Բ Ա Խ Տ
Ռոբերթ Սաֆարյան
Կինը հղի էր։ Քսան րոպեից ավել՝ նրանք բարկ արևի տակ կանգնած կառավարական աշխատողների բնակարանային շենքերի առջևից ձգվող լայն բուլվարում, որը քաղաքի կենտրոնը միացնում էր օդանավակայանին, տաքսիի էին սպասում քաղաք մեկնելու՝ հերթական բժշկական ստուգման համար։ Արևի կիզիչ ճառագայթները ընկել էին փողոցի ասֆալտի, բուլվարի մեջտեղում վարդաթփերի շարքի ու բետոնե բազմահարկ շենքերի վրա, որտեղ բնակվում էին նրանք։ Քսան րոպեից ավել կինն ու տղամարդը տաքսիի էին սպասում, և այդ քսան րոպեում, ոչ մի բառ չէին փոխանակել, ոչ էլ՝ նայել իրար։
Սպասելուց արդեն կարգին հոգնել էին, երբ մի գեղեցիկ փաթրոլ կանգ առավ նրանց առջև։ Տղամարդը մտածեց՝ երևի վարորդն ուզում է ինչ-որ հասցե հարցնել, սակայն մի քանի քայլ մոտենալով մեքենային՝ նկատեց, որ նա շրջվել ու ետևի նստարանի իրերն է դասավորում. ըստ երևույթին, մտադիր էր նրանց նստեցնել։ Նա կոկիկ ու մաքուր արտաքինով միջահասակ մի մարդ էր։ Երբ տղամարդը հասավ մեքենայի առջևի պատուհանին, վարորդն հարցրեց.
«Քաղա՞ք եք գնում»։ Տղամարդը, որ մի քիչ զարմացել էր, տարակուսած գլխով հաստատեց ու ասաց. «Այո »: «Դե, նստեք, կհասցնեմ»։ «Նեղություն կլինի»։ «Ոչ մի նեղություն, ես էլ եմ քաղաք գնում»։ Տղամարդը բան չասաց ու շուռ գալով կնոջ կողմը՝ կանչեց. «Եկ, պարոնը բարեհաճում է մեզ քաղաք հասցնել»: Սուս ու փուս բարձրացան մեքենա։
Մեքենան շարժվեց, կտրեց բուլվարի վերջին հրապարակը եւ մտավ քաղաքի բարակ փողոցները։ Խանութները մեծ մասամբ փակ էին, իսկ փողոցներում անցորդներ չկային։ Սակայն դրսի անցուդարձը այլևս չէր հետաքրքրում նրանց։ Այնտեղ՝ վառվող դժոխքում այնքան տանջալի սպասումից հետո, մեքենայի ներսը իսկական դրախտ էր թվում։ Մեքենան զովամուղ ուներ, որից փչող մեղմ հովից թրթռում էին նրա անցքերին կապված նուրբ գունավոր ժապավենները։ Մեքենայի ձայնարկչից լսվում էր մեղմ երաժշտություն, որն ավելի հաճելի էր դարձնում մեքենայի ներսի զովությունը. վարորդի օծանելիքի բույրը լրացնում էր այդ բոլորը։ Ղեկի առջև նստած մարդը թվում էր գործ չուներ նրանց հետ. ոչ հարցրեց, թե՝ ճաշից հետո, այս տաքին ո՞ւր են գնում, եւ ոչ էլ հետաքրքրվեց, թե՝ որտեղացի են. ոչ մի նման հարց, որ, առհասարակ, հազարից մեկը, անվճար նստեցնելիս, տալիս է անցորդին իր հետաքրքրությունը բավարարելու կամ մի բան ասելու համար: Մարդը միանգամայն տարբեր և իր մեքենայի նման ինքն էլ դրախտային էր և հակառակ իրենց ավանի մյուս բնակիչներին, չէր խառնվում ուրիշի գործին: Տղամարդը ընկել էր մտածմունքի մեջ. կինն