ԱՍՏՂԵՐ, ՃՆՃՂՈՒԿՆԵՐ
Սիրանույշ Օհանյան
Ամեն գիշեր քնելուց առաջ Կան նայում էր աստղերին։ Սովորություն էր, որը ձևավորվել էր տարիների ընթացքում և դարձել անհրաժեշտություն։ Հատկապես սիրում էր ձմռան ցուրտ, պարզկա գիշերների երկինքը։ Երբ ամպամած էր լինում, և օրերով չէր երևում արեգակը, գիշերները դառնում էին անդեմ ու անհրապույր։ Սովորեց տարբերել համաստեղությունները, և կանաչ ծառի պես սիրելի ու գեղեցիկ դարձավ Հայկը։ Բաժանված լուսամուտի ապակիով և աներևակայելի հեռավորությամբ՝ Կան զգում էր իր և Հայկի տարօրինակ, հուզիչ կապվածությունը։ Զարմանալին այն էր, որ իր երևակայության մեջ ինքն ու Հայկը անխախտ ընկերության դաշինք էին կնքել։ Մի գիշեր էլ մտածեց, որ չի կարող լինել ընկերություն չնչին մահկանացուի և հավերժորեն գոյատևող աստղախմբի միջև։ Այնուհանդերձ, այդ մտքից նրանց կապն ավելի նուրբ ու ամուր դարձավ։ Կան եկավ այն եզրակացության, որ ինքն էլ աստղերի պես գրեթե հավերժական կյանքով է օժտված։ Այլապես որտեղի՞ց բարեկամության զգացումը, որը դրդում էր իրեն «բարի գիշեր» ասել երկնքին։
Սկսեց հետաքրքրվել աստղագիտությամբ։ Իմացավ, որ միլիոնավոր տարիների ընթացքում աստղերը փոփոխում են իրենց՝ Երկրից տեսանելի դիրքը միմյանց նկատմամբ։ Միլիոնավոր տարիներ անց չի լինի այն Հայկը, որով հիմա սքանչանում է ինքը։ Քանի" մարդկային կյանք է անհրաժեշտ՝ միլիոն տարի ունենալու համար։ Կան պատկերացրեց իր ունեցած տարիների ընթացքը՝ ծննդյան օրից հաշված, ապա համեմատեց միլիոնների հետ։ Իր և աստղերի միջև անդունդ էր ընկած՝ լցված տարածությամբ և ժամանակով, այդ անդունդն է՛լ ավելի մտերմացրեց իրենց։
Ամեն առավոտ Կան զգուշորեն հացի փշրանքներ էր լցնում ներքևի հարևանի լվացքի պարաններից վերև ամրացված ծածկին։ Թիթեղյա ծածկը հարևաններն էին կապել՝ իրենց լվացքը օտար լվացքների կաթկթոցներից պաշտպանելու համար։ Կան բացում էր լուսամուտը, սառը օդը հարձակվում էր վրան, իսկ ինքը, զգուշորեն կռանալով, բացում էր բուռը։ Հացի կտորտանքները դանդաղորեն, խուլ թխկոցով թափվում էին մետաղին, երբեմն գլորվում գետնին, իսկ հերթապահ ճնճղուկը արդեն հասցրած էր լինում կանչել թաղեցիներին։ Ձմռան ավարտին ճնճղուկները հստակ ժամ էին սահմանել, և մոտակա ծառերի մերկ ճյուղերին թառած՝ աչալուրջ մրսում էին, մինչև կբացվեր անվարագույր լուսամուտը և կերևար Ձեռքը։
Կան մտածեց, որ յուրահատուկ կապ է ստեղծվել իր և ճնճղուկների միջև։ Նա չգիտեր, արդյո՞ք Հայկը զգում է իր բարեկամությունը։ Ճնճղուկներն, անկասկած, զգում էին նման մի բան. այդ էր վկայում նրանց՝ օրեցօր պակասող զգուշությունն ու վեհերոտությունը իր նկատմամբ։ Դա հասկանալի էր, որովհետև ինքը կերակրում էր նրանց։ Եթե չկերակրեր, նրանք մի կերպ կանցկացնեին ձմեռը, ինչպես իրենց ողջ կյանքում։ Այնպես որ՝ մեծ բան չէր արածը։ Սակայն դա նպաստում էր, որ իր և ճնճղուկների միջև բարեկամություն ձևավորվի, ինչպես իր և Հայկի միջև։ «Ինչպե՞ս կարելի է բարեկամություն անել ողջ աշխարհի հետ»,– անհանգստանում էր Կան։ Փորձով գիտեր, որ ժամանակն ու տարածությունը արգելք չեն հանդիսանա, ուրեմն ո՞րն է պատճառը, որ խանգարում է իրեն՝ հարազատ զգալ ամենքին։ «Հավանաբար, պատճառն իմ մեջ է։ Ես չեմ կարող հավերժորեն կերակրել ճնճղուկներին, ես չեմ կարող հավերժորեն նայել աստղերին։ Սակայն ես էլ ունեմ իմ հավերժությունը, ես էլ ունեմ իմ թևերը։ Այլապես ես չէի կարող ընկերություն անել աստղերի և ճնճղուկների հետ։ Ես չգիտեմ, աստղերը զգո՞ւմ են իմ ներկայությունը։ Մի՞թե Հայկը չի նկատում ինձ այնպես, ինչպես ճնճղուկներն են նկատում։ Մի՞թե մենք չենք կարող ընդհանուր լեզու ունենալ։ Ես, Հայկն ու ճնճղուկները կարող ենք քնելուց առաջ հեքիաթներ պատմել միմյանց»։
Օրը սկսվում էր ճնճղուկներով և ավարտվում Հայկով։ Կան մտածում էր։ Աստղերն ապրում են իրենց անհատական կյանքով։ Ամեն աստղ յուրովի է զգում ժամանակի ընթացքը, աստղեր էլ կան, որ կարող են միայն հիշողություն ունենալ ժամանակի մասին։ Ամեն ճնճղուկ յուրովի է զգում ժամանակի ազդեցությունը, ճնճղուկներ էլ կան, որոնց համար ժամանակը դադարել է գոյություն ունենալ։ Տիեզերական անդունդներով բաժանված աստղերը Կայի լուսամուտից երևում էին գեղեցիկ ամբողջության մեջ. մարդիկ դրան Հայկ համաստեղություն անունն են տվել։ Տարբեր բնավորություններ ու սովորություններ ունեցող ճնճղուկները Կայի լուսամուտից ներկայանում էին որպես ընկերախումբ, որպես երամ։ Կան չէր կարողանում միմյանցից տարբերել որևէ երկու ճնճղուկի, ինչպես չէր կարողանում տարբերել որևէ երկու աստղ։ Միայն նրանց դիրքերն էր տարբերում։ Սկսեց հասկանալ, որ ճնճղուկներն էլ, աստղերի պես, կազմել են իրենց համաստեղությունը։ ճիշտ է, ճնճղուկների համաստեղությունը շարժուն էր և փոփոխական, այն երբեք նույնը չէր լինում տեսնելուց մի ակնթարթ անց։ Սակայն աստղային համաստեղություններն էլ են այդպիսին։ Միայն թե նրանք շատ, շատ են հեռու, իսկ աստղերն ունեն իրենց հաստատուն ճանապարհները, որոնցից երբեք չեն շեղվում։ Մի՞թե չի կարելի նույնը պնդել ճնճղուկների թռիչքների ու դադարների մասին։ Կան զգում էր, որ մոտ է ճշմարտությանը։
Երբեմն Կան իրեն պատկերացնում էր որպես ձմռան ցրտին սրթսրթացող ճնճղուկ, երբեմն՝ որպես տիեզերական աներևակայելի սառնության գրկում գլորվող աստղ։ Կան գիտեր, որ ճնճղուկի մարմինը մեղմ կրակի ջերմությունն ունի, գիտեր նաև, որ աստղերը աներևակայելիորեն ջերմ են։ Ինչպես միշտ, ճնճղուկների դեպքում ամեն երևույթ հասկանալի ու հեշտ էր թվում, իսկ աստղերի մասին մտածելիս միայն երևակայությամբ ոգեշնչվող աղոտ պատկերացումներ էր ունենում։ «Տեսնես ի՞նչ կլիներ իմ ճնճղուկների ու աստղերի հետ, եթե ես այլ մոլորակում ծնված լինեի և չհանդիպեի նրանց»,– մտահոգվում էր Կան։ «Մի՞թե իմ բացակայությունը ոչ մի կերպ չէր անդրադառնա նրանց վրա։ Ամեն ինչ կլինե՞ր այնպես, ինչպես կա։ Արդարացի կլինե՞ր այդպես»։ Կան նույնիսկ չգիտեր, թե ինչպիսին է արդարությունը։ «Ինչպիսի՞և կլինեին իմ աստղերն ու ճնճղուկներն առանց ինձ։ Արդյո՞ք նրանց միջև եղած միակ կապը ես եմ։ Մի՞թե ես ընդամենը օղակ եմ աստղերի և ճնճղուկների միջև։ Իսկ ո՞րն է կապող օղակը իմ, իմ աստղերի և իմ ճնճղուկների միջև»։
