ՄԻՍՏՐ ՕՐԼԻՆ
Խորեն Արամունի
Քաղաքի հետ էր ծնվել Միստըր Օրլին։ Նույն տարիքն ունեին։ Միստըր Օրլին գիտեր դա։ Համաքաղաքացիները տոնել էին իրենց քաղաքի իննսուն ամյակը, բայց մոռացել էին Միստըր Օրլիին։ Վշտացել էր Միստըր Օրլին, լռել, չէր բողոքել ու շարունակում էր, ինչպես միշտ, նորից բարևել ու ժպտալ ամեն անցորդի։ Քաղաքում Միստըր Օրլիի համար անծանոթ դեմք չկար, պատահական անծանոթներին հարևանցի էր նայում, կանգնում, ոտքից գլուխ չափում, ոտքը ուժգին խփում էր գետնին ու շարունակում ճանապարհը դեպի ավտոբուսի կանգառը։
Կանգառը գտնվում էր ամենաբանուկ փողոցներից մեկի ամենամարդաշատ մասում։ Հակառակ քաղաքի մյուս մասերի, այստեղ հետիոտն բավականին աշխույժ էր, մայթերին երբեմն խճողում էր, իսկ շաբաթավերջին ու տոնական օրերի երեկոներին, ինչպես ասում են՝ ասեղ գցեիր, ցած չէր գա։
Կանգառը, որտեղ կանգնած էր Միստըր Օրլին, վերջերս նորոգվել էր, մետաղից գեղեցիկ նստարան էր դրվել, նստարանի կողքին՝ աղբաման, աղբամանին կից՝ ավազով լի մոխրաման, մոխրամանի կողքին՝ արկղ, որի վրա գրված էր՝Ջօբ (աշխատանք), իսկ ներսը անվճար թերթեր։
Միստըր Օրլիին, ավելի շատ հետաքրքրում էր կանգառի ծածկը, որը ամռանը նրան պաշտպանում էր արևից, իսկ մյուս եղանակներին՝ անձրևից։
երեք տարի էր ինչ Միստըր Օրլին օգտվում էր կանգառից, բայց ոչ երբեք ավտոբուսից։ Երեք տարի էր ինչ նա ավտոբուսի կանգառում... գնացքի էր սպասում։
Կանգառից օգտվող համաքաղաքացիները գիտեին այդ մասին: Նրա հետ խոսքի բռնվելիս, հաճախ առաջին հարցը լինում էր՝ չեկավ։ «Կգա», պատասխանում էր Միստըր Օրլին ու մի քանի անգամ կրկնում՝ «կգա, կգա» և երբեմն էլ համոզված պնդում՝ «անպայման կգա»։ Ատում էր չհավատացողներին, իսկ եթե իր խոսքերի վրա ժպտում կամ ծիծաղում էին, ջղաձգվում, մեջքը փայտացնում, ոտքից գլուխ զզնելով անհավատին, աջ ոտքը ուժգին խփում էր գետնին ու հազիվ լսելի ձայնով հայհոյում։
Միստըր Օրլիի քաղաքը վերակառուցվում էր։ Միստըր Օրլին այնքան էլ գլուխ չէր դնում, թե ինչ է կատարվում քաղաքում, ճիշտ է քաղաքը իրենն էր, ինքը այդ քաղաքի ծննունդ էր, նրա համատարիքը, բայց քաղաքը որքան մեծանում, այնքան Միստըր Օրլիի համար փոքրանում, նեղանում ու սեղմվում էր։ Նրա քայլելու շառավիղը հասել էր շուրջ հինգ հարյուր ոտքի, իսկ կանգառը գտնվում էր, տանից վեցհարյուր ոտքի վրա։
երկու տարի առաջ կանգառից ոչ հեռու մի ամբողջ թաղամաս գետնին էին հավասարեցրել, նոր նախագիծ էին իրականացնում։ Միստըր Օրլին տխրել էր։ Որոշել էր այլևս այդ կողմերը չգնալ, այդ կողմերը Միստըր Օրլիի համար այլևս կողմ չէր, որովհետև այնտեղ ջնջվել էին Միստըր Օրլիի անցյալի հետ կապված վատ ու լավ օրերի հիշողություններն ու նրանց փոխարինելու էին եկել օրն ի բուն աշխատող տրակտորներն ու ծանր սարքավորումները։
Միստըր Օրլին գերզգայուն էր աղմուկի հանդեպ, հատկապես, որ այն առաջանում էր իր հիշողություններ ոչնչացնող, քաղաքաշինությունից։ Միստըր Օրլին ելքը գտել էր, ամեն անգամ կանգառ հասնելիս, ականջից հանում էր լսողության գործիքն ու տեղը բամբակ խոթում։ Միստըր Օրլիին ոչ մի ձայն չէր հետաքրքրում։ Նա իր զգայարաններից ամենաշատը օգտագործում էր զինված աչքերը՝ տեսողությունը, դա էլ նրա համար, որ չլինի թե փախցնի գնացքի ժամանումը։
Քաղաքը վերակառուցվում, վերափոխվում, վերաձևավորվումէր, իսկ Միստըր Օրլին ավտոբուսի կանգառում գնացքի էր սպասում։
Միստըր Օրլին երբեմն սիրում էր նաև զրույցի բռնվել։ Կանգառում սպասողները նրան չէին հետաքրքրում, նրանց համարյա թե լավ էր ճանաչում և գիտեր, որ նրանք խուսափում են իրենից, լավագույն պարագային սիրում էին խաղալ իր հոգու հետ։ Միստըր Օրլին, կանգառում նոր դեմքեր էր փնտրում, գտնում էր մարդկանց, որոնք հազվադեպ են օգտվում ավտոբուսից կամ պարզապես առաջին, գուցե և վերջին անգամն էին լինում այդ կանգառում...
