Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

ՄԱԶԵ ԿԱՄՈՒՐՋ

Կոլյա Տեր Հովհաննիսյան


Նրբանցքը հայտնի էր թրքերեն Եթիբուրուղ անունով, այսինքն՝ յոթ պտույտ: Մի ծայրը սկսվում էր հայաբնակ Բարոն-Ավագ փողոցից ու շենքերի արանքով, աստիճանաձև, յոթ անգամ պտույտ գործելուց հետո ընդհուպ միանում էր քաղաքի նշանավոր պողոտաներից մեկին: Այնքան նեղ էր, որ մի բեռնված էշ նրբանցք մտնելիս, անցորդը ստիպված էր մեջքով սեղմվել պատին...
Երբ ես փոքր էի, նրբանցքի բնակչության մեծագույն մասը հայեր էին: Սակայն հետզհետե նրանց թիվը սկսեց նվազել: Վաճառում էին պապենական տներն ու փոխադրվում մայրաքաղաք: Այն ժամանակ շատ քչերն էին մեկնում արտասահման: Հատուկենտ Հայաստան գաղթողներ էլ եղան: Դրանցից մեկը մեր հարևան, կանացի կոշիկ կարող Արտուշն էր, որի քույրերը Հայաստան էին ներգաղթել քառասունվեց թվին:
Մի օր բակում խաղում էինք, երբ նրանց տնից ուրախության բացականչություններ լսվեցին: Երեկոյան հայրս ձայնը իջեցնելով ասաց, որ Արտուշի քույրերը Երևանից սպռաֆկա (հրավիրագիր) են ուղարկել: Թե ինչ էր այդ սպառֆկան, չգիտեի, բայց տխրեցի, քանի որ դրա շնորհիվ հավանական էր Արտուշենք ընդմիշտ հեռանային ու բաժանվեին մեզանից: Կոշկակար Արտուշը մի երկու անգամ մայրաքաղաք գնաց, եկավ ու հետո սկսեցին վաճառել իրենց բոլոր ունեցած-չունեցածը: Վերջին օրը հորս ու հարևանների օգնությամբ ծանր ճամպրուկներն ու սնդուկները քարշ տվին մինչև նրբանցքի ծայրը, ուր սպասում էր սայլապան Մուկուչը, բարձեցին սայլին, տարան կայարան, հանձնեցին բագաժ ու հոգնած ետ վերադարձան: Գիշերն Արտուշենք քնեցին մեզ մոտ: Առավոտեան դեռ լույսը չբացված, բոլորս ոտքի վրա էինք: Գնացքի մեկնելուն մնացել էր մի քանի ժամ: Մայրս ձվածեղ պատրաստեց: Նախաճաշեցինք լուռ: Ես հազիվ էի զսպում փղձկոցս...
-Եթե Երևանում ծանոթ-բարեկամ ունեք, հասցեն տվեք, կգտնենք,- գրկախառնվելով հորս հետ և ուսին թփթփացնելով, խզված ձայնով ասաց Արտուշը՝ վերջին պահին, գնալիս:
Հայրս հեռավոր ազգականներ ուներ, որոնց չէր հիշում: Իսկ Մարուսիա տատս ասաց, որ Պարսկաստան գաղթելիս հարազատ քրոջն իր ընտանիքով թողել է Կրասնոդարում ու այլևս նրանցից լուր չի ունեցել, չգիտի այնտե՞ղ են, թե Երևանում:
-Ես կգտնեմ նրանց,- հուզված ասաց կոշկակար Արտուշը:
Տատիկս ծիծաղեց.
-Այ մարդ, Ռուսաստանը Եթիբուրուղ չի, է՜, սկի իմանո՞ւմ ես ուր ես գնում, աշխարհի կեսն ա...
