Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

ԱՅՍՊԵՍ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ

Խորեն Արամունի


Պատմվածքս ավարտեցի ու մեծ ոգևորությամբ հեռախոսը ձեռքս առա։ Համար հավաքեցի։ Այդպես է, երբ, անկախ իր տեսակից, որևէ գրություն եմ ավարտում, զանգահարում եմ։ Թե ում, ինքս էլ չգիտեմ։ Սիրում եմ անտիպ գործերս ինչ-որ մարդկանց դատին հանձնել։ Մատների վրա կարելի է հաշվել այն գործերը, որոնք, մինչև տպագրվելը, հանդուրժում, անգամ ժամանակ են հատկացնում կարդալու կամ լսելու: Պատահել է չարաշահել եմ նրանց համբերությունը, հեռախոսով պատմվածքներ եմ կարդացել։ Ուզում եմ խոստովանել, որ մեծ մեղք եմ գործել Կարապենցի նկատ¬մամբ։ Կարճ ժամանակով Լոս Անջելես ժամանած բազմազբաղ այդ մարդու համեստությունն ու ծով համբերությունը չարաշահելով, չորս ժամ, շատ կարճ ընդմիջումներով կարդացել եմ առաջին վիպակս ու սպասել վերաբերմունքի։ Այդ օրը հեռախոսիս պատասխանեց իմ համբերատար ընկերներից մեկը։
-Պրծա,- ոգևորված ասացի նրան։
Ըստ երևույթին ձայնիս տոնայնությունից նա զգաց ոգևորությունս։
-Դու պրծար, իսկ ե՞ս, ե՞րբ եմ պրծնելու։
-Ուզում ես կարդամ։
-Չէ, ի սեր Աստծո։ Հեչ հավես չունեմ։
-Կարճ է, հիանալի բան է ստացվել։
-Դե որ լավն է, հիանալի է, թող մնա, կտպագրվի կկարդամ։ Այդ ընթացքում ես մտաբերում էի կերտած կերպարներիս, երբեմն-երբեմն թվում էր, թե նրանք կողքիս են։ Զրուցակիցս փորձում էր նյութից շեղվել, իսկ ես աշխատում էի հերոսներիս չփախցնել։ Իմ զրույցների, կամ միայնակ լինելու ժամանակ, նրանց ներկայությունը ինձ մեծ բավականություն են պատճառում։
-Բայց որ լսես, բան չես կորցնի։
-Լսիր, ասի՝ հավես չունեմ, երեկ մի նոր քաքի մեջ եմ ընկել...
-Դրանից դուրս կգաս, ժամանակ ունե՞ս, պատմվածքս կարդա՞մ, հո չեմ զանգել քո դարդերին դար¬ման անեմ, հիմա ժամանակ ունե՞ս։
-ժամանակ ունեմ, հավես չունեմ։
- Քեզ թվում է Կարապենցը հավես ունե՞ր։ Նա նույնիսկ ժամանակ չուներ, բայց...
-Կարապենցը ի՞նչ կապ ունի մեր զրույցի հետ,- զարմացավ խոսակիցս։
- Լսիր, ամեն անգամ հիշում ու ամոթ եմ զգում։ Այդ խեղճ մարդը իր համեստությամբ...
-Նա արդեն չկա, ամոթ մի զգա։ Ամոթը այն կլինի, որ հիմա դու ամբողջ պատմվածքդ բռնի վզիս փաթաթես, թող մնա, կգամ, կկարդանք։
-Ես մի ամբողջ վիպակ եմ կարդացել Կարապենցին, մի պատվածքի եղածն ինչ է որ,- երեսպնդություն արի ես։
-Եթե վիպակ ես ընթերցել, ուրեմն ամոթի զգացումդ մինչև հիմա հասկանալի է , իսկ ինչու՞ ես ուզում ինձ մոտ ևս ամոթ զգալ։
-Լսիր, ուրեմն 1991 թվականն էր, Կարապենցը մի քանի օրով եկել էր այստեղ, առիթը բաց չթողի, նրան հրավիրեցի մեր տուն և նախապես զգուշացրի, որ նոր գործ ունեմ, ուզում եմ մինչև տպագրվելը կարդալ։ Նա համաձայնվեց և խնդրեց, որ տանը ուրիշ մեկը չլինի։ Գիտես չէ, նա գործնական մարդ էր, եթե հարցը վերաբերում էր աշխատանքին, լուրջ էր...
