պայթում ու երկնքից քշում անգույն աղոթքներ, Աստծո դեմ բողոք հունցում:
Այնտեղ, ուր այգը արցունք է բերում, Ես նոսրանում եմ, կորում ցավի անհայտում, հարցական երգում:
Այնտեղ ,ուր Քո սերն եմ տեսնում ,Ես ծնվում եմ ,մեռնում , ծնում մի ամբողջ երանելիություն , Քո շնչում կարկաչում:
Այնտեղ, ուր ժպիտ ես Դու որսում քարանում եմ, կոկորդումդ քարացած ողբ եմ դառնում, քո աչքերի լույսն եմ թաղում:
Այնտեղ, ուր խիղճը նպատակ է հետապնդում, չարանում եմ, լքված խրճիթ դառնում, կարմիր դագաղ պատրաստում:
Այնտեղ, ուր անկեղծությունը միայն խաղացողի հագուստ է լինում, Ես դաշույն եմ սրում, նոր բառ երկնում ու երդվում.
- Մորթում եմ նույնիսկ «Չանկեղծ» մանուկներին:
Եթե կա Մարդ՝ սև ու սպիտակ, բարի ու չար, կամ նաև Ես, այս ամենին շղթայված սահմաններում, այս ամենի կենտրոնում չոքած, Ես՝ խաչված ոչ խաչաձև խաչով, այլ Աստծո միակ ճշմարտության քողով:
Իմ մեջ է տիեզերքը, քո ցավը, նրա երջանկությունը, օրորոցի բույրը ու դագաղի համը:
Ես եմ ամենքը ու Ես ոչինչ եմ:


****
Չվախենա՛լ երբեք…
Չվախենա՛ս երբեք…
Չվախենաս վախենա՛լ…
Հերոին… Պատշգամբ ու… թռի՜չք…
Մի՛ վախեցիր…
Մի՛ վախեցիր մեկին ներս թողնել: Հիշի՛ր՝ ներս թողնելուց հետո ունես դանակ, որը կարոտ է արյան՝քո կամ ներս մտնողի: Միևնույն է իր համար, նա տենչում է ծորացող կաթիլներդ, նա ծարավ է հողին կառչած մատներիդ կանչին...
Դու վախեցիր ներս մտնելուց, օտարի հոգում հայտնվելուց: Վախեցիր, քանի որ կորցնում ես քեզ, երբ դեռ ներս չմտած`թակում ես նրա դուռը: «Ազատություն» կոչվող հագուստդ ընկնում է… ու մնում ես մե՜րկ, մերկ թռիչքիցդ, զուրկ մաշկիցդ: Առանց քեզ ես մնում: Հետո ներս ես մտնում, և անմիջապես աչքո՜վ է անում ծանոթ դանակը՝Բաժանումը: Դեռ հյուրասենյակում չհայտնված՝ բացահայտում ես տանտիրոջ թափանցիկ աչքերը՝ անհատակ դատարկությունը: Բայց մի՛ վախեցիր, առաջացի՛ր, միևնույն է, ամենքի վերջը դա է: Ազա՛տ եղիր այնտեղ, օգտվի՛ր նրա ազատությունից ու մի՛ վախեցիր համտեսել ցավը. չէ՞ որ այն պարտադիր պայման է այս կյանքում:
Ամեն դեպքում վախենալ պետք չէ և ոչ մի բանից, նույնիսկ երբ արդեն դուրս ես գալիս նրա տնից ու քաջ գիտակցում`ինչ է դրսում սպասվում. մերկ մի աղջիկ վազում է իր ազատության հետևից ու ոռնում.
-Հոգիս ի՜նձ տվեք…
Մի՛ վախեցիր, ինչ էլ լինի` քայլի՛ր, թեկուզ դողալով, բայց քայլի՛ր չմոռանալով ջնջել կամուրջները, հետդարձի՛ կամուրջները. վերադարձի համար պետք է ոչ միայն վախենալ, այլև սարսափել ամոթից: Երբ մոխրի վրա նստած մեկը հույս ունի կրակ տեսնել, ամոթը երակներիցդ դուրս թռչել է ուզում: Նմանօրինակ էլ նույն ամոթը, երբ դու հետ ես գնում ինչ-որ բան մոռացածի պես, այսինքն՝ ինչ-որ բանի՝ հույսիդ ծաղկման համար, ամոթ է ու նողկալի: Հույս չկա արդեն: Երբ դու գնում ես, հույս, գիտես՝ չկա, իսկ այդպես գնալդ քեզ կհիշեցնի այն նույն սողունին, որը որդ անունն ունի ի սկզբանե:
Վախեցի՛ր…
Վախեցի՛ր սողալուց…
…Մի՛ վախեցիր սիրտդ կոտրելուց: Թո՛ղ կոտրեն. կոտրված կուժն անգամ ավելի գեղեցիկ է, երբ նորոգում են նոր ոճով. անհարթություն զգալն ավելի հաճելի է, քան՝ ողորկ, ինչ-որ միատեսակ զգացումը: Թո՛ղ կոտրեն, որ նորոգելու բան ունենաս, ու ամեն անգամ նորոգելիս նոր համ ու հոտ դնես սրտիդ մեջ,, նոր տարբերություն քո ու նրա սրտի: Չվախենա՛ս դրանց տարբեությունից անգամ:
Մի՛ վախեցիր, երբ քեզ մերժում են, ուղղակի այդ պահին մերժողը նոր էջ է ուզում բացել իր ունայն կյանքում, նոր, սակայն դատարկ էջ: Այդ դեպքում քեզ պե՞տք է արդյոք հայտնվել նոր, բայց դատարկ էջերում: Պետք չէ՛: Ուրեմն, մերժվելը նույնիսկ փրկություն է քեզ համար, փրկություն «Դատարկություն» կոչվող հավերժ սոված գազանից:
Մի՛ վախեցիր հավատիդ խավարումից. ինչը խավարում է, խավարում է մի անկանոն պայմանով՝ լուսավորվելու ավելի պոռթկուն լույսով, նոր հավատիդ երկունքով: Ընդհակառակը, արժե առիթ ստեղծել, որ հավատդ մեկ-մեկ նեղանա քեզնից, գնա, նստի հոգուդ անդուռ մի սենյակում, տխրի, ցավա, ճմլվի: Հաճելի է այդպիսի ցավ ապրելը: Հավատա`հաճելի է…
Մի՛ վախեցիր ցավից, հոգուդ անգլուխ գլխատումից: Նույնիսկ ցավն է նոր, դեռ չեկած երջանկությանդ նախաբանը: Կարելի է բութ դանակով որոշակի հաճախականությամբ պատռել մատներդ, ձեռքդ, ազդրերդ, հաճելի է ծակոցը նաև ստամոքսի շրջանում` հոգուդ քերումը (հոգին գտնվում է ստամոքսի շրջանում, գիտե՛ս): Դե՛, պարզ է` ոչ խորը, երեք մատնաչափ: Չնայած տհաճ ու զզվելի է հետո դրա պատճառներից կախվող, գազար հագուստներով ոստիկանների հարցուփորձը, բայց նրանցից էլ ազատում կա` դե՛ր, դե՜ր խաղալը, որը խաղում են ինձնից ու քեզնից ավելի բարձր հարթության վրա կանգնած մարդիկ` գժերը:
Գժերից էլ մի՛ վախեցիր: Գիժ կոչվելու դեպքում էլ, ընդհակառակը, ոչ թե վախենալ, այլ երազել է պետք.
- Ա՜խ, ու՞ր էր, թե ես միշտ գի՜ժ լինեի…
Գժերն են, որ կարող են համատեղել «Սպասումի» ու «Մերժումի» անհույս կապանքն ու չդողալ դրանից, չդողալ քո՛ կապանքից, դրանց զրոյական արագությունից:
Մի՛ վախեցիր ...կորսվելուց, եթե այսօր դու այս տեղում կորսվես, վաղը այդ նույն տեղում կհայտնվի մի ամբողջ բազմություն, ամբոխ՝ քո արմատներից ծնված, բայց վախեցիր անհետ կորչելուց, ցնդելուց, երկինք բարձրանալուց: Երկնքում այնքան նեղ է, որ դու այնտեղ միայն ապուշ զարմանք կապրես.
-Եվ սա՞ է երկնային արքայությունը:
Մի անհուն տարածություն, որտեղ կապույտն է լողում, պարզ է` պիտի նեղ լիներ, ինչպես իմ հոգու կապույտն է: Հոգիս էլ նեղ է, նեղ այնքանով, որ հիմա նստած մտածում ու զգում է ատամների արմատներից նույնիսկ`վա՛խ չկա, չկա՛ վախ: Եվ ուր որ է, զանգելու է, որ ասի` վե՛րջ: Ուր որ է, կորցնելու է այն, ինչ չէր էլ գտել: Ուր որ է, էլ գրկող չի ունենալու: Ուր որ է, մնալու է անլուսին գիշերվա հետ: Ուր որ է, այս նյութը վերջապես կհասնի ուղեղիս. արյան մեջ էլ տեղ չկա (իրեն այնտեղից քշելու այլ տարբերակ չունես`հերոին կամ մկնդեղ,եթե չկա առաջինը): Ուր որ է, թռչելու ես` գոռալով.
-Չե՜մ վախենում մեռնելուց անգամ:
Հոգնել եմ... հեռավոր հարթության վրա փորված փոսի նման, հոգնել եմ սպասելուց, իմ մեջ թաղվող ջերմ անձին սպասելուց եմ հոգնել:
Քնե՛լ…
Քնի՛ր, որ չարթնանաս…
Պատշգամբի այս բարձրությու՜նն էլ էր նեղ ու հաճելի…