-Ես կգտնեմ նրանց,- կրկնեց կոշկակար Արտուշը:
-Աստված բերնիդ խոսքը լսի,- մրմնջաց տատիկս ու աչքերը սրբեց գոգնոցի ծայրով:
Արտուշենք գնացին: Մի հայ ընտանիք էլ պակասեց Եթիբուրուղից: Մայրս ասաց՝ նրանք գնալու են նույն երկաթուղիով, որով եկել են իրենք երեսուներեք թվին, Ջուլֆայի կամուրջով կտրելու են Արաքսն ու Նախիջևանի վրայով հասնելու են Երևան:
Այն օրվանից առաջին անգամ բաժանման թախիծն ու կարոտը բույն դրին սրտիս մեջ, ասես նրանք մանկությունս վերցրին, տարան իրենց հետ... Այնուհետև, մեր հարազատների մասին տատիկի ասածն ու կոշկակար Արտուշի համոզվածությունը՝ նրանց գտնելու առումով, գլխիցս դուրս չէին գալիս: Իհարկե գիտեի, որ բաժանվելով հարազատներից՝ մայրս տատիկի ու պապիկի հետ Ռուսաստանից եկել էին Իրան, որ պապիկս մահացել է շատ շուտ, որ նրանք համարվում են ռուսահայեր ու հայերեն հատուկ ոճով են խոսում... Գիտեի նաև, որ երբ տատիկը հառաչում է, նշանակում է մտաբերում է «էնտեղ» թողած Գրետա քրոջը... Բայց այս բոլորն երբեք չէի տարբերել այն հեքիաթներից, որոնք պատմում էին տատիկը կամ մայրիկը մի ժամանակ ինձ քնեցնելիս... Իսկ այժմ այս հեքիաթի հերոսները աստիճանաբար մարմնավորվում էին, դառնում իրական... Տատիկի շորերի դարակից հանեցի նրանց սև ու սպիտակ լուսանկարները, որոնք մինչ այդ տեսել էի աչքի պոչով: Հիմա նայում էի կենտրոնացած, ուշադիր, ասես վախենում էի բաց թողնել որևէ մանրամասնություն, ինչը կօգներ ավելի ճանաչելու նրանց:
Հեռավոր հարազատներից լուր չունենալու գիտակցությունը տանջում էր ինձ: Ակամայից զայրույթով էի լցվում «երկաթե վարագույրի» հանդեպ, որ հորս ասելով՝ անանցանելի պատնեշի նման կանգնել էր մեր և մեր անհայտ կորած ազգականների միջև՝ թույլ չտալով գտնել կամ կապ հաստատել նրանց հետ... ինձ պատկերացնում էի ընկեր-ընկերուհիներիս հետ բանակի առաջին գծում՝ երկաթե վարագույրը հիմնովին խորտակելիս... Գուցե դրան նպաստում էր հյուրասենյակի պատից կախված սիրածս յուղաներկ կտավը, որի մեջ պատկերված էր պատնեշի վրա կանգնած հերարձակ ու պատառոտված շորերով Ժաննա դ՛Արկը՝ իր հետևորդներին գրոհի տանելու պահին...
-Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ երկու քույր բաժանվեցիք իրարից,- հարցրի մի օր տատիկին, որ մազերս էր հյուսում և երբեմն հառաչում...
-Երկար պատմություն է,-ասաց նա,- Պապդ սպիտակներից էր՝ աքսորի սպառնալիքը հարատև կախված գլխին: Մնալը հետզհետե դառնում էր վտանգավոր: Սկզբում որոշեցինք բոլորս միասին մեկնել, բայց դրան խանգարեց մեծ քրոջս, Գրետայի հղի լինելու հանգամանքը: Իսկ քրոջս ամուսինը՝ Ֆեդիան ու առաջնեկը՝ Բելլան, որն արդեն՝ պիոներուհի էր, այնքան էլ հակված չէին հեռանալու սովետներից: Ինչ-որ սառնություն էր ընկել նրանց ու մեր միջև. պապդ կասկածում էր, որ Բելլան մի օր կմատնի իրեն... Հասկանո՞ւմ ես... Իսկ նրանց ավելի շատ ձգում էր Հայաստանը. Ֆեդիային մի քանի անգամ գործուղել էին էնտեղ,- շարունակեց տատիկն ու նորից հառաչեց,- Դե, մենք եկանք, բայց էնպես էլ չիմացանք՝ նրանք գնացի՞ն Հայաստան, թե՞ մնացին Կրասնոդարում... Շատ աշխատեցի կապվել, բան դուրս չեկավ: Ստալինյան բռնատիրության ամենավատ օրերն էին, նամակները հաճախ չէին հանձնում հասցեատիրոջը: Մի եկողից իմացա, որ քույրս Կրասնոդարում երկրորդ աղջիկն է աշխարհ բերել... Տարիներ անց դարձյալ մի նամակ փոստեցի Կրասնոդարի մեր տան հասցեով, պատասխան չեղավ, այնուհետև նրանց գտնելու բոլոր ճիգերս անօգուտ անցան...