-Լսիր,-լրջացավ խոսակիցս,-հեչ հավես չունեմ, հասկանում ես, հավես չունեմ, արա, էս ինչ մարդ ես...
-Լուրջ եմ ասում հետաքրքիր բան եմ պատմում։ Մի քիչ համբերություն ունեցիր, ընդունիր որպես հումոր, Կարապենցը պարզ, ընկերական զրույցների ժամանակ՝ հումորով էր, ժպտադեմ, քիչ թե շատ անտակտ անեկդոտ պատմելիս, երկար կամ լիաթոք ծիծաղի ժամանակ՝ շառագունում էր։
-Բայց ինչո՞ւ ես այս ամենը ասում, էնպես էլ գրական ես խոսում...
-Լսիր, լսիր, տես ինչ եմ ասում։ Պայմանավորված ճիշտ ժամին գնացի։ Հյուրանոցի սենյակում միայնակ նստած՝ ինձ էր սպասում։ Ինձ տեսնելուն պես տեղից ցատկեց, լայն ժտաց ու ասաց, «ճիշտ ժամանակին ես եկել, կես ժամ է, ինչ սպասում եմ»։ Կոկիկ ու ճաշակով էր հագնված։ Անուշահոտ էր բուրում։ Կարծես սիրուհուն էր սպասում։
-Հիմա, իմ մեղքը որն է, այ ցավդ տանեմ, որ շարունակես՝ հեռախոսը կկախեմ..,, տրտնջաց ընկերս։
-Լսիր, լսիր, պարտավոր ես, բա ինչ ես, կամ պիտի էս պատմությունը լսես, կամ պատմվածքս։
-Լավ, ասա, լսում եմ։ Ավելի լավ է խոսես, քան կարդաս։
-Եկանք տուն։Ասաց՝ գնանք դուրս, պատշգամբում հաճելի է։Դուրս եկանք, տեղավորվեցինք այնտեղ տեղադրված չոր աթոռներին։ Ասաց, որ ժամադրություն ունի, իսկ ես գիտեի նաև, որ չի ճաշել։Այդ մասին կնոջս զգուշացրի։Երկու սուրճ խնդրեցինք ու անցանք գործնական աշխատանքի։ Ձեռքիս թղթերը տեսնելուն պես տեղը ավելի պնդացրեց աթոռին, այն տպավորությունը թողեց, թե ինչ որ վտանգավոր թռիչքի է պատրաստվում, հենց այդ պահին ես իմ արածից փոշմանեցի։
-Հիմա էլ ես փոշմանելու, սպասիր։
-Չէ, լուրջ եմ ասում փոշմանեցի։
-Լավ հետո՞, փոշմանեցիր։ Հասկացանք, կլիզմա մի արա, հետո։
-Հետո հեչ, մի կերպ սկսեցի ընթերցումս։ Ձայնս դողում էր, ինչ-որ վախ էր մտել մեջս։ Կարդում ու ինքս ինձ մտածում եմ. «Բա, որ ապուշ բան լինի, բա որ չհավանի, բա որ... բա որ...»։ Այսպես մտածում ու ինքս իմ գրածը, իմ կարդացածը չհասկանալով այն մատուցում էի մի մարդու, որի բարոյ¬ական ճնշման և հորդորների տակ էի գրիչ վերցրել ու անցել գեղարվեստական գրականությանը։
-Մի րոպե, մի րոպե,, ինձ ընդհատեց խոսակիցս ու շարունակեց,, դու հո՞ ապուշ չես, էս ինչ ես պատմում, իսկականից լուրջ ես ասում, Կարապենցին կանչել ես ու... ինձ էլ թվաց կատակ ես անում:
-Լսիր, լսիր։ Ասացի, չէ՞, որ կատակ չեմ անում: Հետո ինքս իմ կարդալու և վիճակի վրա սկսեցի ծիծաղել։ Ծիծաղս մի քիչ երկարեց, հազիվ էի ինձ զսպում նրան հավաստիացրեցի իմ լրջությունն ու ցանկացավ լսել շարունակությունը։ Շարունակեցի։ Նա սուրճը խմել ու հայացքը դեպի դիմացի գեղեցիկ բլուրի հեռուները, լսում էր։Ես երբեմն փորձում էի նրա դեմքից վերաբերմունք որսալ, չէի հաջողում Տասնհինգ-քսան րոպե շարունակ ընթերցումից հետո նա շարժվեց։ Ընդհատեց ինձ ու երկրորդ սուրճն ուզեց։ Կինս սուրճը հրամցնելով, նորից հիշեցրեց, որ սեղանը դրված է, ճաշը պատրաստ, բայց Կարապենցը նպատակահարմար գտավ աշխատանքը ավարտելուց հետո ճաշի նստել։ խեղճ մարդը վիպակիս ծավալից բնավ լուր չիմանալով երկրորդ սուրճը ըմպեց ու գլխի շարժումով հասկացրեց շարունակել ընթերցումը։