- Ներողություն, օրիորդ, դուք որտեղից եք,, համարյա բղավեց Միստըր Օրլին։
- Լաքրասենտայից,- պատասխանեց ժպտացող աղջիկն ու փոքր ինչ ետ քաշվեց։
- Ի՞նչ,- մոտեցավ Միստըր Օրլին ու ականջները ազատեց բամբակներից։
- Լաքրասենտայից,- նորից պատասխանեց աղջիկն ու նայեց շուրջ բոլորը։
- Լաքրասենտայից: Գնացքո՞վ եք եկել։
- Այստեղ գնացք չկա, պարոն, ոչ թե գնացքով, այլ ավտոբուսով եմ եկել,- ձեռքի պայուսակը սեղմեց կրծքին և ուսերը հավաքեց։
- Կա, կա, գնացք էլ կա, որ սպասես՝ կգա,, ասաց Միստըր Օրլին, նայեց ձախ կողմը, հայացքով ինչ-որ բան փնտրեց ու բամբակները նորից մտցրեց ականջները։
- Գուցե, ինչ իմանամ, Աստված գիտի,, ուսերը վեր քաշեց աղջիկն ու ինքը ևս ձախ նայեց՝ գուցե և գնացք տեսնելու ակնկալիքով...
«էն լիրբը, ասում է էստեղ գնացք չկա, բա էս երեք տարի է, ես պարապ տեղն եմ սպասում, ես հիմար եմ, ինչ է»,-ինքն իրեն մրմթմռթած Միստըր Օրլին, մոտեցավ աղջկան ու բղավեց՝ «լիրբ»։
Աղջիկը համեստորեն մի կողմ քաշվեց, նայեց կողքի կնոջն ու ժպտաց։
- Ոչինչ, մեծ մարդ է, գուցե...,-ասաց ավտոբուսին սպասող կինն ու գնաց դեպի մայթեզրը, որին մոտենում էր նաև ավտոբուսը։
Ավտոբուսը մեկնեց, կանգառում մնաց ինքը՝ Միստըր Օրլին, ձեռքը հուսահատական թափահարեց ու ճանապարհվեց մոտակայքում գտնվող տարեցների կենտրոնատեղին, որտեղ հիմնականում թոշակառուներ էին հավաքվում։ Այնտեղ նաև համեղ ու համեմատաբար, շատ էժան ճաշեր էին մատուցում։
ճաշարանի երիտասարդ աշխատողը լավ էր ճանաչում Միստըր Օրլիին։ Նրան տեսնելուն պես, մոտենում, հուսադրում էր, որ շուտով գնացքը գալու է և ամեն ինչ լավ է լինելու...
-Ախր, ես ուշանում եմ սիրելիս,, մտահոգվում էր Միստըր Օրլին։
- Չէ, չես ուշանա, գնացքը կտրել է Փասիֆիք փողոցը, անցել է Աենթրալը, արդեն Կոլորադոյի մոտակայքում է։
- Իսկ երբ կհասնի Բրանդ,- աչքերը լայն բացեց Միստըր Օրլին։
- Շուտով, շուտով, միայն համբերել է պետք։
- Բայց ես ուշանում եմ սիրելիս,-նորից մտահոգվեց Միստըր Օրլին։
- Մտահոգվելու ոչինչ չկա։ Կեր, այսօրվա ճաշերը շատ համեղ են, կեր, որպեսզի կարողանաս սպասել։
- Բայց անպայման գալու է, չէ՞։
- Անպայման, անպայման։
- Բայց, այն լիրբը, ասում էր չի գալու։
- Գալու է, գալու, ճաշդ կեր...