-Մի՞թե Բելլան այդքան չար էր,-հարցրի ես:
-Չէ, չէ՛, ի՞նչ ես ասում,- հուզված ասաց տատիկը,- ժամանակները էդպիսին էին, գլուխները լցրել էին... Չասեին, իրենց համար վատ էր լինելու...
Տատիկի պատմածն ուժեղ տպաւորություն թողեց ինձ վրա, թեև շատ ուշ ընկալեցի պապիս սպիտակ լինելու հանգամանքն ու Բելլայի արտառոց վերաբերմունքի դրդապատճառները...

«»«»«»

Անցան տարիներ: Ավարտել էի ուսումս ու մասնագիտանալու նպատակով պատրաստվում էի մեկնել Անգլիա, երբ մի օր դուռը ծեծեցին: Վազեցի դուրս. փոստատարն էր, նամակ էր բերել: Աչքս ընկավ ծրարի վրայի գունավոր նկարին, մուրճ-մանգաղին, ռուսերեն տառերով գրված մանուշակագույն հասցեին ու քարացա: Նամակը Հայաստանից էր: «Երևի կոշկակար Արտուշն է ղրկել», անմիջապես անցավ մտքովս: Փոստատարը չէր հեռանում: Ման եկա, գրպանիս ողջ մանրադրամները դատարկեցի նրա ափի մեջ...
-Աղջի, Սոնիա, ո՞վ ա, ,- ներսից կանչեց մայրս:
-Նամա՜կ... նամա՜կ... Հայաստանից,- բղավում էի գլուխս կորցրած:
Երբեք չեմ մոռանում այն պահը, երբ տատիկը դողացող ձեռքերով թանկագին մասունքի պէս փակ ծրարը բռնած զույգ ձեռքով, շրթունքները լուռ շարժելով կարդաց ուղարկողի հասցեն. մեր մեջ միայն նա ու քիչ-միչ մայրս ռուսերեն գիտեին:
-Ումի՞ց ա,- չէի համբերում...
-Գրետա քույրիկից,- կերկերուն ձայնով հազիվ արտաբերեց նա ու արտասվեց...
-Փա՜ռք, Տեր Աստված,- թաց աչքերով ասաց մայրս,-էսքան տարիներից հետո գտնվեցին...
Նամակը ռուսերեն էր՝ ուղղված տատիկին ու մայրիկին: Պապիկի անունը չկար: Ուրեմն տեղյակ էին նրա մահվան մասին: Գրում էին, որ շատ լավ են, աշխատում են, Բելլան ամուսնացել է, նորից աղջիկ է ունեցել: Իսկ քույրը՝ Նոնան, շուտով կավարտի Երևանի բժշկական ինստիտուտը: Հարցնում էին մեր մասին, ինչով ենք զբաղվում և այլն: Ոչ մի խոսք այն մասին, թե ինչպես են գտել մեր հասցեն: Ծրարի մեջ կար երկու լուսանկար: Մեկի մեջ Գրետան էր Նոնայի ու Ֆեդիայի հետ՝ տանը սեղանի շուրջ նստած, իսկ մյուս նկարում Բելլան էր՝ ամուսնու՝ Թորգոմի ու փոքրիկ Լուսիայի հետ կանգնած Հանրապետության հրապարակում, Լենինի արձանի առջև...
Այդ օրերին Հայաստանից ստացվող լուրերը հակասական էին: Գնացող-եկողները լավ չէին պատմում: Սակայն սոցիալիստական հովերով լցված համակիրների բանակն էլ փոքր չէր: Դրանց նկատմամբ Շահի իշխանությունը անչափ խիստ էր տրամադրված: Մայրաքաղաքում հետևում էին «ռուսական» դեսպանատուն ելումուտ անողներին, երբեմն տանում էին, հարցաքննում: Շահը սարսափում էր կարմիր վտանգից:
Երբ հայրս երեկոյան գործից տուն եկավ, նստեցինք ընտանեկան խորհրդի: Որոշեցինք, որ միայն տատիկը պատասխանի նամակին ու գրի բոլորիս մասին: Հայրս կտրականապես դեմ եղավ, երբ ասացի, որ կփորձեմ Լոնդոնից մեկնել Երևան:
-Էստեղ վերադառնալուն պես, կբռնեն, կտանեն...,- պնդում էր նա:
Ինչևէ, տատիկի օգնությամբ հորիցս թաքուն նրանց հասցեն էլ նշեցի հուշատետրիս մեջ ու մի շաբաթ անց մեկնեցի Լոնդոն: Ուրախությունից սիրտս թրթռում էր: «Ինչ էլ ժամանակին եղավ... տեսնես որտեղի՞ց են գտել մեր տան հասցեն»...