Ալո, ալո... , մի պահ մոռացել էի, որ հեռախոսով եմ խոսում, հեռախոսս անջատվել էր։ երևի դիտավորյալ էր անջատել։ Խոսքս կիսատ մնաց։ Որոշեցի նորից զանգել, համարը հավաքեցի, երկրորդ զանգին անջատեցի։ Մոտիկ ընկեր էր։ Կհանդիպեինք։ Լսափողը տեղը դրի ու հեռուստացույցը միացրի։ Դիտելու նպատակ չունեի, սովորույթ էր։ Մտա խոհանոց, մի գարեջուրի հետ վերադարձա ու սկսեցի «թերթել» հեռուստաալիքները։ Սիրում եմ «թերթել» ասել, որովհետև ամեն կայան փոխելիս գունավոր ալբոմի պես խոսուն պատկերներ են հայտնվում ու մեկը մյուսին փոխարինելով ընտրում ես նախասիրած էջն ու հետևում ընթացքին։ Ընդհանրապես մենք «ալիքներ» թերթող ենք, ոչ միայն մենք, այլ բոլոր գաղթականները, լեզու չիմանալու կամ վատ իմանալու պատճառով անընդհատ ալիք ենք փնտրում ու դժգոհում, որ խելքը գլխին ծրագիր չկա, հետո կանգ ենք առնում «Կենդանիների աշխարհի» վրա ու շրջապատում կարծիք հայտնում, թե ամենալավ ալիքը «Կենդանիների աշխարհն» է։ Հարավաֆրիկյան ինչ որ բացատում առյուծ արքանները եղնիկի միս էին կրծում, իսկ ես նորից իմ հերոսների հետ էի, կրկին վերջին պատմվածքիս հետ, երբ նոր միտք ծագեց. «հեռախոսազրույցս գրի առնել ու շարունակել»։ Այդպես էլ արեցի։ Ոգևորված նստեցի համակարգչի առաջ ու սկսեցի գրի առնել այս տողերն ու շարունակությունը ստացվեց այսպես։
Աշուն էր, ամառային եղանակ, կիզող արև։ Աշունը այստեղ միշտ ուշանում է, երբեմն նույնիսկ չի բարեհաճում գալ, այն ձմռան հետ ձեռք-ձեռքի տված առանց ձյուն բերելու գալիս ու աննկատ հեռանում է։ Երբեմն նույնիսկ գարնան համն էլ չենք առնում։ եղանակներից միայն երկարաշունչ ամառն է իր զով երեկոներով արդարանում։ Այստեղ բնությունը արդեն իսկ մոռացնել է տվել չորս եղանակների գեղեցիկ յուրահատկությունները՝ զարթոնքը, աշնանային խայտաբղետ գույներն ու քաղաքի մեղքերը քողարկող ու մաքրող ձմռան սպիտակ սավանը։
Կարապենցին ավելի հարմար ու հանգիստ նստարան առաջարկեցի, չմերժեց, հանեց պիջակն ու կիսով չափ երկարվեց բրեզենտե ծալովի նստարանին։
-Կալիֆորնիայի եղանակը հաճելի է հետաքրքիր ամառ ունի,- հոգոց հանեց նա։
-Գոհ եմ, ատում եմ ցուրտը,- նրան լրացրեցի ես։
-Շարունակիր, շարունակիր, լսում եմ քեզ, եթե աչքերս փակ տեսար, մի կասկածիր, հետևում եմ։
-Կարծում եմ ձեզ մոտ չորս եղանակ է, այդպես չէ։
-Չես կարծում, գիտես, շարունակիր։
Արդեն համոզված էի, որ նա հասկացել է, թե ինչ ծավալի վիպակ եմ ընթերցելու, կարծես թե դրան էր նախապատրաստվում։ Հարցական հայացքը գցեց աչքերիս ու սպասեց՝ ես շարունակեցի ընթերցումս։