Միստըր Օրլին շարունակում էր սպասել։ Օրեր, շաբաթներ ու ամիսներ անցան։ Մի օր, երբ նորից սպասում էր, չհասկացավ թե ինչ է կատարվում, մի փոքրիկ իրարանցումից հետո նա իրեն գտավ հիվանդանոցում: Մի քանի օր հետո դուրս գրեցին։Հիվանդապահը տաքսի կանչեց: Դեղորայքը հանձնեց Միստըր Օրլիին, մի քանի կարգադրություններից հետո ասաց, որ մինչև լրիվ ապաքինվելը, նրան ամեն օր բուժքույր է այցելելու։
Տաքսին սպասում էր։ Հիվանդապահը վարորդի օգնությամբ Միստըր Օրլիին տեղավորեց մեքենայի մեջ։ Միստըր Օրլին շնորհակալություն հայտնեց։ Տաքսին շարժվեց։
- Ներողություն պարոն, ինձ ուր եք տանում,, հենց այնպես, խոսելու համար հարցրեց Սիստըր Օրլին։
- Տուն,, պատասխանեց վարորդը։
- Գնացքը դեռ չի՞ ժամանել,- հարցրեց Սիստըր Օրլին։
- Ինչ գնացք,- զարմացավ վարորդը։
- Ապու՛շ, դու չգիտեն, որ ես գնացքի եմ սպասում։
- Հա, գիտեմ... բայց այստեղ, մեր քաղաքում գնացք...
- Կա, կա, գալու է, անպայման գալու է,- վարորդին ընդհատեց Սիստըր Օրլին ու խնդրեց առաջիկա փողոցից աջ թեքվել։
- Երևի, ինչ իմանաս, գուցե և գալու է,- ծերուկին հասկանալ փորձեց վարորդը։
- Ինչպեն թե, գուցե։ Որ ասում եմ գալու է, ուրեմն գալո՛ւ է, բոզի լակոտ, հենց էստեղ պահիր։
Վարորդը ժպտաց, գլուխը շարժեց ու ծերերին հատկացված շենքի առաջ կանգ առավ։ Փորձեց օգնել։ Միստըր Օրլին թույլ չտվեց, վարորդին բրդելով նորից արտաբերեց՝ «բոզի լակոտ» ու շենքում աշխատող մի կնոջ օգնությամբ մտավ ներս։
Թե քանի ամիս էր, ինչ Միստըր Օրլին կանգառ չէր գնացել, ինքը ևս չէր հիշում։ Անկողնային վիճակը երկարեց։ Մի օր էլ հեռուստատեսությամբ Բրանդ փողոցից, գնացքի գծի բացման արարողությունն էր ցուցադրվում։ Սիստըր Օրլին դա տեսավ, տեսավ նաև գույնզգույն այն վագոնը, որն առանց դռների մտավ փողոց, կանգնեց նրա կանգառի մոտ, մի խումբ մարդիկ իջան, մի քանիսը վեր բարձրացան, հնչեցին ծափահարություններ։ Սիստըր Օրլին հրճվանքից ճչաց, ձայնը շենքով մեկ տարածվեց, ուժ հավաքեց, փորձեց մահճակալից իջնել, հաջողեց, բայց հիշեց, որ ուշ գիշեր է։ Սինչև լույսը բացվելը մեծ տառապանք ապրեց։ Առավոտյան տոնական հագնվեց, հրաժարվեց նախաճաշից, պատերազմը հաղթանակած զինվորի պես ուղևորվեց դեպի կանգառ։ Բոլոր հանդիպողներին ջերմ բարևում ու գնացքի ժամանման ուրախ լուրն էր տալիս՝ «եկավ, գնացքը եկավ»։
կանգառում սպասողներ կային։
- Բարև ձեզ, դուք գնացքի՞եք սպասում,- հարցրեց Միստըր Օրլին։
- Ոչ, ավտոբուսի։
-Իսկ գնացքը, գալու՞ է։
- Իհարկե՛,- պատասխանեց մարդը։
- Այ, բա, որ ասում էի։
Եվ հանկարծ Միստըր Օրլիի ոտքերը դողացին, հեռվում երևաց գնացքի քիթը, մտավ Բրանդ, ծերուկի աչքերը փայլեցին: Գնացքը կանգնեց փողոցի մեջտեղում։ Կանաչ լույսը նրան թույլ տվեց կտրել փողոցի կեսն ու մոտենալ վագոնին: Սի քանի հոգի բարձրացան, Դիզնի Լենդյան մանկան խանդավառությամբ ինքը ևս բարձրացավ ու նստեց վերջին նստարանին, դեպի փողոցի մյուս մայթը նայող պատուհանի մոտ։
Գնացքը շարժվեց։ Միստըր Օրլին հայացքը հառեց դուրս, դեպի իր հարազատ քաղաքը։
Գնացքը պտտվում էր քաղաքի կենտրոնական, բանուկ մասերում, մարդկանց առևտրի մի կենտրոնից մյուսն էր տանում, այսպես անվերջ անդադրում պտտվում, պտտվում էր։ Թե քանի շուրջ, քանի օր ու քանի տարի պտտվեց Միստըր Օրլին ոչ ոք չիմացավ, բայց իրեն՝ Միստըր Օրլիին թվում է թե մինչև հիմա պտտվում ու պտտվում է...