Լոնդոնում, կլանված դասերով ու այլ զբաղմունքներով համարյա մոռացա նրանց: Ավելի շատ կարոտում էի մերոնց, շաբաթը մեկ նամակներ էի փոստում ծնողներիս, քույրիկիս, եղբորս ու ընկերուհիներիս:
Անցավ ևս մէկ տարի: Մերոնք էլ իմ բացակայության ընթացքին թողեցին Եթիբուրուղն ու տեղափոխվեցին մայրաքաղաք: Ուրեմն, վերադարձիս այլևս չէի ապրի մեր պապենական տանը... Օգտվելով ամառային արձակուրդից, լիբանանցի իմ հայ դասընկերուհիներից մեկի հրավերով միասին գնացինք Բեյրութ՝ իջևանելով նրանց բնակարանում: Հիանալի մարդիկ էին: Այնտեղ առիթ եղաւ նորից հիշելու մեր կորած ու գտնված հարազատներին, երբ մի օր խոսք բացվեց Հայաստան գնալու իմ մտադրության մասին:
-Դուք կրնաք վիզա առնիլ հոս,- ասաց ընկերուհուս հայրը,-թղթի կտորի վրա մը կուտան, վերադառնալու ատեն բարդություն չըլլար...
Դիմեցի հյուպատոսարան՝ «հենց էնպէս», առանց հույս ունենալու: Այստեղ ամեն ինչ ռուսերեն էր: Թարգմանչի օգնությամբ լրացրի մի քանի հարցաթերթիկ, հայերենով պատասխանեցի մի քանի հարցերի, ընդ որում նշեցի, որ գնալուս շարժառիթը այնտեղ գտնվող հարազատներիս տեսնելն է...
Չէի հավատում՝ բայց դիմումս չմերժվեց...
Այնուհետև ամեն ինչ շատ արագ դասավորվեց, ասես երազում... Թռա ուղղակի Բեյրութից ու... վերջապես թափանցեցի Երկաթե Վարագույրից այն կողմ, մաշկիս վրա զգալով դրա բրտության ու ճնշման սաստկությունը, երբ Երևանի հին օդանավակայանում վայրէջք կատարելուց րոպեներ անց, մի քանի համազգեստ հագած պաշտոնյաներ հավաքեցին օտարերկրյա ուղևորներիս անձնագրերն ու երկու ժամից ավել բոլորիս անխտիր պահեցին մի սենյականման սրահի մեջ: Սրահում հեղձուկ էր, նստելու տեղ չկար, լցված էր ճանճերով ու ավտոմատավոր զինվորներով... Հետո եկավ մի սպա ու մեկ առ մեկ կարդալով ճամփորդների անունները, անձնագրերն հանձնեց տերերին: Սրահը համարյա դադարկվել էր, երբ հնչեց իմ անունը... Բայց ո՞ւմ հոգն էր... Հայաստան հասնելու ոգևորությունը այնքան հախուռն էր, որ անվերջ ժպտում էի... Երբեք չեմ մռռանա այն պահը, երբ դուրս գալով բարձրահարկ հյուրանոցի համարից բացվող պատշգամբը՝ նայեցի Մասիսի ներքո դիմացս փռված Երևանին: Արցունքները հոսում էին աչքերիցս հեղեղի պես: Դա մի զգացում էր, որ մինչև օրս չի կրկնվել ու չի կրկրնվի...
Հաջորդ օրը առավոտյան, հյուրանոցում հաճույքով նախաճաշելուց անմիջապես հետո, տաքսի կանչեցի ու հուշատետրս բացելով՝ վարորդին ասացի նվիրական հասցեն...
-Մի անհանգստացիր, քույրիկ ջան,- հուզմունքս նկատելով՝ ասաց վարորդը,- աչքդ փակես, բացես, տեղ կհասցնեմ...