Բարեբախտաբար մեզ խանգարող չկար։ Փողոցը, ինչպես միշտ, հատկապես այդ ժամերին, ամայացած էր, կինս ըմբռնումով էր մոտենում երևույթին, հաճախ ծիկրակում էր, չէր համարձակվում բան ասել, կամ ինչ-որ առաջարկ անել։ Ընթերցումս շարունակվում էր, երբեմն ինձ թվում էր, թե ունկնդիրս ինձ չի լսում, ուզում էի ընդհատել, ամաչում էի, մտածելով, որ գուցե վիրավորվի շարունակում էի, աշխատում այնպես կարդալ, որ գոնե մատուցման ձևից չձանձրանա։ Հաճախ ի մի գալով, զգում էի, որ և կարդում եմ, և չեմ կարդում, այսինքը ներքուստ այնպես էի փոթորկվում, հոգու այնպիսի վերուվայր էի ապրում, որ ինքս իմ կարդացածը չէի ըմբռնում։ «Խորեն, զգաստացիր, հավաքվիր...» ինքս ինձ զգուշացնելով շարունակում էի կարդալ, փորձում էի փոխել ձայնիս տոնայնությունը, հասկացնել տալու, որ զգոն եմ, երբեմն էլ թեթև հազում ու շփոթմունքս հաղթահարելու համար ջուր էի ըմպում։
Կարապենցը լուռ էր, լսում էր։ Չգիտեմ, գուցե և չէր լսում։ Գուցե ինքը ևս ստեղծագործական տարերքի մեջ էր։ Ոչ կարդացածս էի հասկանում, ոչ նրան։
Հիսուն րոպե էր անցել։ Ընդհատեցի։ Մեղավորի պես դիմեցի նրան ու ցանկացա լավություն անել։ Հասկացավ։ «Ոչ, ոչ, ոչ մի բան պետք չէ։ Շարունակիր, շարունակիր, բայց լավ չհասկացա, էն Լալայի հայրը իրապես թուրք էր, թե՞ադրբեջանածին հայ։
-Թուրք էր, ազգությամբ թուրք,- ասացի ես ու չշարունակելու որոշումով կանչեցի կնոջս։
- Շարունակիր, շարունակիր, ինձ ոչինչ պետք չէ,- վրա բերեց Կարապենցն ու խոսքը ուղղելով սենյակից դուրս եկող կնոջս, շտապեց,- թերևս մի գավաթ ջուր, ուրիշ ոչինչ, մի անհանգստացեք։
Առիթից օգտվելով, սպասեցի մինչև սառույցով ջուրը մատուցվեց, ընթերցանությունը մի քիչ էլ հետաձգելու պատրվակով, ես էլ ջուր ցանկացա, այն էր զրույցի նոր թեմա ուզեցի բացել, Կարապենցը կանխեց.
-Շարունակիր, կարդա, շարունակիր, լսում եմ։
Կինս երկրորդ գավաթ ջուրը բերեց, հարցական, թե զայրացած նայեց ինձ, ցուցամատը բերանը տանելով հասկացրեց, որ սոված կլինի։ Ի պատասխան՝ ուսերս թոթվեցի։ Այս անգամ նա ցուցամատը տարավ դեպի քունքն ու զայրացած մտավ սենյակ։ Այնպես հասկացա, որ ասում է «խելառ ես, ինչ է...»
Երևի չէր սխալվում։ Ստիպված անցա ընթերցանության։ Տասնհինգ-քսան րոպե շարունակ ընթերցումից հետո նկատեցի, ունկնդիրս ննջում է։ Պաղ քրտինքը պատեց մարմինս։ ճակատիս վրա ջերմություն զգացի։ Ձայնս փոխվեց, միանգամից ընդ¬հատեցի։
-Շարունակիր, շարունակիր,, աչքերը փակ, հրամայական շեշտով պնդեց նա։
Արդեն չգիտեի, ես եմ նրան նեղը դնողը, թե նա ինձ։ Ինչպե՞ս շարունակեմ, ախր չի լսում, ոչ մի հակազդեցություն չկա, ննջում է, նաև քաղցած է, ժամից ավելի է, ինչ կարդում եմ ու նա ... ընթերցումս դանդաղեց, նա նորից շարունակելու հրամայականով դիմեց ինձ ու վերցրեց իմ սառած սուրճը։
-Չե՞ս խմում։
-Ոչ։
-Շարունակիր։
-Տաքացնեմ։
-Ոչ, ոչ, շարունակիր։
Ոչինչ չհասկանալով ընթերցածիցս ելք էի փնտրում ընդհատել, նրան ազատել ինձանից, իսկ ինձ ՝ նրանից։ Հանկարծ ընդհատեցի ու աղերսագին դիմեցի նրան.