Կան շարունակում էր ապրել և մտածել։ Ամեն գիշեր ողջունում էր Հայկին, ամեն առավոտ կերակրում էր ճնճղուկներին։ Մեծ աշխարհում ամեն ճնճղուկ, ամեն աստղ կատարում էր իր անկրկնելի դերը։ Բոլոր արարածները կատարում էին ի վերուստ նախասահմանվածը։ Երբեմն Կային թվում էր, որ ինքը կորցրել է իր դերը։ Կան չէր հասկանում իրեն։ Նա չէր կարողանում գտնել կապող օղակը։
Ժամանակի ընթացքում սկսվեցին տարօրինակ երևույթներ կատարվել։ Սկզբում երկնքից անհետացավ Ռիգելը՝ Հայկի լուսափայլ ոտքը։ Երբ առաջին գիշերը Կան նկատեց կատարված փոփոխությունը, նա վերապրեց այն զգացողությունը, ասես թե ծովում լողալիս հանկարծ ոտքերի տակից անհետացել էր հատակը՝ հայտնվել էր ծովաջրով լցված անդունդում։ Կան չհասկացավ՝ քնե՞ց ինքը այդ գիշեր, թե՞ ոչ։ Գիշերներ անց անհետացավ Հայկի արևելյան ուսը՝ Բետելգեյզեն։ Անհետանում էին աստղերը, անհետանում էր Հայկ համաստեղությունը։ Ասես անհետանում էր երկինքը։
Աստղերի անհետանալուն զուգընթաց՝ նվազում էր ճնճղուկների երամը։ Առաջին անհետացումից հետո, առավոտյան, երբ հոգեխռով Կան անխախտ սովորության ուժով բացեց լուսամուտը, ոչինչ նոր չնկատեց։ Մեքենայաբար բարևեց ճնճղուկներին, օրվա հացը տվեց նրանց ու մեքենայաբար փակեց լուսամուտը։ Շփոթահար ու կիսագիտակից՝ շարունակեց Ռիգելի անհետացումով սկսված օրը։ Հաջորդ օրերին նկատեց, որ ճնճղուկները սակավացել են։ Իսկ երբ Հայկն ամբողջությամբ լուծվել էր գիշերային աստղազուրկ երկնքում, հացի փշրանքները թափված մնացին հարևանի ծածկին։ Ոչ մի ճնճղուկ մոտ չեկավ։ Կան իրեն լքված ու դատարկ զգաց։ «Ինչպես դատարկ կավե ջրաման»,– տրտմությամբ մտածեց նա։
Օրերը չէին տարբերվում գիշերներից։ Չկային աստղերը, չկային ճնճղուկները։ Կար աշխարհը, կար երկինքը, կար Կան։ Կային կապերը, որոնք մրմռում էին կորուստի վերքերի պես։ Օղակները չկային։ Կան չգիտեր՝ ինքն ապրում է տիեզերական խավար դատարկությունում, թե" դարձել է այդ դատարկությունը։
Դատարկությունը նույնպես ունի իր խորհրդալից կյանքը։ Կան ապրում էր այդ կյանքով, նա զգում էր իր մեջ ծնվող-ոչնչացող կյանքը։ Զգում էր, որ իր ներսում ինչ-որ բան է ձևավորվում։ Ժամանակ էր անցնում։ Կան սկսեց տեսնել իր մեջ ձևավորվող կյանքը։ Իր մեջ վառվեց Հայկ համաստեղությունը, բոցկլտացին աստղերը, երկինքը, ճնճղուկները։ Բոցկլտաց աշխարհը։ Կան մոտեցավ լուսամուտին և տեսավ վերադարձած աստղերը, տեսավ վերադարձած ճնճղուկներին։ Կան ասես զգաց իրեն միաժամանակ տան ներսում և դրսում, ասես տեսավ տունը միաժամանակ և ներսից, և դրսից։ Կան աշխարհում էր, աշխարհը՝ իրենում։ «Կապող օղակը ես եմ»,– ժպտաց Կան։
Կարծիքներ
Mets hajuyqov em kardum dzer gortser@. Sirum em dzer voj@ vor@ artahaytum e zgatsakani,gitakan mtqi yev varr yerevakaiutyan nerdashnak yerangner.
Posted by: hrair | May 16, 2008 3:49 AM
Arajin mi qani tox@ kardaluts anmijapes zgatsi dzer grakan vochi yurorinakutyun@.der kes@ chkardatsats uzetsi imanam dzer tariq@ "hexinakner" tsankum 23 tarekan@ tesnelov haskatsa ev urax em,vor duq grakan ashxarum der maets chanaparh eq antsnelu.
Posted by: Lilit | July 30, 2008 12:35 PM