էլ։ Տղամարդն մտածում էր, որ ողջ կյանքում իր բախտն այսպես չէր բերել։ Ի՜նչ ժամանակին հասավ այս փրկարար հրեշտակը։ Սպասման ողջ ընթացքին կնոջ երկար լռությունը պատահական չէր։ Երբ կանգնած էին՝ բարկ արևի ճառագայթների այրոցը մի կողմ, ինքը խիստ մտահոգված էր, թե կինը երբ է վերջ տալու տհաճ լռությանը ։ Ելնելով մի քանի տարվա ամուսնական կյանքի փորձից, քաջ գիտեր, որ այդ լռությունը լավ բան չի խոստանում։
Վարորդը տղամարդուց հարցրեց, թե ստույգ ո՞ւր են գնում: Նա հայտնեց այն փողոցի անունը, ուր գտնվում էր բժշկի ընդունարանը։ Վարորդը նրանց իջեցրեց ճիշտ ընդունարանի դռան աջև ։ Քաղաքում օդը մի քիչ ավելի զով էր այն անապատից, ուր կառուցվել էին նրանց բնակության բետոնե շենքերը։ Մայթի վրա, մի քանի ծառ կար եւ դրանցից մեկի շվաքում, դրված էր մի թիթեղե ջրաման, որի շուրջը թաց գունի (վուշե պարկ) էին փաթաթել եւ շուրջը մի քանի մետաղե բաժակներ շարել։
Տղամարդը մտածեց, որ հարմար առիթ է լռությունը խախտելու։ Նայեց կնոջն ու ասաց. «Համա, լավ բախտ բերեցինք, հա՜»։ Կինը կարծես հենց դրան էր սպասում. «հա՜, իսկապես. իսկապես բախտ բերեցինք։ Տեր Աստված, մարդիկ ապրում են, մենք էլ ենք ապրում»։ Եւ հետո, ամբողջ ժամանակ, երբ նստել էին բժշկի սպասասրահում, խոսեց։ Ասաց, որ կարոտել է մորն ու քույրերին, որոնք ապրում էին Թեհրանում, որ մենակությունից գժվել է, որ սիրտն ուզում է մեքենա ունենան, զովամուղ ունենան, ազատ օրերին հարևաններին հրավիրեն իրենց տուն, ուրբաթ օրերը զբոսանքի գնան։ Հետո մատով փորը ցույց տվեց ու ասաց. «էս ի՞նչ մեղք է գործել։ էս ինչո՞ւ պիտի տանջվի»։
Տղամարդը կարծես առաջին անգամն էր նկատում կնոջ մեծացած փորը։ Մինչ այդ, կարծես այդ փորը ոչ մի կապ չուներ իր հետ, եւ երեխան կնոջ մարմնի մի մասն էր միայն։ Երբ բժշկական ստուգումից հետո իջնում էին աստիճաններից, անդադար զգում էր իրենց կյանքում այդ նոր արարածի ներկայությունը, որը, իրեն ու իր կողքով ծանր քայլող կնոջը, շաղկապելու էր իրար։ Մտածում էր, երևի կնոջ սիրտը կուզեր մաքուր հագնված այն վարորդի կինը լինել։ Երբ ոտք դրին փողոցի մայթին, եղանակը ավելի էր հովացել։ Կինը լուռ էր։ տղամարդը նայեց նրա տխուր դեմքին ու մեծացած փորին և իր ամբողջ էությամբ ընկալեց դառն իրականությունը. նա երբեք չէր կարող այն մարդու մեքենայից ունենալ, նրա նման հագնվել, եւ նրա օծանելիքից իր վրա ցանել, իսկ կինը մինչև կյանքի վերջը հիշելու էր այդ նրբակիրթ մարդուն, նրա զով մեքենան եւ երբեք իրեն բախտավոր չէր զգալու։
Անորոշ ապագայի մտքից նրա գլուխը ծանրացել էր։