-Կուզեք կարդամ միայն այն էջերը, որոնք ինձ համար ավելի կարևոր են, այսինքն ... : -Եթե կան էջեր, որոնք կարևոր չեն, ընդհանրապես հանեք,֊ միանգամից տեղից թռչելով վրա բերեց նա ու շարունակեց,- բայց ես լսում եմ, միայն խնդրում եմ մի քիչ ուշադիր կարդացեք, երբեմն չեմ հասկանում, ինչ եք կարդում, նախադասությունները չեն լրացնում միմյանց, ոչինչ, գիտեմ, հոգնած ես, բայց շարունակիր, շարունակիր։
Հոգոց հանելով նորից շարունակեցի։ Շարունակեցի ու փորձեցի էջերն այնպես փախցնել, որ գլխի չնկնի։ Փորձեցի և կարծես թե ստացվում էր, կամ ինձ էր թվում, որ հաջողում եմ։ Ոչ մի վերաբերմունք։ Ունկնդիրս քնած, թե արթուն լսում էր։ Կես ժամ ևս ընթերցելուց հետո, շունչ առա։ Ներողամտորեն փորձեցի ինչ-որ բան առաջարկել նրան։ Նա թեթև շարժվեց, մերժեց որևէ տեսակի ուտելիք, միայն սուրճ և ջուր ցանկանալով ոտքի ելավ, մի քանի քայլ ետ ու առաջ անելով ասաց. «Լավ է, լավ է, ապրես, բայց ուշադիր կարդա, երբեմն դժվար եմ ըմբռնում, հոգնած ես, գիտեմ, բայց լավ է, ոչինչ, շարունակիր»։
Շփոթս փարատելու, թե կարդալս ընդհատելու միտումով, փորձեցի զրուցել.
-Փողոցն էլ, փողոց չէ, երեք ժամից ավելի է մարդ չի անցնում։
-Ըստ երևույթին, այստեղ փողոցները ճանապարհի դեր են խաղում, մեր արևելքցիներիս համար փողոցը այլ իմաստ ունի։
-Փողոցը, մեզ համար հեքիաթային անցյալ է,- ոգևորված շարունակեցի ես,, մանկությունս ու պատանեկությունս մեր ուրախ փողոցի հետ է կապված։ Նույնիսկ շոգ ամառվա երեկոները փողոցն այնպես էր աշխուժանում, ամբողջ թաղը մի ընտանիքի պես դուրս էր գալիս...
-Հիշում եմ, անուն-ազգանունով միմյանց ճանաչում էինք,-Կարապենցն ընդհատեց ինձ ու շարունակեց,- ամենաչնչին իսկ իրադարձությունից բոլորը տեղյակ էին, գիտեինք թե ով հիվանդ ունի, ով՝ ում է սիրում, ում տունն ինչ ուրախություն կամ տխրություն...
-Ամենահետաքրքիրն այն էր, որ շարժական շուկա էր անցնում փողոցով,- այս անգամ ոգևորված ես ընդհատեցի նրան,, մանրավաճառներն ու առևտրականները տարբեր տեսակի ապրանքներ, բան¬ջարեղեն ու մրգեր բարձած ավանակներին կամ սայլակների վրա երգեցիկ կանչով վաճառում ու անցնում էին, ամեն մի փողոց իր դեմքն ուներ, իր բնավորությունը, իր ուրախ կյանքը։ Այստեղ մայ¬թերը ծուլորեն երկարվել ու չեն մաշվում, նույնիսկ ոտնահետք չկա։
-Մեզ մոտ, նույնիսկ մայթ չկար, առուները փողոցի մի մասը երկայնքով կտրում...