Իսկ ես չէի կարող աչքս գեթ մի վայրկյան փակել, հայացքով ագահորեն կլանում էի ամեն բան, ամեն մանրուք... Պողոտաները գրեթե դատարկ էին, խանութները մեծ մասամբ՝ փակ: Այստեղ միանգամայն տարբեր աշխարհ էր, ուր քաղաքային սովորական տեսքից ու եռուզեռից ավելի ամենուրեք աչքի էին զարնում կարմիր դրոշները, պլակատներն ու պետական շենքերի ճակատին փակցված կոմունիստ առաջնորդների մեծադիր նկարները:
Տաքսին կանգ առավ մի հինգ հարկանի շենքի դալանի առջև:
-Էս շենքերը կոչվում են ստալինյան,- իմիջիայլոց ասաց վարորդը:
-Ես ռուբլի չունեմ,- հայտնեցի վարորդին,- կուզե՞ք դոլար տամ:
-Պրոբլեմ չկա, միայն էնպես տվեք... որ մարդ չտեսնի...
Նա ժպտալով գրպանում թաքցրեց թղթադրամն ու իջավ ինձ հետ, ձեռքիցս վերցրեց հուշանվերների կապոցը, անցավ դալանը, թեքվեց ձախ ու մատնանշեց մի բաց դուռ:
-Քույրիկ ջան, բարձրացիր աստիճաններով չորրորդ հարկ,- կապոցը տալով՝ ասաց նա,- դռան վրա համարը կա:
Ահա և դուռը... Չգիտեմ ինչու, նայում էի երկնիշ համարին, ստուգում հուշատետրի մեջ գրածս համարի հետ, նորից նայում, նորից ստուգում... Սիրտս բաբախում էր տենդագին: Միայն թե տանը լինեին, միայն թե տեղափոխված չլինեին... Թվում էր՝ մի ամբողջ հավիտենականություն անցավ...
Ձեռքս դրեցի զանգի կոճակին ու հավաքելով ողջ արիությունս, սեղմեցի...

«»«»«»

Ներսից լսվեց զանգի ձայն, որին հաջորդեց տանջալի, երկարատև լռություն... Չէի համարձակվում նորից սեղմել կոճակը, բայց և չէի հեռանում... Հանկարծ լսեցի դռան փականքների բացվելու ձայն: Հաշվեցի՝ երեքն էին: Դուռը բացեց քնից նոր արթնացած, պիժամայի վրայից պիջակ հագած մի երիտասարդ տղամարդ , որին չէի ճանաչում:
Նա կոպիտ ու բարկացած ռուսերեն ինչ-որ բան հարցրեց:
-Ես... ռուսերեն չգիտեմ,- ասացի երկչոտ,- ես Սոնիան եմ...
Այդ օրը հագել էի Լոնդոնում գնած բաց կապույտ, կարճ փեշով կոստյումս. տղամարդը ոտից գլուխ տնտղեց ինձ ու կարծես նկատելով արտասահմանցի լինելս, շուռ եկավ և դարձյալ ռուսերենով՝ ինձ թված կանչեց մեկին: Դիմացի կիսաբաց դռնից դուրս եկավ Բելլան՝ գիշերանոցով: Նրան անմիջապես ճանաչեցի նկարից...
-Սոնիան եմ,- կրկնեցի,- Պարսկաստանից...
-Վա՝յ, Սոնիա ջան,- ճչած նա ու համարյա վազելով ընկավ գիրկս...
Տղամարդը զարմացած նայում էր մեզ:
-Ախր, Արսեն, սա մէր Սոնիան է, Մարուսիա տատիկի թոռը...
Ձայնի վրայ քնաթաթախ դուրս վազեցին Նոնան, որ ասես կիսած խնձոր լինէր մայրիկիս հետ, Ֆեդիա պապիկը, Թորգոմն ու փոքրիկ Լուսիան: Չկար Գրետա մորաքույրը: «Խեղճ տատիկ,- մտածեցի,- նա երբեք չի տեսնի քրոջը»... Նորից գրկախառնումներ, նորից համբույրներ, երկար տարիների բաժանումից հետո հրաշքով իրար գտած հարազատների կարոտի արցունքներ...