Ամպիկի ծնողները


Կանաչաչյան նման երազում էլի էր հայտնվել, նույնիսկ մերժումից ու ցավից հետո էլ երազն իր գույնը չէր փոխել: Ամեն բան կրկին ծաղկում ու ճառագում էր, կյանքը, թեկուզ ոչ իր սովորության համաձայն, բայց էլի ժպտում էր նրան: Սերը կրկին (այս անգամ այլ աչքերի գույնով) հաճախել էր նրա տուն, պատերի մեջ նույն ջերմությունը դրել` անցյալից հետը բերելով նոր գույներով լի ժպիտներ ու ծաղիկներ: Կրակը նորից սկսել էր թեժանալ, գարունը կրկին սկսել էր նախանձել նրան...

Կանաչ երազների ներսում ու դրսում մի այլ կանաչաչյա ուրախությունից սեփական երգերի համար մոմ էր վառում: Վիրավոր սիրտն իր վերքերի համար մի նոր սպեղանի էր գտել. աստվածախինդ աչքերի գույնը նորություն էին նրա կյանքում, սակայն վաղուց սպասված ջերմություն ունեին: Ծիածանի գույներից էլ շատ նոր գույների համ ու հոտ էր հայտնագործել կյանքի քմահաճույքների մեջ, իր իսկ ծիծաղի մեջ զարմանալի նոտաներ էր գտել...

Իսկ դուք տեսե՞լ եք, թե ինչպես է ծնվում ամպը: Այն սկսվում է սերմնավորվել լուրթ երկնքում, երբ այստեղ` ներքևում, իրար են հանդիպում իրար չսպասող հայացքներ, անգամ ծիծաղելի արագությամբ զարգացնում սեփական ճակատագրի սյուժեն ու... միայն միասին սրճում ու շրջվում. գու՞ցե ճիշտը դա է ...

Կանաչաչյան սթափվեց ու վար իջավ իր հեքիաթներից դռան զանգից.
Սևաչյան վերադարձել էր:

Կանաչաչյան դողաց հին, բայց ծանոթ զանգի ձայնից.
Սևաչյան աղաչում էր վերադառնալ:

Ծնվեց ամպը:
Դեռ չսկսված սիրո պատմությունը նույնիսկ սկսվելու մտադրություն չուներ, անգամ փոքրիկ մարդուկները գիտեին նրա` թե' վախճանի ժամը, թե' գերեզմանի գույնը, բայց երկու կանաչաչյաների սեռն անգամ անհայտ մնաց ամպի ծնունդի գաղտնիքի հետ :

...Իսկ մեզնից ո՞վ ով էր:

 

Կարծիքներ

...Մի կերպ ներս եմ խցկվում... պետք է, որ դու թույլ տաս նստեմ լուսնիդ բազրիքին`ճոճեմ երազանքներիս ոտաբոբիկները ...

...Իսկ այնտեղ, ուր հատվում են ծիածանները, ուր բողբոջում են արևները... այս ու~ր հասա~...

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)