-ինչքա՜ն էինք օգնում մեքենա հանել առուներից։
-Չե՞ս կարծում շարունակենք։ Անցյալի մասին հետո, շատ կուշանանք։
Նայեցի թերթիկներին դեռ կես չէի դառել, ավելի քան երկու ժամ ընթերցել, բայց կես չէի դառել։ Չէի հասկանում, հոգնա՞ծ, թե՞ներվային եմ, ամոթից շփոթվել, չգիտէի ինչ անել, միթե դեռ ժամուկես, կամ երկու ժամ պիտի շարունակվի այս անհեթեթ վիճակը։ Միթե՞ ես ընդունակ էի նման բանի։ Կինս նորից սուրճ բերեց, նորից ճաշի հրավիրեց, նորից մերժվեց ու նորից մտավ սենյակ։ Ես շարունակեցի։ Ինչո՞ւ էի շարունակում, ինչո՞ւ նրան չէի ստիպում ճաշելու։ Ինչո՞ւ նա ինքը ճաշելու առաջարկություն չէր անում։ Այս բոլոր հարցերն ընթերցման պահին գալիս ու անցնում էին։ Դրանց հետ միաժամանակ որոշում էի, որ բաժիններ կամ էջեր փախցնել, որպեսզի ընթերցումս կարճ տևի։ Արդեն համոզվում էի, որ եթե ոչ Կարապենցը, ապա ես, կամ սովամահ եմ լինելու, կամ սրտի տագնապ եմ ունենալու։
Կամաց նայեցի ժամացույցիս, ապա թերթիկներիս ու Կարապենցին։ Շունչս կտրվում էր, սրտիս զարկերը արագացել էին, լաց լինելու աստիճան ուզում էի ներողամտություն հայցել, ուզում էի ինչ-որ մեկը մեր տուն գար, խանգարեր, մեզ անակնկալի բերեր, նույնիսկ հեռախոսազանգ չկար, ու՞ր էին հարազատներս, բարեկամներս, ընկերներս ու անկանչ այն մարդիկ, որոնք առանց զանգահարելու գալիս ու մի ամբողջ օր դատարկություն էին պարգևում։ Քիչ էր մնում աշխարհով մեկ գոռայի, տունս հրավիրեի երկրի երեք միլիարդից ավելի բնակիչներին...
Ունկնդիրս սուրճը պարպել ու մուշ-մուշ քնել էր։ Վախենում էի ընդհատել ընթերցումս, էջեր էի փախցնում, անգամ բաժիներ, և հաջորդ բաժինը այնպես էի միացնում ընթերցված նախորդ բաժնին, որ բովանդակությունը չխաթարվի։ Այսպես անցավ երեք ժամ։ Այլևս չդիմացա։ Ընդհատեցի։ Ունկնդիրս անմիջապես ոտքի ելավ.
-Վերջացա՞վ։
-Ո՛չ,, շտապեցի ես։
-Իսկ ինչու՞ ընդհատեցիր։
-Ախր սոված կլինես։ Ես էլ եմ սոված, մի բան ուտենք նոր...
-Շա՞տ է մնացել։
-Երեսուն էջ։
- Թռցնելով, թե՞...
- Չէ, չէ...
-Մեկ ժամից ավելի կտևի։
-Չեմ կարծում։
-Հոգնա՞ծ ես,- հայացքը ուղիղ աչքերիս զարմացած ձևացավ Կարապենցը։
-Դուք, դուք գուցե...
-Ես օքեյ եմ, մի սուրճ բեր ու սկսիր, մի ժամ է, կհամբերեմ։
Աշնան օրեր էին։ Ընթերցումը սկսվել է ժամը երեքին, ավարտվել ժամը յոթին։ Արևը մայր էր մտել։ Ես չհամարձակվեցի կարծիք հայտնել։ Նա ևս չխոսեց։ Կնոջս ջղագրգիռ վիճակը տեսնելով, Կարապենցը ասաց.
-Ամուսինդ գրող է։ Հիմա կարելի է ուտել և ինչու չէ, մի-մի բաժակ էլ խմել։
Երևի ամբողջ կյանքում ես մեկին այդպես չէի շահագործել, լեզուս չէր բացվում, չգիտեի ինչպես ներողություն խնդրել նրանից, նա հասկացել էր իմ մտատանջությունը։ Բաժակը վերցրեց ու ասաց.
-Հանգիստ եղիր, Աստված գիտի երբ պիտի մի նոր գրող հայտնաբերեի, ընդամենը չորս ժամում գտա քեզ, բարի երթ եմ ցանկանում, բայց չմոռանաս, այն ինչ որ փախցրեցիր ընթերցման ժամանակ, հանիր դուրս շպրտիր, չեմ կարծում վիպակդ դրանից տուժի։
- Իսկ եթե ընդհանրապես դեն շպրտեմ։
-Վիպակդ չի տուժի, մեր գրականությունը կտուժի,- ասաց նա ու խմեց բաժակը։

 

Կարծիքներ

էս պատմւածքը շատ լավն է: Ես կարդացել եմ մի քանի անգամ ու մե՜ծ հաճույք եմ ստացել: Կեցցե'ք:

Ձեր Կարծիքը