Նոնան շտապեց ներկայացնել Արսենին:
-Ամուսինս է, վերջերս ենք ամուսնացել:
-Դե, դուք շատ շուտ էիք եկել,-քաշվելով ասաց Արսենը,-ես ձեզ չէի ճանաչում...
Պարզվեց, որ օրը շաբաթ է: Անհամբերությունից՝ նույնիսկ դա չէի ճշտել... Նախորդ երեկոյան Նոնան ու Արսենը եկել էին հարազատներին տեսության ու գիշերել նրանց մոտ: Արսենը քնել էր հյուրասենյակի բազմոցին ու մոտ լինելով դռանը, լսել զանգի ձայնը:
-Գիտե՞ս, գիշերը շատ ուշ քնեցինք,- ցածրաձայն, արագ-արագ բլբլացնում էր Նոնան,- միշտ էսպես է, նստում ենք, խոսում, իսկ երեկ գիշեր, հետաքրքիր է, ձեզ էինք մտաբերել, քանիերորդ անգամ կարդացինք Մարուսիա մորաքրոջ նամակը... Եթե Արսենը բազմոցին քնած չլիներ, երևի թե մենք էնպէս էլ քնած մնայինք...
Աստվա՜ծ իմ, անհամբեր բնավորությանս պատճառով քիչ էր մնացել փչացնեի ամեն բան...
-Մտածում էինք Մարուսիա մորաքույրին ոնց հայտնենք մամայի մահվան բոթը,-ասաց Բելլան տխուր... Լավ է, դու եկար, Սոնիա ջան...
Մի վայրկյան բոլորս լռեցինք, սակայն դրանով չխամրեց անհուն սիրով ու կարոտով շաղախված հանդիպման համընդհանուր խանդավառությունը: Նոր թափով վերսկսվեցին երկուստեք հարցերն ու պատասխանները, որոնց արդյունքում, ինչպես նկարչական լուսազգայուն թղթի վրա՝ քառասուն դժվարին տարիների բաժանումից հետո, աստիճանաբար հայտնվում էին դեմքեր, դեպքեր, իրադարձություններ...
Երբ խոսում էինք երկու քույրերի բաժանման դրդապատճառների մասին, նկատեցի՝ ստվեր անցավ Բելլայի դեմքի վրայով.
-Ափսոս, շատ ուշ հասկացանք ամպագոռգոռ ճառերի ու փքուն լոզունգների անիրական լինելը,- ասաց նա՝ գլուխը կախ, շշուկով,- կյանքն այլ բան ցույց տվեց...
Ինձ զարմացնում էր այն հանգամանքը, որ բոլորն էլ խոսում էին ցածրաձայն, հազիվ լսելի ձայնով, որը հաճախ փոխվում էր շշուկի: Ես էլ ակամայից ձայնս իջեցրի, երբ նրանց պատմում էի տաքսու վարորդի դրսևորած տարօրինակ զգուշության մասին՝ տվածս դոլարը վերցնելիս...
-Դոլար պահելը մաքսանենգություն է համարվում,- ասաց Թորգոմը...
-Իսկ դուք ո՞նց գտաք մեր տան հասցեն,- այլևս չկարողանալով զսպել ինձ, տվեցի վաղուց ինձ տանջող հարցը...
Բելլան ու Նոնան իրար բերանից խոսք խլելով, ոգևորված սկսեցին պատմել մի անհավատալի դիպվածի մասին:
...Ուրեմն, երկու քույր, Նոնայի հարսանիքի նախօրյակին, քաղաքի ոչ այնքան հայտնի փողոցներից մեկում քայլելիս, կորած-մոլորված մի խանութի ցուցափեղկում նկատում ու հավանում են ճաշակով կարված մի զույգ կանացի բարձրակրունկ կոշիկներ:
-Երբ ներս մտանք, նկատեցի, որ կոշկակարը զարմացած նայեց ինձ, բայց բան չասաց:
-Ինձ էլ էր նայում,-մեջ ընկավ Բելլան,-հաւատա, ամբողջ ժամանակ, երբ փորձում էինք կոշիկները, նա հայացքը չէր կտրում մեզանից, մանավանդ Նոնայից: Էնպես էր նայում, որ մոռացել էր կոշիկն էլ, առևտուրն էլ: Դե, Նոնան էլ երիտասարդ, սիրուն աղջիկ. արյունը գլուխս խուժեց: Ասում եմ, քաղաքացի ընկեր, ամոթ է, տարիքով մարդ եք, ի՞նչ էք էդպես աչքներդ չռել աղջկա վրա... Էլի բան չի ասում, բայց հայացքը, ոնց ասեմ, էնպիսին չէր, մարդը հուզված էր...
-Կոշիկը շատ սիրեցի, շարունակեց Նոնան,- բայց նեղվելով այդ մարդու տարօրինակ կեցվածքից, քաշում եմ Բելլայի ձեռքն ու արդեն պատրաստվում ենք դուրս գալ խանութից, երբ նա խռպոտ ձայնով խնդրում է մի րոպե սպասել ու առանց նախաբանի տալիս է Մարուսիա տատիկի ու Լիդայի անունները... Կարո՞ղ ես երևակայել, թե ինչ զգացինք այդ պահին... Արագ շրջվում ենք ու հիմա էլ մենք ենք շշմած ու սպասողական նայում նրան... «Ես պարսկահայ եմ, նրանց հարևանն եմ եղել», ասում է: Քիչ էր մնում խենթանայինք... «Մարուսիան մեր մորաքույրն է,- ասում ենք,- Լիդան էլ նրա աղջիկը»... Իսկ նա ձայնը գլուխն է գցել ու բղավելով կանչում է կնոջը. «Աշխե՜ն, Աշխե՜ն, գտե՜լ եմ, գտե՜լ եմ...»: Հավատա, մարդն այնքան էր ուրախացել, որ իրեն կորցրել էր... Հա', խանութի խորքում բացվեց մի դուռ: Ներս մտավ համակրելի մի կին ու տեսնելով ինձ՝ ձեռքի ափը շշմած դրեց այտին ու ասում է. «Վա՜յ, քյռռանամ Լիդա ջան, էդ ե՞րբ ես էկել»... «Ես Լիդան չեմ, Նոնան եմ, ասում եմ, Լիդայի մորաքրոջ աղջիկը»... Մի խոսքով՝ էսպես եղավ, նստեցինք, երկար խոսեցինք ձեր մասին: Կինը ձեռուոտ ընկավ, հյուրասիրեց: Կոշկակարից իմացանք, որ ինքը խոստացել էր գտնել մեզ... Պատմեց, թե ինչպես Մարուսիա մորաքույրը թերհավատորեն էր վերաբերվել իր խոստմանը... Խնամքով գրեց, տվեց ձեր հասցեն... Կոշիկներն էլ գնեցինք ու հրաժեշտ տալով ՝ դուրս եկանք: Խեղճ մարդը հրաժարվում էր դրամ վերցնել:

«»«»«»

Կարոտը խեղդում էր ինձ: Օր առաջ ուզում էի հանդիպել կոշկակար Արտուշենց: Գնացինք Նոնայի հետ: Խանութը փակ էր: Ներս մտանք խանութին կից բակն ու գտանք նրանց բնակարանը: Դուռը բացեց ծերացած, անճանաչելի դարձած Աշխենն ու ինձ տեսնելով... նվաղեց, նստեց աթոռին... Նոնան անմիջապէս շփեց նրա քունքերն ու ոսկրացած ձեռքերը: Կարմրություն երևաց գաջի պէս սպիտակած դեմքին: Աչքերը բացեց, մի կերպ վեր կացավ ու ձեռքերը պարզած ինձ իր գիրկն առնելով՝ հեկեկաց...
-Վա՜յ Սոնիա ջան... վա՜յ Սոնիա ջան,- մրմնջում էր նա,- էս ինչքա՜ն ես սիրունացել, վա՜յ, մարալս...
Ես չէի ցանկանում գեթ մի վայրկյան բաժանվել նրա գրկից…
Նայեցի շուրջս. մեկ սենյականոց բնակարան էր «շուշաբանդ» պատշգամբով: Պատից սև շրջանակի մեջ կախված էր կոշկակար Արտուշի դիմանկարը: Վախճանվել էր սրտի կաթվածից, մի քանի ամիս առաջ: Աշխենի ասելով՝ մեռնելուց կանչել էր նրան, ասել. «Մարուսիա տատիկին տված խոստումս կատարեցի, գնում եմ հանգիստ սրտով...» ու ընդմիշտ փակել էր աչքերը...



 

Ձեր Կարծիքը